Պահք

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Պողոս Առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին, 12. 10-18

Դրա համար գոհունակութեամբ համակերպւում եմ տկարութիւններին, նախատինքներին, վշտերին, հալածանքներին եւ նեղութիւններին՝ Քրիստոսի համար. որովհետեւ, երբ տկար եմ, այն ժամանակ եմ զօրաւոր: Յիմար եղայ պարծենալով, քանզի դո՛ւք ստիպեցիք. որովհետեւ պէտք էր, որ ես ձեզնից վկայութիւն ստանայի, թէ ոչնչով պակաս չգտնուեցի, քան գերընտիր առաքեալները, թէպէտեւ ես ոչինչ եմ: Սակայն ձեզանում առաքեալի նշաններ գործուեցին ամենայն համբերութեամբ՝ նշաններով, սքանչելիքներով եւ զօրութիւններով: Եւ արդ, ինչո՞վ պակաս մնացիք այլ եկեղեցիներից, եթէ ոչ նրանով, որ ես ձեզ բեռ չեղայ: Ներեցէ՛ք ինձ այդ յանցանքը: Ահա՛ւասիկ այս երրորդ անգամ պատրաստւում եմ գալ ձեզ մօտ եւ ձեզ բեռ չեմ լինի. որովհետեւ ձեր ունեցածը չէ որ փնտռում եմ, այլ՝ ձեզ. քանի որ որդինե՛րը պարտաւոր չեն հայրերի համար գանձ դիզել, այլ՝ հայրե՛րը որդիների համար: Բայց ես ինքնայօժար կերպով կը ծախսեմ եւ կը ծախսուեմ ձեզ համար, թեկուզ եւ, հակառակ ձեզ շատ սիրելուս, ձեզնից քիչ սիրուեմ: Ասենք թէ՝ ես բեռ չեղայ ձեզ. որովհետեւ խորագէտ էի, խորամանկութեամբ բռնեցի ձեզ: Միթէ ձեզնից օգո՞ւտ քաղեցի նրանցով, որոնց առաքեցի ձեզ մօտ: Խնդրեցի Տիտոսին եւ նրա հետ այն եղբօրն էլ ուղարկեցի: Միթէ Տիտոսը ձեր ունեցածին ա՞չք տնկեց: Նոյն ոգով չընթացա՞նք, նոյն շաւիղներով չքայլեցի՞նք:

Ավետարան ըստ Մարկոսի, 10. 35-45

Զեբեդէոսի որդիները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը, գնացին նրա մօտ եւ ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»: Եւ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»: Եւ նրանք ասացին նրան. «Շնո՛րհ արա մեզ, որ նստենք մէկս՝ քո աջում եւ միւսս՝ ձախում, քո փառքի մէջ»: Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Չէք իմանում, թէ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»: Եւ նրանք ասացին նրան. «Կարող ենք»: Եւ Յիսուս նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես խմելու եմ, կը խմէք, եւ այն մկրտութիւնը, որով ես մկրտուելու եմ, նրանով կը մկրտուէք, բայց իմ աջում եւ ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրուելու է նրանց, որոնց համար պատրաստուած է»: Այդ լսելով՝ տասը առաքեալները սկսեցին բարկանալ Յակոբոսի եւ Յովհաննէսի վրայ: Յիսուս նրանց իր մօտ կանչեց եւ ասաց. «Գիտէք, որ հեթանոսների մէջ իշխանաւորներ համարուածները տիրում են նրանց. եւ նրանց մեծամեծներն իշխում են նրանց վրայ. ձեր մէջ այդպէս չպէտք է լինի. այլ ձեզնից ով կամենայ մեծ լինել, թող լինի ձեր սպասաւորը. եւ ձեզնից ով կամենայ առաջին լինել, բոլորին ծառայ թող լինի, որովհետեւ մարդու Որդին էլ չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ՝ ծառայելու եւ տալու իր անձը որպէս փրկանք շատերի փոխարէն»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԲՁ. Պահք։

Օրհ. բձ. Դարձո զցասումն: Հրց. Ապշ. գձ. Գ. Աղցմի. Օրհնեալ ես Տէր եւ։ Մնկ. բձ. Մանկունք Եկեղեցւոյ։ Ժմտ. Որ ըստ ամենայն։ Ճշ. շրկ. դկ. Փառաբանութիւն։ Հմբ. բձ. Համբառնալով զաչս:

, , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ