Շավիղ ԼԸ.

Հարց. Կարծես հասկացա, որ չորս խորհելիք նյութերից երեքը մահն է, դատաստանը և դժոխքը: Ո՞րն է չորրորդ խորհելիք նյութը:

Պատասխան. Չորրորդ խորհելիքը ողջ աշխարհի հույսն ու փափագն է՝ արքայությունը:

Հարց. Կխնդրեի, որ ուսուցանեիր նաև արքայության մասին:

Պատասխան. Արքայության մասին ճառելն ու քեզ հասու դարձնելն իմ կարողությունից վեր բան է, քանի որ Պողոս առաքյալն էլ չկարողացավ նկարագրել այն. «Ինչ որ աչքը չտեսավ, և ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ, Աստված այն պատրաստեց Իր սիրելիների համար» (Ա Կորնթ. Բ 9):

Հարց. Մի՞թե ոչինչ չկա գրված արքայության մասին: Բայց չէ՞ որ ասացիր՝ չորս առարկայի շուրջ պիտի խորհեմ, երեքի մասին իմացա և պիտի խորհեմ, բայց ինչպե՞ս խորհեմ, թե ի՞նչ է արքայությունը, երբ ոչինչ չգիտեմ նրա մասին:

Պատասխան. Մի՛ շտապիր, Հովհաննես ավետարանիչն իր Հայտնության մեջ նկարագրում է արքայության ձևը. «Եվ ինձ մոտ եկավ մեկն այն յոթը հրեշտակներից, որոնք ունեին յոթը սկավառակներ՝ լցված յոթը վերջին պատուհասներով, և նա խոսեց ինձ հետ ու ասաց. «Ե՛կ, քեզ պիտի ցույց տամ հարսին՝ Գառան կնոջը»: Եվ առավ, տարավ ինձ Հոգով դեպի մի բարձր ու մեծ լեռ և ցույց տվեց ինձ մեծ և սուրբ քաղաքը՝ Երուսաղեմը, որ իջել էր երկնքից՝ Աստծու մոտից: Այն ուներ Աստծու փառքը, և նրա մեջ կար մի լուսավորություն՝ նման թանկագին գոհարեղենի, ինչպես բյուրեղյա և կենդանի հասպիս քարը: Եվ նրա պարիսպները մեծ ու բարձր էին, ուներ տասներկու դուռ. տասներկու դռներին՝ տասներկու հրեշտակներ, նրանցից յուրաքանչյուրի անունը գրված էր դռների վրա, ըստ Իսրայելի տասներկու ցեղերի անունների: Արևելյան կողմից՝ երեք դուռ, հյուսիսային կողմից՝ երեք դուռ, հարավային կողմից՝ երեք դուռ և արևմտյան կողմից՝ երեք դուռ: Եվ քաղաքի պարիսպն ուներ տասներկու հիմքեր. նրանց վրա՝ Գառան տասներկու առաքյալների տասներկու անունները: Եվ նա, ով խոսում էր ինձ հետ, իր ձեռքում ուներ ոսկե եղեգ, որպեսզի չափի քաղաքը և նրա դռներն ու նրա պարիսպները: Եվ քաղաքը քառակուսի էր. որչափ որ նրա երկարությունն էր, նույնչափ էլ՝ նրա լայնությունը. բարձրությունն էլ՝ նույնը: Նրա երկարության չափը շուրջ երկու հազար հինգ հարյուր կիլոմետր էր, նրա լայնությունն ու բարձրությունը՝ միաչափ խորանարդ: Հրեշտակը չափեց նաև նրա պարիսպը, որի բարձրությունը յոթանասուն մետր էր. հրեշտակի գործածած չափը մարդկանց գործածած չափն էր: Եվ քաղաքի պարիսպների շինվածքը հասպիս քարից էր, իսկ քաղաքը՝ մաքուր ոսկի՝ նման մաքուր ու պայծառ ապակու: Եվ քաղաքի հիմքերը ամեն տեսակ թանկագին քարերից էին: Պարսպի առաջին հիմքը՝ հասպիս, երկրորդը՝ շափյուղա, երրորդը՝ կարկեհան, չորրորդը՝ զմրուխտ, հինգերորդը՝ եղնգաքար, վեցերորդը՝ սարդիոն, յոթներորդը՝ ոսկեքար, ութերորդը՝ բյուրեղ, իններորդը՝ տպազիոն, տասներորդը՝ քրյուսոպրասոս, տասնմեկերորդը՝ հակինթ, տասներկուերորդը՝ մեղեսիկ: Եվ կային տասներկու դռներ՝ տասներկու միաձև մարգարիտներից. ամեն մի դուռ մեկ մարգարտից էր: Եվ քաղաքի տարածքը մաքուր ոսկի էր՝ նման պայծառ ապակու:

Եվ քաղաքի մեջ տաճար չտեսա, քանզի Ամենակալ Տեր Աստվածն էր տաճար նրա մեջ, նաև Գառը: Եվ քաղաքին պետք չէր արեգակ ու լուսին, որպեսզի լուսավորեն այն. քանզի Աստծու փառքն էր լուսավորում քաղաքն ամեն ժամ» (Հայտն. ԻԱ 9-23):

Եսայի մարգարեն ասում է. «Այլևս արեգակը չէ, որ քեզ համար ցերեկվա լույս է լինելու, և ոչ էլ լուսնի ծագումն է, որ քեզ գիշերը լույս է տալու, այլ քեզ համար Տերն է հավիտենական լույս լինելու, և Աստված՝ քո փառքը» (Եսայի Կ 19):

Այնտեղ ոչ ցավ կա, ոչ տրտմություն և ոչ էլ լաց, այլ միշտ տիրում է ուրախություն և ցնծություն: Բնակիչներն են՝ հրեշտակներ, մարգարեներ, առաքյալներ, մարտիրոսներ, ճգնավորներ, կույսեր և բոլոր արդարները, իսկ նրանց թագավորն Աստված Ինքն է: Այնտեղ չկա ո՛չ ձմեռ և ո՛չ գարուն: Ինչպես տեսնում ես, սքանչելի վայր է:

Հարց. Երանի նրանց, ովքեր կմտնեն արքայություն: Հոգիս շատ է փափագում գնալ այնտեղ:

Պատասխան. Ողջ մարդկության հույսն ու փափագն է դա: Արքայությանը հասնելու համար առաքյալներն ու մարտիրոսները բազում չարչարանքներով իրենց արյունը թափեցին: Այդպես էլ ճգնավորները, որոնք հրաժարվեցին տնից, հայրենիքից, ծնողներից, ընտանիքից, զավակներից, բարեկամներից, ազգականներից և իրենց ողջ ունեցվածքից, գնացին լեռներն ու անապատները՝ քաղցած, ծարավ, մերկ, դիմանալով արևի տապին ու ձմռան սաստիկ ցրտերին, արքայություն գնալու համար համբերատարությամբ մաշեցին իրենց անձերը: Բայց ինչպես երևում է, քիչ մարդ պիտի մտնի այնտեղ, ինչպես Քրիստոս ասաց. «Բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները» (Մատթեոս Ի 16): Իրականում առաքյալները շատ մարդկանց հրավիրեցին արքայության սեղանից ճաշակելու, և շատ ու շատ մարդիկ մկրտվում են՝ ստանալով քրիստոնյա անունը, որ մտնեն երկնքի արքայություն: Բայց իր կամքը զսպող ու սատանային հաղթող, Աստծու բոլոր պատվիրաններն անթերի կատարող քիչ մարդ կա, դրա համար էլ Քրիստոս ասաց. «Ոչ ամեն մարդ, որ Ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է» (Մատթեոս Է 21):

Հարց. Մի բան հիշեցի, Քրիստոս մեղավորներին «Հեռացե՛ք Ինձանից» պիտի ասի, իսկ արդարներին ի՞նչ է ասելու:

Պատասխան. Արդարներին պիտի ասի. «Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մատթեոս ԻԵ 34): Եվ իրենց գործած բարեգործության փոխարեն կվարձատրի, այսինքն՝ անթառամ պսակով ու լուսեղեն զգեստներով կզարդարի և իր հետ վերցրած կտանի երկնքի արքայություն, ինչպես որ խոստացել էր. «Որտեղ Ես լինեմ, այնտեղ էլ Իմ պաշտոնյաները կլինեն» (Հովհաննես ԺԲ 26): Եվ մշտապես Աստծու դեմքը տեսնելով պիտի ուրախանան ու ցնծան հավիտյանս հավիտենից, ինչպես Պողոս առաքյալն է վկայում. «Մենք… պիտի հափշտակվենք, տարվենք ամպերի վրայից Տիրոջ առաջ օդում և այդպես մշտապես Տիրոջ հետ պիտի լինենք» (Ա Թեսաղ. Դ 16):

Հարց. Ինչպիսի՞ն է արդարների փառքը:

Պատասխան. Լեզվով հնարավոր չէ բացատրել, մեր խելքից ու մտքից վեր բան է, բայց Պողոս առաքյալը մեր միտքը հաստատելու համար օրինակ է բերում արեգակը, լուսինն ու աստղերը, որովհետև մեր աչքը նրանցից առավել պայծառ բան չի տեսել, թեպետ յոթնապատիկ առավել է նրանցից, բայց միշտ մեր տեսածի հետ պիտի համեմատի, որ հասկանանք. «Այլ է փառքը արեգակի, այլ է փառքը լուսնի և այլ է փառքը աստղերի, և մի աստղ փառքով առավել է, քան մի ուրիշ աստղ: Այսպես է նաև մեռելների հարությունը» (Ա Կորնթ. ԺԵ 41-42): Երկրորդ՝ Դանիել մարգարեն վկայում է. «Իմաստուն մարդիկ պիտի ճառագեն իբրև երկնակամարի լուսատուներ, իսկ արդարներից շատերը՝ առավել ևս՝ իբրև հավիտենական աստղեր» (Դանիել ԺԲ 3): Երրորդ՝ Քրիստոս ասաց. «Այն ժամանակ արդարները երկնքի արքայության մեջ կծագեն ինչպես արեգակը» (Մատթեոս ԺԳ 43):

Այս վկայություններից պարզվում է, որ արդարների փառքն աստիճան ունի:

Հարց. Երբ արդարների այդ աստիճան փառավորությունը տեսնեն, արդյոք ի՞նչ պիտի ասեն նրանց հակառակորդները:

Պատասխան. Սողոմոնն ահա գրում է, թե ի՞նչ են ասելու. «Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդեպ, և նրանք, ովքեր արհամարհում էին նրա վաստակը, տեսնելով նրան, պիտի խռովվեն սաստիկ երկյուղից և պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկության համար: Նրանք պիտի զղջան իրենց մտքում և հոգու նեղությունից ճնշված պիտի հառաչեն ու ասեն. «Սա այն մարդն է, որին մենք ծաղրում էինք մի ժամանակ և նախատինք էինք տալիս: Մենք՝ անմիտներս, նրա վարքը մոլորություն էինք համարում, իսկ նրա վախճանը՝ անարգանք: Բայց նա ինչպե՞ս դասվեց Աստծու որդիների շարքը» (Իմաստ. Ե 1-5): Հիմա կարծում եմ, ամեն բան հասկացար և այլևս ոչինչ չես հարցնելու, բայց մի վերջին խրատ էլ եմ ուզում տալ, չնայած մինչ այժմ էլ տրված խրատները, եթե պահես, կփրկվես: Վերջին ասելիքս այս է. «Եթե սրանից առաջ մեր գործած մեղքերի համար զղջանք և լվանանք արցունքով, նորից լվացվենք ու մաքրվենք և զգուշանալով կրկին չմեղանչենք ու Աստծու բոլոր պատվիրաններն անթերի կատարենք, Քրիստոսի շնորհիվ մենք էլ կարժանանանք այն երանավետ քաղցր ձայնին, անթառամ պսակին, լուսեղեն առագաստին և որ ամենագլխավորն է, Աստծու լուսափայլ դեմքը տեսնելու շնորհին: Ե՛վ միշտ, և՛ անդադար սուրբ հրեշտակների, մարգարեների, առաքյալների և բոլոր արդարների հետ արքայության մեջ միասին ուրախությամբ ու ցնծությամբ կօրհնենք ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, հավիտյանս։ Ամեն:

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ