Պայծառակերպություն կամ Վարդավառ

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Պայծառակերպության տոն կամ Վարդավառ,
Սուրբ Եղիշե վարդապետի քարոզը՝ գրված Տիրոջ Այլակերպության տոնի առիթով,
Մի քանի խոսք Պայծառակերպության տոնի առիթով,
Վարդավառ (Գևորգ Զ. ՉՈՐԵՔՉՅԱՆ Ամենայն Հայոց Կաթողիկոսի քարոզը Վարդավառի տոնի առիթով, 18-ը հուլիսի, 1916 թ.),
«Վարդավառ» (Հովսեփ ավագ քահանա Հակոբյանի քարոզներից),
Յիսուսի Պայծառակերպութիւնը:


 

 

Պայծառակերպություն

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Սողոմոնի իմաստության գիրք, 7. 25 – 8. 4

Նա Աստծու զօրութեան ճաճանչն է, Ամենակալի ճշմարիտ փառքի ծագումը, եւ դրա համար էլ ոչ մի պիղծ բան չի խառնւում նրան: Նա մշտնջենաւոր լոյսի նշոյլ է, Աստծու ներգործութեան անարատ հայելին եւ նրա վեհութեան պատկերը: Նա մի է, բայց ամենակարող. նա ինքնակայ է, բայց նորոգում է ամէն բան, սերնդից սերունդ անցնում է մաքուր հոգիների մէջ եւ պատրաստում Աստծու բարեկամներ եւ մարգարէներ: Աստուած չի սիրում ուրիշ ոչ ոքի, բացի իմաստութեամբ ապրողից: Արդարեւ, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը եւ բոլոր աստղաբոյլերը, իսկ լոյսի հետ համեմատած՝ առաւել է նրանից, որովհետեւ լոյսը փոխւում է գիշերի, մինչդեռ իմաստութեանը չի կարող յաղթել չարութիւնը:

Օգտակար առողջութեամբ տարածուելով ծագից ծագ, իմաստութիւնը քաղցրութեամբ բուժում է բոլորին: Սիրեցի այն, հետամուտ եղայ նրան իմ պատանեկութեան օրերից, խնդրեցի նրան, որ ինձ հարսնանար, եւ ցանկացայ նրա գեղեցկութիւնը: Փառաւոր է նրա ազնուական ծագումը, քանզի նա կեանքի հաղորդութիւն ունի Աստծու հետ, եւ բոլորի Տէրը սիրեց այն: Նա խորհրդակից է Աստծու իմաստութեանը եւ ինքն էլ տենչում է նրա գեղեցկութիւնը:

Զաքարիա մարգարե, 14. 16-21

Բոլոր նրանք, ովքեր մնացած կը լինեն Երուսաղէմի դէմ պատերազմած ազգերից, ամէն տարի պիտի գան երկրպագելու թագաւորին՝ Զօրութիւնների Տիրոջը, պիտի գան Տաղաւարահարաց տօնը տօնելու: Եւ եթէ լինի այնպէս, որ երկրի ազգերից որեւէ մէկը չգնայ Երուսաղէմ՝ երկրպագելու թագաւորին՝ Զօրութիւնների Տիրոջը, ապա նա եւս պիտի գնայ: Եթէ եգիպտացիների ազգատոհմը նոյնպէս չգնայ, ապա նրանց եւս հասնելու է այն նոյն հարուածը, որը պիտի հասնի բոլոր այն ազգերին, որոնք չեն գնայ Տաղաւարահարաց տօնը տօնելու: Սա՛ պիտի լինի եգիպտացիների պատիժը եւ պարտքն այն բոլոր ազգերի, որոնք չեն գնայ Տաղաւարահարաց տօնը տօնելու: Այն օրը նոյնիսկ ձիերի սանձերի վրայ գրուած պիտի լինի՝ «Սրբութիւն՝ նուիրուած Տիրոջը»: Տիրոջ տան կաթսաները պիտի լինեն ինչպէս զոհասեղանի առջեւի տաշտերը, եւ Երուսաղէմում ու Յուդայի երկրում ամէն մի կաթսայ նուիրուած պիտի լինի Ամենակալ Տիրոջը: Բոլոր նրանք, ովքեր զոհ կը բերեն ընծայելու, պիտի վերցնեն այդ կաթսաներից՝ դրանց մէջ միսը եփելու համար. եւ այն օրը, Զօրութիւնների Տիրոջ տանը այլեւս չի լինի ոչ մի քանանացի:

Հովհաննես Առաքյալի առաջին ընդհանրական նամակը, 1. 1-7

Խօսում ենք Նրա մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք, եւ որին մեր ձեռքերը շօշափեցին, այսինքն՝ Կենաց Բանը: Նա նոյն ինքը կեանք էր, որ յայտնուեց, մենք այն տեսանք, վկայում ենք եւ պատմում ենք ձեզ այն յաւիտենական կեանքի մասին, որ Հօր մօտ էր եւ յայտնուեց մեզ: Ինչ որ տե սանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որպէսզի դուք էլ հաղորդակից լինէք Նրան մեզ հետ, ինչպէս որ մենք հաղորդութիւն ունենք Հօր հետ եւ նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի հետ: Եւ այս բանը գրում ենք ձեզ, որպէսզի ձեր ուրախութիւնը կատարեալ լինի: Եւ այս է այն պատգամը, որը լսեցինք նրանից եւ պատմում ենք ձեզ. Աստուած լոյս է, եւ նրա մէջ խաւար չկայ, բոլորովի՛ն չկայ: Եթէ ասենք, թէ հաղորդութեան մէջ ենք նրա հետ, բայց քայլենք խաւարի մէջ, ստում ենք եւ ճշմարտութիւնը չենք կատարում: Իսկ եթէ լոյսի մէջ ենք քայլում, ինչպէս որ ինքն է լոյսի մէջ, հաղորդութեան մէջ ենք լինում միմեանց հետ, եւ նրա Որդու՝ Յիսուսի արիւնը մաքրում է մեզ ամէն մեղքից:

Ավետարան ըստ Մատթեոսի, 16. 13 – 17. 13

Եւ Յիսուս Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով՝ հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»: Եւ նրանք ասացին. «Մէկը, թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թէ՝ Երեմիան, կամ մարգարէներից մէկը»: Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում, ո՞վ եմ ես»: Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»: Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է: Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն: Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»: Այն ժամանակ խստիւ պատուիրեց աշակերտներին, որ ոչ ոքի չասեն, թէ ինքն է Քրիստոսը: Դրանից յետոյ Յիսուս սկսեց յստակօրէն յայտնել աշակերտներին, թէ պէտք է, որ ինքը Երուսաղէմ գնայ, բազում չարչարանքներ կրի եւ անարգուի քահանայապետներից, օրէնսգէտներից, ժողովրդի ծերերից, սպանուի եւ երրորդ օրը յարութիւն առնի: Եւ Պետրոսը նրան մի կողմ տանելով՝ սկսեց վիճել նրա հետ ու ասել. «Քա՛ւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ քեզ չի պատահի»: Եւ նա դառնալով Պետրոսին՝ ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, դու գայթակղութիւն ես ինձ համար. որովհետեւ քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը»: Այն ժամանակ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից, որովհետեւ ով կամենայ իր անձը փրկել, այն կը կորցնի. եւ ով ինձ համար իր անձը կորցնի, կը գտնի այն: Ի՛նչ օգուտ կ՚ունենայ մարդ, եթէ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի: Կամ՝ մարդ իր անձի փոխարէն ի՞նչ փրկանք պիտի տայ, քանի որ մարդու Որդին գալու է իր Հօր փառքով՝ իր հրեշտակների հետ միասին. եւ այն ժամանակ իւրաքանչիւրին կը հատուցի ըստ իր գործերի: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչեւ որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած իր արքայութեամբ»:

Եւ վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին եւ նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ եւ նրանց առաջ պայծառակերպուեց. եւ նրա դէմքը փայլեց ինչպէս արեգակը. եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպէս լոյսը: Եւ ահա նրանց երեւացին Մովսէսն ու Եղիան, որ խօսում էին նրա հետ: Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց Յիսուսին. «Տէ՛ր, լաւ է, որ մենք այստեղ ենք. եթէ կամենաս, երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ համար, մէկը՝ Մովսէսի, մէկն էլ՝ Եղիայի»: Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա մի լուսաւոր ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ ու ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, դրա՛ն լսեցէք»: Երբ աշակերտները այս լսեցին, իրենց երեսի վրայ ընկան եւ սաստիկ վախեցան: Եւ Յիսուս, մօտենալով, դիպաւ նրանց ու ասաց. «Ոտքի՛ ելէք եւ մի՛ վախեցէք»: Նրանք աչքները բարձրացրին եւ Յիսուսից բացի ոչ ոքի չտեսան: Եւ մինչ լեռից իջնում էին, Յիսուս նրանց պատուիրեց ու ասաց. «Այդ տեսիլքը մարդու չասէք, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի»: Աշակերտները նրան հարցրին եւ ասացին. «Հապա ինչո՞ւ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պիտի գայ»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Եղիան կը գայ եւ կը վերահաստատի ամէն ինչ, բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդէն իսկ եկել է. բայց նրան չճանաչեցին, այլ, ինչ որ կամեցան, արեցին նրան. նոյնպէս եւ մարդու Որդին նրանց ձեռքով չարչարուելու է»: Այն ժամանակ աշակերտները հասկացան, թէ Յովհաննէս Մկրտչի մասին էր ասել իրենց:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

† ԲՁ. ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի (Վարդաւառ):

Ի գիշերին հսկումն է եւ դիցեն զՍրբութիւնն ի վերայ բազմոցի Սեղանոյն։ Զկնի Ժողովեալքսին երգ՝ Ի վերին Երուսաղէմ։ Հետ. շրկ. դձ. Ցնծայ այսօր։ Օրհ. աձ. Որ ի լերինն այլակերպեալ (յատեանն): Հրց. ակ. Զանճառելի, իւր սարօքն։ (Տէր յերկնիցն եւս յատեանն)։ Քրզ. Ասասցուք։ Ս. Աստուած՝ որ յայտնեցար ի Թաբոր լերինն։ Շրկ. աձ. Որ ի լերինն։ Գիրք, Աւտրն., Անդաստան, Ս. Խաչիւս, Պահպանիչ։ Շրկ. ստղ. դկ. Լերինք ցնծասցեն (յատեանն)։ Նորաստեղծեալ, Խնդր., Կեցո, Քում ամենազօր եւ հրաշալի պայծառակերպութեանդ։ Ժմտ. Երեւի Տէրդ այսօր։ Ճշ. շրկ. դկ. Ուրախացիր պսակ։ Սրբ. Բազմութիւնք։

Յերեկոյին` Գիրք, Աւտրն., Անդաստան: Ապա Խոնարհեցո եւ Ապրեցո: Քրզ. Ասասցուք: Ս. Աստուած` որ յայտնեցար ի Թաբոր լերինն: Հմբ. դկ. Այսօր ի լերինն (յատեան): Զկնի Հայր գթածին` Սաղմոս, Գիրք, Աւտրն., Խնդր., Կեցո, Թագ. խաղաղութեան:

Միջոց ուտիքն երեք շաբաթ է:

 

, , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ