Շավիղ ԼԶ.

Հարց. Եթե մեղքից հեռու պահող այլ խրատ ունես, տո՛ւր, խնդրում եմ:

Պատասխան. Բոլոր մեղքերից հեռու պահող մի խրատ էլ ունեմ, այն էլ ասեմ և վերջացնենք:

Հարց. Ես էլ դա եմ փնտրում, որպեսզի մտքիս մեջ պահեմ ու երբեք չմեղանչեմ:

Պատասխան. Այս կյանքում մարդուն պատահող չորս դիպված կա, եթե դրանք մտքումդ պահես, երբեք չես մեղանչի:

Հարց. Որո՞նք են այդ չորս դիպվածները:

Պատասխան. Այդ չորսից մեկը մահն է, որ պատկերի պես միշտ պիտի պահես սրտիդ մեջ և խորհես նրա շուրջը, որպեսզի մեղք գործելու ժամանակ չունենաս, ինչպես որ Սիրաքն է ասում. «Հիշի՛ր քո վախճանի օրը, որ երբեք չմեղանչես» (Սիրաք ԺԸ 24): Քանի որ մահից ազատում չկա, ինչպես Դավիթ մարգարեն է գրում. «Ո՞վ է այն մարդը, որ պիտի ապրի ու մահ չտեսնի» (Սաղմոս ՁԸ 49): Ուրեմն մահից զորավոր բան չկա, քանի որ աշխարհի սկզբից մինչ այսօր անթիվ հզոր թագավորների է հաղթել: Եվ երբ մահը գա, ողջ ունեցվածքդ կմնա այստեղ և հետդ ոչինչ չես կարող տանել ըստ Դավիթ մարգարեի. «Մի՛ վախեցիր, երբ մարդ հարստանում է, և մեծանում է փառքը նրա տան, քանզի մեռնելիս հետը ոչինչ չի տանի» (Սաղմոս ԽԸ 17-18):

Հարց. Ո՞րն է մարդու մարմնի փառքը:

Պատասխան. Մարմնի փառքը հարստությունն է, պատիվը, գեղեցկությունը, գիտությունը, արվեստը, զորությունը, իշխանությունը, ճարտարախոս լինելը և այլն: Սակայն երբ մահվան սաստիկ հողմը փչի, կցամաքեցնի և կչորացնի այս ծաղիկը:

Հարց. Ինչո՞ւ ես մարմնի փառքը նմանեցնում ծաղկի:

Պատասխան. Նմանեցնողը ես չեմ, այլ Եսայի մարգարեն. «Իմացի՛ր, ամեն մարմին նման է խոտի, իսկ մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի: Խոտը չորանում է, նրա ծաղիկը՝ թափվում» (Եսայի Խ 6-7): Երկրորդ՝ Հակոբոս առաքյալը գրում է. «Իսկ հարուստը թող պարծենա, երբ Աստված խոնարհեցնում է իրեն, քանի որ հարստությունը պիտի անցնի, ինչպես խոտածաղիկը. որովհետև արևը ծագեց՝ խորշակով հանդերձ և չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկավ, ու նրա վայելուչ տեսքը կորավ. նույնպես և հարուստը պիտի թառամի՝ իր շահերով հանդերձ» (Հակոբոս Ա 10-11): Նաև Պետրոս առաքյալն է կրկնում Եսայի մարգարեի խոսքը. «Ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի. խոտը չորանում է, ծաղիկն էլ՝ թափվում» (Ա Պետրոս Ա 24): Վերջապես Սիրաքն է գրում. «Ամեն մարմին շորի նման մաշվում է, քանզի հավիտենականությունից ի վեր օրենք է. «Մահով պիտի մեռնես»: Ինչպես սաղարթախիտ ծառի դալար տերևը մերթ թափվում է և մերթ բուսնում, այնպես էլ մարմնի և արյան տեսակն է. մեկը վախճանվում, մյուսը՝ ծնվում» (Սիրաք ԺԴ 18-19): Եվ երբ մահանում է, զրկվում է վերը նշված փառքերից, ինչպես Պողոս առաքյալն է գրում. «Թե մարգարեություններ են, պիտի չքանան, թե լեզուներ, պիտի լռեն. թե գիտություն, պիտի անցնի. քանզի շատից քիչը գիտենք և շատից քիչն ենք մարգարեանում: Իսկ երբ գա կատարյալը, շատից քիչը կանհետանա» (Ա Կորնթ. ԺԳ 8-10): Մանավանդ զրկում և կարոտով է թողնում զավակներիցդ, ծնողներիցդ, եղբորիցդ կամ կնոջիցդ և կամ բարեկամներիցդ: Եթե այս մասին լավ մտորես, այլևս չես ապավինի ունեցվածքիդ, գիտությանդ, գեղեցկությանդ, ճարտար խոսքիդ, արվեստիդ, զավակներիդ և բարեկամներիդ, քանի որ մահը կբաժանի բոլորից և կարոտով կթողնի քեզ:

Հարց. Իրոք որ մարդ արարածը նման է խոտի կամ ծաղկի:

Պատասխան. Կարելի է ասել, որ խոտից ավելի շուտ է չորանում և ծաղկից առավել շուտ թոշնում, քանի որ ծաղկի թափվելուց մի քանի օր հետո է խոտը չորանում, բայց մարդ արարածը առաջինը ինքն է մեռնում, և ապա խափանվում են նրա փառքերը: Խոտը հաճախ մարդուց առավել հարգի է, քանի որ երբ այն չորանում է, շատ զգուշությամբ պահում են որպես անասնակեր, բայց երբ մահանում է մարդը, անմիջապես իջեցնում են գերեզման և հողով ծածկում:

Հարց. Հասկացա, որ աշխարհում ամեն բան վերջանում է մահով, բայց մի՞թե չկա մի բան, որ մահը չկարողանա խափանել:

Պատասխան. Ըստ Հովհաննես ավետարանչի մի բան է հավիտենական. «Ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան» (Ա Հովհաննես Բ 17): Դրա համար պետք է արթուն մնալ, ինչպես Քրիստոս ասաց. «Արդ, արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե տանուտերը ե՛րբ կգա» (Մարկոս ԺԳ 35): Եվ երկրորդ՝ «Թող ձեր գոտիները մեջքներիդ պնդված լինեն, և ճրագներդ՝ վառված» (Ղուկաս ԺԲ 35):

Հարց. Քանի որ մեռնելով պիտի հող դառնանք, ապա ինչի՞ են պետք այսքան զգուշացումները:

Պատասխան. Երանի թե մեղավոր մարդիկ հող դառնալով միայն ոչնչանային և հարություն չառնեին:

Հարց. Ի՞նչ է հարություն առնելը:

Պատասխան. Երբ կմեռնես, հողի տակ կգնաս, մարմինդ փտելով կխառնվի հողին, և անունդ միառժամանակ կմոռացվի, ինչպես որ Սողոմոնն է ասում. «Մեր անունը պիտի մոռացվի ժամանակի ընթացքում, և ոչ ոք չի հիշելու մեր գործերը…: Արդարև, մեր կյանքը սահող ստվեր է, և ոչինչ չի կարող արգելել մարդուս վախճանը, քանզի երբ վախճանը կնքվի, այլևս ոչ ոք չի կարող վերադարձնել» (Իմաստ. Բ 4-5):

Հարց. Այդ սահմանված ժամանակից հետո ի՞նչ պիտի լինենք:

Պատասխան. Երբ լրանա Աստծու սահմանած ժամանակը, բոլոր մեռյալները հարություն կառնեն: Մեր նախահայր Ադամից մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը որքան մարդ որ աշխարհ է եկել ու մահացել, հրեշտակապետի փողի ձայնը լսելով՝ պիտի բոլորն էլ հարություն առնեն:

Հարց. Ի՞նչ վկայություն կարող ես բերել հարության վերաբերյալ:

Պատասխան. Այս մասին բազում վկայություններ կան, նախ Դանիել մարգարեն է վկայում. «Երկրում, հողի մեջ ննջածներից շատերը հարություն պիտի առնեն, ոմանք՝ հավիտենական կյանքի համար, և ոմանք՝ հավիտենական նախատինքի ու ամոթի համար» (Դանիել ԺԲ 2): Երկրորդ՝ Քրիստոս ինքն է վկայում. «Կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը և դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել, կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել, դատաստանի հարության համար» (Հովհաննես Ե 28-29): Երրորդ՝ Եսային է վկայում. «Պիտի հառնեն ու կանգնեն մեռածները, որոնք գերեզմաններում են» (Եսայի ԻԶ 19): Չորրորդ՝ Պողոս առաքյալն է վկայում. «Պիտի նորոգվենք հանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի, և մեռյալները հարություն պիտի առնեն առանց ապականության»

(Ա Կորնթ. ԺԵ 52):

Հարց. Այդ դեպքում, ինչո՞ւ է Դանիել մարգարեն ասում. «Մահացածներից շատերը պիտի հարություն առնեն», արդյոք չի՞ կարելի եզրակացնել, որ բոլորը չէ, որ պիտի հարություն առնեն:

Պատասխան. Դանիելի խոսքը դատաստանի կանչվածների համար է, որովհետև դատաստանը միայն քրիստոնյաներինն է, ոչ թե անհավատներինը, ինչպես Դավիթ մարգարեն է ասում. «Ամբարիշտները չեն հառնի դատաստանին» (հմմտ. Սաղմոս Ա 5): Մի՞թե չգիտես, որ եթե մեկը մյուսին դրամ կամ ապրանք ավանդ տա, հաշիվը նրանից էլ կպահանջի: Ամենաբարի Աստված մեզ անհավատներին հավասար մարմնավոր բարիքներ տալուց բացի, տվեց նաև հոգևոր զանազան պարգևներ, սակայն որոնց հաշիվը մեզանից է պահանջելու, քանզի մարմնավոր բարիքներն անհավատներն էլ վայելում են:

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ