Սուրբ Պետրոս հայրապետի, Վլաս եպիսկոպոսի և Աբիսողոմ սարկավագի հիշատակի օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Սուրբ Պետրոս հայրապետը և Աբիսողոմ սարկավագը,

Սուրբ Վլաս եպիսկոպոսը։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Իմաստություն Սողոմոնի, 5. 1-8

Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդէպ, եւ նրանք, ովքեր արհամարում էին նրա վաստակը, տեսնելով նրան, պիտի խռովուեն սաստիկ երկիւղից եւ պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկութեան համար: Նրանք պիտի զղջան իրենց մտքում եւ հոգու նեղութիւնից ճնշուած՝ պիտի հառաչեն ու ասեն. «Սա այն մարդն է, որին մենք ծաղրում էինք մի ժամանակ եւ նախատինք էինք տալիս: Մենք՝ անմիտներս, նրա վարքը մոլորութիւն էինք համարում, իսկ նրա վախճանը՝ անարգանք: Բայց նա ինչպէ՞ս դասուեց Աստծու որդիների շարքը՝ դառնալով սրբերին վիճակակից: Ուրեմն մենք մոլորուեցինք ճշմարտութեան ճանապարհից, արդարութեան լոյսը չլուսաւորեց մեզ, եւ մեր սրտերում չծագեց արդարութեան արեգակը: Մենք խրուեցինք անօրէնութեան եւ կորստեան շաւիղների մէջ, գնացինք անկոխ անապատներով եւ չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները: Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտութիւնը, եւ ի՞նչ նպաստ բերեց մեզ հարստութեամբ պարծենալը:

Բարուք, 3. 31 – 4. 4

Չկայ մէկը, որ իմանայ նրա ճանապարհները, ո՛չ ոք, որ գիտակցի նրա շաւիղները: Բայց Նա, որ գիտէ ամէն ինչ, Նա՛ է ճանաչում իմաստութիւնը, Նա՛ է իր իմաստութեամբ գտել այն, Նա, ով ստեղծել է երկիրը յաւիտենական ժամանակների համար, լցրել այն կենդանիներով եւ չորքոտանիներով, Նա, ով լոյսն է ուղարկում՝ եւ լոյսը գնում է, յետ է կանչում՝ եւ լոյսը դողալով հնազանդւում է նրան. աստղերը ծագել են՝ իւրաքանչիւրն իր տեղում, եւ ուրախացել. Նա կանչում է աստղերին, ու նրանք ասում են՝ «Ահա այստե՛ղ ենք», եւ զուարթօրէն ճառագում են իրենց Արարչի համար: Դա մեր Աստուածն է, որի հետ ոչ ոք չի կարող համեմատուել, որը գտաւ իմաստութեան բոլոր ճանապարհները եւ դրանք տուեց իր ծառայ Յակոբին ու իր սիրեցեալ Իսրայէլին: Դրանից յետոյ իմաստութիւնը յայտնուեց երկրի վրայ ու շրջեց մարդկանց մէջ:

Իմաստութիւնը Աստծու պատուիրանների գիրքն է, Օրէնքն է, որ կայ յաւիտեան: Բոլոր նրանք, ովքեր ընդունում են այն, պիտի ապրեն, իսկ ովքեր թողնում են այն, պիտի մեռնեն: Դարձի՛ր, Յակո՛բ, եւ բռնի՛ր իմաստութիւնից՝ նրա լոյսի ծագման իսկ պահին: Քո փառքն ուրիշին մի՛ տուր, եւ քո վաստակները՝ օտար ազգին: Երանի է մեզ, Իսրայէ՛լ, որովհետեւ գիտենք, թէ ի՛նչն է հաճելի Աստծուն:

Պողոս Առաքյալի նամակը հռոմեացիներին, 8. 28-39

Բայց գիտենք, թէ ամէն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք եւ կանչուեցին նրա նախասահմանումով. որովհետեւ նրանց, որ առաջուց գիտէր, նախասահմանեց կերպարանակից լինելու իր Որդու պատկերին, որպէսզի նա լինի անդրանիկը բազում եղբայրների մէջ. եւ որոնց որ նախասահմանել էր, նրանց էլ կանչեց. եւ որոնց որ կանչեց, նրանց էլ արդարացրեց. եւ որոնց որ արդարացրեց, նրանց էլ փառաւորեց: Իսկ արդ, ի՞նչ ասենք այս մասին: Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կը լինի մեզ հակառակ: Նա, որ իր Որդուն իսկ չխնայեց, այլ մեր բոլորի համար մահուան մատնեց նրան, էլ ինչպէ՞ս մեզ չի շնորհելու ամենայն ինչ նրա հետ մէկտեղ: Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծու ընտրեալներին. Աստուած է, որ արդարացնում է: Իսկ արդ, ո՞վ է, որ դատապարտելու է: Քրիստոս Յիսուս է, որ մեռաւ, մանաւանդ որ յարութիւն էլ առաւ. եւ Աստծու աջում է եւ բարեխօս է մեզ համար: Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը, ինչպէս գրուած էլ է. Քեզ համար ենք մեռնում ամէն օր. համարուեցինք որպէս ոչխար սպանդի համար: Բայց այս բոլորից է՛լ աւելի յաղթական ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ. որովհետեւ վստահ եմ, թէ ո՛չ մահը, ո՛չ կեանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանութիւնները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները եւ ո՛չ զօրութիւնները, ո՛չ բարձրութիւն, ո՛չ խորութիւն եւ ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կայ մեր Տէր Քրիստոս Յիսուսով:

Ավետարան ըստ Հովհաննեսի, 10. 11-16

Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար: Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին եւ փախչում է: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. քանի որ վարձկան է, եւ ոչխարների համար հոգ չի անում: Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից: Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կը տամ իմ ոչխարների համար: Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Սրբոցն Պետրոսի հայրապետին, Վլասայ եպիսկոպոսին եւ Աբիսողոմայ սարկաւագին:

, , , , , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ