Ջատագովություն

ԱՐԻՍՏԻԴԵՍ ԱԹԵՆԱՑԻ

ՋԱՏԱԳՈՎՈՒԹՅՈՒՆ

110

Տեսնելով, որ աշխարհն ու նրանում եղածը ինչ-որ զորությամբ են շարժվում, հասկացա, որ այն շարժողն ու պահպանողն Աստված է, քանզի որևէ բան շարժողն ավելի ուժեղ է, քան շարժվողը, և որևէ բան պահապանողն ավելի ուժեղ՝ քան պահպանվողը։ Ես այդ Մեկին, ով կերտեց ամենայն ինչ և պահպանում է դրանք, կոչում եմ Աստված։ Նա, որ անեղ է և հավերժական, անմահ և ոչնչի պակաս չունեցող, որ վեր է բոլոր կրքերից ու թերություններից, ինչպիսիք են՝ բարկությունն ու մոռացկոտությունը, տգիտությունն ու մնացյալը։

111

Հիմա, ո՜վ Արքա, անցնենք տարրերին, որպեսզի կարողանանք ապացուցել, որ նրանք աստվածներ չեն, այլ՝ ապականացու և փոփոխական բաներ՝ անգոյից ստեղծված Նրա կողմից, ով արդարև Աստված է, ով անապականելի է, անփոփոխական ու աներևույթ, բայց ով տեսնում է ամեն ինչ, փոխում և այլակերպում է դրանք, ինչպես կամենում է։

112

Քրիստոնյաներն իրենց սկիզբը Տեր Հիսուս Քրիստոսի մեջ են տեսնում։ Նա, որ մարդկանց փրկության համար երկնքից իջավ Սուրբ Հոգով, վկայվում է որպես Բարձրյալ Աստծու Որդի։ Նա ծնվեց սուրբ Կույսից առանց մարդկային սերմի և մարմին առավ առանց ապականության։ Նա հայտնվեց մարդկանց մեջ, որպեսզի կարողանա նրանց հետ կանգնեցնել բազմաստվածության մոլորությունից։ Իր մեծ ծրագիրն ավարտելուց հետո Նա, Իր ազատ կամքով և հանուն մի զորավոր նպատակի, խաչի վրա մահ ճաշակեց։ Երեք օրից, սակայն, վերստին կյանք առավ և երկինք համբարձվեց։

Ով արքա, Դուք կարող եք Նրա գալստյան հռչակումը տեսնել սուրբ ավետարանում։ Պատահաբար աչքի չէի՞ք անցկացի մի օրինակ։ Նա տասներկու աշակերտ ուներ, ովքեր, Նրա երկինք համբարձվելուց հետո, գնացին աշխարհի ծագերը՝ քարոզելով Նրա մեծության մասին։ Այսպես նրանցից մեկը եկավ մեր մոտակա վայրերը՝ հռչակելով ճշմարտության վարդապետությունը։ Այդ ժամանակվանից ի վեր, նրանք, ովքեր շարունակում են պահպանել Նրա աշակերտների քարոզած արդարությունը, քրիստոնյաներ են կոչվում։ Քրիստոնյաները նրանք են, ովքեր, ի տարբերություն երկրի բոլոր ժողովուրդների, գտել են ճշմարտությունը. նրանք ճանաչում են Աստծուն՝ ամեն բան միածին Որդով և Սուրբ Հոգով Արարողին ու Ձևավորողին։

Քրիստոնյաները Նրանից բացի ուրիշ Աստծու չեն երկրպագում։ Նրանց սրտերին դրոշմված են Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրանները, որոնք նրանք պահում են՝ սպասելով մեռելների հարությանն ու աշխարհի կյանքի գալստյանը։ Նրանք շնություն չեն գործում, չեն պոռնկանում, սուտ վկայություն չեն տալիս, ուրիշների ունեցածը չեն հափշտակում։ Պատվում են իրենց հորն ու մորը և սիրում իրենց մերձավորներին։ Նրանք արդար դատաստան են կատարում։ Ինչ չէին ցանկանա, որ իրենց անեն, նրանք ուրիշին չեն անում (Ավետարան ըստ Մատթեոսի 7. 12, Ավետարան ըստ Ղուկասի 6. 31)։ Նրանք իրենց կողմն են գրավում իրենց հանդեպ անիրավներին և նրանց իրենց բարեկամները դարձնում։

Նրանք փութաջան են բարին մատուցել իրենց թշնամիներին։ Նրանք բարեհամբույր են ու խելամիտ։ Նրանք խուսափում են ամեն մի անօրեն փոխանակումից ու անմաքրությունից։ Նրանք չեն արհամարհում այրի կնոջը, ոչ էլ դառնացնում որբին։ Ունեցողն առատորեն բաժանում է չունեցողին։ Թե անծանոթի տեսնեն, նրան իրենց հարկի տակ կառնեն ու կուրախանան նրանով՝ որպես արյունակից եղբոր։ Որովհետև ոչ թե մարմնով են իրենց եղբայրներ կոչում, այլ հոգով։ Հանուն Քրիստոսի նրանք պատրաստ են վտանգի ենթարկել իրենց կյանքը։ Տիրոջ պատվիրանները նրանք կատարում են անվարան կերպով՝ վարելով անարատ և արդար կյանք, ինչպես որ Տեր Աստված է պատվիրել նրանց։ Եվ ամեն ժամ գոհություն են տալիս Նրան իրենց կերակրի, ըմպելիքի ու մնացածի համար։

Թարգմանությունը՝
Հասմիկ Մուրադյանի

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ