Սուրբ Գրքի անսպառ հարստությունը

Երբ ես մտքիս աչքերը Գրքերի խորհրդով վեր բարձրացրի՝ տեսնելու շնորհների գիտության անքննելի խորքը, բացեցի սիրտս՝ հավաքելու ներսում դժվար տեսնվածը և քննելու, տեղեկանալու և հասու լինելու նրա գիտության խորքին, իմ տկար մտքի հասողությունից դուրս մնացածն այնպես զարհուրեցրեց ինձ, որ կարծես թե այն ճանաչելու համար պատրաստ էի մոռանալու այն գիտությունը, որն ստացա բացելու պահին։

Ինչպես որ հարբածը, որքան խմում, այնքան առավել է ծարավում, նույնպես և նա, ով Աստվածաշնչի խորհուրդների շուրջ խորհում է և խոկում, որքան ուսանում, այնքան առավել է ցանկանում ուսանել, քանզի գիտի, որ չի հասնի Սուրբ Գրքի գիտության լրմանը, և մտքի այդ ցանկությունն այրում է ինչպես հոգեմաշ ցավ, քանզի սակավ հասողության միջոցով ճանաչում է մնացած անբավելին և այդ գիտության ցանկությամբ վարակվում՝ ինչպես ցավով։ Սակայն այդ ցավերն ու հոգսերն առողջության պատճառ են լինում (ս. Գրիգոր Նարեկացի)։

Ինչպես որ անուշահոտ նյութերն ինչքան շատ են հարվում մատների մեջ, այնքան առավել են բուրում, այնպես էլ Սուրբ Գիրքն է. որքան շատ ես ջանում խորասուզվել նրա մեջ, այնքան շատ գանձեր ես գտնում։

Աստվածաշնչի ընթերցանությունը նման է գանձի։ Ինչպես որ գանձի մի փոքրիկ մաս կարող է շատ հարստացնել ստացողին, այդպես էլ Սուրբ Գրքի կարճ ասույթում կարելի է մեծ զորություն ու մտքերի անճառելի հարստություն գտնել։ Ս. Գրքում ոչինչ չի ասված հենց այնպես և առանց պատճառի, սակայն նույնիսկ ամենակարճ խոսքը մեծ գանձ է պարունակում։ Աստծո խոսքը նման է ոչ միայն գանձի, այլև հարահոս ջրառատ աղբյուրի (ս. Հովհաննես Ոսկեբերան)։

Կարելի է մի ամբողջ դար ապրել և անդադրում կարդալ միայն Ավետարանը կամ Նոր Կտակարանը ու այդպես էլ մինչև վերջ չյուրացնել։ Թեկուզ հարյուր անգամ կարդա, բայց կարդալու շատ-շատ բան կմնա (Ֆեոֆան եպիսկոպոս)։

Եթե կարդալ չգիտես, մի՛ հեռանա այնտեղից, որտեղ կարելի է լսել և օգուտ ստանալ, քանզի գրված է. «Եթե իմաստուն մարդ տեսնես, առավոտից նրա մոտ եղիր, և թող քո ոտքը մաշի նրա դռան սեմը» (Սիրաք Գ 36)։ Սա օգտակար է ոչ միայն կարդալ չիմացողների, այլև իմացողների համար, քանզի շատերն են կարդում և չգիտեն, թե ինչ են կարդում (ս. Եփրեմ Ասորի)։

Պետք չէ կարծել, որ որոշ չափով ճանաչելով ավետարանական ճշմարտությունը՝ կարելի է հանգստանալ՝ համարելով այն լավագույնս սերտված, և այլևս չկարդալ Սուրբ Ավետարանը։

Առաջին՝ մեր հիշողությունը մտապահում է միայն այն, ինչը միշտ կրկնում ենք և ինչով միշտ հետաքրքրվում ենք։

Երկրորդ՝ ճշմարտությունը նույնքան անսպառ է, որքան անսպառ է աստվածգիտությունը։

Ինչպես գրում է ս. Իսահակ Ասորին. «Իմաստության շավիղը վերջ չունի. նա անընդհատ վեր է ընթանում, մինչև որ իրեն հետևողին Աստծո հետ միավորելը։ Նրա հայտանիշը հենց այն է, որ նրա ճանաչողությունն անսահման է, քանզի Իմաստությունն Ինքը Աստվածն է»։

Եվ որքան առավել է մարդը հարստանում ճշմարտությամբ, այնքան առավել է ձերբազատվում մեղքից, այնքան առավել է լուսավորվում նրա բանականությունն, ու մաքրագործվում նրա սիրտը, այնքան առավել է մերձենում Աստծուն արդեն այս աշխարհում (1

Օպտինյան մենաստանի ծերերից մեկն ասում է. «Բովանդակ Աստվածաշունչը գաղտնիքներով է պարուրված։ Նա խորություն ունի։ Նրա իմաստն անսպառ է։ Անկարելի է հասկանալ ամբողջը։ Ինչպես մեկը մյուսի հետևից կարելի է հանել սոխի կեղևները, այնպես էլ Սուրբ Գրքի պարագայում է. մարդն հասկանում է մի իմաստ, որի տակ անթեղված է մեկ ուրիշը՝ ավելի խորը, երկրորդին հաջորդում է երրորդը և այդպես շարունակ։

Ահա այդպես է Տերը լուսավորում Իրեն փնտրողների բանականությունը։ Աստվածաշնչում բացի արտաքին երեսից կա նաև ներքինը, այսինքն՝ բացի առանձին փաստերից, կա նաև այդ նույն փաստերի խորը նախօրինակային իմաստը։ Այդ իմաստը բացահայտվում է մարդու մտքի մաքրագործմանն համապատասխան»:

———————————————————-

(1) Какую духовную литературу читать. М. 1998, стр. 14.

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ