Պահք

Մենք ծոմ ենք պահում ոչ թե նրա համար, որ ուտելու և խմելու մեջ ինչ-որ անմաքուր բան կա: Ընդհակառակը, ուտելիքն ու ըմպելիքն Աստծու պարգևն են, որից պետք է հաճույքով և երախտագիտությամբ օգտվենք: Մենք ծոմ ենք պահում ոչ թե որովհետև արհամարհում ենք աստվածային պարգևը, այլ որպեսզի գիտակցենք, որ դա իրոք պարգև է, որպեսզի մաքրագործենք մեր ուտելն ու խմելը՝ դրանք դարձնելով Ընծայողի հետ հաղորդակցության միջոց և խորհուրդ: Ծոմապահության նպատակը ոչ թե մարմինը տկարացնելն է, այլ այն առավել հոգևոր դարձնելը:

Կալիստոս եպիսկոպոս Վեր, «Ուղղափառ ճանապարհ» գրքից

————————————————–

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Պողոս Առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին, 6. 16 – 7. 1

Ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ, կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. «Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը: Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք,- ասում է Տէրը,- եւ մի՛ դիպէք պիղծ բաներին. եւ ես պիտի ընդունեմ ձեզ, եւ ես պիտի լինեմ ձեզ համար հայր, եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր»,- ասում է Ամենակալ Տէրը:

Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծու երկիւղով։

Ավետարան ըստ Ղուկասի, 8. 1-3

Դրանից յետոյ Յիսուս շրջում էր քաղաքներում եւ գիւղերում, քարոզում էր եւ աւետարանում Աստծու արքայութիւնը։ Եւ նրա հետ էին Տասներկուսը եւ մի քանի կանայք, որոնք բժշկուել էին չար ոգիներից ու հիւանդութիւններից. Մարիամը, որ կոչւում էր Մագդաղենացի, եւ որից եօթը դեւ էր դուրս եկել, Յովհաննան՝ Հերովդէսի վերակացուի՝ Քուզայի կինը, եւ Շուշանն ու շատ ուրիշներ, որոնք իրենց ունեցուածքից մատակարարում էին նրան։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԱՁ. Պահք: Օրհ. Ապշ. աձ. Հայր բազումողորմ։ Հրց. Հնգ. բկ. Արարիչ և մարդասէր։ Մնկ. Խաչի աձ. Հրաշակերտ։ Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ. Որ անսկիզբն: Հմբ. աձ. Ինձ օգնութիւն և Համբարձի:

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ