Շավիղ ԻԶ.

Հարց. Եղբա՛յր, ասացիր, թե նրանք, ովքեր ասում են, թե սրբերը չեն կարող բարեխոս լինել, սուտ մարգարեներ են: Բայց ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ եմ կասկածում, որ մեռած մարդը կարողանա բարեխոսել:

Պատասխան. Դու այդ սրբերին մեռա՞ծ ես համարում:

Հարց. Ինչո՞ւ նրանց մեռած չհամարեմ, մի՞թե նրանք էլ հողեղեն չէին, և Աստծու վճիռը, որ կարդացվեց Ադամին, մի՞թե նաև նրանց համար չէր:

Պատասխան. Իրավացի ես, նրանք էլ էին հողեղեն ու Աստծու վճռով մեռան, բայց նրանց մահը միայն մարմնով է և ոչ թե հոգով, որովհետև մեղավորները, նաև հոգով մեռնելով, իրապես մեռած են, բայց արդարները, հոգով կենդանի լինելով, մեռած չեն:

Հարց. Ի՞նչ գիտես, անդենական աշխարհից եկող եղա՞վ, որ այդ սրբերի ողջ լինելու վերաբերյալ քեզ լուր բերեր:

Պատասխան. Ի՞նչ պարտադիր է, որ անդենական աշխարհից եկող լինի. ահավասիկ երկինքն ու երկիրը ոչնչից գոյության կանչող Աստված Ինքը Մովսեսին վկայեց մորենու միջից. «Ես քո հոր Աստվածն եմ, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը. Աստված ոչ թե մեռելների, այլ ողջերի Աստվածն է» (հմմտ. Ելք Գ 6): Սրանից պարզ է դառնում սրբերի ողջ լինելը, որովհետև նրանց մեռնելուց անցել էր ավելի քան չորս հարյուր տարի, բայց ասում է, թե «դեռ ողջ են», ասում է. «Ես ողջերի Աստվածն եմ, մեռելների Աստվածը չեմ»:

Հարց. Հիմա հասկացա, որ սրբերը հոգով կենդանի են, բայց մի՞թե նրանք կարող են բարեխոսել:

Պատասխան. Քեզ մի բան հարցնեմ. մի մարդ եթե կարողանա գանգատվել, մի՞թե չի կարող բարեխոս լինել:

Հարց. Հարկավ, կարող է: Բայց Սուրբ Գրքից կարո՞ղ ես վկայություններ բերել սրբերի գանգատ անելու վերաբերյալ:

Պատասխան. Ահավասիկ, Քրիստոս ինքը վկայում է. «Մի՛ կարծեք, որ Ես Հոր մոտ ձեզ պիտի ամբաստանեմ. կա մեկը, որ իբրև ամբաստանող կկանգնի ձեր դեմ՝ Մովսեսը, որի վրա դուք հույս եք դրել, որովհետև եթե դուք հավատայիք Մովսեսին, կհավատայիք այդ դեպքում նաև Ինձ, քանի որ նա հենց Իմ մասին է գրել» (Հովհաննես Ե 45-46): Հովհաննես առաքյալը գրում է. «Եվ երբ բացեց հինգերորդ կնիքը, խորանի տակ տեսա հոգիներին այն բոլոր մարդկանց, որոնք սպանվել էին Աստծու խոսքի և այն վկայության համար, որ պահում էին: Նրանք ասում էին բարձր ձայնով. «Սո՛ւրբ և ճշմարի՛տ Տեր, մինչև երբ պիտի չդատես և մեր արյան վրեժը չլուծես երկրի բնակիչներից» (Հայտն. Զ 9-10): Բարուքն ասում է. «Երանի է մեզ, Իսրայել, որովհետև գիտենք, թե ինչն է հաճելի Աստծուն» (Բարուք Դ 4): Արդ, երանի տալը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ բարեխոս լինել:

Հարց. Լավ է, որ ինձ համոզեցիր, սրանից հետո կառչելու եմ սրբերի քղանցքից ու խնդրելու, որ նրանք բարեխոս լինեն և մեղքերիս համար միշտ աղերսեն Աստծուն:

Պատասխան. Շատ լավ, սրբերին խնդրիր, որ նրանք բարեխոս լինեն, բայց մեղքից հեռու պիտի լինես. եթե շարունակ մեղք գործես և անհոգ լինելով ասես, թե «սրբերն ինձ համար կաղաչեն Աստծուն», նրանք, քեզ և քո անբարո ընթացքը չսիրելով, չեն աղաչի Աստծուն, որովհետև նրանք սուրբ են դարձել Աստծու պատվիրանները պահելով և քեզ գրել, որ դու նույնպես պահես Աստծու պատվիրանները: Իսկ դու նրանց գրածը չես ընդունում, Աստծու պատվերը չես պահում, քո չար կամքը չես զսպում և դեռ հույս ունես, որ սրբերի քղանցքից կառչելով՝ վայելելու ես նրանց պաշտպանությունը: Սա հասկանալի դարձնենք հետևյալ օրինակով. մի պաշտոնյա իր հովանավորության տակ է վերցնում մի գողի, վերջինս, վախ չունենալով պատժից, շարունակում է իր գողությունն ու ավազակությունը ու գողոնի մի մասը տալիս պաշտոնյային և մյուս մասն իրեն պահում: Բայց ի վերջո երկրի ղեկավարն այս մասին իմանալով պատժում է թե՛ պաշտոնյային, թե՛ գողին: Ճիշտ այսպես դու սրբերին պաշտոնյա ես համարում ու կարծում, թե գողություն, անօրենություն անելով և դրանից բաժին հանելով սրբերին (ուխտի գնալով կամ եկեղեցում մոմ վառելով)՝ կկարողանաս նրանց բարեհաճ վերաբերմունքը շահել՝ ասելով. «Ահա ընդունեցեք այս ընծան ու Աստծուն աղաչեցեք, որ ինձ հաջողություն տա, հիմա ես նորից գողության եմ գնում, ձեզ էլ բաժին պիտի հանեմ, միայն թե դուք ինձ օգնեք»: Մինչդեռ Աստված չի ուզում, որ այն սրբերը քեզ պես վատաբարո մարդու համար աղաչեն Իրեն, ինչպես Երեմիա մարգարեն է ասում. «Իսկ դու մի՛ աղոթիր այդ ժողովրդի համար, դրանց համար ողորմություն մի՛ խնդրիր և մի՛ աղաչիր, Իմ առաջ մի՛ խոնարհվիր դրանց համար, որովհետև քեզ չեմ լսելու» (Երեմիա Է 16):

Հարց. Ապա ինչպե՞ս պետք է վարվեմ, որ սրբերը բարեխոս լինեն, և Աստված ընդունի:

Պատասխան. Պիտի զղջաս սրանից առաջ գործած մեղքերիդ համար, խոստովանես և ապաշխարես և հետո միայն սրբերին խնդրես բարեխոսելու քեզ համար, և Աստված կընդունի այդ բարեխոսությունը, որովհետև եթե մի զորապետ, իր պաշտպանության տակ վերցնելով մի մահապարտ վատ մարդու ու գնալով թագավորի մոտ, ասի, թե «այդ մարդը հրաժարվել է իր չարությունից և այլևս մասնակից չի լինելու չար գործերի, խնդրում եմ շնորհ անես ու ներես նրա արած չարությունները», մի՞թե կարող է ասել թագավորին, թե այս մարդը շարունակ այս չարությունն է անելու, և դու էլ միշտ պետք է ներես նրան: Այսպե՛ս հասկացիր նաև սրբերի բարեխոսության պարագայում:

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ