Սուրբ Գրքի նկատմամբ մեր վերաբերմունքը

Բաժին՝ Մաս Գ.
«Ով Աստծուց է, Աստծու խոսքերն է լսում» (Հովհ.Ը 47)։
------------------------------------------------------------

Պրավոսլավ Եկեղեցու ժամանակակից մի հոգևորական Նոր Կտակարանի ընթերցման կարգին վերաբերող՝ համայնքին ուղղված իր հովվական քարոզում ասում է. «Ընդունի՛ր այս սրբազան Գիրքն իբրև պարգև՝ առաքված քեզ երկնքից՝ Տիրոջ կողմից… Ընթերցելիս մի՛ մոռացիր, որ տեսնում ես Իրեն՝ Տիրոջը, Ով Իր առաքյալների հետ միասին Ավետարաններում, Գործք առաքելոցում և առաքելական թղթերում խոսում և գործում է քո առջև»։ Ահա մարդու ճշմարիտ վերաբերմունքը «հավիտենական և կենդանի» խոսքի նկատմամբ։

Յուրաքանչյուր պատմական անձի գործունեություն ավարտվում է նրա մահվամբ, և այնժամ իրապես մեզ համար դառնում է անցյալի պատմություն։ Այդպիսին չէ Հիսուս Քրիստոսի Անձն ու գործունեությունը։ Նա մեռած չէ, այլ ողջ է և «մոտ է բոլոր նրանց, ովքեր կանչում են Իրեն, բոլոր նրանց, ովքեր կանչում են Իրեն ճշմարտապես (Սաղմ. ՃԽԴ 18)։ «Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. ԻԸ 20)։ «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ» (Մատթ. ԺԸ 20)։ Ուստի և մենք Ավետարանն ընթերցելիս կարող ենք խոնարհ ու հավատավոր սրտով տեսնել Տիրոջն Իր առաքյալների հետ գործելիս, լսել Նրա խոսքը…

«Հիսուս Քրիստոսը՝ մեղավորների Բարեկամը, քայլում է Աստվածաշնչի այգիներով, ինչպես մի ժամանակ՝ Պաղեստինի լեռներով ու հովիտներով։ Դուք կարող եք հիմա էլ տեսնել Նրան, եթե բաց աչքերով նայեք հին մարգարեություններին, ավելի հստակ կտեսնեք Նրան չորս Ավետարաններում։ Նա բացահայտում է մեզ գաղտնիքներով առլեցուն Իր հոգին առաքելական թղթերում և լսել տալիս Իր քայլերը Հայտնության Գրքի խորհրդանիշներում. լսել է տալիս, թե ինչպես է մոտենում Իր գալուստը։ Ողջ է Քրիստոս Իր Գրքում. դուք Նրան տեսնում եք գրեթե ամեն էջում, լսում Նրա խոսքը. ասես Ինքն Անձամբ ձեզ հետ խոսելիս լինի։ Քրիստոս ցայժմ խոսում է Իր Գրքի մեջ Երանիների լեռից. Աստված, Ով ասաց՝ եղիցի լոյս, շարունակում է Իր (Գրքի) էջերում նույն պատվիրանները տալ։ Անկաշառ ու անփոփոխ ճշմարտությունն է Իր ողջ զորությամբ բնակվում Գրքում և Նրան կենդանի պահում։ «Խոտը չորանում, ծաղիկն էլ թափվում է, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան» (Ա Պետ. Ա 24)։

Ինչպես որ կարդում ու վերընթերցում ենք մեզ համար թանկագին մարդու նամակի տողերը՝ կանգ առնելով յուրաքանչյուր բառի վրա, խորամուխ լինելով նրա մեջ և բավականություն ստանալով, մեր միտքն ու զգացմունքներն ուղղելով նրան, ումից ստացել ենք նամակը, այդպես էլ պետք է կարդանք Աստծո խոսքը։ Պետք է կարդալ երկյուղալից ուշադրությամբ, թոթափելով ամեն մի կասկած ու կենցաղային բոլոր հոգսերը, վեր բարձրացնելով սեփական միտքն ու սիրտն առ Նա, Ով Իր հայրական հոգատարությամբ «առաքեց Իր խոսքն ու բուժեց մեզ» (հմմտ. Սաղմ. ՃԳ 20) (1

Աստված հայտնվում է Սուրբ Գրքում՝ կարծես քայլելով ու խոսելով, ուստի և մարդը Սուրբ Գիրք կարդալիս ասես լսում է Աստծո ձայնը։ Մենք խոսում ենք Քրիստոսի հետ, երբ աղոթքի ենք կանգնում, մենք լսում ենք Նրան, երբ կարդում ենք Սուրբ Գիրքը (ս. Ամբրոսիոս, Միլանի եպիսկոպոս)։

Եթե դու երկրավոր թագավորից նամակ ստացած լինեիր, մի՞թե այն մեծ ուրախությամբ չէիր կարդա: Իհարկե, մեծ ուրախությամբ և սրտատրոփ ուշադրությամբ: Այնինչ ստացածդ նամակը ոչ թե երկրավոր, այլ Երկնային Թագավորից է, իսկ դու գրեթե արհամարհում ես այդ շնորհը` այդ անգին գանձը:

Ամեն անգամ կարդալով սուրբ Ավետարանը, դու լսում ես Քրիստոսի` քեզ հասցեագրված խոսքերը: Ընթերցելիս դու և աղոթում ես Նրան, և զրուցում Նրա հետ (ս. Տիխոն Զադոնսկի):

Ոմանք պարծենում են ազնվազարմ իշխանների ու արքաների հետ ունեցած զրույցով, իսկ դու պանծա՛, որ Սուրբ Գրքում զրուցում ես Սուրբ Հոգու հետ, քանզի Սուրբ Հոգին է նրանց միջոցով խոսողը։

Ջանա՛ ընթերցել Սուրբ Գիրքը և հարատևել աղոթքի մեջ։ Քանզի ամեն անգամ, երբ Գրքերի միջոցով խոսում ես Աստծո հետ, սրբագործվում են մարմինդ ու հոգիդ։ Իմանալով այս՝ ջանա՛ հարատևել ընթերցանության մեջ (Եպիսկոպոս Ֆեոֆան)։

——————————————

(1) Как читать Библию? Москва, 1996, стр. 8-9.

Հատկորոշիչներ՝ գրքի, սուրբ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 Comments

Submit a Comment

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

read more

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

read more

Այլ նյութեր

Ընթերցանության անձնական բնույթը (1)

«Ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում» (Մարկ....

Հնազանդություն

«Լսեցե՛ք, ունկնդի՛ր եղեք և մի՛ հպարտացե՛ք, քանզի...

Երկյուղածություն

«Ես ում եմ նայելու, եթե ոչ հեզերին ու...