Սուրբ իշխաններ Սահակի և Համազասպի հիշատակի օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Ս. Սահակն ու սուրբ Համազասպ իշխանները:


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Սողոմոնի իմաստության գիրք, 6. 11-21

Այն ամէնը, ինչ սուրբ է, պահեցէ՛ք սրբութեամբ, եւ դուք պիտի սրբանաք. նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանութիւն պիտի գտնեն։ Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէ՛ք։ Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւնը, դիւրին է յայտնւում իրեն սիրողներինեւ հեշտ է գտնւում փնտռողներից։ Նա ինքն է հասնում իրեն ցանկացողներին՝ աւելի շուտ ճանաչուելու համար։ Ով վաղ է ելնում նրան փնտռելու, նա չի չարչարուի, որովհետեւ դեգերելիս կը գտնի այն իր դռան մօտ։ Նրա մասին մտածելն արդէն կատարեալ իմաստութիւն է, եւ ով տքնում է նրա համար, շատ շուտ էլ կը թեթեւանայ հոգսից։ Արդարեւ, իմաստութիւնն ինքն է շրջում՝ գտնելու իրեն արժանի եղողներին, եւ քաղցրութեամբ յայտնուելով նրանց շաւիղների վրայ, ինքն է նրանց տալիս ամէն մի հնարագիտութիւն։ Իմաստութեան սկիզբը իմաստութիւն սովորելու ճշմարիտ ցանկութիւնն է, իսկ սովորելու ցանկութիւնը նրա նկատմամբ տածած սէրն է, նրա օրէնքների պահպանութիւնը գութն է, նրա օրէնքների իւրացումը՝ անեղծութեան հաստատունութիւնը։ Իսկ անեղծութիւնը մարդուն մօտեցնում է Աստծուն, եւ իմաստութեան ցանկութիւնը տանում է դէպի արքայութիւն։

Երեմիա մարգարե, 17. 7-8

Բայց թող օրհնեալ լինի այն մարդը, որ յոյսը Տիրոջ վրայ կը դնի, որ Տէրը նրա յոյսը կը դառնայ: Նա կը լինի ինչպէս հոսող ջրերի մօտ աճած ծառ եւ իր արմատները կը ձգի դէպի ջրերի հոսանքը. երբ տօթը հասնի՝ չի վախենայ. նրա սաղարթն անտառի պէս կը տարածուի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենայ եւ չի դադարի պտուղ տալուց:

Պողոս Առաքյալի նամակը հռոմեացիներին, 8. 18-26

Ինձ այնպէս է թւում, թէ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու գալիք փառքի հետ, որ յայտնուելու է մեզ, որովհետեւ ստեղծուածները մեծ ակնկալութեամբ սպասում են Աստծու որդիների յայտնութեանը, քանի որ ստեղծուածները ունայնութեանը հնազանդուեցին (ոչ իրենց կամքով, այլ նրա համար, որ Աստուած հնազանդեցրեց նրանց) այն յոյսով, որ ստեղծուածներն իրենք էլ ազատուեն ապականութեան ծառայութիւնից՝ Աստծու որդիների փառքի ազատութեան հասնելու համար, քանզի գիտենք, որ բոլոր ստեղծուածները հեծեծում են եւ երկունքի ցաւի մէջ են մինչեւ այժմ. եւ ոչ միայն այսչափ. այլ եւ մենք իսկ, որ Հոգու առաջին պտուղն ունենք, մենք եւս մեր մէջ հեծեծում ենք՝ սպասելով որդեգրութեանը՝ մեր մարմնի փրկութեանը, որովհետեւ յոյսով փրկուեցինք. իսկ տեսանելի յոյսը յոյս չէ, քանի որ մի բան, որ մէկը տեսնում է, էլ ինչո՞ւ յուսայ, իսկ եթէ յոյս ունենք մի բանի, որը չենք տեսնում, ուրեմն՝ համբերութեամբ սպասում ենք դրան: Նոյնպէս եւ Հոգին օգնութեան է հասնում մեր տկարութիւններին. որովհետեւ մենք աղօթում ենք եւ չգիտենք, թէ ինչպէս արժան է աղօթել, բայց Հոգին ինքը բարեխօս է լինում մեզ անմռունչ հառաչանքով:

Ավետարան ըստ Հովհաննեսի, 16. 1-4

«Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք: Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կգայ, երբ, ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում: Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ: Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ: Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Սրբոց իշխանացն Սահակայ եւ Համազասպայ:

Օրհ. Մրտ. բկ. Շնորհեա մեզ: Հրց. Մրտ. բկ. Ա. Օրհնեմք զքեզ: Մնկ. եւ Հմբ. դկ. ստղ. Արիացեալք: Ժմտ. Ի տաճարի: Ճշ. շրկ. բկ. Հրաշափառ ճգնութեամբ:

, , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ