Պահք

Ուրբաթ օրվա աղոթք (Հովհաննես Գառնեցի):


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Պողոս Առաքյալի առաջին նամակը կորնթացիներին, 11. 1-16

Նմանուեցէ՛ք ինձ, ինչպէս որ ես՝ Քրիստոսին: Գովում եմ ձեզ, որ յիշում էք ինձ ամէն ինչում եւ պահում էք աւանդած բաները, ինչպէս որ աւանդեցի ձեզ: Ուզում եմ, որ դուք իմանաք, թէ ամէն մարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ մարդը եւ Քրիստոսի գլուխը՝ Աստուած: Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը: Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը. որովհետեւ այնպէս է համարւում, թէ իբր գլուխն ածիլուած լինի, քանզի, եթէ կինը քօղով չի ծածկւում, թող կտրի իր մազերը: Իսկ եթէ ամօթ է կնոջ համար մազը կտրել կամ ածիլել, թող քօղով ծածկուի: Պէտք չէ, որ տղամարդը իր գլուխը ծածկի, որովհետեւ նա պատկերն ու փառքն է Աստծու. իսկ կինը ի՛ր մարդու փառքն է, որովհետեւ ոչ թէ մարդն է կնոջից, այլ կինը՝ մարդուց, քանզի մարդը չստեղծուեց կնոջ համար, այլ կինը՝ մարդու համար: Դրա համար կինը պարտաւոր է քօղ դնել գլխին, հրեշտակների պատճառով: Բայց կինն առանց մարդու եւ մարդն առանց կնոջ չկան ի Տէր, որովհետեւ, ինչպէս որ կինը մարդուց է, այնպէս եւ մարդը՝ կնոջ միջոցով, եւ ամէն ինչ՝ Աստծուց: Եւ դուք ինքնե՛րդ դատեցէք. վայե՞լ է կին արարածին գլխաբաց աղօթքի կանգնել Աստծու առաջ: Եւ բնութիւնն իսկ չի՞ ուսուցանում ձեզ, որ, եթէ մարդը երկար մազերով է, այդ անարգանք է իրեն, բայց կինը, եթէ երկար մազերով է, այդ պատիւ է իրեն. որովհետեւ մազերը քօղի փոխարէն են տրուած նրան: Իսկ եթէ մէկն ուզում է առարկել, մենք չունենք այդպիսի սովորութիւն, ոչ էլ՝ Աստծու եկեղեցիները:

Ավետարան ըստ Մարկոսի, 1. 35-45

Եւ առաւօտեան մօտ, լոյսը բացուելուց առաջ, վեր կացաւ եւ ելաւ գնաց ամայի մի տեղ ու այնտեղ աղօթում էր: Նրա յետեւից նրան փնտռելու գնաց Սիմոնը եւ նրանք, որ նրա հետ էին: Եւ երբ գտան նրան, ասացին. «Ամէնքը փնտռում են քեզ»: Եւ նրանց ասաց. «Եկէ՛ք գնանք այլ մօտակայ գիւղաքաղաքներ եւս, որպէսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետեւ հէնց դրա համար եմ եկել»: Եւ ամբողջ Գալիլիայում նրանց ժողովարաններում քարոզում եւ դեւեր էր հանում: Նրա մօտ եկաւ մի բորոտ. նա ծնկի եկած աղաչում էր եւ ասում. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»: Իսկ Յիսուս գթալով՝ ձեռքը երկարեց, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»: Եւ երբ նրան այս ասաց, բորոտութիւնը նրանից իսկոյն գնաց, եւ նա մաքրուեց: Եւ Յիսուս իսկոյն դուրս հանեց նրան եւ խստիւ պատուիրեց. «Զգո՛յշ եղիր, ոչ ոքի բան չասես, այլ գնա՛, քեզ քահանային ցո՛յց տուր եւ մաքրուելուդ համար ընծայ տուր այն, ինչ հրամայել էր Մովսէսը՝ նրանց համար իբրեւ վկայութիւն»: Բայց նա դուրս գնալով՝ սկսեց եռանդուն կերպով քարոզել եւ լուրը տարածել այն աստիճան, որ Յիսուս չէր կարողանում այլեւս յայտնապէս քաղաք մտնել, այլ դուրսը, ամայի տեղերում էր մնում. եւ բոլոր կողմերից ժողովուրդը նրա մօտ էր գալիս:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Պահք:

, , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ