Սուրբ Գիրքն ընդհանուր քրիստոնեական աշխարհայացքի լույսի ներքո ընթերցելու մասին

Հինկտակարանյան և նորկտակարանյան առանձին փաստերի իմացությունը բավարար չէ Եկեղեցու կյանքի մասին կուռ աշխարհայացք կազմելու համար: Առանց իր ամբողջության մեջ քրիստոնեական աշխարհայացքի հստակ ըմբռնման Սրբազան պատմության ամենանշանակալից փաստերն իսկ կորցնում են իրենց անանց կենսական նշանակությունը։

Իրապես, եթե, չհասկանալով քրիստոնեական աշխարհայացքը, ես չգիտեմ մարդու երկրային կյանքի իմաստը, աստվածային հայտնության ճշմարիտ նշանակությունը մարդկության համար, չեմ հասկանում Աստծո Որդու Մարդեղացման փրկաբանական իմաստը, ի՞նչ անանց կենսական նշանակություն կունենա ինձ համար հավատը առանձին փաստերի նկատմամբ, օրինակ՝ ջրհեղեղի, Եգիպտոսի հարվածների, Դավիթ թագավորի հանցագործության, կույս Մարիամից Փրկչի Ծնունդի, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշքների, հարության ու երկինք համբարձվելու և այլն:

Միայն Աստծո փրկագործության, մարդու երկրավոր կյանքի իմաստի և մարդկության համար աստվածային Հայտնության հստակ ըմբռնումը կարող են հասկանալի դարձնել այս բոլոր փաստերի ճշմարիտ, անանց նշանակությունը: Կարող են հնարավորություն ընձեռել խոհեմ վերաբերմունք ունենալու իմ և այլոց մեջ բնակվող չարի և բարու նկատմամբ, գիտակցաբար համաձայնեցնելու կյանքը այս փաստերի նկատմամբ հավատի հետ։

Ընդհանուր քրիստոնեական աշխարհայացքն ամենևին չհասկացող կամ նրա մասին խիստ որոշակի պատկերացում չունեցող մարդու համար նույնիսկ կոթողային աստվածաբանական դավանաբանական գրականության ընթերցանություն է անպտուղ և նույնիսկ վտանգավոր։ Միշտ վտանգ կա, որ նա կեղծ ու չափազանցված պատկերացում կկազմի այն հարցի մասին, որը պատահականորեն գիտի: Նա հազիվ թե կարողանա այդ հարցն ընդհանուր հայտարարի բերել մյուս բազմաթիվ հարցադրումների հետ, որոնց դերն ու նշանակությունը բնավ չի հասկանում։ Եվ որքան շատ կարդա առանձին դատողություններ, այնքան առավել նրա միտքը կխճողվի բացարձակապես իրար չշաղկապված աստվածաբանական գիտելիքների բավիղներում։

Այդպիսի մեկը, եթե բախվի գիտական անհեթեթ հեքիաթիկներից ամենաանհեթեթի վրա հիմնված աշխարհայացքի հետևորդի հետ կամ իրեն սթափ գնահատելու առաջին իսկ պահին դյուրությամբ կսասանվի, եթե արիություն չունենա խոնարհաբար խոստովանելու իր ամոթալի տգիտությունը քրիստոնեական աշխարհայացքի ըմբռնման հարցում՝ անկախ իր՝ աստվածաբանական առանձին հարցերի մասին գիտելիքների։

Հոգևոր կյանքի մասին ճիշտ պատկերացում կազմելու և Սուրբ Գիրքը ուղղափառորեն հասկանալու համար անհրաժեշտ է կարդալ Ուղղափառ Եկեղեցու սուրբ հայրերի երկասիրությունները, որոնց աղբյուրն ու հիմքը Սուրբ Գիրքն է, որը և նրանք մեկնում են: Քանզի այդ գրավոր հոգևոր ժառանգության հեղինակները՝ սուրբ և աստվածաշնորհ հայրերը, ներշնչվել են նույն Սուրբ Հոգուց, Ով ներգործում էր մարգարեների և առաքյալների վրա, որոնց ձեռքով էլ մարդկությանը շնորհվեց աստվածային Հայտնությունը՝ Սուրբ Գիրքը (1

——————————————————–

(1) Как читать Библию? Москва, 1996, стр. 5-6.

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ