Շավիղ ԼԳ.

Հարց. Ի՞նչ շատ հիշեցիր պահքի մասին, եղբա՛յր, բայց չէ՞ որ կերակուրը Աստված տվեց մարդկանց, և բոլորն էլ Աստծու ստեղծածներն են՝ թե՛ կենդանական և թե՛ բուսական, ի՞նչ վնաս պիտի լինի ուտելուց:

Պատասխան. Մինչ բացատրությանն անցնելը մի բան պիտի հարցնեմ քեզ: Երբ բժիշկը քննում է հիվանդին, ամենից առաջ ի՞նչ է պատվիրում: Նախ և առաջ պահք է սահմանում, արգելում է օգտագործել պարարտ և վնասակար կերակուրներ, թույլատրում է առավել անուժ սնունդ, որ մարմնի ուժը տկարանա, և բորբոքման ցավերը խաղաղվեն: Եթե մարդ ուզում է կրակը մարել, ապա կրակի մեջ փայտ չի դնի: Նմանապես էլ հիվանդության դրդապատճառ կարող են լինել ցուրտը, շոգը, արյունը, մաղձը և այլն, բայց բոլոր ցավերի սաստկացնող պատճառը կերակուրն է: Դրա համար էլ բժիշկը սահմանում է անհրաժեշտ պահքը և հետո նոր նշանակում է դեղամիջոց:

Հարց. Ես ոչինչ չհասկացա: Ի՞նչ կապ ունի մարմնի ցավը հոգևոր նեղության հետ: Իմ հարցը հոգևորին է վերաբերում:

Պատասխան. Մեկ ուրիշ օրինակով կփորձեմ բացատրել: Օրինակ, վերցնենք ավտոմեքենան, որպեսզի առավել հասկանալի լինի հոգևոր վնասի հանգամանքը:

Ավտոմեքենան ունի տասնյակից ավելի անիվներ ու առաձգակալներ, որոնք շարժվում ու պտտվում են մեքենան գործարկելու ժամանակ: Բայց ինչի՞ շնորհիվ, ինչպե՞ս են նրանք շարժվում:

Հարց. Ավտոմեքենա շատ եմ տեսել, բայց ներքին ատամնանիվները կամ առաձգակալները ինչպես են պտտվում, չգիտեմ:

Պատասխան. Ավտոմեքենան ունի բենզինի բակ, որից մեքենան գործարկելու ժամանակ նեղ խողովակի միջով փոշիացած հեղուկը սրսկվում է այրման խցիկ, այստեղ տեղի է ունենում բռնկում, և խցանները սկսում են շարժվել՝ պտտեցնելով համապատասխան անիվներն ու առաձգակալները: Անիվների՝ մեկը մյուսին փոխանցած շարժումով էլ ավտոմեքենան սկսում է առաջ շարժվել: Բայց շարժման պատճառը սկսեց խցանի շարժումից, որին ուժ տվեց բենզինի բռնկումը:

Հարց. Լա՛վ, հետո՞:

Պատասխան. Վերևում ասացինք, որ մարմնին ուժ տվողը պարարտ կերակուրն է: Հիմա մի հարց տամ, երբ մարմինն ուժեղանա, ի՞նչ կլինի: Չէ՞ որ կսկսեն ցանկությունները բորբոքվել, և ցանկության բռնկումն էլ մեղքի խցանի օգնությամբ կսկսի անիվներ պտտել, ինչպես Հակոբոս առաքյալն է վկայում. «Ցանկությունը հղանալով մեղք է ծնում, և մեղքը հասունանալով մահ է ծնում» (Հակոբոս Ա 15): Երբ գրգռվում է չար կիրքը, շատ դրամ է պետք այն բավարարելու համար: Արդար վաստակը չի կարող բավականացնել հոգալու չար ցանկության ծախսերը, դրա համար էլ անհրաժեշտ է դառնում, որ կրքի անիվը հանդիպի ու շարժի ստախոսության անիվը, ստախոսության անիվն էլ գողության անիվին է սկսում պտտել, և վերջապես գողության անիվն էլ իր հերթին կհանդիպի մարդասպանության անիվին և այն ևս կպտտվի…:

Այս ամենը կարող ենք հաստատել Դավիթ մարգարեի օրինակով: Երբ նա հալածվում էր Սավուղ արքայի ձեռքից, մեծ նեղություններ կրելով փախչում էր սարերով, և գրեթե ուժերը սպառվել էին, «Եվ պահքից նրա ծնկերը տկարացան» (Սաղմոս ՃԸ 24),- գրում է Աստվածաշունչը: Եվ երբ գիշերով կանգնած էր իր թշնամի Սավուղի գլխավերևում և կարող էր սպանել նրան, բայց խնայեց: Բայց երբ Դավիթն արդեն արքա էր ու հանգստության մեջ, բորբոքվել էին նրա մարմնական ցանկությունները, իր հավատարիմ ծառա Ուրիա Քետացուն չխնայեց ու սպանեց (Բ Թագ. ԺԲ 9):

Հիմա հասկացա՞ր: Թե՛ ստախոսության, թե՛ գողության և թե՛ մարդասպանության անիվները շարժողը ցանկության անիվն է, իսկ ցանկության անիվը պտտողը՝ պարարտ կերակուրը: Սա է պարարտ կերակուրների վտանգը մարդկային ցեղի համար:

Հարց. Բայց ես չեմ լսել, որ որևէ մեկը պատժվի կերակուրի համար:

Պատասխան. Ուրեմն դու Աստվածաշունչ չես կարդացել: Անշուշտ, ցանկության գերիները կպատժվեն հանդերձյալ աշխարհում, բայց արդարադատ Աստված այս աշխարհում մի քանի անգամ սաստիկ բարկությամբ պատժեց մարդկությանը, և հիմնական դրդապատճառը կերակուրն էր: Օրինակ, ջրհեղեղի ժամանակ. «Երբ Տեր Աստված տեսավ, որ մարդկանց չարագործությունները բազմանում են երկրի վրա, և ամեն ոք իր մտքում ամեն օր խնամքով չարագործություններ է նյութում, զղջաց Աստված, որ մարդ է ստեղծել երկրի վրա, և տրտմեց Իր հոգու խորքում: Տեր Աստված ասաց. «Երկրի երեսից վերացնելու եմ Իմ ստեղծած ամեն մի էակ՝ մարդուց մինչև անասուն և սողուններից մինչև երկնքի թռչունները, որովհետև զղջացել եմ, որ ստեղծել եմ նրանց» (Ծննդ. Զ 5-7): Այս ասելով Աստված ջրհեղեղով պատժեց աշխարհը: Քառասուն օր ու գիշեր շարունակ անձրև տեղաց, բարձրացրեց ծովի ջրերը, հորդառատ բխեցրեց գետերի ու աղբյուրների ջրերը, ցամաքն ամբողջապես ծածկվեց ջրով և ամենաբարձր լեռներից վեր ելավ տասնհինգ կանգուն: Կորստյան մատնեց բոլոր մարդկանց ու անասուններին, սողուններին ու երկնքի թռչուններին: Փրկեց միայն Նոյ նահապետին և իր գերդաստանին: Նրանց թիվն ութն էր, որ մտնելով նավի՝ տապանի մեջ, ապրեցին: Նրանց հետ նաև գազաններ, անասուններ, թռչուններ և ամեն տեսակ կենդանիներից մեկ-մեկ զույգ արու և էգ փրկվեցին: Տեսա՞ր, թե ինչպես էր բարկացել Աստված:

Հարց. Հիմա պիտի ասենք, որ մարդկանց մեղքի պատճառը կերակուրն է:

Պատասխան. Եթե դու այսօր ես ասում, ապա քեզանից մոտ երկու հազար տարի առաջ Քրիստոս արդեն ասել է. «Եվ ինչպես եղավ Նոյի օրով, այնպես կլինի և մարդու Որդու օրով: Ուտում էին, խմում, կին էին առնում և մարդու էին գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ, և ջրհեղեղը եկավ ու բոլորին կորստյան մատնեց» (Ղուկաս ԺԷ 26-28): Նմանատիպ մի փորձանք էլ սոդոմացիների ու գոմորացիների վրա բերեց պարարտ կերակուրը: Թե ուզում ես, կպատմեմ, որ հասկանաս:

Հարց. Պատմի՛ր:

Պատասխան. «Սոդոմացիների ու գոմորացիների աղաղակը ահագնացել, հասել է Ինձ. նրանց մեղքերը խիստ շատացել են: Արդ, իջնեմ, տեսնեմ, թե Ինձ հասած նրանց աղաղակը համապատասխանում է նրանց կատարածին, թե՞ ոչ… Տերը երկնքից ծծումբ ու կրակ թափեց Սոդոմի ու Գոմորի վրա, կործանեց այդ քաղաքներն ու դրանց ամբողջ շրջակայքը, ոչնչացրեց քաղաքի բնակիչներին և երկրի ամբողջ բուսականությունը» (Ծննդ. ԺԸ 20-22, ԺԹ 24-25):

Հարց. Սրանց մեղքի պատճառը նույնպե՞ս կերակուրն էր:

Պատասխան. Այո՛, այդ մասին վկայում է Եզեկիել մարգարեն. «Քո քրոջ՝ Սոդոմի անօրենությունն այս էր՝ ամբարտավանություն, հացով լիացածություն, գինու մեջ հղփացածություն: Մեղկ կյանք էին վարում ինքն էլ, դուստրերն էլ» (Եզեկիել ԺԶ 49): Իսկ Քրիստոս ասում է. «Նույնպես, ինչպես Ղովտի օրով էլ եղավ. ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին, շինում: Եվ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելավ, երկնքից կրակ ու ծծումբ տեղաց ու բոլորին կորստյան մատնեց» (Ղուկաս ԺԷ 28-29): Ընկալեցի՞ր վերջապես, որ դրանց կորստյան պատճառը ևս ուտելիքն էր: Ջրհեղեղի ժամանակ մարդիկ, ուտելու և խմելու ետևից ընկած, զորացրին մարմինը, բորբոքվեց ցանկությունը և իգասիրության մեղքի պատճառով ջրհեղեղով կործանվեցին. այսպես էլ սոդոմացիները, ուտելով ու խմելով տարված, բորբոքվեցին արվամոլական մեղքի ցանկությամբ և կործանվեցին կրակով ու ծծումբով:

Հարց. Եթե կերակուրն այդքան վնասակար է, ապա պետք է որ առաքյալները մեզ զգուշացնեին, որ մեր գլխին ևս փորձանք չգար:

Պատասխան. Մի՞թե մեզ չի զգուշացնում Պողոս առաքյալը հռոմեացիներին ու փիլիպեցիներին ուղղված իր թղթերում՝ ասելով. «Որովայնամոլ մարդիկ կռապաշտ են, և նրանց որովայնն իրենց աստվածն է»: Կամ՝ «Շատ լավ է միս չուտելն ու գինի չխմելը», «Մի՞թե իշխանություն չունենք ուտելու և խմելու», այս ասելուց հետո հավելում է. «Բայց այս իշխանությունն ի գործ չդրեցինք, այլ ամեն ինչի համբերում ենք, որպեսզի Ավետարանին որևէ արգելք չլինի» (Ա Կորնթ. Թ 4,12): Տեսա՞ր, եղբա՛յր, առաքյալը որպեսզի իր քարոզչությանն արգելք չլինի, զգուշանում է ուտելուց ու խմելուց, ինչպես որ քիչ հետո՝ 27 համարի մեջ բացահայտ ասում է, որ զգուշանում է կերակրից. «Այլ ճնշելով ամրացնում եմ իմ մարմինը և հնազանդեցնում այն, որպեսզի գուցե ինքս խոտելի չլինեմ այն բանում, որ քարոզեցի ուրիշներին» (Ա Կորնթ. Թ 27): Հիմա հասկացա՞ր կերակուրի վնասը: Պողոս առաքյալը, որ հրաժարվել էր աշխարհից և Քրիստոսին էր հետևում, Աստծու համար մեռնելու պատրաստ և Քրիստոսի հետ մշտապես զրուցող, ինչպե՞ս է վախենում կերակուրից, այս պատճառով մաշեցնում է իր անձը, որ հանկարծ չուժեղանա մարմինը և անհնազանդ գտնվի Աստծուն, ինչպես որ ինքն էլ վկայեց:

Հարց. Այդ ի՞նչ վկայություն է:

Պատասխան. «Քանզի մարմնավոր խորհուրդը թշնամություն է առ Աստված, որովհետև չի հնազանդվում Աստծու օրենքին. և նա ոչ իսկ կարող է: Նրանք, որ մարմնի իշխանության տակ են, չեն կարող հաճելի լինել Աստծուն» (Հռոմ. Ը 7-8): Ճշմարիտ է: Աստծուն հաճելի լինել ցանկացողը Նրա բոլոր պատվիրանները պիտի կատարի, իսկ Աստծու պատվիրանները հակառակ են մարմնի ցանկություններին: Մարմնասեր մարդը չի կարող հաճելի լինել Աստծուն, որովհետև չի կարող պահել Նրա պատվիրանները:

Հարց. Այդ դեպքում ինչպե՞ս վարվեմ, եղբա՛յր, եթե կերակուր չուտեմ, սովամահ կլինեմ, իսկ եթե ուտեմ, մարմինս զորանալով շատ մեղքերի պատճառ կլինի, այս առումով ի՞նչ խրատ ունես տալու:

Պատասխան. Ես քեզ չեմ կարող ասել, թե բան չուտես, որովհետև եթե ոչինչ չուտես, անշուշտ կմեռնես, իսկ դա հաճելի չէ Աստծուն: Պողոս առաքյալը, որ ասում է, թե «ճնշում եմ մարմինս», մի՛ կարծիր, որ ամենևին ոչինչ չէր ուտում: Բայց ուտելուն զուգահեռ հաճախ ծոմ էր պահում և զգուշանում էր պարարտացնող կերակրից, որպեսզի մարմինը չզորանա: Ուստի հետևյալ խրատն եմ քեզ տալիս, եթե արհամարհես ծոմն ու պահքը և միշտ մարմինդ զորացնես պարարտ կերակուրներով, անշուշտ կբորբոքվի ցանկության բոցը, և վերը նկարագրված մեղքի բոլոր անիվները պտտվելով մարմնիդ մեքենան մեղքի ծովով դեպի դժոխք կառաջնորդեն: Բայց եթե երբեմն ծոմ ու պահք պահես, զսպես մարմինդ և մաշեցնես, շատ մեղքերից ազատ կմնաս՝ ըստ Պետրոս առաքյալի խոսքի. «Ով մարմնով չարչարվում է, դադարում է մեղանչելուց» (Ա Պետրոս Դ 1): Եվ երբ հեռանաս մեղքից, կսկսես բարեգործություն անել: Որովհետև այն օրը, երբ ծոմ ես պահել, կտեսնես, որ հատուկ օր է եղել քեզ համար, միտքդ Աստծուն ուղղված կլինի, իսկ անձդ՝ նվիրված Աստծուն, որպես պատարագ: Թեպետ երեսդ տրտում կլինի, բայց հոգիդ կուրախանա, որովհետև ծոմը հոգուն ցանկալի է, իսկ մարմնի ուզածը միշտ ուտել- խմելն է ու մարմնավոր զվարճալիքները: Դրա համար ծոմի կամ պահքի օրերին մարմնասեր մարդիկ տրտմեցնում են իրենց դեմքերը, այս է պատճառը, որ Քրիստոս ասաց. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների նման» (Մատթեոս Զ 16): Ծոմապահության օրերում, երբ տկարանում է մարմինը, մեղքի անիվները դադարում են գործելուց, որովհետև չի բռնկվում վառելանյութը: Կրքերիդ ատամնանիվներն անշարժ են մնում, և մարմնիդ մեքենան մնում է տեղում կանգնած: Եվ այդ ժամանակ սկսում է վառվել հոգու սիրո կրակը, ինչպես Քրիստոս ասաց. «Երկրի վրա կրակ գցելու եկա և ինչքան եմ կամենում, որ արդեն իսկ բորբոքված լինի» (Ղուկաս ԺԲ 49): Բայց մարմնասեր մարդկանց սրտում այս կրակը չի բորբոքվի, քանի որ մարմնի կրակն ավելի շատ է: Իսկ եթե մարմնիդ կրակը քիչ-քիչ սկսես մարել, մարմինդ օրըստօրե կսկսի տկարանալ, այդ պահին է, որ զորանում է հոգին, և սիրո կրակը բորբոքվելով շարժելու է հոգուդ տիեզերանավի շարժիչը, որն էլ երկինք թռչելով տանելու է քեզ դեպի արքայություն: Տեսա՞ր, եղբա՛յր, քանի դեռ մարմինդ զորեղ է, մեքենայի անիվները պտտվելով ընթանում են մեղքի շավիղներով, որը տանում է դեպի դժոխք, իսկ երբ չես կատարում մարմնիդ կամքը, այն տկարանում է, և հոգիդ զորանալով տանում է քեզ արքայություն: Այս մասին Պողոս առաքյալն ասում է. «Եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք. իսկ եթե Հոգով մարմնի գործերը սպանեք, կապրեք» (Հռոմ. Ը 13): Հիմա, կարծում եմ, ըմբռնեցիր պարարտ կերակուրի վնասն ու ծոմի և պահքի օգուտը: Լա՛վ խորհիր, այստեղ ինչ գրված է, անձամբ եմ փորձել և այդ փորձառությամբ եմ խոսում քեզ հետ: Հնում մինչև երկրի թագավորը չմեռներ, մեկ ուրիշին չէին նստեցնում թագավոր, քանի որ եթե մեկ երկրին երկու թագավոր իշխի, ապա հպատակ ժողովուրդը շատ խեղճ վիճակի կհասնի, որովհետև մեկը մյուսին հակառակ հրամաններ պիտի արձակեն, ինչպես որ ԺԸ Շավիղում ենք նշել: Նմանապես էլ և դու խեղճ վիճակում կհայտնվես, եթե ծառայես երկու թագավորի: Պիտի մի թագավորին մեռցնես և մյուսին հնազանդվես, այսինքն՝ կամ պիտի հոգիդ մեռցնես՝ հնազանդվելով մարմնիդ, և կամ էլ հոգուդ հնազանդվելով՝ մարմինդ մեռցնես:

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ