Շավիղ ԼԷ.

Հարց. Շատ լավ: Հասկացա, որ ամեն բանից առաջ պիտի մահվան մասին մտածեմ: Ուրիշ ի՞նչ մտորման առարկա ունեմ:

Պատասխան. Երկրորդ մտորումը դատաստանի օրն է: Երբ Քրիստոս՝ արդար Դատավորը, նորից պիտի իջնի երկնքից և նստելով դատողի աթոռին՝ պիտի դատի յուրաքանչյուրին ըստ իր գործածի. արդարներին պիտի վարձատրի, իսկ մեղավորներին պիտի պատժի:

Հարց. Այդ մասին նախապե՞ս վկայություններ կան Սուրբ Գրքում:

Պատասխան. Որքան ուզես: Նախ Եսայի մարգարեն է վկայում. «Ահա գալու է Տերը ինչպես կրակ, և Նրա կառքը՝ ինչպես մրրիկ, որպեսզի բարկությամբ տա Իր հատուցումը և կրակի բոցով՝ Իր արհամարհանքը, քանզի համայն երկիրը պիտի դատվի Տիրոջ կրակով» (Եսայի ԿԶ 15-16): Երկրորդ՝ Եսային կրկին վկայում է. «Հասել է Տերն Իր սպառազեններով բնաջնջելու ողջ աշխարհը: Ողբացեք, քանզի մոտ է Տիրոջ օրը, և հասել է Աստծու պատուհասը: Ահա թե ինչու բոլորի ձեռքերը պիտի թուլանան, ամեն մարդու սիրտը պիտի դողա: Պատգամախոսները տագնապի մեջ պիտի ընկնեն, երկունքի ցավը պիտի բռնի նրանց, ինչպես ծննդաբերող կանանց: Տրտնջալով մեկը մյուսին պիտի նայի, պիտի զայրանան, և զայրույթից պիտի կարմրեն նրանց դեմքերը, քանզի Տիրոջ օրն ահավասիկ հասել է՝ լի անսահման բարկությամբ, ոխակալությամբ ու զայրույթով, որպեսզի աշխարհն անապատ դարձնի և մեղավորներին վերացնի այնտեղից: Արդարև, երկնքի աստղերը Հայկի համաստեղության և երկնային բոլոր լուսատուների հետ միասին լույս չեն տալու, արեգակն իր ծագման պահին պիտի խավարի, լուսինը նույնպես իր լույսը չպիտի տա» (Եսայի ԺԳ 5-10): Երրորդ՝ Հովել մարգարեն է վկայում. «Ես այն օրերին և այն ժամանակ կվերադարձնեմ Հրեաստանին և Երուսաղեմին գերությունից, կհավաքեմ բոլոր ազգերին, կիջեցնեմ նրանց Հոսափաթի ձորը և կդատեմ նրանց այնտեղ» (Հովել Գ 1-2): Չորրորդ՝ Դանիել մարգարեն է վկայում. «Նայում էի, մինչև որ աթոռներ դրվեցին, և մի Ծերունի նստում էր այնտեղ. Նրա հագուստը ձյան պես սպիտակ էր, Նրա գլխի մազերը մաքուր էին գեղմի նման, Նրա աթոռը՝ կրակի բոցի նման, և նրա անիվները՝ ինչպես բորբոքված կրակ: Նրա առջևից հոսում էր կրակե հորդ մի գետ, հազար-հազարավորներ պաշտում էին Նրան, և բյուր-բյուրավորներ կային Նրա առջև: Նա ատյան նստեց, և գրքերը բացվեցին» (Դանիել Է 9-10): Հինգերորդ՝ Մաղաքիան է վկայում. «Ահա պիտի գա Տիրոջ օրը՝ հնոցի նման բորբոքված, և պիտի այրի նրանց» (Մաղաքիա Դ 1): Նույն մարգարեն կրկին վկայում է. «Ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում Թեզբացի Եղիային, նախքան որ կգա Տիրոջ մեծ ու երևելի օրը» (Մաղաքիա Դ 4): Վեցերորդ՝ Պողոս առաքյալն է վկայում. «Ժամերի և ժամանակների մասին կարիք չկա ձեզ գրելու, որովհետև դուք ինքներդ իսկ ստույգ գիտեք, թե Տիրոջ օրը այնպես է հասնում, ինչպես գողը՝ գիշերով: Երբ ասեն, թե խաղաղություն և ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի կհասնի նրանց կործանումը» (Ա Թեսաղ. Ե 1-3): Եվ վերջապես Պետրոսն է վկայում. «Տիրոջ օրը պիտի գա ինչպես մի գող, երբ երկինքը պիտի անցնի, չքանա շառաչյունով, և տարերքը՝ հրով կիզված պիտի լուծվի, և երկիրն ու ինչ գործեր, որ կան նրա վրա, հայտնի պիտի լինեն» (Բ Պետրոս Գ 10): Տեսա՞ր, եղբա՛յր, մարգարեներից բացի առաքելական վկայություններ նույնպես մեջբերեցի:

Հարց. Իսկ Քրիստոս որևէ բան չասա՞ց Իր գալստյան մասին:

Պատասխան. Եթե Քրիստոս չասեր, ապա առաքյալներն ինչպե՞ս պիտի իմանային: Քրիստոս Ինքն էլ վկայեց. «Պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զորությամբ և բազում փառքով: Եվ Նա պիտի ուղարկի Իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հավաքեն Նրա ընտրյալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչև մյուս ծագերը» (Մատթեոս ԻԴ 30-31): Ահա՛ այս խոսքի համար է Պողոսը գրում. «Տերն Ինքը ազդարարության նշանով, հրեշտակապետի ձայնով և Աստծու շեփորով պիտի իջնի երկնքից, և Քրիստոսով մեռածները առաջինը հարություն պիտի առնեն» (Ա Թեսաղ. Դ 15):

Հարց. Այսքան բացատրություններից հետո հասկացա Քրիստոսի երկրորդ գալուստը: Բայց մարգարեներն ու առաքյալները հաճախակի հիշատակում են «այն օրը» կամ «այն մեծ օրը», ինչպես նաև «Տիրոջ օրը»: Արդ, ինչի՞ համար են այդքան մեծ տեղ տալիս այդ օրվան:

Պատասխան. Բայց ինչպե՞ս կարող են մեծ տեղ չտալ, երբ այսքան դարեր առաջ ստեղծված տիեզերքն այն օրը պիտի ոչնչանա: Երկնային մարմիններն անգամ պիտի խավարեն ու վայր թափվեն: Օվկիանոսները, ծովերը, գետերն ու աղբյուրները այն օրը պիտի ցամաքեն: Բոլոր ծառերը, խոտերն ու ծաղիկները այն օրը պիտի չորանան. կրակե գետ պիտի հոսի այն օրը, ինչպես Դավիթ մարգարեն է ասում. «Նրա առջև հուր պիտի բորբոքվի» (Սաղմոս. ԽԹ 3): Այս աշխարհում գտնվող բոլոր մետաղները՝ ոսկի, արծաթ, պղինձ, կապար և երկաթ, այն օրը պիտի հալվեն ու ոչնչանան, բոլոր փայտերը, տները, քարերը և մինչև անգամ օդը, այն օրը պիտի վառվեն կրակով. և այդքան դարեր առաջ ստեղծված աշխարհը այն օրը պիտի կրկին նորոգվի, ինչպես Պետրոս առաքյալն է գրում. «Բայց մենք, Աստծու խոստման համաձայն, աչքներս հառած սպասում ենք նոր երկնքի և նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվում» (Բ Պետրոս Գ 13): Երկրորդ՝ Հովհաննեսն է գրում. «Ապա տեսա նոր երկինք ու նոր երկիր, քանզի առաջին երկինքն ու երկիրն անցել էին, և այլևս ծով չկար» (Հայտն. ԻԱ 1): Երրորդ՝ Եսային է վկայում. «Ինչպես որ նոր երկինքն ու նոր երկիրը, որ Ես եմ ստեղծում, մնալու են Իմ առաջ,- ասում է Տերը» (Եսայի ԿԶ 22): Տեսա՞ր, երկինքն ու երկիրը «այն օրը» պիտի նորոգվեն, հրեշտակաց բոլոր դասերն «այն օրը» պիտի վայր իջնեն, մեծ փողն «այն օրը» պիտի հնչի, և մեռելներն «այն օրը» պիտի հարություն առնեն, Քրիստոս՝ արդար Դատավորը, «այն օրը» երկնքից վայր պիտի իջնի մեծ փառքերով, պիտի նստի դատավորի աթոռին, բոլոր մարդկանց գործերը պիտի քննվեն և հայտնի դառնան «այն օրը», բոլոր արդարների վարձքը, ինչպես նաև մեղավորների պատիժը «այն օրը» պիտի տրվի. արդարները՝ հրեշտակներին, իսկ մեղավորները՝ սատանային պիտի «այն օրը» խառնվեն:

Հարց. Սուրբ Գրքում ի՞նչ վկայություններ կան, որ Քրիստոս պիտի նստի դատավորի աթոռին և դատի բոլորին:

Պատասխան. Բազում վկայություններ կան: Նախ Սողոմոնն է վկայում. «Ահա լսի՛ր իմ բոլոր խոսքերի վերջաբանը. վախեցի՛ր Աստծուց և պահի՛ր նրա պատվիրանները. ահա այս է մարդն ամբողջովին, որովհետև Աստված պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց կատարած բոլոր թաքուն գործերի համար, լինեն դրանք չար, թե բարի» (Ժողով. ԺԲ 13-14): Երկրորդ՝ Քրիստոս է վկայում. «Եվ Նրան իշխանություն տվեց դատաստան անելու, քանի որ Մարդու Որդի է. դրա վրա ինչո՞ւ եք զարմանում» (Հովհաննես Ե 27-28): Երրորդ՝ Պողոս առաքյալն է վկայում. «Այս բանն եմ վկայել տալիս Աստծու և Հիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է կենդանիներին ու մեռածներին Իր հայտնության օրը, երբ գա Իր արքայությամբ» (Բ Տիմոթեոս Դ 1): Պողոս առաքյալը կրկին վկայում է. «Մենք բոլորս Քրիստոսի ատյանի առաջ պիտի ներկայանանք, որպեսզի յուրաքանչյուրը ստանա, ինչ որ արել է ավելի առաջ իր մարմնով՝ թե՛ բարի և թե՛ չար» (Բ Կորնթ. Ե 10):

Հարց. Ուրիշ ի՞նչ վկայություններ կան:

Պատասխան. Թեպետ շատ վկայություններ կան, բայց հարկ չկա, որ բոլորն էլ մեկ առ մեկ քեզ ասեմ: Միայն թե քեզ մի բան պետք է պարզ լինի. հանկարծ չկարծես, որ Քրիստոս Դատավորն այս աշխարհի դատավորների պես է. եթե այս երկրի դատավորներն այլոց վկայությամբ են հասկանում չարն ու բարին, արդարն ու սուտը և ըստ դրա էլ դատում, ապա Քրիստոս բնավ կարոտ չէ որևէ վկայի, որովհետև ոչ միայն գործած, այլև մտքում դրած և տակավին չգործած մեր մեղքերն էլ գիտե, ինչպես Դավիթ մարգարեն է վկայում. «Իմ անկատարությունները տեսան Քո աչքերը, և այդ բոլորը գրվեցին Քո գրքում» (Սաղմոս. ՃԼԸ 16): Երկրորդ՝ աշխարհի դատավորները կաշառք առնելով շեղում են իրավունքը և այդպես դատում, իսկ Քրիստոս ոչ միայն կաշառք չի վերցնում, այլև կաշառք տվողին ու առնողին միասին է դատում ու պատժում: Տեսնո՞ւմ ես տարբերությունը. ո՞վ կարող է Նրա ձեռքից ազատվել. եթե մեղավոր ես, ո՞վ կարող է քեզ օգնել կամ մխիթարել:

Հարց. Բայց ինչո՞ւ է մեղավորներին Քրիստոս դատում:

Պատասխան. Որովհետև քեզ համար խաչվեց, ազատեց սատանայի գերությունից, իսկ դու քո չար գործերով ուրացել ես այդ երախտիքը: Ուստի հիշելով Իր բարերարությունն ու քո՝ Իր գործած բարիքի դեմ հատուցած չարությունը՝ պիտի պատժի սաստիկ բարկությամբ: Քո դեմ մարգարեներն ու առաքյալներն են դատախազ լինելու, որովհետև ոտնահարել ես իրենց գրած օրենքներն ու խրատները: Երկնքի հրեշտակներն էլ քեզ դատախազ պիտի լինեն, որովհետև թագավորների Թագավորը բարկացել է քեզ վրա, ուստի Նրա սպասավոր զորքերն էլ պիտի դատախազներ դառնան: Պատկերացնո՞ւմ ես, թե քո խեղճ հոգին ի՞նչ ողորմելի վիճակում պիտի լինի: Ավելի լավ էր լինեիր անհավատ, քան թե ուրացող, ինչպես Պետրոս առաքյալն է ասում. «Ավելի լավ էր նրանց համար, եթե բնա՛վ ճանաչած չլինեին արդարության ճանապարհը, քան այն, որ ճանաչեցին և հետ կանգնեցին այն սուրբ պատվիրանից, որ ավանդվեց նրանց» (Բ Պետրոս Բ 21):

Հարց. Բայց ինչո՞ւ Պետրոս առաքյալն այդքան վատ է բնութագրում քրիստոնյա մեղավորին, քան թե անհավատին:

Պատասխան. Որովհետև քրիստոնյա մեղավորի մեղքը կրկնակի է. առաջին՝ ուրացության, և երկրորդ՝ կռապաշտության մեղքը, ինչպես Պողոսն է ասում. «Խոստովանում են, որ գիտեն Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են Նրան» (Տիտոս Ա 16):

Հարց. Ինչպես տեսնում եմ, Քրիստոս ավելի շատ պիտի բարկանա քրիստոնյա մեղավորի վրա, քան թե անհավատի:

Պատասխան. Եվ բարկանալու իրավունքն ունի: Եթե երկու հոգի քեզ անպատվեն, որոնցից մեկը թշնամիդ է, սակայն մյուսը քո բարեկամն է կամ որդիդ, այդ դեպքում, ի՞նչ ես կարծում, ո՞ւմ վրա առավել կբարկանաս քեզ պատճառած անպատվության համար, թշնամո՞ւդ, թե՞ բարեկամիդ և կամ զավակիդ:

Հարց. Դե՜, իհարկե բարեկամիս կամ զավակիս վրա առավել կբարկանամ:

Պատասխան. Ուրեմն, եթե գիտես, որ մարդ արարածն առավել բարկանում է իր հարազատի կատարած հայհոյության վրա, ապա մեր Տեր Հիսուս Քրիստոս որքան առավել պիտի բարկանա մեզ վրա, քանի որ այնքան երախտիք ունի և այնքան չարչարանքներ կրեց մեզ համար:

Հարց. Իսկ ի՞նչ գիտես, որ հատկապես մեզ համար է չարչարվել:

Պատասխան. Հիսուս, երբ Վերնատան մեջ հացն ու գինին տվեց աշակերտներին, ասաց. «Վերցրե՛ք, կերե՛ք և ըմպե՛ք, այս Իմ Մարմինն ու Արյունն է, որ պիտի բաշխվի շատերին» (հմմտ. Մարկոս ԺԴ 22-24): Չասաց բոլորին, այլ շատերին, որից էլ պետք է հասկանանք, որ միայն Իրեն հավատացող քրիստոնյաների համար է արյուն թափել:

Հարց. Բայց այն ժամանակ քրիստոնյա չկար, որոնց համար արյուն թափեր:

Պատասխան. Իրավացի ես, հրեաների համար աշխարհ եկավ, ինչպես Ինքը վկայեց. «Իսրայելի մոլորված ոչխարների համար եկա» (Մատթեոս ԺԵ 24), բայց նրանք չընդունեցին Հիսուսին, որի մասին է վկայում Հովհաննես ավետարանիչը. «Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայիները Նրան չընդունեցին: Իսկ ովքեր Նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծու որդիներ» (Հովհաննես Ա 11-12): Տեսնո՞ւմ ես, թե ինչ բարձր իշխանություն է տվել Իրեն հավատացողներին, որով Աստծու որդի պիտի լինեն: Եվ մենք, որ այդ մեծ երախտիքն ուրացել ենք մեր չար գործերով, իրավունք չունի՞ արդյոք մեզ վրա բարկանալու, ինչպես որ Պողոս առաքյալն է մեզ օրինակով ցույց տալիս. «Որովհետև մեկ անգամ մկրտվածների համար, որ ճաշակեցին երկնավոր պարգևներից, հաղորդակից եղան Սուրբ Հոգուն, Աստծու գեղեցիկ խոսքի վայելքն ունեցան և գալիք աշխարհի զորությունները ճանաչեցին, եթե սայթաքեն, անհնար է երկրորդ անգամ ապաշխարությամբ նորոգվել, որովհետև նրանք վերստին խաչն են հանում Աստծու Որդուն և դարձյալ խաղք ու խայտառակ դարձնում, քանզի այն հողը, որ խմում է շատ անգամ իր վրա թափված անձրևը և օգտակար արդյունքներ է տալիս նրանց, որոնց համար մշակվում է, Աստծուց օրհնություն է ստանում: Իսկ եթե փուշ ու տատասկ է տալիս, նա անպետք է և արժանի է անեծքի, և նրա վախճանն այրվելն է» (Եբր. Զ 4-8): Նմանապես էլ մենք ընդունեցինք Աստծու բոլոր բարիքները և եթե փոխարենը բարեգործության պտուղ չտանք, այլ մեղքերի փուշ ու որոմ աճեցնենք, մենք ևս պիտի այրվենք այն արտի պես, որի մասին Քրիստոս ասաց. «Ինչպես որոմը հավաքվում է և կրակի մեջ այրվում, այնպես կլինի այս աշխարհի վախճանին…: Հրեշտակները կելնեն և չարերին արդարների միջից կբաժանեն ու կգցեն նրանց բոցավառ հնոցի մեջ, և այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում» (Մատթեոս ԺԳ 40-49):

Երկրորդ՝ Եսային է վկայում. «Հեթանոսներն ագարակի մեջ խանձված փշի նման պիտի դառնան» (Եսայի ԼԳ 12):

Հարց. Ի՞նչ սարսափելի խոսքեր ես ասում, եղբա՛յր, ես ո՞ւր պիտի գնամ կամ ինչպե՞ս պիտի ազատվեմ այն արդար Դատավորից:

Պատասխան. Ոչ միայն դու, Պողոս առաքյալն է անգամ սարսափելով ասում. «Ահավոր է ընկնել կենդանի Աստծու ձեռքը» (Եբր. Ժ 31): Նույնն է վկայում Ամոս մարգարեն. «Թեկուզ նրանք դժոխքում էլ թաքնվեն, Իմ ձեռքն այնեղից էլ դուրս կբերի նրանց. եթե երկինք բարձրանան, Ես այնտեղից էլ կիջեցնեմ նրանց, իսկ եթե թաքնվեն Կարմելի բարձունքներում, այնտեղ էլ կփնտրեմ և կբռնեմ նրանց: Եթե Իմ աչքից խույս տան և պահվեն ծովի խորքերում, այնտեղ էլ վիշապին կհրամայեմ, որ խայթի նրանց: Եթե գերի տարվեն իրենց թշնամիների կողմից, ես այնտեղ հրաման կտամ սրին, որ ոչնչացնի նրանց» (Ամոս Թ 2-4):

Հարց. Այդ առավել սարսափազդու է:

Պատասխան. Սարսափազդու խոսքերը դեռ առջևում են, երբ դատվես և ամեն ինչում հանցավոր գտնվես, այդ պահին մի ահավոր ձայն պիտի լսես:

Հարց. Ի՞նչ ձայն:

Պատասխան. Քրիստոս՝ արդար Դատավորը, մեղավորներին կասի. «Անիծյալնե՛ր, գնացեք Ինձանից հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի և իր հրեշտակների համար» (Մատթեոս ԻԵ 41):

Հարց. Եվ եթե Քրիստոս այդ խոսքն ինձ ուղղի, ինձ ի՞նչ են անելու:

Պատասխան. Ոտքերդ ու ձեռքերդ կապված դժոխքի մեջ կգցեն, և այնտեղ կրակը երբեք չի հանգչում. այնտեղ են նաև օձի ու կարիճի նման անքուն ու անմահ թունավոր որդերը, չկտրվող շղթաները, թանձրամած խավարը, խիստ սառնամանիքը, անմխիթար լացն ու ողբը: Այնտեղից չես ազատվի հավիտյան: Ոչ մեկից օգնություն կամ մխիթարություն չես գտնի և հուսահատ հավիտյան պիտի տանջվես այրվելով ու խանձվելով:

Հարց. Այդ ի՞նչ տեղ ես ինձ առաջարկում, եղբա՛յր:

Պատասխան. Միայն քեզ չեմ ուղղում խոսքն իմ, այլ համայն մարդկությանը: Որովհետև ով գործում է Աստծու կամքին հակառակ, անկասկած նրա վախճանն այս է լինելու, դրա համար էլ Քրիստոս մեզ զգուշացնում է, որ այդ փորձանքից ազատվենք:

Հարց. Քրիստոս ինչպե՞ս է զգուշացրել:

Պատասխան. «Եթե քեզ գայթակղեցնում է քո ձեռքը, կտրի՛ր, դե՛ն գցիր քեզանից, որովհետև քեզ համար ավելի լավ է խեղված մտնել հավիտենական կյանք, քան թե երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն անշեջ կրակի մեջ: Եվ եթե քո ոտքն է գայթակղեցնում քեզ, կտրի՛ր, քեզնից դե՛ն գցիր այն, լավ է, որ դու կաղ մտնես հավիտենական կյանք, քան թե երկու ոտք ունենաս ու գեհեն ընկնես: Եվ եթե քո աչքն է գայթակղեցնում քեզ, քաշիր, հանի՛ր այն. լավ է, որ դու մեկ աչքով մտնես Աստծու արքայությունը, քան թե երկու աչք ունենաս ու ընկնես գեհեն, ուր նրանց որդը չի մեռնում, և կրակը չի հանգչում» (Մարկոս Թ 42):

Հարց. Ինչո՞ւ է Քրիստոս հրամայում աչք հանել և ձեռք ու ոտք կտրել:

Պատասխան. Քրիստոսի ասածը մեր աչքի, ձեռքի կամ ոտքի մասին չէ, որովհետև այս երեքը մարմնի կարևոր անդամներն են: Այս պատճառով է, որ օրինակ բերեց: Կյանքում նրանց պես կարևոր ու պիտանի շատ բաներ ունենք, այն է՝ ծնող, եղբայր, կին, զավակ, բարեկամ և կամ էլ ունեցվածք, կամ որևէ մի բան, որ մեղքի պատճառ են դառնում քեզ համար, կտրիր նրանց կամ ինքդ բաժանվիր նրանցից, որովհետև ավելի լավ է առանց նրանց գնաս արքայություն, քան այդ ամենն ունենալով՝ դժոխք: Ահա երրորդ մտածելիքդ այդ ահավոր դժոխքն է: Թող որ Աստված բոլոր քրիստոնյաներին հեռու պահի դժոխքից:

Հարց. Աստված, որ ամենաբարին է, մի՞թե չի ափսոսի իր ստեղծած ծառային:

Պատասխան. Աստված մեզ ափսոսելով է, որ ստեղծելուց հետո հոգում է մեր մարմնի կարիքները՝ երկնքից անձրև ու արեգակ պարգևելով: Որովհետև մեր մարմնավոր կարիքները՝ թե՛ ուտելիք և թե՛ զգեստ, բոլորն էլ թեև երկիրն է տալիս, բայց անձրևի ու արեգակի շնորհիվ է պարգևում: Իսկ մեր հոգու փրկության համար բազում մարգարեներ առաքեց, որոնք մեզ զգուշացրեցին հեռու մնալ մեղքից: Եվ վերջապես Իր Միածին Որդուն ուղարկեց աշխարհ, որ մեզ համար բազում չարչարանքներ կրելով՝ մարմնով մեռավ խաչի վրա՝ ազատելով մեզ սատանայի գերությունից, ինչպես որ վերևում պատմեցինք: Իսկ հետագայի համար բազում պատվիրաններ ավանդեց, որ մարդիկ զգուշանան մեղքից և նորից սատանային գերի չդառնան: Նրա առաքյալները նույնպես բազում խրատներ գրեցին մեզ համար իրենց գրքերում, որ հեռու մնանք մեղքի աշխարհից: Վերջապես ուզում եմ քեզ ասել, որ Քրիստոս մեզ սովորեցրել է և՛ Երկնքի արքայության երանությունների, և՛ դժոխքի անտանելի չարիքի ու սաստկության մասին: Ցույց է տվել մեզ երկու ճանապարհ, այն է. «Նեղ դռնից մտնողը կգնա արքայություն, իսկ լայն դռնից մտնողը կգնա դժոխք»: Եվ եթե դու, այսքան խրատներն արհամարհելով, Քրիստոսի խաչելությունն անպտուղ դարձնես, իմանալով կրակի այրող բնությունը՝ ձեռքդ կրակի մեջ մտցնես, մի՞թե Աստված կափսոսա քեզ, ինչպես և Սողոմոնն է վկայում:

Հարց. Իսկ ի՞նչ վկայեց Սողոմոնը:

Պատասխան. «Որովհետև Ես կանչում էի, բայց դուք չէիք լսում, երկար թախանձում էի, բայց դուք չէիք ունկնդրում Ինձ, այլև զանց էիք առնում Իմ խորհուրդները և չէիք ուզում անսալ Իմ հանդիմանություններին: Ես այսուհետև պիտի ծիծաղեմ ձեր կորստյան վրա» (Առակ. Ա 24-26):

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ