Մեծ պահքի ԻԷ. օր։ Սեբաստիայում նահատակված 40 զինվորների հիշատակի տոն։

Այսօր առաջարկում ենք ընթերցել.
Սեբաստիայում նահատակված 40 զինվորները (40 մանկունք)։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Իմաստություն Սողոմոնի, 3. 1-8

Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, եւ մահը չի մօտենալու նրանց: Անզգամների աչքին թուաց, թէ նրանք մեռան, եւ նրանց ելքն այս աշխարհից համարուեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, բայց նրանք գտնւում են խաղաղութեան մէջ: Ու թէպէտեւ մարդկանց թւում է, թէ նրանք տանջուեցին, բայց նրանք անմահութեան հաստատ յոյս ունեն, ինչպէս եւ նրանք, որոնք չխուսափեցին սակաւ ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստուած փորձեց նրանց եւ նրանց էլ արժանի գտաւ իրեն: Նրանց փորձեց, ինչպէս ոսկին բովի մէջ, եւ իբրեւ ողջակէզի զոհ ընդունեց նրանց: Եւ երբ Տէրն այցելի նրանց, նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան, ինչպէս կայծը եղէգի միջով: Պիտի դատեն ազգերին եւ տիրեն ժողովուրդներին, եւ նրանց վրայ յաւիտեան թագաւորելու է Տէրը:

Նաում, 2. 1-4

Ելաւ նա, ով փչում է քո դէմքին եւ քեզ փրկում նեղութիւնից. հսկի՛ր ճանապարհը, պնդացրո՛ւ մէջքդ, զօրացի՛ր մեծ ուժով. քանզի Տէրը վերադարձրեց Յակոբի հպարտութիւնը Իսրայէլի հպարտութեան նման, քանի որ բոլորովին թօթափեցին նրանց եւ նրա ճիւղերը ապականեցին: Նրա զօրեղ մարդկանց զէնքը հզօր մարդիկ են, որոնք խաղում էին կրակի հետ. նրանց կառքերի սանձերը կը փայլեն պատերազմի նախօրեակին. հեծեալները իրար կ՚անցնեն ճանապարհներին եւ հրապարակներում կը խառնուեն իրար: Նրանց տեսքը կրակէ լամպերի նման է, եւ նրանք փայլակի պէս այս ու այն կողմ են գնում:

Եսայի մարգարե, 43. 1-3

Արդ, այսպէս է ասում Տէր Աստուածը, որ արարեց քեզ, Յակո՛բ, եւ ստեղծեց քեզ, Իսրայէ՛լ. «Մի՛ վախեցիր, որովհետեւ փրկեցի քեզ եւ կոչեցի քեզ քո անունով, թէ իմն ես: Եթէ ջրերի միջով անցնես՝ քեզ հետ կը լինեմ, եւ գետերը քեզ չեն խեղդի. եթէ կրակի միջով անցնես՝ չես այրուի, եւ նրա բոցը քեզ չի կիզի. քանզի ես եմ քո Տէր Աստուածը՝ Իսրայէլի սուրբը, որ պիտի փրկեմ քեզ: Եգիպտոսն ու Եթովպիան որպէս փրկագին տուի քեզ համար եւ Սուհէնը քեզ հետ փոխանակեցի:

Պողոս Առաքյալի նամակը եփեսացիներին, 6. 10-18

Եւ վերջապէս, զօրացէ՛ք Տիրոջով եւ նրա զօրութեան կարողութեամբ. եւ Աստծու սպառազինութիւնը հագէ՛ք, որպէսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին. որովհետեւ մեր պատերազմը մարմնի եւ արեան հետ չէ, այլ՝ իշխանութիւնների հետ, պետութիւնների հետ, այս խաւար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ: Ուստի առէ՛ք Աստծու սպառազի նութիւնը, որպէսզի կարողանաք չար օրում դէմ կանգնել չարին. եւ երբ ամէն ինչ կատարէք, հաստատո՛ւն կացէք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մէջքերը գօտեպնդած ճշմարտութեամբ, եւ հագած արդարութեան զրահը՝ ձեր ոտքերը ամրացրէ՛ք խաղաղութեան Աւետարանի պատրաստութեամբ: Եւ այս բոլորի վրայ, առէ՛ք հաւատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը: Եւ առէ՛ք փրկութեան սաղաւարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծու խօսքը: Ամենայն աղօթքներով եւ աղաչանքներով ամէն ժամ աղօթեցէ՛ք Հոգով. եւ այդ բանի մէջ հսկեցէ՛ք անխոնջ յարատեւութեամբ եւ աղաչանքներով բոլոր սրբերի համար:

Ավետարան ըստ Մատթեոսի, 13. 43-52

«Այն ժամանակ արդարները երկնքի արքայութեան մէջ կը ծագեն ինչպէս արեգակը: Ով լսելու ականջ ունի, թող լսի: Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է արտի մէջ թաքցուած գանձի, որ մի մարդ, գտնելով, նորից թաքցնում է. եւ ուրախութիւնից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը եւ այդ արտը գնում է: Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում. եւ գտնելով մի թանկարժէք մարգարիտ՝ գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը եւ այդ մարգարիտը գնեց: Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է ծով նետուած ուռկանի, որ ամէն տեսակ բան է հաւաքել. երբ լցուել էր, այն ցամաք հանելով եւ նստելով՝ լաւերը մի առ մի հաւաքեցին ամանների մէջ, իսկ անպէտքը դուրս գցեցին: Այնպէս էլ կը լինի այս աշխարհի վախճանին: Հրեշտակները կ՚ելնեն եւ չարերին արդարների միջից կը բաժանեն ու կը գցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում»: Յիսուս իր աշակերտներին ասաց. «Այս բոլորը իմացա՞ք»: Նրան ասացին՝ այո՛, Տէ՛ր: Եւ Յիսուս նրանց ասաց. «Դրա համար երկնքի արքայութեանն աշակերտած ամէն օրէնսգէտ նման է տանուտէր մարդու, որ իր գանձից հանում է նորը եւ հինը»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԻԷ. օր Մեծի Պահոց։ Սրբոց Մանկանցն քառասնից որք ի Սեբաստիա կատարեցան։ Ի տեղի հանգստեան շարականի՝ Օրհ. Ապշ. բձ. Դարձո զցասումն: Աւետարան, Հոգւոցն։ Օրհ. գկ. Այսօր ընդ անմարմնոցն, իւր սարօքն։

Ժմտ. Գնալով փառաց: Ճշ. շրկ. գձ. Այսօր մեծապէս:

Յերեկոյին՝ Լոյս զուարթ (թիւ ասել): Մեսդ. Ետուր երկիւղածաց։ Ս. Աստուած՝ որ խաչեցար: Հմբ. բկ. Որ պատուիրան: Ս. Խաչիւս, Կեցո, Պահպանեա։

, , , , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ