Շավիղ ԻԷ.

Հարց. Եղբա՛յր, իմ կարծիքով, Աստծու բոլոր պատվիրանները սովորեցի: Արդյոք մնա՞ց պատվեր, որ չեմ սովորել, որպեսզի, եթե կարելի լիներ, այն էլ սովորեցնեիր: Գիտեմ, որ շատ գլխացավանք եմ պատճառում քեզ տեսակ-տեսակ հարցումներով, բայց ինչ անեմ, ցանկանում եմ քրիստոնյային անհրաժեշտ բոլոր գիտելիքները սովորել:

Պատասխան. Արդեն Քրիստոս Իր աշակերտներին պատվիրեց, որ Իր սովորեցրած բաները հաղորդեն հավատացյալներին: Հետևելով Տիրոջ այս պատգամին՝ ես իմ պարտքն եմ համարում Քրիստոսի կամքը քեզ բացատրել: Երեմիա մարգարեն Աստծու կամքին անտեղյակ մարդկանց ասում է. «Կանգնեցեք ճանապարհներին և դիտեցեք, հարցրեք Տիրոջ հավիտենական ճանապարհների մասին, տեսեք, թե որն է բարի ճանապարհը գնացեք դրանով և քավություն կգտնեք ձեր հոգիների համար» (Երեմիա Զ 16): Տեսնո՞ւմ ես՝ ասում է. «Կանգնեցե՛ք ճանապարհներին և դիտեցե՛ք, հարցրե՛ք Տիրոջ հավիտենական ճանապարհների մասին», ուստի քո խնդրանքը միանգամայն արդար և իրավացի է, քանի որ դեռ շատ բաներ կան, որ պետք է սովորես և կատարյալ քրիստոնյա լինես: Քրիստոս Ինքը հորդորում և կարգադրում է. «Կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս Ե 49):

Հարց. Որո՞նք են պակաս մնացած պատվիրանները:

Պատասխան. Ըստ Քրիստոսի խոսքի քրիստոնյան պետք է խոնարհ լինի՝ չունենալով հպարտության և ոչ մի ախտանիշ. «Սովորեցեք Ինձնից, որ հեզ եմ և խոնարհ սրտով» (Մատթեոս ԺԱ 29), ուրեմն խոնարհությունը պիտի սովորենք Քրիստոսից: Իսկ Հակոբոս առաքյալն ասում է. «Խոնարհ եղեք Տիրոջ առաջ, և Նա ձեզ կբարձրացնի» (Հակոբոս Դ 10): Իր հերթին Պետրոս առաքյալը մի խոսք է ասում, որն իմ կարծիքով, բավական է, որպեսզի ամեն ինչ հասկանաս:

Հարց. Ո՞րն է այդ խոսքը:

Պատասխան. «Բոլորդ միմյանց հանդեպ խոնարհություն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարիշտներին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ» (Ա Պետրոս Ե 5): Տեսնո՞ւմ ես, թե Պետրոսն ինչ զգաստացնող և երկյուղալի խոսք է ուղղում մեզ:

Հարց. Ո՞րն է այդտեղ երկյուղ ներշնչող խոսքը:

Պատասխան. «Աստված հակառակ է հպարտներին», սա է երկյուղ ներշնչում մեզ, որովհետև եթե որևէ մարդու թշնամին Աստված է, ապա պատկերացնո՞ւմ ես, թե ի՞նչ խեղճ ու անտանելի է այդ մարդու վիճակը: Ո՞վ կարող է բարեկամ դառնալ Աստծու թշնամուն, երբ Սողոմոնն էլ է ասում. «Ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջև» (Առակ. ԺԶ 5):

Հարց. Բայց ինչո՞ւ են Պետրոսն ու Սողոմոնը այդքան վատ բնութագրում հպարտ մարդուն:

Պատասխան. Հպարտությունը սատանայի հնարքն ու արվեստն է, որով էլ դարձավ սատանա, չէ՞ որ նա սկզբում սատանա չէր, այլ ստեղծված էր որպես լուսեղեն հրեշտակ, որ սպասավորեր Աստծուն, բայց Սադայելը, լինելով ամենաբարձր հրեշտակը, իր փառքի վրա հպարտացավ՝ ասելով. «Եթե իմ աթոռը մի քիչ վեր դնեմ, ես էլ հավասար կլինեմ Աստծուն»: Այս է պատճառը, որ Աստված սաստիկ բարկանալով, Սադայելին և նրան հնազանդ հրեշտակներին երկնքից վայր թափելով՝ ուղարկեց դժոխք: Աստված միշտ հակառակ է սատանային: Եվ երբ Պետրոս առաքյալը նշում է, որ «Աստված հակառակ է հպարտներին», պատճառն այն է, որ հպարտ մարդը նման է սատանային: Օրինակ, եթե մի երեխա արհեստ սովորի, ասենք թե ոսկերչություն, և սկսի գործածել իր արհեստն ու աշխատի, նրան կկոչեն ոսկերիչ: Այսպես էլ, եթե մեկը սատանայի արհեստը սովորի և գործածի, տրամաբանորեն նրան էլ սատանա պետք է կոչենք:

Հարց. Սուրբ Գրքում կա՞ն վկայություններ սատանայի հպարտանալու և երկնքից վայր ընկնելու վերաբերյալ:

Պատասխան. Այո՛, Եսայի մարգարեն գրում է. «Մտքիդ մեջ ասում էիր. «Երկինք կբարձրանամ, իմ գահը կդնեմ երկնային աստղերից ավելի վեր, կնստեմ բարձր լեռան վրա, հյուսիսի բարձր լեռների վրա, կբարձրանամ ամպերից էլ վեր, կնմանվեմ Բարձրյալին»: Բայց ահավասիկ դժոխք ես իջնելու և երկրի խորքերը: Ովքեր տեսնեն քեզ, պիտի զարմանան քեզ վրա և ասեն. «Սա այն մարդն է, որ ահաբեկում էր երկիրը, ցնցում թագավորներին, ավերակ դարձնում աշխարհներ» (Եսայի ԺԴ 13-17):

Երկրորդ՝ Պետրոսը գրում է. «Քանզի Աստված չխնայեց մեղանչած հրեշտակներին, այլ խավարի կապանքներով գցեց տարտարոսը, որպեսզի նրանք պահվեն դատաստանի օրվա համար» (Բ Պետրոս Բ 4):

Երրորդ՝ Հուդա առաքյալը գրում է. «Եվ այն հրեշտակներին, որ չպահեցին իրենց իշխանությունը, այլ լքեցին իրենց բնակության տեղը, հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց դատաստանի օրվա համար» (Հուդա Ա 6):

Հարց. Հասկացա, որ հպարտությունը սատանայի հնարքն է, բայց ասացիր, թե հպարտը նման է սատանային, չըմբռնեցի, որովհետև ես էլ փոքր ի շատե հպարտություն ունեմ, բայց այն շատ տարբեր է սատանայի հպարտությունից:

Պատասխան. Իսկ ինչպիսի՞ն է քո հպարտությունը, որ տարբեր ես անվանում:

Հարց. Չէ՞ որ սատանան ուզեց նմանվել Աստծուն, քավ լիցի, որ իմ մտքով նման բան անցնի, բայց ինձ նման մարդկանց նկատմամբ ունեմ հպարտության զգացմունք:

Պատասխան. Կարծում եմ, որ դու այդ մեղք չես համարել:

Հարց. Չեմ կարող ասել, որ մեղք չէ, թեպետ մեղքերի կարգն եմ դասել, բայց կարծում եմ, որ սատանայի հպարտությանը հավասար չէ:

Պատասխան. Դու ի՞նչ իրավունքով ես հպարտանում մարդկանց վրա, ի՞նչն է քո առավելությունը, մի՞թե հպարտանում ես աղքատների վրա, քանի որ հարուստ ես:

Հարց. Այո՛, հպարտանում եմ:

Պատասխան. Բայց այդ ունեցվածքը քոնը չէ, որպեսզի հպարտանաս, որովհետև եթե այն քոնը լիներ, մահանալիս հետդ կտանեիր, բայց չէ՞ որ այն թողնելու ես այս աշխարհում: Գուցե՞ կտրիճ ես և այս պատճառով է, որ հպարտ ես:

Հարց. Այո՛, դրա համար հաճախ հպարտանում եմ տկար և անուժ մարդկանց վրա:

Պատասխան. Բայց նայի՛ր ու տե՛ս, որ առյուծը քեզանից զորեղ և ուժեղ է: Կամ գուցե անուշ ձայն ունես և դրա՞ վրա ես հպարտանում:

Հարց. Այո՛, հպարտանում եմ խռպոտ ու նվազ ձայն ունեցողների վրա:

Պատասխան. Բայց սոխակը քեզանից առավել ձայնավոր է: Կամ գուցե գեղեցիկ զգեստիդ վրա ես հպարտանում՝ արհամարհելով մաշված զգեստ ունեցողներին:

Հարց. Այո՛, դրանով էլ եմ հպարտ:

Պատասխան. Բայց տե՛ս, որ սիրամարգը քեզանից առավել գեղեցիկ ու շողշողուն փետուրներով է զարդարված: Ինչպես Հակոբոս առաքյալն է վկայում, «զգեստը ցեցի բաժին է»: Իսկ գուցե լավ արհեստավոր ես և դրանով է, որ հպարտանում ես անգետների վրա:

Հարց. Այո՛, դրանով հպարտ եմ:

Պատասխան. Նայի՛ր և տե՛ս, չէ՞ որ մեղուն ու մետաքսի որդը քեզանից առավել են իրենց արհեստով, և չես էլ կարող նրանց արհեստի գաղտնիքն իմանալ: Կամ էլ հավանական է, որ արագընթաց ես և երկար ճանապարհը կարճ ժամանակում ես անցնում:

Հարց. Այո՛, դրանով նույնպես հպարտ եմ:

Պատասխան. Ահա այծյամն ու նապաստակը քեզանից շատ ավելի արագընթաց են: Կամ գուցե գործունյա ես և դրանով ես հպարտանում ծույլերի վրա:

Հարց. Այո՛, հպարտ եմ այդ հատկությամբ:

Պատասխան. Բայց չէ՞ որ մրջյունն ու մեղուն քեզանից առավել գործունյա են, ինչպես որ Սողոմոն իմաստունն է գրում. «Մրջյունի մոտ գնա, ո՛վ ծույլ, նախանձի՛ր նրա գործերին և իմաստուն եղիր նրանից ավելի, քանզի նա ո՛չ հողագործ է, ո՛չ վերակացու և ո՛չ էլ գլխին տեր ունի, բայց ամռանը նա պատրաստում է իր ուտելիքը…: Կամ մեղվի մոտ գնա, տե՛ս, թե ինչպե՜ս գործունյա է նա» (Առակ. Զ 6-8): Կամ էլ աչքերդ լավ են տեսնում, դրա համար հպարտանում ես աչքացավ ունեցողների վրա:

Հարց. Այո՛, դրանով էլ եմ հպարտ:

Պատասխան. Բայց չէ՞ որ գայլն ու արծիվը քեզանից առավել սրատես են: Կամ սուր լսողություն ունենալուդ համար ե՞ս հպարտ:

Հարց. Այո՛, հպարտ եմ և դրանով:

Պատասխան. Էշի ականջը քեզանից շատ ավելի լավ է լսում: Կամ գուցե շատ գիտուն ես և հպարտանում ես տգետների վրա:

Հարց. Այո՛, այդ պատճառով էլ եմ հպարտ:

Պատասխան. Ահա, օձը քեզանից առավել խորագետ է, ինչպես Մովսես մարգարեն է վկայում. «Օձը իմաստնագույն էր» (Ծննդ. Գ 1): Հիսուս Քրիստոս նույնպես աշակերտներին պատվիրեց. «Խորագետ եղեք օձերի պես» (Մատթեոս Ժ 16):

Տեսնո՞ւմ ես, եղբայր, դու, որ չէիր հավանում մարդկանց, միշտ ստորին կարգին նրանց դասելով հպարտանում էիր՝ մտածելով, թե երբեք չեն կարող քեզ հասնել: Հիմա գոնե հասկացա՞ր, որ ոչ միայն մարդկանցից, այլև լեռների գազաններից, երկնքի թռչուններից, սողուններից ու միջատներից անգամ ներքև մնացիր և չես կարող նրանց հասնել: Ինչի վրա պարծեցար, նրանք հաղթեցին քեզ թե՛ ուժով, թե՛ ձայնով, թե՛ արվեստով, թե՛ գեղեցկությամբ, ինչպես նաև գիտությամբ գերազանց գտնվեցին քեզանից: Այսուհետև այլևս իրավունք ունե՞ս հպարտանալու մարդկանց վրա:

Հարց. Ո՜հ, ի՞նչ գարշելի բան է հպարտությունը, քանի որ մարդուն սատանային նմանեցնելուց զատ, անգամ ստորադասում է թռչուններին, սողուններին: Զղջում եմ, որ այդքան հպարտ եմ եղել, այլևս պիտի ձգտեմ, որ հպարտ չլինեմ, բայց ի՞նչ պիտի անեմ դրա համար:

Պատասխան. Երբ հպարտությունը այցելի քեզ, անմիջապես նայիր հողին և մտածիր, որ այդ ոտքիդ տակի հողից ես ստեղծված, որ վերստին հող պիտի դառնաս և ոտքի կոխան լինես:

Երկրորդ՝ մտորիր ծնունդիդ և մահվանդ մասին և կտեսնես, որ ոչ մեկից տարբեր չես: Այսպես՝ թե՛ աղքատ և թե՛ հարուստ, թե՛ խելոք և թե՛ հիմար, թե՛ գեղեցիկ և թե՛ տգեղ, թե՛ զորեղ և թե՛ տկար. բոլորի ծնունդն ու մահը հավասար են: Բոլորն էլ ոչ միայն լացով ու տրտմությամբ, այլև մերկ են աշխարհ գալիս, մերկ էլ պիտի հեռանան՝ ոչ մի բան չտանելով իրենց հետ: Ո՛չ հարուստը կարող է իր ունեցվածքը տանել, ո՛չ գեղեցիկը իր գեղեցկությունը, ո՛չ զորեղն իր զորությունը, բոլորն էլ իրենց ունեցածը պիտի այստեղ թողնեն բացի մեղքից, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել» (Ա Տիմոթեոս Զ 7): Հիմա տեսա՞ր, որ մարդիկ բնավ չեն տարբերվում իրարից, նրանց թե՛ ծննդյան և թե՛ մահվան օրերը նույն կերպ են, ինչպես Սողոմոնն է ասում. «Աշխարհը մեկ մուտք ունի բոլորի համար և մեկ ընդհանուր ելք» (Իմաստ. Է 6): Թեպետ ոմանց ձեռքը որոշ ունեցվածք է անցնում, բայց ինչպես երեխաներն են խաղում խաղալիքի հետ, այնպես էլ սատանան խաղացնում է այդ մարդուն՝ ասելով. «Այս ունեցվածքն ու այս աշխարհը քոնն են: Ուրախության ու զբոսանքի մեջ անցկացրու կյանքդ, ձեռքդ ինչ որ գա, բաց մի՛ թող, և եթե դու Աստծուն հաճելի չլինեիր, այսքան հարստություն քեզ չէր տա: Եղի՛ր անվախ, ոչ մի մարդ չի կարող քո դեմ մի բան ասել, ես կանգնած եմ քո թիկունքին՝ քեզ պաշտպանելու»:

Իսկ այս խեղճն էլ, հավատալով սատանայի թելադրանքին, խաբվում է և ունեցվածք կուտակելով շատ մեղքեր է գործում: Բայց երբ նրան այս աշխարհ ուղարկողը կանչի, այդ ժամանակ կցնորվի, չի իմանա անելիքը, իսկ սատանան այդ պահին կասի. «Ես նման բաների չեմ խառնվում» և ետ կքաշվի: Իսկ այս խեղճն էլ, ինչպես իր ծննդյան օրը, այնպես էլ հիմա թիկունքին ընկած լաց կլինի, բայց ի՞նչ օգուտ: Ընտանիքի անդամներն ու բարեկամները երես կթեքեն նրանից, երբ նոր էր ծնվել, խնդալից էին, իսկ այսօր լալիս են, նորածնին աշխատում էին զգեստավորել, իսկ այսօր մերկացնում են զգեստից, քանզի ուրիշ ոչինչ չեն կարող անել: Եվ մարդը տեսնելով, որ ոչ մեկից օգնություն չկա, ինքը ևս հուսահատության է մատնվում, թողնում է իր ունեցվածքը և գնում հանդերձյալ աշխարհ: Իր ողջ ունեցվածքից ոչինչ չի կարող տանել, իր թափած այդքան աշխատանքից միայն մի պատանք է հասնում իրեն, որն էլ առնելով մտնում է հողի տակ: Սակայն պատահում է, որ ոմանք այդ պատանքին էլ արժանի չեն լինում, և որքա՜ն հարուստ մարդիկ թաղվել են առանց պատանքի: Քանզի ոմանք լեռներում ու դաշտերում են մահանում, և նրանց մարմինը գազաններն ու թռչուններն են ուտում, ոմանք խեղդվում են ծովի ու գետի մեջ՝ դառնալով ձկների կերակուր, և այս դեպքերում սովորական մահվամբ մեռնող ու պատանքով թաղվողը երանելի է համարվում: Բացի այդ մեկ պատանքից մարդ ոչինչ չի կարող տանել իր հետ: Բայց ունեցվածքի կուտակման պատճառով գործած մեղքերը պահվում են դատաստանի օրվա համար:

Հարց. Ուրեմն ի՞նչ անեմ, որ ունեցվածքս տանեմ ինձ հետ:

Պատասխան. Հետդ ոչինչ չես կարող տանել, այլ քեզանից առաջ պիտի ուղարկես, որտեղ որ պիտի գնաս, և երբ գնաս, ունեցվածքդ այնտեղ պատրաստ կգտնես:

Հարց. Այդ ինչպե՞ս կարող եմ ունեցվածքս ինձանից առաջ ուղարկել:

Պատասխան. Քեզ պատասխանելու համար մի շատ հարմար պատմություն կա, որը թեպետ մի քիչ երկար է, բայց եթե հոժարությամբ կարողանաս լսել, շատ բան կսովորես:

Հարց. Ինչքան էլ երկար լինի, սիրով կլսեմ:

Պատասխան. Մի ազգի մեջ սովորություն կար, համաձայն որի իրենց արքան մեկ տարի միայն կարող էր թագավորել: Երբ տարին լրանում էր, մերկացնում էին արքային և աքսորում մի կղզի, որտեղ սովից ու ծարավից մահանում էր և նրա փոխարեն մեկ ուրիշին էին թագավոր կարգում, և այսպես շարունակ: Հետո մի խելոք մարդ նստեց գահին և մտածեց. «Իմ թագավորելու մեկ տարին երբ լրանա, անշուշտ ես էլ պիտի կրեմ նույն պատուհասը, ինչ որ իմ նախորդները: Նրանց պես ինձ էլ պիտի մերկ աքսորեն, բոլոր ունեցվածքս այստեղ պիտի մնա, իսկ ես այնտեղ քաղցած ու ծարավ պիտի մեռնեմ: Դրա համար էլ քանի դեռ իշխանությունն իմ ձեռքում է, գանձարանիս հարստությունն ու փողերը լավ է նախօրոք ուղարկեմ աքսորի այդ կղզին, որ երբ թեկուզ մերկ էլ գնամ այնտեղ, որևէ հոգս չունենամ»: Այսպես մտմտալով սկսեց հետզհետե գանձարանի փողերն առաքել աքսորի կղզին իրեն հավատարիմ մարդկանց ձեռքով: Շատ ուրախ էր, քանի որ հոգս չուներ, թե իրեն մերկ պիտի աքսորեն և մտատանջվեր, թե ունեցվածքը մնաց այստեղ, ինչպես մյուս թագավորներինը: Եվ մտածում էր, թե այնտեղ այստեղից ավելի հանգիստ կյանք կվարի, և այդ մտքից ուրախանում էր: Վերջապես, երբ տարին լրացավ, նախորդ թագավորների պես մերկացրին այս խելոք մարդուն և աքսորեցին այն կղզին: Բայց ի տարբերություն մյուս թագավորների, այս մարդը տրտմած չէր և ուրախությամբ էր գնում, քանզի հույսը նրա հետ էր՝ չէ՞ որ նախօրոք պատրաստություն էր տեսել, տուն էր կառուցել: Գնաց, նայեց և տեսավ, որ գեղեցիկ և ապահով տեղ է: Զանազան մարդիկ բերել տվեց ու բազմամարդ մի երկիր ստեղծեց, իսկ ինքը կրկին թագավոր եղավ, այս անգամ՝ հավիտյան:

Հարց. Շատ հաճելի պատմություն էր, թեպետ մի քիչ տրտմեցի զուր տեղը կորչող առաջին թագավորների համար, բայց այս մի թագավորը շատ իմաստուն վարվեց: Բայց խնդրում եմ, որ բացատրես, թե ի՞նչ մտքով պատմեցիր:

Պատասխան. Ամեն մարդ իր անձի թագավորն ու իշխանն է, որովհետև Աստված մարդուն անձնիշխան արարեց, ինչպես Սիրաքն է ասում. «Նա ի սկզբանե մարդուն ստեղծեց և նրան թողեց իր իսկ կամքի ձեռքին. Քո առջև Տերը կրակ ու ջուր է դրել, որին կամենաս, կմեկնես քո ձեռքը» (Սիրաք ԺԵ 14-17): Բայց մահից հետո մարդն անձնիշխան չէ, և կամքն այլևս իր ձեռքում չէ, այլ ապրողների ձեռքում է, դրա համար, երբ մեռնես, հիշյալ թագավորների պես շուտով կմերկացնեն քեզ ու կուղարկեն կամ արքայություն և կամ դժոխք՝ ըստ քո գործերի: Սիրաքի ասածի պես կրակն ու ջուրը առջևդ դրված է. կարող ես ուզածիդ ձեռք մեկնել: Ջուրն՝ արքայության, իսկ կրակը դժոխքի խորհրդանիշն է: Բայց պետք է, որ այդ պատուհասը դեռ չեկած՝ այն խելոք թագավորի պես մտածես. «Երբ ես մեռնեմ, այսքան ունեցվածքից ինձ կզրկեն ու մերկ դժոխք կաքսորեն, իսկ ողջ ունեցվածքս կմնա այստեղ: Երբ դժոխք գնամ, մեկ կաթիլ ջրի կարոտ կմնամ, ինչպես վկայեց Քրիստոս»:

Հարց. Իսկ ի՞նչ վկայեց Քրիստոս:

Պատասխան. «Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում և ամեն օր առատապես ուրախություն էր անում: Եվ Ղազարոս անունով մի աղքատ մարդ ընկած էր նրա դռան առաջ՝ վերքերով ծածկված: Եվ ցանկանում էր լցնել իր որովայնը այն փշրանքներով, որոնք թափվում էին մեծահարուստի սեղանից: Եվ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վերքերը: Երբ աղքատը մեռավ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը. մեծահարուստն էլ մեռավ ու թաղվեց: Եվ դժոխքում, մինչ տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին և Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգստացած: Եվ նա աղաղակեց ու ասաց. «Հա՛յր Աբրահամ, ողորմի՛ր ինձ և ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով և զովացնի լեզուս, որովհետև այս տապից պապակում եմ»: Եվ Աբրահամը նրան ասաց. «Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքներն այնտեղ, քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները, այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակում ես» (Ղուկաս ԺԶ 19-25):

Տեսա՞ր, եղբա՛յր, թե ինչ գեղեցիկ կերպով Քրիստոս զգուշացրեց և հայտնեց մեզ, որ իր ունեցվածքին ապավինող և դրանով հպարտացող, աղքատին չողորմող, ուտել-խմելով իր մարմինը գիրացնող, իր կյանքը միշտ ուրախությամբ ու փափկությամբ անցկացնող, բայց ի վերջո իր ունեցվածքն այստեղ թողնող ու հանդերձյալ կյանք գնացող մարդկանց վախճանը որքան խղճուկ է, որ նա մնում է մի կաթիլ ջրի կարոտ: Ինչպես վերը ասացինք. «Այստեղ խնդացողը այն աշխարհում պիտի լա, իսկ այստեղ իր մեղքերի վրա լացողը այն աշխարհում պիտի խնդա»:

Հարց. Այդ դեպքում ի՞նչ պիտի անեմ, ի՞նչ խրատ ես տալիս:

Պատասխան. Խրատն արդեն Քրիստոս տվել է, որ եթե պահես, շատ ուրախ պիտի լինես թե՛ այս և թե՛ այն աշխարհում:

Հարց. Ի՞նչ խրատ է տվել Քրիստոս:

Պատասխան. «Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են, և ուր գողերը պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցե՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց և ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, և ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում. քանի որ ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մատթեոս Զ 19-21):

Հարց. Այդ դեպքում ունեցվածքս ինչպե՞ս երկինք ուղարկեմ, մի՞թե երկինք գնացող քարավան կա:

Պատասխան. Այո՛, երկինք գնացող քարավանը երկրում ճամփորդող քարավանից շատ է. որովհետև պատահում է, որ մի քաղաքից մյուսը գնացող փոխադրամիջոց չի լինում, որի հետևանքով վաճառականի բեռները մնում են տեղում, բայց երկինք գնացող ճամփորդը երբեք պակաս չէ, թե ժամանակ գտնես, կարող ես միշտ էլ ունեցվածքդ ուղարկել:

Հարց. Ովքե՞ր են երկնքի ճամփորդները:

Պատասխան. Աղքատները, խեղճերը, կույրերը, մերկերն ու կաղերը. եթե ունեցվածքդ նրանց հանձնես, նրանք անվնաս կերպով կտանեն և կհանձնեն Քրիստոսին: Այնտեղ կպահվի ունեցվածքդ և ահեղ դատաստանի օրը ետ կվերցնես:

Հարց. Բայց, եղբա՛յր, քո նշած մարդիկ հողի վրա վստահ չեն կարող քայլել, այդ ինչպե՞ս պիտի կարողանան իմ ունեցվածքը երկինք տանել:

Պատասխան. Այդ խեղճերը քո ունեցվածքը ոչ թե պիտի շալակեն ու երկինք բարձրանան, այլ այստեղ կուտեն և կհագնեն, բայց Քրիստոս, այդ ամենն Իրենը համարելով, դատաստանի օրը կհատուցի քեզ:

Հարց. Ուրեմն աղքատներին տվածս Քրիստոս պիտի ընդունի՞:

Պատասխան. Անկասկած, կընդունի, եթե հեռու մնաս մեղքերից: Դիցուք, եթե դու մեկին փոխանակագիր տաս, և այդ մարդը քո կարգադրած տեղը քո փոխարեն վճարի, դու մի՞թե չես ընդունի փոխանակագիրը: Աստծուն փոխ տվածիդ մասին Սողոմոն իմաստունը գրում է. «Աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն, և ըստ նրա տվածի էլ Աստված պիտի հատուցի նրան…: Բայց եթե ասես. «Ես նրան չեմ ճանաչում, ոչ էլ նա՝ ինձ»,- ապա իմացի՛ր, որ Տերը ճանաչում է բոլորի սրտերը. և Նա, որ ստեղծեց բոլորի շունչը, ճանաչում է բոլորին և յուրաքանչյուրին հատուցելու է ըստ նրա գործերի» (Առակ. ԺԹ 17, ԻԴ 12):

Հարց. Աղքատներին տվածս, որ ընդունում է Քրիստոս, դու ինձ բացատրեցիր փոխանակագրի օրինակով, ուրեմն երկնային գործերն է՞լ են աշխարհիկ գործերին նմանեցնում:

Պատասխան. Բացատրածս քո հարցին պատասխանելու համար ընտրված մի օրինակ էր, բայց երևում է, որ դու միտքը չես ըմբռնել, ուստի ավելի պարզ ասեմ Քրիստոսի խոսքով. «Գնա՛, վաճառի՛ր քո ունեցվածքը ու տո՛ւր աղքատներին և երկնքում գանձեր կունենաս» (Մատթեոս ԺԹ 21): Եթե Իր հրամայածի պես վարվենք, մի՞թե չի ընդունի և չի տա խոստացվածը:

Հարց. Իսկ ի՞նչ է խոստացել Քրիստոս:

Պատասխան. Դատաստանի օրը Քրիստոս արդարներին պիտի ասի. «Քաղցած էի, և Ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և Ինձ ջուր տվիք… մերկ էի, և Ինձ հագցրիք» (Մատթեոս ԻԵ 35-36), իսկ նրանք պիտի հարցնեն. «Տե՛ր, ե՞րբ տեսանք Քեզ քաղցած ու կերակրեցինք կամ ծարավ և ջուր տվեցինք… կամ մերկ և հագցրինք» (Մատթեոս ԻԵ 37-38):

Այդ ժամանակ Քրիստոս պիտի պատասխանի. «Քանի որ Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, այդ Ի՛նձ համար արեցիք» (Մատթեոս ԻԵ 40):

Համոզվեցի՞ր, որ երկինք գնացող քարավանը աղքատներն են:

Հարց. Այդ ամենը հասկացա, բայց խոսքիդ մեջ նշեցիր, թե եթե ունեցվածքդ աղքատների ձեռքով երկինք ուղարկես, շատ ուրախ պիտի լինես: Այսքան աշխատանքով ձեռք բերած ունեցվածքս ինչպե՞ս աղքատներին տամ և ուրախ լինեմ, երբ իմ հույսն այդ ունեցվածքի վրա է, իսկ խելքս ու միտքս գիշեր-ցերեկ սևեռված է դրա վրա: Այդ ինչպե՞ս կարող եմ այն աչքիս առջևից հեռացնել և ուրախ լինել:

Պատասխան. Իմանալով հանդերձ, որ քո սիրտն ու միտքը ունեցվածքովդ է զբաղված, Քրիստոս քեզ հրամայում է, որ այդքան սիրելի ինչքդ երկինք ուղարկես, որ սիրտդ ու միտքդ նրա հետ երկինք բարձրանան, որ միշտ խորհես երկնքի արքայության մասին և նրա մասին խոսես, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Վերին բաների մասին խորհեցեք և ո՛չ թե այն, որ այստեղ՝ երկրի վրա է» (Կողոս. Գ 2): Տեսա՞ր, որ մեր միտքը միշտ երկնքում պիտի լինի:

Հարց. Իմ խելքը դրանից բան չի կտրում, քանի որ չտեսած տեղս ինչպե՞ս պիտի մտաբերեմ և խորհեմ:

Պատասխան. Շիտակ ասացիր, որ չտեսած տեղի մասին չես կարող խորհել, քանզի դու երկինքը չես տեսել և ոչ էլ ունեցվածք ես ուղարկել այնտեղ, որպեսզի այդ առիթով երկինքը մտաբերեիր, թե ի՛նչ եղավ ունեցվածքս: Բայց ես քեզ մի աշխարհիկ օրինակ բերեմ:

Այս աշխարհում շատ մեծ և փառավոր քաղաքներ կան թե՛ Եվրոպայում և թե՛ Ասիայում, ինչպես Լոնդոնը, Փարիզը, Կոստանդնուպոլիսը, Դամասկոսը և այլն: Եթե այս փառավոր քաղաքներում առևտուր չունենաս, այլ մի փոքրիկ գյուղում շատ ապրանք ունենաս և առևտուր անես, ի՞նչ ես կարծում, քո միտքը հիշյալ փառավոր քաղաքները պիտի հիշի, թե այն փոքրիկ գյուղը:

Հարց. Հարցն ավելորդ է: Պարզ է, թե որտեղ որ ապրանքս է, այնտեղ էլ պիտի միտքս լինի, իսկ այն քաղաքները, որտեղ ապրանք չունեմ, ինչո՞ւ պիտի մտաբերեմ:

Պատասխան. Ճիշտ էր պատասխանդ: Ուստի, երբ քո ունեցվածքը աղքատների միջոցով երկինք առաքես ու այնտեղ պահ տաս, նախ և առաջ երկյուղդ կվերանա, չես վախենա ո՛չ գողից և ո՛չ էլ ցեցից, ո՛չ ջրից և ո՛չ էլ կրակից, ո՛չ բռնավորից և ո՛չ էլ զրպարտողներից, որովհետև Քրիստոս վկայեց. «Ո՛չ ցեցը կարող է ուտել, և ոչ էլ գողերը կարող են գողանալ» (Մատթեոս Զ 20): Եվ երբ երկնքի արքայությունը մտաբերես, խիստ կուրախանաս այնտեղի ունեցվածքիդ համար: Մահից նույնպես երկյուղ չես ունենա, քանզի ա՛յն մարդն է վախենում մեռնելուց, ով ունեցվածք և հույս չունի երկնքում, և մահանալուց տխրում է, որ պիտի բաժանվի այս աշխարհի իր սիրելի ունեցվածքից, որի վրա էր դրել իր հույսը: Գիտե, որ մերկ պիտի գնա այստեղից, դրա համար էլ, երբ մահվան մասին լսում է, կարծես աշխարհը փուլ է գալիս իր գլխին: Բայց եթե դու այն խելացի թագավորի պես ունեցվածքդ քեզանից առաջ երկինք առաքես, ապա այս աշխարհում ինչ փորձությունների էլ հանդիպես, ինչպես, օրինակ՝ հիվանդություն, աղքատություն, ձախորդություն և այլն, դու ամենևին չես տրտմի, որովհետև այս աշխարհի թե՛ հարստությունը, թե՛ աղքատությունը, թե՛ ցավը, տրտմությունն ու ուրախությունը, բոլորն էլ անցավոր են և վերջ պիտի ունենան, մահն է, որ խափանում է այդ ամենը, իսկ այն աշխարհը հավիտենական է և վերջ չունի: Տեսնելով, որ հավիտենականության մեջ ունեցվածք ունես, ուրախանում ես մտքով և ցանկություն ունես, որ առաջ գնաս վարձքդ ստանալու, փառքդ ժառանգելու և վայելելու: Ինչպես Պողոս առաքյալն է գրում. «Հաճելի է մեզ դուրս գալ այս մարմնից և մտնել Աստծու մոտ» (Բ Կորնթ. Ե 8): Տե՛ս, թե ինչպես է Պողոս առաքյալը բաղձում դուրս գալ մարմնից, որովհետև հույս ունի երկնքում:

Հարց. Եղբա՛յրս, ինչքան գիտեմ, Պողոսը մի աղքատ մարդ էր, ունեցվածք էլ չուներ, որ երկինք առաքեր, դրա համար էլ հույսով ուզում էր մեռնել:

Պատասխան. Պողոս առաքյալի ունեցվածքն ամենից շատն էր, որովհետև մի կարծիր, որ երկինք առաքվելիք ապրանքը միայն ոսկին է, արծաթը կամ երևելի զգեստները, որ աղքատները չունեն: Եթե այդպես լիներ, ուրեմն բոլոր հարուստ մարդիկ արքայություն պիտի գնային, իսկ աղքատներից ոչ մեկը ոտք չպիտի դներ այնտեղ: Բայց իրականում այդպես չէ, որովհետև օրվա հացի կարոտ աղքատն անգամ երկինք առաքվելիք ունեցվածք ունի:

Հարց. Ո՞րն է աղքատի երկինք առաքվելիք ունեցվածքը:

Պատասխան. Նախ՝ որ իրենց աղքատությունը հոժարությամբ և սիրով հանձն առնելով՝ գոհ լինեն Աստծուց, չնեղվեն, չդժգոհեն, թե ինչո՞ւ է Նա իրենց այդ վիճակի մեջ դրել: Երկրորդ՝ հեռու մնալ մեղքից: Երրորդ՝ ծոմ և պահք պահել: Չորրորդ՝ աղոթք անել: Հինգերորդ՝ տգետին խրատելով հեռու պահել մեղքից: Վեցերորդ՝ համբերել բոլոր նեղություններին և այլն: Ահա սրանք են առանց դրամի երկինք առաքվելիք բարեգործական ապրանքները, և Պողոս առաքյալը այս ամենն ունենալով էր, որ ցանկություն ուներ դուրս գալու իր հողեղեն մարմնից: Այժմ էլ դու, եթե ունեցվածքդ ըստ քո կարողության բաշխես կարոտյալներին, հեռու մնաս մեղքից, ստեպ-ստեպ ծոմ ու պահք պահես, աղոթք անես, մեղսասեր մարդկանց խրատելով նրանց հեռու պահես մեղքից, բարեգործություն անելով անթերի կատարես Աստծու բոլոր պատվիրանները, Պողոսի պես կձգտես հասնելու երկնքի արքայության ուրախությանը:

Հարց. Աստված ինչպիսի՞ վարձ պիտի տա. չլինի թե այստեղ մեր ոսկին վերցնի, իսկ այնտեղ փոխարենը փտած ու անպետք դրամ տա: Խնդրում եմ, սա՛ էլ բացատրիր:

Պատասխան. Մի՛ վախեցիր, ոչ թե փտած դրամ կտա, այլ այստեղի քո փտած դրամի փոխարեն այնտեղ քեզ ճշմարտապես կվարձատրի, պղնձի փոխարեն ոսկի կտա, քո հին զգեստի փոխարեն լուսեղեն զգեստներ կհագցնի, քեզնից հացի փշրանք վերցնելով՝ կյանքի հացը կտա, քեզնից մի բաժակ սառը ջուր կվերցնի, բայց փոխարենը անմահական ջրից կխմեցնի: Երբ այստեղ մի կույր մարդու ձեռքից բռնած՝ ճանապարհ անցկացնես, Աստված էլ ձեռքդ բռնած քեզ արքայություն կտանի: Ծոմապահության փոխարեն Կենաց ծառի պտուղից կկերակրի քեզ: Ահա քեզ տրվելիք ունեցվածքը:

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ