Սուրբ Գրքի մեկնությունը

«Հետամտի՛ր Աստծու խոսքը ընթերցել, հորդորել և ուսուցանել հավատացյալներին: Զանց մի՛ առ այն շնորհը, որ քո մեջ է, որ տրվեց քեզ մարգարեությամբ, երեցների ձեռնադրումով: Այդ բանի վրա մտածիր և հարատևիր դրանում, որպեսզի քո առաջադիմությունը հայտնի լինի բոլորին: Զգո՛ւյշ եղիր քո նկատմամբ և քո ուսուցման նկատմամբ. և հարատևի՛ր դրանում: Եթե այդ բանն անես, կփրկես և՛ քեզ, և՛ նրանց, որ լսում են քեզ» (Ա Տիմ. Դ 13-16):

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, խրախուսելով ու պահանջելով իր զավակներից՝ ընթերցել և սերտել Սուրբ Գիրքը, Փիլիպպոս առաքյալի օրինակով հարցնում է. «Հասկանո՞ւմ ես արդյոք, ինչ որ ընթերցում ես» (Գործք Ը 31)։

Մեր մեղավոր միտքն անզոր է առանց առաջնորդության ընդգրկել Աստծո խոսքում պարփակված անընդգրկելի աստվածային իմաստությունը. «Այս պատճառով,-գրում է սուրբ Գրիգոր Լուսավորիչը,- Աստված տվեց մարգարեներ, առաքյալներ, հայրապետներ ու վարդապետներ՝ որպես ուսուցիչներ, որպեսզի տեղյակ և հմուտ դարձնեն մեզ Աստծո բարի կամքին»։

Հետևաբար նրանք, ովքեր ուզում են ուղղափառորեն ընկալել Ս. Գիրքը, քննել նրա խորին խորհուրդները, պետք է դիմեն եկեղեցու սրբազան ավանդությանը՝ հայրերի ու վարդապետների մեկնողական գրականությանը, քանզի Եկեղեցին է Սուրբ Գրքի միակ պահապանն ու մեկնիչը. «Միայն Եկեղեցում է պահվում,-գրում է ս. Կղեմես Աղեքսանդրացին,-ճշմարիտ գիտությունը. ով մեկնում է Ս. Գիրքը ի հեճուկս եկեղեցական ավանդության, նա կորցրել է ճշմարտության չափանիշը»։ Իսկ ս. Իլարին գրում է. «Եթե մեկը Եկեղեցում չէ, անհնար է, որ նա հասկանա Աստծո խոսքը»։

Եվ ինչպես որ մայրերն են նախքան իրենց մանուկներին կերակրելը կակղեցնում կոշտ կերակուրները, այնպես էլ «եկեղեցու վարդապետներն առաքելական և մարգարեական խորին ու ծածուկ խոսքերը նախ իրենք են որոճում և ապա, դյուրըմբռնելի դարձնելով, կերակրում են հավատացյալներին, այսինքն՝ իմաստնացնելով տգետներին՝ խորհրդազգաց են դարձնում աստվածային օրենքների ուսմանը»,- գրում է Սարգիս Շնորհալին։

Իսկ հպարտությամբ սեփական մտավոր ու հոգևոր կարողություններին ապավինելն ու ինքնահաճ քննությունն ու եզրահանգումները հղի են բազում վտանգներով. «Ինչքա՜ն մոլորվեցին վարքով և վարդապետությամբ, երբ կուրաբար հետևեցին Ս. Գրքի այս կամ այն պատգամին և ականջ չդրեցին նախնիների կողմից մեկնված ու բացատրված պատգամներին… Շատ հերետիկոսություններ այսպես են ծագել` նկատելով միայն ճշմարտության մի մասը» (Մեկն. չորից Աւետարանաց)։

Մովսեսն ընդունեց տասնաբանյա օրենքը Հոգուց… և նրան վկա մարգարեները գրեցին՝ դյուրացնելով դրանք։ Նույն Հոգով և առաքյալները գրեցին և առավել հայտնապես ճանաչեցրին։ Նույն Հոգով նույն բանը վարդապետները թարգմանեցին և մեկը մյուսից դյուրըմբռնելի դարձրեցին (Հովհաննես Մանդակունի)։

Ո՛չ խիստ խորությամբ թաքցնելով անիմանալի բաները, ո՛չ էլ չափազանց պարզաբանությամբ Աստծո խորհուրդները դյուրալուր դարձնելով, այլ միջակ ուսմամբ տալով Գրոց իմացությունը, որպեսզի ոչ դյուրընկալությամբ արհամարհվի, ինչպես դյուրագյուտ իրը, և ոչ էլ ուսանել կամեցողներն անիմացության (պատճառով) կորցնեն ճանաչելու հույսը, այլ սակավ ջանքով ժողովեն Սուրբ Գրոց խոսքերը սրտի հիշատակարանում (ս. Գրիգոր Նարեկացի)։

Մեր մեջ խոսողները շատ են, կարդացողները՝ քիչ։ Սակայն ոչ ոք չպետք է իր հաճույքի համար աղավաղի Աստծո խոսքը։ Ավելի լավ է խոստովանել սեփական անզորությունը՝ չսքողելով Աստծո ճշմարտությունը, որպեսզի պատվիրանազանցությունից բացի չմեղանչենք նաև Աստծո խոսքի խեղաթյուրմամբ՝ սխալ մեկնաբանությամբ (ս. Մաքսիմ Խոստովանող)։

Ով Ավետարանն ու բովանդակ Աստվածաշունչը մեկնում է կամայականորեն, նա դրանով իսկ մերժում է սուրբ հայրերի՝ Սուրբ Հոգով մեկնությունը։ Ով մերժում է Սուրբ Գրքի մեկնությունը Սուրբ Հոգով, նա, անկասկած, մերժում է նաև Ս. Գիրքը։ Եվ Աստծո խոսքը՝ փրկության խոսքը, հանդուգն մեկնիչների համար դառնում է մահվան հուր և երկսայրի սուր, որով այդպիսիք իրենց սրախողխող են անում հավիտենական կորստյան համար (Բ Պետր. Գ 16, Բ Կոր. Բ 15-16)։ Սրանով իրենց հավիտենապես սպանեցին Արիոսը, Նեստորը, Եվտիքեսը և մյուս հեետիկոսները, ովքեր Ս. Գրքի՝ իրենց ինքնահաճ և հանդուգն մեկնությամբ աստվածանարգ դարձան։

«Ես ում եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են Իմ խոսքից» (Ես. 66,2),- ասում է Տերը։ Այդպիսին եղիր Ավետարանի և նրանում ներկա Տիրոջ հանդեպ (ս. Իգնատի Բրյանչանինով)։

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ