Պահք։ Ծննդյան Ութօրեքին հաջորդող երկրորդ չորեքշաբթի։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Պողոս Առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին, 5. 17 – 6. 6

Այն երէցները, որոնք լաւ վերակացու են, կրկնակի պատուի արժանի թող լինեն. մանաւանդ նրանք, որ տքնում են խօսքով եւ ուսուցանելով. քանզի Սուրբ Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր» եւ՝ «Մշակն արժանի է իր վարձին»։ Երէցի մասին ամբաստանութիւն մի՛ ընդունիր, բացի այն դէպքից, երբ դա երկու կամ երեք վկաներով լինի։ Իսկ մեղանչողներին յանդիմանի՛ր բոլորի առաջ, որպէսզի միւսներն էլ վախենան։ Պարտաւորեցնում եմ քեզ Աստծու եւ Յիսուս Քրիստոսի ու ընտրեալ հրեշտակների առաջ, որ այս բոլորը պահես առանց նախապաշարումի՝ աչառութեամբ ոչինչ չանելով։ Ձեռքերդ շտապով որեւէ մէկի վրայ մի՛ դիր եւ ուրիշների մեղքերին մասնակից մի՛ եղիր, քեզ մաքո՛ւր պահիր։ Այսուհետեւ միմիայն ջուր մի՛ խմիր, այլ մի քիչ գինի էլ խառնիր՝ քո ստամոքսի եւ յաճախակի տկարութիւնների պատճառով։ Կան մարդիկ, որոնց մեղքերը յայտնի են նախքան որեւէ դատաստանի ենթարկուելը. մարդիկ էլ կան, որոնց մեղքերը յետոյ են յայտնի դառնում։ Նոյն ձեւով եւ յայտնի են բարի գործերը. եւ այն գործերը, որ յայտնի չեն, թաքնուած մնալ չեն կարող։

Բոլոր նրանք, ովքեր ծառայութեան լծի տակ են, նրանցից իւրաքանչիւրը թող իր տէրերին պատուի արժանի համարի, որպէսզի Աստծու անունն ու վարդապետութիւնը չանարգուի։ Իսկ նրանք, որ հաւատացեալ տէրեր ունեն, թող չարհամարհեն, որ նրանք եղբայրներ են, այլ աւելի լաւ ծառայեն, քանի որ հաւատացեալներ են եւ սիրելի եղբայրներ, որոնք յանձն են առել բարերարութիւնը։ Այս բանն ուսուցանի՛ր եւ յորդորի՛ր։ Իսկ եթէ մէկն այլ բան ուսուցանի եւ չանսայ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողջամիտ խօսքերին եւ այն վարդապետութեանը, որ աստուածապաշտութեան համապատասխան է, այդպիսին գոռոզամիտ է եւ ոչինչ չգիտէ, այլ բռնուած է հակառակութեան խօսքեր եւ խնդիրներ առաջացնելու հիւանդութեամբ, որոնցից առաջ են գալիս նախանձ, կռիւ, հայհոյութիւններ, չար կասկածներ, խարդախութիւններ մտքով ապականուած եւ ճշմարտութիւնից հեռացած մարդկանց միջեւ, որոնք շահի աղբիւր են համարում աստուածապաշտութիւնը։ Բայց դու այդպիսիներից հեռո՛ւ պահիր քեզ։

Ավետարան ըստ Հովհաննեսի, 3. 22-36

Այնուհետեւ Յիսուս եւ իր աշակերտները Հրէաստանի երկիրը եկան, եւ նա այնտեղ շրջում էր նրանց հետ ու մկրտում։ Յովհաննէսն էլ մկրտում էր Այենոնում, Երուսաղէմի մօտ, որովհետեւ այնտեղ շատ ջրեր կային, եւ մարդիկ գալիս ու մկրտւում էին, քանի դեռ Յովհաննէսին չէին բանտարկել։ Եւ Յովհաննէսի աշակերտների ու մի հրեայի միջեւ մաքրութեան մասին մի հարց ծագեց։ Նրանք եկան Յովհաննէսի մօտ եւ նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Յորդանանի միւս կողմում քեզ հետ էր, եւ որի մասին դու վկայեցիր, ահաւասիկ նա մկրտում է, եւ ամէնքը գալիս են նրա մօտ»։ Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Մարդն իրենից որեւէ բան անել չի կարող, եթէ նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրուած չէ։ Դուք ինքներդ էք վկայում ինձ, որ ձեզ ասացի. ես Քրիստոսը չեմ, այլ ուղարկուած եմ նրա առաջից։ Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապէս ուրախանում է փեսայի ձայնի համար. արդ, այս ուրախութիւնը, որ իմն է, կատարեալ է։ Պէտք է, որ նա մեծանայ, իսկ ես՝ նուազեմ»։ «Նա, որ ի վերուստ է գալիս, վեր է ամենքից. նա, որ այս երկրից է, երկրաւոր է եւ երկրաւոր բաների մասին է խօսում։ Նա, որ երկնքից է գալիս, վկայում է, ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայութիւնը ոչ ոք չի ընդունում։ Ով ընդունում է նրա վկայութիւնը, հաստատած կը լինի, որ Աստուած ճշմարիտ է, քանի որ նա, ում Աստուած ուղարկեց, Աստծու խօսքերն է խօսում. որովհետեւ Աստուած Հոգին տալիս է առանց չափի։ Հայրը սիրում է Որդուն եւ ամէն ինչ տուել է նրա ձեռքը։ Ով հաւատում է Որդուն, ընդունում է յաւիտենական կեանքը, իսկ ով չի հնազանդւում Որդուն, կեանք չի տեսնի, այլ նրա վրայ կը մնայ Աստծու բարկութիւնը»։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Պահք։ Ծննդյան Ութօրեքին հաջորդող երկրորդ չորեքշաբթի։

, , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ