Ուրբաթ օրվա աղոթք

ՈՒՐԲԱԹ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ

Էապես բարի և ամենակարող զորություն, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը երկրին հրամայեցիր հանել գազաններն ու անասունները, սողուններն ու չորքոտանիները` իրենց տեսակներով, վայրիներն ու ընտանիները, և այս օրը մարդուն ստեղծեցիր ինքնիշխան, և նրան տեր ու իշխան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրա, և նրան փրկության դրախտում դրեցիր` պահելու պատվիրանը, բայց իմն է նախահոր պատվիրանազանցությունը, որի համար արտաքսվեցինք պայծառ պատվից ու փափուկ փառքից: Մանավանդ որ, նա փոքր ու թեթև հանցումով մի անգամ խաբվեց, իսկ ես անթիվ և մեծամեծ հանցանքներով մեղանչում եմ անդադար, ուստի դատապարտվածիս համար այս օրը խաչ բարձրացար, Բանդ Աստված: Եվ արդ, աղաչում եմ քեզ, ներողամիտ ու անոխակալ Տեր իմ և Աստված իմ, ողորմիր ինձ ողորմելիիս և մեղքով լցվածիս: Մի՛ զգետնիր պատկերս, որին [կենդանության շունչ] փչեցիր, և մի՛ մատնիր ինձ, որ ստեղծեցիր, հավիտենական տանջանքի, քանի որ քոնն եմ, Տեր, և հույսս դու ես, և քեզնից եմ ակնկալում արձակվել հանցանքներիս կապանքից: Ուստի, Տեր, կհանգեցնես ինձ մեղքի թողության և հանցանքի քավության, և շեղվածիս մասնակից կդարձնես արդար մարդկանց և նախապես ընտրվածներին, որպեսզի նրանց հետ մշտնջենական հանգիստը մտնելով` փառավորեմ ամենազոր տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:

ԱՂԱՒԹՔ ՈՒՐԲԱԹԻ ԱՒՈՒՐՆ

(գրաբար)

Էապէս բարի և ամենակարող զաւրութիւն՝ Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, որ յայսմ աւուր հրամայեցեր երկրի հանել յիւրմէ զգազանս և զանասունս, և զսողունս և զչորքոտանիս՝ յազգս իւրեանց, զվայրենիս և զընտանիս, և յայսմ աւուր արարեր զմարդն անձնիշխան, և կացուցեր զնա տէր և իշխան ի վերայ ամենայն ձեռակերտաց քոց, և եդեր զնա ի դրախտին փափկութեան՝ պահել զպատուէրն, բայց իմ է պատուիրանազանցութիւն նախահաւրն, որով արտաքսեցաք ի պայծառ պատուոյն և ի փափուկ փառացն: Մանաւանդ զի նա մի անգամ խաբեցաւ փոքր և թեթև յանցմամբ, իսկ ես անթիւ և մեծամեծ յանցանաւք մեղանչեմ անդադար, ուստի և վասն պարտաւորելոյս բարձրացար յայսմ աւուր Բանդ Աստուած ի վերայ խաչին: և արդ, աղաչեմ զքեզ, երկայնամիտ և անոխակալ Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, ողորմեա՛ ինձ ողորմեցելւոյս և մեղաւք լցելոյս: Մի՛ ընդ վայր հարկաներ զպատկերս՝ յոր փչեցեր, և մի՛ մատներ զիս յաւիտենից տանջանացն՝ զոր ստեղծեր, զի քո եմ, Տէ՛ր, և ի քեզ յուսամ, և ի քէն ակն ունիմ արձակիլ ի կապոյ յանցանացս: Ուստի և հանդիպեցուսցես զիս, Տէ՛ր, թողութեան մեղաց և քաւութեան յանցանաց, և մասնակից արասցես զվրիպեալս արանց արդարոց և ի սկզբանէ ընտրելոցն, զի ընդ նոսին հանգուցեալ փառաւորեցից զամենազաւր տէրութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ