Պահք

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

 

Պողոս Առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին, 11. 10-23

Այս պարծանքը չի վերանայ ինձնից Աքայիայի կողմերում էլ: Ինչո՞ւ: Նրա համար, որ չե՞մ սիրում ձեզ: Աստուած գիտէ այդ: Ինչ որ անում եմ ես, ինչ որ անելու եմ, նրա համար է, որ վերացնեմ պատճառաբանութիւնները նրանց, որ պատճառ են փնտռում, որպէսզի պարծենան, թէ իրենք էլ իբր մեզ նման աշխատում են, որովհետեւ այդպիսիները՝ սուտ առաքեալներ, նենգաւոր մշակներ, կերպարանաւորւում են Քրիստոսի առաքեալների կերպարանքով. եւ դա զարմանալի բան չէ. քանզի ինքը՝ Սատանան էլ է կերպարանաւորւում որպէս լուսոյ հրեշտակ: Եւ տարօրինակ չէ, որ նրա պաշտօնեաներն էլ կերպարանաւորուեն որպէս արդարութեան պաշտօնեաներ, որոնց վախճանը կը լինի ըստ իրենց գործերի: Դարձեալ ասում եմ. ոչ ոք ինձ յիմար թող չհամարի, – կամ գոնէ իբրեւ յիմար ընդունեցէք ինձ, – որ պէսզի ես էլ մի փոքր պարծենամ: Եւ ինչ որ խօսում եմ, ոչ թէ ըստ Տիրոջ ուզածի եմ խօսում, այլ՝ որպէս մի յիմար, որ պարծենալու վիճակի մէջ է գտնւում: Եւ որովհետեւ շատերն են պարծենում մարդկային նկատումներից առաջնորդուած, ես էլ եմ պարծենալու: Դուք՝ իմաստուններդ, անմիտներին սիրով էք հանդուրժում, քանի որ հանդուրժում էք, եթէ մէկը խաբում է ձեզ, եթէ մէկը ծառայի տեղ է դնում ձեզ, եթէ մէկն ուտում է ձեր ունեցուածքը, եթէ մէկը վերցնում է, ինչ որ ձերն է, եթէ մէկը յոխորտում է, եթէ մէկը հարուածում է ձեր երեսին: Ամաչելով եմ ասում, որպէս թէ մենք տկարացած լինէինք երբեւէ. ով ինչ բանի մէջ համարձակուի պարծենալ (յիմարութեամբ եմ ասում), ես էլ եմ համարձակուելու: Եբրա յեցինե՞ր են՝ ես էլ. իսրայէլացինե՞ր են՝ ես էլ. Աբրահամի՞ սերունդ են՝ ես էլ. Քրիստոսի՞ պաշտօնեաներ են (առաւել յանդգնութեամբ կ՚ասէի, թէ)՝ ես առաւե՛լ եւս: Եթէ վաստակով՝ առաւել. եթէ գանակոծութեամբ՝ առաւե՛լ եւս. եթէ բանտարկութեամբ՝ աւելի՛ քան նրանք. եթէ մահուան վտանգով՝ բազում անգամ:

 

Ավետարան ըստ Մարկոսի, 10. 17-23

Երբ նա այնտեղից ճանապարհ ընկաւ, ահա մեծահարուստ մէկը առաջ վազելով ծնկի իջաւ, հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: Եւ Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած: Պատուիրանները գիտես. մի՛ շնանար, մի՛ սպանիր, մի՛ գողանար, սուտ մի՛ վկայիր, պատուի՛ր քո հօրն ու մօրը»: Նա պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր արել եմ. արդ, ի՞նչ եմ պակաս թողել»: Եւ Յիսուս նրան նայելով՝ սիրեց նրան եւ ասաց. «Քեզ մէ՛կ բան է պակասում. եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր ինչ որ ունես ու աղքատների՛ն տուր եւ երկնքում գանձեր կ՚ունենաս. եւ վերցրո՛ւ խաչդ եւ արի՛ իմ յետեւից»: Եւ մարդը այդ խօսքի վրայ խոժոռուած՝ գնաց տրտում, որովհետեւ շատ հարուստ էր: Եւ Յիսուս այս կողմ, այն կողմ նայելով՝ ասաց իր աշակերտներին. «Ինչքա՜ն դժուարին է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ հարստութիւն ունեն»:

 

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԲԿ. Պահք:

Օրհ. Ապշ. բկ. Յամենայն ժամ: Հրց. Ապշ. գձ. Բ. Փառաւորեալ է անուն քո: Մնկ. բկ. Արթունք եւ պատրաստք։ Ժմտ. Որ ըստ ամենայն։ Ճշ. շրկ. դկ. Փառաբանութիւն։ Հմբ. բկ. Զօգնութիւն մեզ:

, , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ