Սուրբ Անաստաս քահանա

Անաստաս քահանան († 628) նահատակվել է Պարսկաստանի Խոսրով Բ արքայի կողմից: Նա ազգությամբ պարսիկ էր, Ռաժիկ քաղաքից, ավազանի անունը՝ Մակունդատ: Երբ 614 թ. պարսիկները գրավում են Երուսաղեմը և Քրիստոսի խաչը գերի տանում Պարսկաստան, նա՝ որպես պարսկական բանակի զինվոր, տեսնելով Տիրոջ Խաչի միջոցով կատարվող հրաշքները, դարձի է գալիս: Ապա նա Երուսաղեմ է գնում, մկրտվում Մոդեստ պատրիարքի կողմից` վերակոչվելով Անաստաս, և որպես վանական մտնում է Ս. Սաբայի վանք: Քարոզության առաքելությամբ նա, Պաղեստինյան Կեսարիա գնալով, որ գտնվում էր պարսիկների իշխանության ներքո, մոգերի է հանդիպում և փորձում նրանց բացատրել աստվածային ճշմարտությունը, սակայն ձերբակալվում է: Պարսից Խոսրով արքան խոստանում է ազատել նրան, եթե թեկուզ մեկ մարդու մոտ ձևական հրաժարվի Քրիստոսից, բայց ի պատասխան լսում է սրբի ազդու խոսքը. «Ոչ ոքի առջև, ո՛չ ուրիշի, ո՛չ բացահայտ, ո՛չ գաղտնի, ո՛չ խոսքով, ո՛չ մտքով, ո՛չ անգամ քնի մեջ ես չեմ ուրանա իմ Փրկչին»: Նրան տանում են Պարսկաստան և կտտանքների ենթարկելով գլխատում 70 այլ քրիստոնյաների հետ:

Հերակլ կայսեր (610-641) օրոք նրա մասունքները տեղափոխվում են Կ. Պոլիս և Հռոմ:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Անաստաս քահանայի, Վարոսի, Թեոդորիտի և նրա որդիների հիշատակը տոնում է Ս. Խաչի Է կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ