Շավիղ ԼԴ.

Հարց. Կերակուրի վնասակարությունը և ծոմի ու պահքի օգտակարությունը լավ ըմբռնեցի, հիմա կուզեի հասկանալ, թե ի՞նչ բան է աղոթքը և ինչո՞ւ պիտի աղոթենք:

Պատասխան. Եթե միտքդ բացված լիներ, ապա առանց այդ հարցի ինքնին կըմբռնեիր:

Հարց. Բայց ես ինչպե՞ս կարող եմ հասկանալ, եթե սովորեցնող չլինի:

Պատասխան. Եթե զորագլուխն առաջնորդում է զորքին, այլևս հարկ կա՞, որ զորքը հարցնի, թե ինչպե՞ս է ընթանալու, և կամ մեկ ուրիշ առաջնորդողի կարիք զգա:

Հարց. Հիմա ես իմ առջևից քայլող զորագլուխ ունե՞մ:

Պատասխան. Այո՛, ունես: Պողոս առաքյալը մեզ ասում է, որ ունենք զորագլուխ. «Նայենք Հիսուսին՝ հավատի զորագլխին, այն կատարելագործողին, որն Իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծու Աթոռի աջ կողմում» (Եբր. ԺԲ 2): Ահա՛ քո զորագլուխը, գնա՛ Նրա մոտ և սովորի՛ր, ինչ ճանապարհով որ ընթացավ, հետևիր, որ հասնես Նրան, ինչպես որ Պետրոս առաքյալն է գրում. «Քրիստոս էլ ձեզ համար մեռավ և ձեզ օրինակ թողեց, որ Իր հետքերով գնաք» (Ա Պետրոս Բ 21):

Հարց. Շատ դժվար իրադրության առջև ես ինձ կանգնեցնում: Քրիստոսից միայն մեռնե՞լ պիտի սովորենք, մի՞թե ուրիշ բան չարեց:

Պատասխան. Խնդրեմ, ներկայացնեմ նաև կատարածները. նախ՝ քառասուն ցերեկ ու գիշեր ծոմ պահեց, ինչպես նաև գիշերները մինչև լույս աղոթում էր, ինչպես Ավետարանն է վկայում. «Եվ այդ օրերին Հիսուս լեռը բարձրացավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով» (Ղուկաս Զ 12): Այնուհետև Մատթեոս ավետարանիչը գրում է. «Եվ երբ ժողովրդի բազմությունն արձակեց, առանձին լեռը բարձրացավ աղոթելու համար» (Մատթեոս ԺԴ 23): Եվ բազում անգամ սուրբ ավետարանիչները հիշում են Քրիստոսի աղոթք անելու մասին, բայց դու պարզապես պիտի ըմբռնես, որ Քրիստոս, Ինքը լինելով Աստծու Որդի, կարոտ չէր աղոթքի, այլ մեզ օրինակ լինելու համար էր աղոթում, ու նաև մեզ պատվիրեց աղոթել: Ինչպես մի վարպետ, երբ իր արհեստը աշակերտին է սովորեցնում, նախ աշակերտի աչքի առջև պատրաստում է, ինչ որ պիտի սովորեցներ, և հետո դիմում է աշակերտին. «Ինչպես որ տեսար, այդպե՛ս էլ պատրաստիր»: Բայց եթե վարպետը միտք չունենա սովորեցնելու, ոչինչ ցույց չի տա, իսկ աշակերտն էլ, եթե այդ արհեստը չգործածի, հանցավոր չի լինի, քանի որ վարպետը չսովորեցրեց: Բայց Քրիստոս Ինքը անելուց բացի, աշակերտներին սովորեցրեց ու պատվիրեց. «Ինչ որ ձեզ սովորեցրի, սովորեցրեք Ինձ հավատացողներին, որ պահեն», ինչպես որ ասացինք Ը Շավիղում, այն, ինչ Ինքը չարեց, մեզ նույնպես չպատվիրեց: Որևէ տեղ գրված չէ, թե Քրիստոս մինչև երեսուն տարեկան դառնալը քարոզում էր, բայց երբ երեսունը լրացրեց և մկրտվեց, քառասուն օր ծոմապահությունից ու սատանային հաղթելուց հետո սկսեց ժողովրդին քարոզել. «Ապաշխարե՛ք, մոտ է երկնքի արքայությունը» (հմմտ. Մարկոս Ա 15): Եվ ինչպես, երբ

բժիշկը հիվանդին դեղ պիտի տա, նախ ինքն է մի քիչ ճաշակում և ապա նոր տալիս հիվանդին, որպեսզի նա դժվարություն չունենա դեղ ընդունելուց: Այսպես էլ Քրիստոս, ինչ որ սովորեցրեց մեզ,

նախ Ինքն արեց:

Հարց. Այդ ամենը հասկացա, բայց աղոթքի համար Քրիստոս ի՞նչ ասաց:

Պատասխան. Նախ ասաց. «Միշտ, առանց ձանձրանալու պետք է աղոթել»: Ապա որպես օրինակ սովորեցրեց Տերունական աղոթքը:

Հարց. Հիմա հիշեցի: Երբ քեզ դիմեցի՝ ասելով, թե ինձ «Հայր մեր»-ը սովորեցրու, ասացիր. «Դեռ ժամանակը չէ», կարծում եմ, արդեն հասել է ժամանակը, և եթե կամենաս, կսովորեցնես, որպեսզի ես էլ Քրիստոսին աշակերտ լինեմ:

Պատասխան. Խնդրե՛մ: Բայց շատ դժվար է այս աղոթքը:

Հարց. Ի՞նչ դժվար բան կա, եղբա՛յր, տեսնում եմ, թե ինչ հեշտությամբ ես դու արտասանում, մի՞թե ես չեմ կարող:

Պատասխան. Իրավ, ասելը հեշտ է, բայց մեջը երկյուղալի շատ խոսքեր կան:

Հարց. Որո՞նք են այդ երկյուղալի խոսքերը:

Պատասխան. Նախ, շատ դժվար բան է, երբ ասում ենք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես»: Քանի որ, երբ Աստծուն Հայր ենք կոչում, մենք դառնում ենք Նրա որդիները, ուրեմն պարտավոր ենք Նրան նմանվել, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Նմանվենք Աստծուն» (Եփես. Ե 1), իսկ Քրիստոս հավելում է. «Կատարյալ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս Ե 48), և ասելուց առաջ բացատրեց մեզ Հայր Աստծու բնությունը, որ «Արևը հավասարապես ծագեցնում է թե՛ բարիների և թե՛ չարերի վրա, նույնպես և անձրևը» (Մատթեոս Ե 45): Նաև ավելացնում է. «Գթասիրտ եղեք, ինչպես որ գթասիրտ է ձեր երկնավոր Հայրը»: Ուստի եթե մեր բարեգործություններով կատարյալ չլինենք, Նրա բնությունը մեր վրա չվերցնենք ու Նրան չնմանվենք, ապա ինչպե՞ս պիտի համարձակվենք Աստծուն Հայր կոչել: Ենթադրենք, մի բարեպաշտ և արդար մարդ, եթե անառակ զավակ ունենա, որը երբեք հոր պատվերը չպահի ու միշտ ոտնատակ տա հոր պատիվը: Կարող է պատահել, որ հայրն իր սրտի կսկիծը չարտահայտի, բայց մտքով կմխա և կայրվի: Եվ երբ անառակ զավակը գա իր հոր մոտ և նրան «հայր» կոչի, ի՞նչ պատասխան կստանա, մի՞թե հայրը չի ասի. «Ես քո հայրը չեմ, իսկ դու իմ զավակը չես», հաճախ պատահում է, որ հայրերը վռնդում են իրենց զավակներին և զրկում հայրական ժառանգությունից: Արդ, եթե այս մարմնավոր հայրերը, որոնք սխալական են և ենթակա մեղքի ազդեցությանը, չեն ներում իրենց անառակ զավակներին, ապա եթե ամենասուրբ Աստծու պատվերը չպահենք, և միշտ գործենք նրա կամքին հակառակ, ի՞նչ համարձակությամբ պիտի նրան «Հայր» կոչենք: Որովհետև հետևելով Սուրբ Գրքի ընթացքին՝ կարծում եմ, երբ «Հայր մեր, որ երկնքում ես» ասենք, Աստված մեզ կպատասխանի. «Ես ձեր հայրը չեմ: Դուք ստախոս եք, իսկ ստախոսների հայրը սատանան է, իսկ նրա բնակարանը՝ դժոխքը: Դուք չեք կարող գալ երկնքի արքայություն, ինչքան էլ, որ «Հայր մեր, որ երկնքում ես» արտասանեք: Որովհետև Ինձ հայր եք կանչում, բայց ծառայում եք սատանային և միշտ նրա կամքի համեմատ եք գործում: Ինձ մոտ կգան Իմ կամքը կատարողները, և Ես եմ նրանց Հայրը»:

Տեսնո՞ւմ ես, որ անգամ «Հայր մեր, որ երկնքում ես» չենք կարող ասել, եթե Նրա պատվիրանները չենք պահում:

Երկրորդ՝ դժվար է նաև «Սուրբ թող լինի Քո անունը» բառերն արտասանել, որովհետև Աստված ի բնե սուրբ է, և սա է պատճառը, որ սերովբեները և քերովբեներն անընդհատ երգում են. «Սո՜ւրբ, սո՜ւրբ, սո՜ւրբ զորությունների տեր»: Ուրեմն երբ մենք ասում ենք «Սուրբ թող լինի Քո անունը», նշանակում է ընդունում ենք, որ Աստծու անունը ըստ էության սուրբ է, միշտ սուրբ պիտի լինի և երբեք պիտի չարատավորվի: Իսկ Աստծու անունը ո՞վ պիտի արատավորի, եթե ոչ մենք: Այսպես, օրինակ, մի զավակ, որ անառակությամբ է զբաղվում, անարգանքն ու ամոթը իր հոր վրա է: Իր վարմունքով նա արատավորում է իր հոր անունը, դրա համար էլ տեսնողներն ու լսողներն ասում են. «Հոր անունը արատավորեց և պատիվը կոտրեց»: Իսկ հայրը չար զավակի անառակ վարքի պատճառով մեծ ցավ է ապրում և անգամ ամաչում է դուրս գալ և մարդկանց երեսին նայել: Դե պատկերացրո՛ւ, որ այս իրադրության մեջ չար զավակը գա և իր հորն ասի «Ո՜վ հայր, քո անունը թող փառավոր լինի»: Ի՞նչ ես կարծում, ի՞նչ պատասխան կլսի, մի՞թե հայրը չի ասի. «Հեռացի՛ր աչքիցս, անօրենի մեկը, անունս հող դարձրիր, այլևս ամաչում եմ մարդկանց երեսին նայել»:

Սրան հակառակ, հոր հնազանդ ու բարի զավակի վարքը տեսնողներն ու լսողները երանի են տալիս նրան, որ այդպիսի բարի զավակ ունի: Դե՛, իսկ հայրն էլ, իր զավակի բարի համբավը լսելով, կուրախանա և կփառավորվի, որովհետև զավակի ցուցաբերած բարի վարքով իր փառքն ու պատիվն է ավելանում: Ուստի երբ այս բարի զավակը գա և հորը դիմի՝ ասելով. «Ո՜վ հայր, թող փառավորվի քո անունը», ի՞նչ ես կարծում, այս դեպքում հայրը չպիտի ասի. «Շա՛տ ապրես, իմ բարի՛ զավակ», և փաթաթվելով համբուրի նրան և իր ունեցվածքի տերն ու ժառանգորդը նշանակի:

Այսպես էլ մենք, երբ դիմենք Հայր Աստծուն՝ ասելով. «Սուրբ թող լինի Քո անունը», պետք է, որ Նրա պատվիրաններն անթերի կատարենք, որպեսզի մեր բարի գործերը տեսնելով՝ ուրիշներն էլ փառավորեն Աստծու անունը, ինչպես որ Քրիստոս ասաց. «Որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս Ե 16): Իսկ Պողոս առաքյալն էլ գրում է. «Փառավորեցեք Աստծուն ձեր մարմինների մեջ» (Ա Կորնթ. Զ 20): Տեսնո՞ւմ ես, ինչպես մեր բարի գործերով փառավորվում է Աստծու անունը, այնպես էլ չար արարքով վատաբանվում է Նրա սուրբ անունը, որի համար էլ Եսայի մարգարեն գրում է. «Ձեր պատճառով Իմ անունը մշտապես հայհոյվում է հեթանոսների մեջ» (Եսայի ԾԲ 5): Այստեղից էլ կարելի է եզրակացնել, որ եթե չես պահում Աստծու պատվիրանները, չես կարող ասել «Սուրբ թող լինի Քո անունը»:

Երրորդ՝ նմանապես դժվար է նաև ասել, «Քո թագավորությունը թող գա»: Սա նշանակում է խոստովանել, որ հպատակ ու հնազանդ ծառա եմ Աստծուն և Նրա թագավորությանը, հնազանդ Նրա կամքին և պատրաստ այն կատարելու: Նաև զինվորագրված ես և Թագավորի զորքի անդամ ես, պետք է Նրա օրենքներով կրթված լինես, հասարակ մարդկանցից ավելի լավ պիտի իմանաս Նրա կամքն ու կանոնները և ջանաս այն մինչև վերջ կատարել: Բայց եթե Նրա կամքին հակառակ ընթացք ես բռնել, ապա պիտի վախենաս արտաբերել «Քո թագավորությունը թող գա» արտահայտությունը: Քանի որ, երբ գա, ոչ թե պիտի սիրի, այլ պատժի մեղավորներին: Այդ ժամանակ ո՞ւր պիտի թաքնվես, որ քեզ չգտնի: Ըստ Դավիթ մարգարեի, եթե «Երկինք բարձրանաս, այնտեղ է, եթե դժոխք իջնես, այնտեղ էլ մոտ է»:

Չորրորդ՝ «Քո կա՛մքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է» խոսքերն ասելը դժվար է առավել: Որովհետև ինչպես արարեց հրեշտակները երկնքում, իսկ երկնքի երեսին արեգակն ու աստղերը ստեղծեց ու կարգավորեց, և որոնք նույն կարգ ու կանոնով մնում են և չեն շեղվում իրենց տեղից: Նաև նույն կարգին են հետևում երկրի վրա ստեղծվածները՝ թե՛ հող, թե՛ ծով և թե՛ անասուն և մնացածները: Այսպիսով բոլոր արարածները հնազանդ են Աստծու կամքին և սահմանած օրենքին, և մենք նույնպես նրանց պես պատրաստ ենք կատարելու Նրա կամքը: Բայց եթե Աստծու կամքին հակառակվենք, ապա ի՞նչ համարձակությամբ պիտի ասենք. «Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է»:

Հինգերորդ՝ դժվար է նաև. «Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր» խոսքերն ասելը, որովհետև եթե միայն առօրյա հացի մասին է խոսքդ, վնաս չունի. բայց եթե մեկ կամ երկու տարվա ապրուստդ ամբարես ու կուտակես, բայց Աստծուց օրվա հաց ուզես, դա՛ արդեն հակառակ է Նրա կամքին: Մանավանդ հակառակ է, երբ դրամ կուտակած, սնդուկները ոսկով լցված, ցորենն ամբարած և ամենօրյա բարիքներով լիացած հարուստներն անգամ, օրվա հացի կարոտ աղքատների նման օրվա հացն են ուզում: Բայց եթե աղքատի խնդրանքը քաղցից չմեռնելու համար է, ապա հարուստի բաղձանքը իր ագահությանը հագուրդ տալու համար է: Ցորեն ամբարած հարուստները, որ ամենօրյա հաց են պահանջում, մի՛ կարծիր, թե իրենց ուտելու համար է, այլ ցանկանում են, որ Աստված աղքատների ուտելիքն էլ վերցնի ու իրենց տա:

Հարց. Ուրեմն հարուստները երբ «Հայր մեր» աղոթքը ասեն, պետք է այդ բառերը չարտասանեն:

Պատասխան. Ամեն մի քրիստոնյա պարտավոր է աղոթել այդ խոսքերով, բայց ինքը պիտի հարմարվի այդ խոսքերին և նոր արտասանի: Որովհետև Քրիստոս երբ այս աղոթքը սովորեցրեց աշակերտներին, պատվիրեց. «Երբ ճամփա գնաք, հաց մի՛ վերցրեք ձեզ հետ, երկու հագուստ մի՛ ունեցեք, նաև դրամ մի՛ ունեցեք ձեր գոտու մեջ», որպեսզի հաջորդ օրվա հացի դրամ չունենան և այսօր, արդեն վաղվա հոգսը չքաշեն: Սրանից բացի, երբ Հովհաննես Մկրտիչը Հորդանան գետի ափին մկրտում էր, և հարուստ մարդիկ գալով մկրտվում էին և խոստովանելուց հետո հարցնում. «Այսուհետև ի՞նչ պիտի անենք», Հովհաննես Մկրտիչը պատասխանում էր. «Ով որ երկու զգեստ ունի, մեկը թող տա նրան, ով չունի, և ով որ ուտելիք ունի, նույն ձևով թող անի» (Ղուկաս Գ 11): Լա՛վ խորհիր, երբ ազատվեցին հին մեղքերից ու հին օրենքից և նոր օրենքի մեջ մտան, իրենց աղքատություն էր քարոզվում, որը համահունչ է Քրիստոսի խոսքին: Որովհետև եթե մեկը երկու հաց ունենա, ապա մեկն այսօր կուտի, իսկ մյուսը կպահի հաջորդ օրվան: Դրա համար էլ մի հացը երբ տա ամենևին չունեցողին, ապա վաղվա հաց չի ունենա ուտելու և վաղվա հոգսն այլևս այսօր չի հոգա: Հիմա եթե ուշադիր լինենք թե՛ այս խոսքերին, թե՛ Քրիստոսի՝ աղքատներին տված երանիներին և հարուստներին տված վայերին, ինչպես նաև «Ով որ իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող իմ աշակերտը լինել» (Ղուկաս ԺԴ 33), և մանավանդ «Հայր մերի» խոսքերի էությանը, ապա պետք է հետևություն անենք. քրիստոնյան չպետք է հարուստ լինի, տան մեջ վաղվա համար հաց չպիտի ունենա, որ «Հայր մերն» ասելու իրավունք ունենա: Անշուշտ մեր կյանքը պիտի «Հայր մերի» խոսքերին համաձայնեցնենք, ինչպես առաքյալների ժամանակ, երբ հարուստ մարդիկ օրինակ ծառայեցին և իրենց ունեցվածքը դարձրին ընդհանուրի սեփականությունը: Ոչ ոք չէր ասում, թե այսինչ բանն իմն է, ամեն ինչ տալիս էին աշակերտներին, որոնք էլ բաժանում էին կարոտյալներին, ինչպես որ կարդում ենք Գործք Առաքելոցի Դ գլխի 24 համարի մեջ: Որովհետև առաքյալների քարոզից հասկացան, որ հարուստը դժվարությամբ կմտնի երկնքի արքայություն, դրա համար էլ իրենց ողջ ունեցվածքը բաժանեցին:

Հարց. Ուրեմն ստացվում է, որ բոլոր հարուստները դժոխք են գնալու, իսկ բոլոր աղքատներն՝ արքայություն:

Պատասխան. Ոչ բոլոր հարուստներն են դժոխք գնալու, և ոչ էլ բոլոր աղքատներն՝ արքայություն, որովհետև երկու խավից էլ պիտի գնան թե՛ արքայություն և թե՛ դժոխք: Թեպետ Քրիստոս ասաց. «Հարուստ մարդը դժվարությամբ կմտնի արքայություն», բայց չասաց, թե ամենևին չպիտի մտնի, այլ միայն՝ «դժվարությամբ»:

Հարց. Հարուստը ինչպե՞ս պիտի արքայություն գնա:

Պատասխան. Ամեն կերպ զգուշանալ մեղքից և միշտ կերակրել ու հագցնել աղքատներին: Հետևաբար այս մարդը, եթե Աստծուց ամենօրյա հացն ուզի, վնաս չունի, քանի որ իր համար չի ուզում, այլ աղքատների: Նմանատիպ մարդը «Հայր մերը» միշտ համարձակությամբ կարող է ասել և վերջում էլ արքայություն գնալ. տեսա՞ր, թե որն է հնարը: Իսկ աղքատների համար էլ Քրիստոս ասաց. «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթեոս Ե 3): Բայց եթե աղքատը դժգոհի իր վիճակից և Աստծուց չգոհանա, այլ սկսի գանգատվել, թե. «Ի՞նչ եմ ես արել, որ Աստված ինձ այսպես աղքատ է ստեղծել, իսկ հարևանիս՝ հարուստ», և այսպես տրտնջալով նախանձի հարուստներին և ինքն էլ լցվի հարստանալու ցանկությամբ, ապա վստահաբար կարելի է ասել, որ այսպիսին հոգով աղքատ չէ, այլ աղքատ է միայն մարմնով և դժոխք է գնալու: Հարուստն ուտել-խմելով, հագնվելով ու վայելքներով դժոխք կգնա, և նմանապես այսպիսի աղքատը թեկուզ սոված, ծարավ ու մերկ, բայց կգնա դժոխք: Տեսա՞ր, որ իր վիճակից դժգոհ աղքատը կգնա դժոխք, իսկ Աստծու պատվիրանը պահող հարուստը՝ արքայություն:

Հարց. Ուրիշ ի՞նչ երկյուղալի խոսքեր կան «Հայր մերի» մեջ:

Պատասխան. Վեցերորդ խոսքն այս է. «Ների՛ր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ»: Կուզեի, որ խորհեիր այս խոսքերի դժվարության մասին: Օրինակ, եթե սիրտդ լցված է ոխակալությամբ, ինչպե՞ս պիտի համարձակվես այս խոսքերն ասել, այլապես Աստծուն պիտի խաբես:

Հարց. Բայց ի՞նչ պիտի անեմ, եղբա՛յր, եթե այդ աղոթքը չսովորեմ, քրիստոնյա չեմ լինի, իսկ եթե սովորեմ էլ, ասելու դժվարություն առաջ պիտի գա: Ուստի պիտի խնդրեմ, որ այս աղոթքը սովորելու և արտասանելու մի դյուրին միջոց առաջարկես:

Պատասխան. Այս աղոթքը շատ հեշտ է սովորել, իսկ արտասանելու դյուրին միջոցը Քրիստոս Ինքն է ցույց տվել: Եթե ուզում ես, կասեմ:

Հարց. Շա՜տ հետաքրքիր է, ասա՛, խնդրեմ:

Պատասխան. «Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա՛, նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ե՛կ քո ընծան մատուցիր» (Մատթեոս Ե 23-24):

Հարց. Եթե եղբորս հետ խռով լինեմ, չե՞մ կարող այս աղոթքն արտաբերել:

Պատասխան. Ես չեմ կարող ասել քեզ, թե մի՛ աղոթիր. քանի որ Քրիստոս պատվիրեց. «Այսպես աղոթեցեք»: Բայց այս աղոթքը սովորեցնելուց հետո մի քանի խրատներ տվեց, որոնք ըմբռնելուց հետո, եթե տեսնես, որ խղճմտանքդ քեզ չի տանջում, ապա աներկյուղ կարող ես Տերունական աղոթքն անել:

Հարց. Իսկ ի՞նչ խրատներ տվեց Քրիստոս:

Պատասխան. Նախ Քրիստոս հրամայեց. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների: Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները» (Մատթեոս Զ 14-15): Երկրորդ՝ Մարկոս ավետարանիչը գրում է. «Երբ աղոթքի կանգնեք, թե մեկի դեմ մի բան ունեք, ներեցե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր հանցանքները» (Մարկոս ԺԱ 25): Եվ երրորդ՝ Սիրաք իմաստունն է գրում. «Ների՛ր քո եղբոր անիրավությունը, և միայն այն ժամանակ աղոթելիս քո մեղքերը կներվեն» (Սիրաք ԻԸ 2): Հասկացա՞ր հեշտ ուղին, եթե ոխակալ չես և պահում ես մնացած պատվիրանները, ապա միշտ ասա այս աղոթքը:

Հարց. Աղոթքի մասին ուրիշ ի՞նչ է ասված:

Պատասխան. Պողոս առաքյալն ասում է. «Անդադար աղոթեցե՛ք, ամեն ինչում գոհություն մատուցեք, որովհետև այդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Հիսուս» (Ա Թեսաղ. Ե 17-18): Երկրորդ՝ դարձյալ Պողոսը գրում է. «Ուզում եմ, որ տղամարդիկ աղոթեն ամեն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր, առանց բարկության և երկմտության» (Ա Տիմոթեոս Բ 8):

Ահա թե ինչքան օգտակար և հարկավոր բան է աղոթելը, որ Քրիստոսի պատվիրելուց բացի աշակերտներն էլ գրեցին: Իսկ աղոթքի զորությունը հայտնի է Քրիստոսի այս խոսքից. «(Դևերի) այս տեսակը ուրիշ բանով չի ելնի, եթե ոչ ծոմապահությամբ և աղոթքով» (Մարկոս Թ 28): Տեսնո՞ւմ ես, ծոմ ու աղոթքը հաղթում է դևերին, մանավանդ մարդկային լեզվին, որն ի բնե սովոր է խոսելու թե՛ չար և թե՛ բարի: Եթե չաղոթես, ապա լեզուդ չի լռի, և երանի թե հոգևոր խոսքեր ասեր, այնինչ հակառակը՝ զազիր խոսքեր է խոսում. դրա համար էլ Քրիստոս պատվիրեց մեզ. «Միշտ աղոթե՛ք», որովհետև եթե բերանը վարժվի աղոթքի, լեզուն այլևս մեղք գործելու ժամանակ չի ունենա: Միշտ Աստծու հետ խոսելով ժամանակ չի ունենա սատանային պատասխանելու:

Հարց. Ե՞րբ պետք է աղոթել:

Պատասխան. Հատուկ ժամի աղոթքը եկեղեցու ժամերգություններն են կամ «Հասարակաց» աղոթքը, որ առավոտից երեկո քահանաներն ու ժողովուրդը միասին աղոթում են, որովհետև այս աղոթքը պետք է միաբանությամբ լինի, դրա համար էլ հավաքվում են եկեղեցում: Իսկ Քրիստոսի այն խոսքը, թե «Միշտ պետք է աղոթել», առանձին կամ անհատական աղոթքի համար է ասված, որի համար ժամանակ կամ տեղ գոյություն չունի: Եթե ԺԲ Շավիղի մեջ ասած խրատներս պահել ես, երբ և որտեղ էլ որ ուզես, կարող ես կատարել քո առանձնական աղոթքը, և Աստված կլսի այն: Իսկ եթե չես պահել այդ խրատները, թեկուզ եկեղեցում բարձրանաս, կանգնես ժամարար քահանայի մոտ՝ Սուրբ Սեղանի առջև, քո աղոթքը Աստված չի լսի: Հիմա հասկացա՞ր, որ մեր առաջնորդն ու զորագլուխը Քրիստոս է: Նա բոլոր նեղություններին համբերելուց բացի մեզ օրինակ տալու համար ծոմ պահեց և միշտ աղոթեց՝ ասելով. «Սովորե՛ք Ինձանից»: Եվ դու, որ մտադրվել ես Քրիստոսի մոտ գնալ, ուրեմն Նրա անցած ճամփան բռնիր ու գնա և կհասնես, ինչպես Հովհաննես ավետարանիչն ասաց. «Ով ասում է, թե ինքը Նրա մեջ է բնակվում, պարտավոր է այնպես ընթանալ, ինչպես որ Նա էր ընթանում» (Հովհաննես Բ 6):

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ