Որն է քրիստոնեության էությունը

ԱԼԵՔՍԵՅ ՕՍԻՊՈՎ
ՄՈՍԿՎԱՅԻ ՀՈԳԵՎՈՐ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊՐՈՖԵՍՈՐ

ՈՐՆ Է ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Քրիստոնեությունն ամբողջովին ամփոփվում է մեկ բառի մեջ` Քրիստոս: Բայց ի՞նչ է դա նշանակում: Դա այն զոհաբերությունն է, որ կատարեց Քրիստոս հանուն մարդկության: Դա մարդկային ողջ էությունն Իր վրա վերցնելն է, վերցնելը մեր ողջ վնասվածության, ողջ աղճատումի, որ տեղի ունեցավ Ադամի, իսկ հետո նրա բոլոր ժառանգների հետ` Աստծուց հեռանալու հետևանքով: Քրիստոս մեզ համար անեծք և մեղք դարձավ (տե՛ս Բ Կորնթ. Ե 21): Սա է հենց այն ամենաէականը, որ քրիստոնեությունն առանձնացնում է մնացյալ բոլոր կրոններից:

Մյուս կրոններում հիմնադիրը ոչ այլ ոք է, եթե ոչ նոր կամ հին ու վաղուց մոռացված ուսմունքի քարոզիչը: Այդ իսկ պատճառով մյուս կրոններում հիմնադիրը չունի այն բացառիկ նշանակությունը, որն ունի Տեր Հիսուս Քրիստոսը քրիստոնեության մեջ: Այնտեղ հիմնադիրն ուսուցիչ է, Աստծո մարգարե, որ փրկության ճանապարհն է ազդարարում և ոչ ավելին: Ուսուցիչը լոկ Աստծո փողն է. կարևորը հենց այն ուսմունքն է, որն ինքը փոխանցում է Աստծուց: Ուստի այլ կրոններում ազդարարվող ուսմունքի նախահայրը հիմնադրվող կրոնի նկատմամբ միշտ գտնվում է երկրորդ պլանում: Կրոնի էությունը կախված չէ նրանից. նա, այլ կերպ ասած, փոխարինելի է: Կրոնն ամենևին չէր տուժի, եթե դրա մասին ազդարարեր մեկ այլ ուսուցիչ կամ մարգարե: Օրինակ` բուդդայականությունը հանգիստ կարող էր գոյություն ունենալ, եթե ապացուցվեր, որ Բուդդան երբեք չի եղել, այլ եղել է մեկ այլ հիմնադիր: Իսլամը հանգիստ կարող էր գոյություն ունենալ, եթե Մուհամմեդի փոխարեն մեկ ուրիշը լիներ: Եվ սա վերաբերում է բոլոր կրոններին, քանզի այդ կրոնների հիմնադիրների գործառնությունն իրենց ուսմունքների մեջ էր, որ առաջարկում էին մարդկանց: Ուսմունքն էր նրանց ծառայության էությունը:

Իսկ, ասենք, քրիստոնեությունը կարո՞ղ էր հիմնադրել ս. Հովհաննես Մկրտիչը: Նա կարող էր խոսել բարոյական ուսմունքի, հավատքի մի քանի ճշմարտությունների մասին, սակայն չէր լինի ամենագլխավորը` Զոհաբերությունը: Առանց Խաչի վրա Աստվածմարդու` Հիսուս Քրիստոսի զոհաբերության՝ քրիստոնեություն չկա: Այժմ կարելի է արդեն հասկանալ, թե ինչո՛ւ բացասական քննադատության ողջ կրակն ուղղվել էր Քրիստոսի` իբրև իրականում գոյություն ունեցած անձի մերժման դեմ: Եթե չլիներ Նա, Նա, Ով մեզ համար չարչարվեց, Ով խաչի վրա մահն ընդունեց, ապա քրիստոնությունը միանգամից ի չիք կդառնար: Դա շատ լավ հասկանում էին աթեիզմի գաղափարախոսները։

Այսպիսով` եթե մենք ցանկանում ենք քրիստոնեության էությունն արտահայտել ոչ թե մեկ բառով` Քրիստոս, ապա այսպես ասենք. այն Քրիստոսի Խաչի և Նրա Հարության խորհրդի մեջ է, որոնցով մարդկությունը վերջապես հնարավորություն ստացավ Աստծո այն անկյալ պատկերի նոր ծննդի, վերածննդի, վերականգնման համար, որի կրողներն ենք մենք: Քանի որ մեր, այսպես կոչված, բնական էությամբ չենք կարող Աստծո հետ միավորվել, քանզի աղճատված ոչ մի բան Աստծուն հաղորդ չէ, ուստի Աստծո հետ միավորության, Աստվածմարդկության իրագործման համար անհրաժեշտ է մարդկային բնության համապատասխան վերականգնումը: Քրիստոսն այն վերականգնեց Ինքն Իր մեջ և հնարավորություն տվեց նույնը կատարելու մարդկանցից յուրաքանչյուրին:

Քրիստոնեության էությունը կազմող մյուս կարևոր կետը մարդու հոգևոր ճիշտ կառույցն է: Եվ այստեղ քրիստոնեությունն առաջարկում է այն, ինչը սկզբունքորեն առանձնացնում է նրան մյուս բոլոր կրոնների ուսմունքներից: Նախ` ուսմունքն Աստծո մասին, երկրորդ` մարդու հոգևոր կյանքի էության և նպատակի գիտակցումը, ապա` Հարության դավանությունը և շատ այլ բաներ:

Եվ այսպես, առաջինը, որ հատուկ է միայն քրիստոնեությանը և ոչ մյուս կրոններին, Աստծո սեր լինելու հաստատումն է: Այլ կրոններում այն բարձրագույնը, որին հասել է կրոնական գիտակցությունը բնական կարգով, Աստծո՝ որպես արդար, անաչառ, ողորմած դատավորի մասին պատկերացումն է և ոչ ավելին: Քրիստոնեությունը հաստատում է մի առանձնահատուկ բան. այն, որ Աստված սեր է և միմիայն սեր: Դժբախտաբար Աստծո՝ քրիստոնեական այս ըմբռնումը դժվարությամբ է ճանապարհ գտնում դեպի մարդու գիտակցությունը և սիրտը: Աստծո սեր լինելը ոչ մի կերպ չի ընկալվում մարդկային «հին» գիտակցությամբ: Առավել ևս, երբ Աստծո դատավոր լինելու պատկերը հանդիպում է ե՛ւ Ավետարանում, ե՛ւ առաքելական թղթերում, ե՛ւ հայրաբանական գրականության մեջ: Բայց ինչպիսի՞ն է այդ պատկերի օգտագործման առանձնահատկությունը: Այն բացառապես խրատական-հովվական բնույթ ունի և ըստ ս. Հովհան Ոսկեբերանի՝ վերաբերում է «ավելի կոպիտ մարդկանց ըմբռնողությանը»: Բայց հենց որ հարցը վերաբերում է Աստծո էության ըմբռնումի շարադրմանը, մենք բոլորովին այլ պատկեր ենք տեսնում: Միանգամայն հստակորեն հաստատվում է` Աստված սեր է և միմիայն սեր: Նա չի ենթարկվում որևէ զգացումի` բարկության, տառապանքի, պատժի, վրեժի և այլն: Այս միտքը բնորոշ է մեր Եկեղեցու ողջ Ավանդությանը: Ահա, թեկուզ, երեք հեղինակավոր կարծիք: Սբ. Անտոն Մեծն ասում է. «Աստված բարիք է, անկիրք և անփոփոխ: Եթե մեկը բարեհաճորեն և ճշմարտապես ընդունում է, որ Աստված չի փոփոխվում, բայց տարակուսում է, թե ինչպես է Նա, լինելով այդպիսին, բարիների համար ուրախանում, չարերից զզվում, մեղավորների վրա զայրանում, իսկ երբ նրանք զղջում են, ողորմում է նրանց, ուստի այս մասին պետք է ասել, որ Աստված չի ուրախանում և բարկանում, քանզի ուրախությունը և բարկությունը կրքերի էությունն են: Անհեթեթ է մտածել, որ մարդկային արարքների պատճառով Աստվածության համար լավ կամ վատ է եղել: Աստված բարի է և միայն բարին է գործում: Եվ մնալով միշտ նույնը՝ ոչ ոքի չի վնասում:

Իսկ մենք էլ, երբ լինում ենք բարի, ապա Աստծո հետ հաղորդակցության մեջ ենք մտնում՝ Նրա նմանությամբ, իսկ երբ չար ենք դառնում, հեռանում ենք Աստծուց՝ Նրան չնմանվելով: Առաքինի ապրելով` մենք Աստծունն ենք դառնում, իսկ չարիք գործելով` Նրանից մերժվում: Սա չի նշանակում, որ Նա բարկանում է մեզ վրա, այլ՝ որ մեր մեղքերը չեն թողնում Աստծուն մեր մեջ շողշողալ՝ մեզ ենթարկելով տանջող դևերին: Եթե հետո աղոթքներով և ողորմություններով մեղքերից ազատվելու հնար ենք գտնում, ապա դա չի նշանակում, թե մենք Աստծուն սիրաշահեցինք կամ փոփոխեցինք, այլ այն, որ մեր այդ գործերի միջոցով և Աստծուն դառնալով, մեր միջի չարը բժշկելով՝ կրկին ընդունակ ենք դառնում ճաշակելու Աստծո շնորհը: Այնպես որ՝ ասել, թե՝ «Աստված երես է թեքում չարերից», նույնն է, թե՝ «Արեգակը թաքնվում է տեսողությունից զրկվածներից»:

Սբ. Գրիգոր Նյուսացին ասում է. «Բարեպաշտ չէ որևէ հաճույքի, ողորմության, կամ բարկության կրքի ենթակա համարել Աստծո էությունը, դա ոչ ոք չի կարող ժխտել, նույնիսկ Է-ի ճշմարտության ճանաչողության մեջ տկարները: Եվ թեպետ ասվում է, որ Աստված ուրախանում է Իր ծառաների համար և բարկանում անկյալ ժողովրդի վրա, քանզի Նա ողորմած է (տե՛ս Ելք. ԼԳ 19), բայց, կարծում եմ, որ նման իմաստալից ասացվածքներից յուրաքանչյուրում հանրահայտ խոսքը հստակորեն ուսուցանում է մեզ, որ մեր հատկությունների միջոցով Աստծո նախախնամությունը հարմարվում է մեր տկարությանը, որպեսզի ովքեր հակված են դեպի մեղքը, պատժի վախից ետ պահեն իրենց չարիքից, նախկինում մեղքով տարվածները, նայելով Նրա ողորմությանը, ապաշխարության միջոցով վերադառնալու հույսը չկտրեն»:

Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Երբ դու լսում ես «ցասում» և «բարկություն» բառերն Աստծո առնչությամբ, ապա դրանց տակ մի հասկացի՛ր մարդկային որևէ բան. դրանք ներողամտության բառեր են: Նմանօրինակ ամեն բան խորթ է Աստվածությանը. դրանք ասվում են նրա համար, որպեսզի մատուցվող նյութը մոտեցվի առավել կոպիտ մարդկանց ըմբռնողությանը»:

Նման վկայություններ որքան ուզեք կարելի է բերել: Բոլորն էլ ասում են այն, ինչ Հակոբոս առաքյալը` «Ոչ ոք, երբ փորձության մեջ լինի, թող չասի. «Աստծուց եմ փորձվում», քանզի Աստված չարից չի փորձվում, և Ինքն էլ չի փորձում ոչ ոքի, այլ յուրաքանչյուր ոք փորձվում է` հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից» (Հակ. Ա 13-14):

Սա Աստծո՝ բոլորովին նոր, բացառիկ ըմբռնում է մարդկության պատմության մեջ: Արդարև, միայն Աստծո Հայտնությունը կարող էր Աստծո մասին նման ուսմունք տալ, քանզի իրական կրոններից ոչ մեկում նման բան չենք կարող գտնել: Իրական կրոններում դա անհնարին էր: Եվ թեպետ քրիստոնեությունը 2000 տարվա պատմություն ունի, սակայն քրիստոնյաների շրջանակում իսկ սա նվազ ընդունելի է: Մեր հոգիներում իշխող հին, մոլեռանդ մարդը չարագործներին պատժող և արդարներին պարգևատրող երկրային ճշմարտություն է փնտրում, և այդ իսկ պատճառով Աստծո ամենամեծ հայտնությունը, թե՝ Աստված սեր է և միմիայն սեր, ոչ մի կերպ չի ընկալվում մարդկային գիտակցությամբ: Սիրո և միմիայն սիրո պատճառով Աստված ուղարկեց Իր Միածին Որդուն և ո՛չ Աստծո Արդարությունը «բավարարելու», ո՛չ «փրկագնելու» համար:

Քրիստոնեության (այսօր ճիշտ է ասել ուղղափառության) երկրորդ առանձնահատկությունը վերաբերում է մարդու հոգևոր կյանքի գոյությանը: Քրիստոնեությունն ամբողջովին ուղղված է հոգու բժշկմանը և ոչ թե երանություն ու դրախտ վաստակելուն: Սբ. Սիմեոն Նոր Աստածաբանը մատնանշում է. «Քրիստոսի պատվիրանների փութաջան կատարումը մարդուն ուսուցանում է (այսինքն` բացահայտում է մարդուն) նրա տկարությունները»: Ուշադրություն դարձնենք, թե ինչն է ընդգծում ս. Սիմեոնը. պատվիրանների կատարումը մարդուն չի դարձնում հրաշագործ, մարգարե, ուսուցիչ, չի դարձնում արժանի որևէ պարգևի, ընծայի, գերբնական ուժի, ինչը մյուս բոլոր կրոններում պատվիրանների «կատարման» գերհետևանքը և նույնիսկ նպատակն է համարվում: Ոչ: Քրիստոնեական ճանապարհը մարդուն միանգամայն այլ բանի է տանում. որպեսզի մարդը տեսնի մարդկային էության խիստ վնասվածությունը, որի բժշկումի համար էլ մարմնացավ Բանն Աստված, և առանց որի իմացության՝ մարդը սկզբունքորեն անկարող է ճշմարիտ հոգևոր կյանք վարել, ո՛չ էլ ընդունել Քրիստոս Փրկչին:

Որքա՜ն տարբեր է քրիստոնեությունը մյուս կրոններից: Որքա՜ն կարճատես են նրանք, ովքեր խոսում են ընդհանուր կրոնական գիտակցության մասին. այն մասին, որ բոլոր կրոններն էլ առաջնորդում են դեպի մեկ և նույն նպատակը. որ դրանք բոլորն էլ ունեն մի էություն: Որքա՜ն միամիտ է հնչում այս ամենը: Միայն այն մարդը, ով ընդհանրապես չի հասկանում քրիստոնեությունը, կարող է խոսել այդ մասին:

Քրիստոնեության մեջ «գործերը» մարդու համար բացահայտում են իր իրական կացությունը` խորը վնասվածությունն ու անկյալ վիճակը. որ կողմից էլ դիպչես ինձ՝ ամբողջովին հիվանդ եմ: Միայն այդ տկարության գիտակցման մեջ է մարդու մոտ ծագում հոգևոր ճշմարիտ զորությունը: Այն ժամանակ է մարդը դառնում զորեղ, երբ Աստված մուտք է գործում իր մեջ: Որքա՜ն զորեղ էր Պետրոս առաքյալն զգում իրեն: Եվ ի՞նչ: Ի՞նչ է գրում իր մասին Պողոս առաքյալը` «Երիցս աղոթեցի Աստծուն»: Արդյունքը. «Իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»: Պարզվում է, որ միայն ինքնաճանաչողության (ինչպիսին որ ես կամ իրականում) միջոցով է միայն Աստված մուտք գործում մարդու մեջ, և այդ ժամանակ մարդն իրապես զորություն է ստանում: «Եթե երկինքն էլ ինձ վրա ընկնի, չի սասանվի իմ հոգին»,- ասում էր աբբա Ագաթոնը: Իսկ ի՞նչ է մարդուն խոստացված: Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Աստված մեզ խոստանում է ոչ թե դրախտում հաստատել, այլ բուն երկնքում, և հռչակում է ոչ թե դրախտային Արքայությունը, այլ Երկնքի Արքայությունը»: Սբ. Մակար Եգիպտացին գրում է. «Թագերը և ականակուռ ապարոշները, որոնք կստանան քրիստոնյաները, արարված չեն»: Նորոգված մարդը ոչ թե որևէ արարված բան է ստանում, այլ հենց Աստծուն: Աստվածացում` այսպես է կոչվում մեր իդեալը: Դա մարդու սերտ միավորումն է Աստծո հետ, դա մարդկային անհատականության բացահայտման լիակատարությունն է, մարդու այն վիճակը, երբ նա ճշմարտապես դառնում է Աստծո որդի, Աստված` շնորհի միջոցով: Ինչ վիթխարի տարբերություն՝ քրիստոնեության և մյուս կրոնների միջև:

Հնարավոր է ամենակարևորը, ինչի մասին խոսում է քրիստոնեությունը, և ինչը նրան զանազանում է մյուս կրոններից, և առանց որի քրիստոնեությունը չի կարող լինել, դա քրիստոնեության ամենագլխավոր տոնի` Զատկի մեջ արտահայտված մեծագույն դավանությունն է` Հարության դավանությունը: Քրիստոնեությունը ուղղակի չի խոսում այն մասին, որ քրիստոնեական հոգին միավորվում է Աստծո հետ, որ հոգին պետք է զգա այս կամ այն վիճակները: Ոչ, նա հաստատում է, որ մարդը հոգի և մարմին է, որ միասնական հոգևոր-մարմնավոր էակ է, և աստվածացումը հատուկ է ոչ միայն հոգուն, այլև հոգուն և մարմնին: Նորոգված մարդու մեջ ամեն ինչ փոփոխվում է. ոչ միայն հոգին, միտքը, զգացմունքները, այլև բուն մարմինը:

Քրիստոնեությունը հարության մասին խոսում է որպես մի փաստի, որը հետևում է Քրիստոսի Հարության շնորհիվ: Քրիստոնյան չի կարող հարություն չառնել: Հիշեք՝ Հարության մասին Պողոսի քարոզն արեոպագոսում որքան հանդուգն հնչեց: Իմաստուններն այն որպես հեքիաթ, երևակայություն ընդունեցին: Սակայն քրիստոնեությունն այն հաստատում է որպես իր ամենաառանցքային դավանություններից մեկը: 2000 տարի շարունակ հարության մասին լուրը ներթափանցում է ողջ քրիստոնեական գիտակցության մեջ: Աստծո պայծառությանն ու մտքի լուսավորությանը հասած մեծագույն սրբերն ամբողջ ուժով ու վճռականությամբ հաստատում էին այդ ճշմարտությունը: Սա մարդկության կրոնական գիտակցության պատմության մեջ բացառիկ երևույթ է:

Քրիստոնեությունը մեզանից դուրս կրոն չէ, և նրան մենք կարող ենք հայել որպես մտահայեցողական մի առարկայի` քննելով նրա և մյուս առարկաների միջև նմանությունը և տարբերությունը: Քրիստոնեությունն իր բնույթով հատուկ է մարդուն: Բայց մարդը քրիստոնյա է դառնում միայն այն ժամանակ, երբ տեսնում է, որ չի կարողանում ձերբազատվել իրեն տանջող կրքերից, մեղքերից: Հիշում եք՝ Դանթեի «Դժոխքում» ասվում է. «Այդպես նախանձով վառվում էր իմ արյունը, երբ ուրիշն իրեն լավ էր զգում, դու պիտի տեսնեիր, ինչպես եմ կանաչում ես»: Ահա և նա` տառապանքը: Յուրաքանչյուր կիրք մարդուն տառապանքներ է բերում: Եվ միայն այն ժամանակ, երբ նա մերձենում է քրիստոնեական կյանքին, նոր է տեսնում, թե ինչ է մեղքը, կիրքը, թե ինչ ահավոր բան է դա, և սկսում տեսնել Փրկիչ Աստծո անհրաժեշտությունը:

Մարդկային գիտակցության մեջ անընդհատ պայքար է գնում հին և նոր մարդու միջև: Ո՛ր Աստծուն կընտրի մարդը ` Քրիստո՞ս Աստծուն, թե՞ հակաքրիստոս աստծուն: Միայն Աստված կփրկի և կբժշի ինձ, կտա հնարավորություն դառնալու Աստծո ճշմարիտ որդի` միավորվելով մարմնացյալ Բանն Աստծո հետ: Մյուսը խաբեորեն ինձ խոստանում է երկրային բոլոր բարիքները՝ ժամանակի մեկ ակնթարթում: Ի՞նչը կընտրես, մա՛րդ:

Բայց ամեն պարագայում հիշի՛ր, որ ո՛չ վարդագույն ակնոցները և ո՛չ էլ «իմաստությունը» ջայլամի, որ գլուխը թաղում է ավազներում՝ անխուսափելի վտանգների ժամանակ, չեն փրկի քեզ քո հոգում ապրող կրքերի աշխարհից (այսինքն` տանջանքներից), այլ միայն ինքդ քեզ վրա, քո, այսպես կոչված, ուժերի վրա արիասիրտ ու ազնիվ հայացք գցելը և քո խորը հոգևոր աղքատության գիտակցությունը կբացահայտեն քեզ համար ճշմարիտ փրկությունը և ճշմարիտ Փրկչին` Քրիստոսին, Ում մեջ է հավիտենական կյանքի քո ողջ բարիքը:

Ռուսերենից թարգմանեց`
Տիգրան սրկ. Բաղումյանը
-----------------------------------------------
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:
Հատկորոշիչներ՝ քրիստոնեություն

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հրաշքների մասին

Ադամ քահանա Մակարյան -----------------------  ...