Սուրբ Գրքի մատչելիության և շերտերի մասին

Բաժին՝ Մաս Դ.
«Գաղտնի բաները մեր Տեր Աստծունն են, իսկ հայտնիները` մեզ ու մեր որդիներին հավիտյան, որպեսզի կատարենք այս օրենքների բոլոր խոսքերը» (Բ Օրենք ԻԹ 29):

Սուրբ Գրքի ընկալումն առհասարակ իրենից անհաղթահարելի դժվարություններ չի ներկայացնում։ Չկա մի մարդ, որի համար այս Գիրքը բոլորովին անհասանելի ու անհասկանալի լինի։ «Սուրբ Հոգու շնորհը, – արդարացիորեն նկատում է Հովհ. Ոսկեբերանը, – հենց այն բանի համար ընտրեց մաքսավորին, ձկնորսներին, վրանագործին և հովիվներին՝ հասարակ ու անուս մարդկանց՝ գրելու այս Գրքերը, որպեսզի անվանիներից ոչ մեկը չտրտնջա ընկալման խրթնությունից, որպեսզի բոլորն էլ հասկանան, թե ինչ են ասում այս Գրքերը, որպեսզի արհեստավորն ու ծառան, այրին ու ամենաանուս մարդը (Սուրբ Գիրքը) լսելուց օգուտ ու խրատ ստանա»։ Այդուհանդերձ, չի կարելի ասել, որ Աստվածաշնչում ամեն բան հասկանալի է յուրաքանչյուրի համար (1

Այն ամենն, ինչ Աստվածաշունչը կամենում է ուսուցանել մեզ և ինչ-որ բան՝ նաև նրանց, ովքեր սուր միտք չունեն, այնքան պարզ ու ակնհայտ է արտահայտում, որ ոչ միայն ծածկված չէ գաղտնի իմաստի շղարշով, այլև արտահայտելով իր իսկ հասկացություններն ու մտքերը բառերի բուն իմաստով՝ բնավ մեկնողական գրականության կարիքը չունի։ Իսկ որոշ հատվածներ այնքան են պատված և ասես մթնեցված խորհրդավորությամբ, որ դրանց քննությունն ու ըմբռնումը մեր առջև հառնում է իբրև վարժանքների ու հոգսերի մի անծայրածիր դաշտ։ Աստված է կարգել այս բանը բազում պատճառներով. նախ՝ որ հոգևոր ըմբռնման համար բոլորովին անմատչելի աստվածային գաղտնիքները չբացահայտվեն բոլոր մարդկանց՝ նույն գիտելիքի և ունակության տեր թե՛ հավատացյալներին և թե՛ անհավատներին։ Երկրորդ՝ որ հավատացյալների մեջ ի հայտ գան անհոգների գաղջությունն ու ջերմեռանդների նախանձախնդրությունն ու ջերմեռանդությունը, երբ վերջիններիս առջև հառնում է հասկանալու անծայրածիր դաշտը։ Ուստի Աստվածաշունչը լավագույնս բաղդատվում է բերրի, պտղաբեր դաշտի հետ, որն աճեցնում ու պտղաբերում է բազմապիսի պտուղներ, որոնց մի մասը հում վիճակում են պիտանի մարդու սննդի համար, մյուսները, եթե կրակի վրա եփվելով ու կակղելով չկորցնեն իրենց տտիպության խստությունը, մարդու սննդի համար կհամարվեն անպիտան կամ վնասակար։ Իսկ ուրիշներն հարմար են և՛ այս, և՛ այն ձևով օգտագործվելու համար և հում՝ տտիպ վիճակում էլ զզվելի ու վնասակար չեն, սակայն կրակի վրա եփվելով՝ ավելի օգտակար են դառնում…

Նման բան նկատում ենք նաև հոգևոր գրվածքների այս բերրի այգում, որտեղ որոշ մասեր փայլում են հստակ, ակնառու, տառացի նշանակությամբ, այնպես որ խորը մեկնաբանության կարիքը չունեն և պարզ, տառացի իմաստով էլ սնում են լսողներին, օրինակ՝ «Լսի՛ր, Իսրայե՛լ, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է։ Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ ու քո ամբողջ ուժով» (Բ Օրենք Գ 4-5)։

Իսկ որոշ խոսքեր, եթե այլաբանական մեկնությամբ չճշտվեն և հոգևոր հրի բովում չփափկացվեն, ապա առանց վնաս պատճառելու բնավ չեն կարող ներքին մարդու համար փրկարար սնունդ ծառայել, և դրանց ընդունումից ավելի շատ վնաս կլինի, քան որևէ օգուտ։ Օրինակ՝ «Թող ձեր գոտիները մեջքներիդ պնդված լինեն, և ճրագներդ՝ վառված» կամ` «Թող վաճառի իր վերարկուն և իր համար սուր գնի» (Ղուկ. ԺԲ 35. ԻԲ 36) և «Ով որ իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժանի չէ» (Մատթ. Ժ 38)։

Բավականին խստակրոն որոշ վանականներ՝ նախանձախնդիր Աստծուն, բայց ոչ՝ խոհեմությանը, բառացիորեն հասկանալով այս բանը, փայտե խաչեր էին պատրաստում և միշտ կրում ուսերի վրա, ինչը տեսնողների ոչ թե շինությանն էր ծառայում, այլ ծիծաղն էր շարժում։

Իսկ որոշ խոսքեր հարմար և անհրաժեշտաբար տարածվում են թե՛ տառացի, և թե՛ այլաբանական ըմբռնման վրա, այնպես որ և՛ այս, և՛ այն բացատրությունը հոգուն կենսական ավիշ է մատակարարում։ Օրինակ՝ «Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու» (Մատթ. Ե 39) կամ` «Եվ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կփախչեք դեպի մեկ ուրիշը» (Մատթ. Ժ 23), և «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցվածքը և տո՛ւր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս, և դու արի՛ իմ հետևից» (Մատթ. ԺԹ 21) (ս. Իոան Կասիան)։

Առակի այն խոսքը, որ ասում է. «Կա՛թ կթիր, և յուղ կլինի, բայց եթե պտուկները շատ ճմլես, արյուն կգա» (Առակ. Լ 33), այս է ասում ՝ կաթ կթիր Սուրբ Գրքից, և յուղ կլինի քեզ համար՝ գործեր կատարելով։ Իսկ եթե «պտուկները շատ ճմլես, արյուն կգա», այսինքն՝ չի կարելի առավել «ճմլել» խոսքը և քննել, որպեսզի զազրատես արյուն չհոսի։ Այստեղ կարող է թվալ՝ ինչ-որ երկիմաստություն կա, քանզի (Սողոմոն) իմաստունն ասում է՝ առավել մի՛ քննիր խոսքը, իսկ Տերը սաստում է հեղգերին՝ քննեցե՛ք Գրքերը։ Ասենք, որ չեն հակասում իրար. Սուրբ Գրքերը նույն Սուրբ Հոգուց են թելադրված, բոլորն համահունչ են իրար և ճշմարտությա՛մբ են ասված։ Տասը կետով բացահայտենք այս բանը։

Առաջին միտքն այն է, որ բոլոր խոսքերը երեք տեսակի են լինում, այսինքն՝ դյուրհասկանալի, դժվարըմբռնելի և անըմբռնելի։ Դյուրհասկանալին խոսքի մեջ է, դժվարըմբռնելին՝ խոսքից դուրս, իսկ անըմբռնելին գերիվեր է խոսքից։ Արդ, դյուրհասկանալին ուսանելի է առանց քննության, դժվարըմբռնելիին քննությամբ են հասնում, իսկ անհասանելիին և և անճառին լռությամբ պատվի՛ր։ «Քննեցե՛ք Գրքերը» ասելով՝ Տերը նկատի ունի դժվարհասանելին, իսկ Սողոմոն իմաստունը՝ անհասանելին ու անճառը։

Երկրորդ՝ Արարչին ու արարածներին վերաբերող խոսքեր. այն խոսքը, որ Արարչի մասին է, ճանաչելը կյանք է, քննելը՝ հանդգնություն, հավատալը՝ փրկություն, իսկ արարածներին վերաբերողը քննությա՛մբ ճանաչիր։

Երրորդ՝ խոսքը երկու տեսակի է լինում՝ հայտնի և գաղտնի։ Հայտնին մեզ է շնորհված Աստծուն ճանաչելու համար, իսկ գաղտնին միայն Ինքը գիտի, «Ում մոտ ծածկված են իմաստության և գիտության բոլոր գանձերը»։ Ինչպես ասում է (Մովսես) մարգարեն. «Գաղտնի բաները մեր Տեր Աստծունն են, իսկ հայտնիները՝ մերը ու մեր որդիներինը» (Բ Օրենք ԻԹ 29)։ Արդ, եթե դու ամեն բան քննես, ապա Աստծուն քննելու համար ի՞նչ ես թողնում։ Այդ նկատի ունի Սողոմոն իմաստունը, երբ ասում է՝ մի՛ քննիր գաղտնին, իսկ Տերն հրամայում է քննել հայտնին և ճանաչել։

Չորրորդ՝ Սուրբ Գրքի որոշ տեղերում իմաստի ըմբռնումը ամփոփված է խորքում, որոշ տեղերում՝ երեսին, ինչպես որ ջրհորներում է՝ մի տեղ ջուրը լինում է խորքում, իսկ մի ուրիշ տեղ՝ երեսին։ Արդ, այն, որ ջուրը երեսին է, չպետք է խորը փորել ու իջնել, որովհետև ջուրը կկորչի, նույնպես և երեսին ամփոփված խոսքի իմաստի պարագայում է. չպետք է խորը քննության ենթարկել, թե չէ կկորչի միտքը. այս իմաստով է ասում՝ առավել չճմլել, որ արյուն չելնի։

Հինգերորդ՝ ասում է, թե դու, ո՛վ տգետ մարդ, որ անվարժ ես ու տկար մտքով, մի՛ քննիր Գրքերի խոսքերը և մոլորության մեջ մի ընկիր, ինչպես աշխարհական մարդիկ և ռամիկները։ Դու միայն կթիր հավատի կաթը, ինչ որ ասում է քեզ օրենքը, հավատա և կլուսավորվես, և դու, որ կարող ես քննել և վարժ ու կիրթ ես մտքովդ, մի՛ քննիր երկբայությամբ և թյուրությամբ ամենայն խոսք. այլ որը կարող ես, ուղղությամբ իմացիր, որը չես կարող, մի՛ քննիր և երկբայության ու թյուրության մեջ մի՛ գցիր խոսքն ու միտքդ։ Քանի որ այսպիսի թյուր և երկբա քննությունը հուսահատ ու թերահավատ կդարձնի քեզ խոսքի պատճառով, և կկործանվես (ս. Գրիգոր Տաթևացի)։

——————————————————

(1) Как читать Библию? Москва, 1996, стр. 23.

Հատկորոշիչներ՝ աստվածաշունչ, գիրք, սուրբ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Սուրբ Գրքի անսպառ հարստությունը

Երբ ես մտքիս աչքերը Գրքերի խորհրդով վեր...

Սուրբ Գրքի մեկնությունը

«Հետամտի՛ր Աստծու խոսքը ընթերցել, հորդորել և...