Շավիղ ԻԳ.

Հարց. Այս ի՞նչ բան է, եղբայր, ես կարծում էի, թե Տասը պատվիրաններից գոնե կեսը կատարում եմ, բայց ինչ պատվիրանի կատարումով որ պարծեցա, անիրավ և սուտ հանեցիր ինձ: Հիմա հասկացա, որ եթե Տասը պատվիրաններից ինը չեմ կատարել, ապա գոնե մեկը պահել եմ:

Պատասխան. Ո՞ր պատվիրանն ես պահել:

Հարց. Ես ամենևին դատարան չեմ գնացել՝ սուտ վկայություն տալու համար: Այս պատճառով ուրախ եմ, որ գոնե այդ մի պատվիրանը կատարել եմ:

Պատասխան. Այդքան մի՛ պարծենա, գուցե կրկին ձեռնունայն մնաս:

Հարց. Ինչո՞ւ պիտի ձեռնունայն մնամ. իրապես ես սուտ վկայություն չեմ տվել դատարանում:

Պատասխան. Մի՞թե սուտ վկայությունը միայն դատարանում են տալիս. մի հարուստ մարդու հաճոյանալու նպատակով մի՞թե նրա սուտ խոսքը չես հաստատել «իրավացի ես», «այդպես է» բառերով:

Հարց. Այդ էլ խո՞սք է. հազար անգամ եմ այդ բանը ասել առանց անդրադառնալու, թե դա սուտ վկայություն է: Բայց իսկապես, մի՞թե դա սուտ վկայություն է:

Պատասխան. Այո՛, սուտ վկայություն է, և սա դատարան գնալուց շատ ավելի վատ է, որովհետև դատարանում սուտ վկայություն տվողները այդպես անում են դրամի կարիքից դրդված և հանուն դրամի իրենց հոգին դժոխքի հավիտենական կրակի բաժին են դարձնում, մինչդեռ հարուստ մարդկանց աչքին հաճելի երևալու նպատակով հաստատական խոսքեր ասողներին Քրիստոս Ինքը վայ է տալիս, իսկ Պողոս առաքյալն իր հերթին շեշտելով, թե կեղծավոր մարդը արքայության մեջ բաժին չունի, ավելացնում է. «Եթե ջանայի մարդկանց հաճելի լինել, ապա Քրիստոսին ծառա չէի լինի» (Գաղատ. Ա 10): Տեսա՞ր, որ մարդկանց հաճոյացող մարդը զրկվում է Քրիստոսին ծառայելու պատվից:

Հարց. Եղբա՛յր, ես միայն այդ պատվիրանի վրա էի իմ հույսը դրել, կարծում էի, թե կատարում եմ, բայց ահա այդ էլ ձեռքիցս առար և ինձ լիովին հուսաբեկ արեցիր: Հիմա եմ հասկանում, որ Տասը պատվիրաններից և ոչ մեկը չեմ պահել և միշտ Աստծու կամքին հակառակ եմ գործել: Այս պատճառով աղաչում եմ քեզ, եղբա՛յր, այդ մեղքերից ձերբազատվելու մի ճանապարհ ցույց տուր ինձ, եթե կա, որպեսզի մեղքերից ազատվելով ես էլ Քրիստոսի աշակերտ լինեմ, որովհետև շատ եմ վախենում:

Պատասխան. Եթե մինչև այժմ անգիտորեն մեղանչել ես, մի՛ վախեցիր և հույսդ մի՛ կտրիր:

Հարց. Բայց ինչպե՞ս չվախենամ, չէ՞ որ մեղավոր եմ:

Պատասխան. Եթե մարգարեների խրատը պահես, շուտ կազատվես քո մեղքերից և կարդարանաս:

Հարց. Ի՞նչ խրատ են տալիս մարգարեները:

Պատասխան. Ահա նախ Եսային է գրում. «Փնտրեցե՛ք Տիրոջը և երբ գտնեք, կանչեցե՛ք Նրան. երբ Նա ձեզ մոտենա, ամբարիշտը թող հրաժարվի իր ընթացքից, անօրեն մարդը՝ իր խորհուրդներից, թող նա վերադառնա Տիրոջ մոտ և ողորմություն կգտնի մեր Աստծու մոտ, որը բազմապատիկ թողություն պիտի շնորհի ձեր անօրենություններին» (Եսայի ԾԵ 6-8): Եվ Օսեեն գրում է. «Դարձի՛ր, Իսրայե՛լ, դեպի քո Տեր Աստվածը, քանի որ տկարացար քո անօրենությունների մեջ: Առե՛ք այս խոսքերը ձեզ հետ, դարձե՛ք ձեր Տեր Աստծուն և ասացե՛ք Նրան. «Դու կարող ես ներել մեր մեղքերը» (Օսեե ԺԴ 2-3): Եսային կրկին գրում է. «Լվացվեցե՛ք, մաքրվեցե՛ք, Իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափեցե՛ք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին» (Եսայի Ա 16): Տեսա՞ր մեղքից ձերբազատվելու ճանապարհը:

Հարց. Եթե մարգարեների խրատը պահեմ, Աստված ինձ կընդունի՞:

Պատասխան. Այո՛, անշուշտ կընդունի, ինչպես որ Աստված խոստացել էր Եսայու բերանով. «Եթե ձեր մեղքերը արյան պես կարմիր են, ապա Ես ձյան պես ճերմակ կդարձնեմ» (Եսայի Ա 18): Եզեկիել մարգարեն գրում է. «Անօրենը եթե ետ կանգնի իր գործած անօրենություններից ու պահի Իմ բոլոր պատվիրանները, արդարություն գործի և ողորմածություն անի, ապրելով ապրելու է ու չի մեռնելու: Նրա գործած բոլոր մեղքերը, կատարած բոլոր անիրավությունները չեն հիշվելու, այլ իր գործած արդարության համար նա ապրելու է» (Եզեկիել ԺԸ 21-22): Եսայի մարգարեն կրկին գրում է. «Ահավասիկ ջնջեցի քո անօրենությունները ինչպես ամպ և քո մեղքերն՝ ինչպես մեգ, Ինձ մոտ դարձի՛ր, որպեսզի փրկեմ քեզ» (Եսայի ԽԴ 22):

Հարց. Այդ ասվածներն ինձ նման մեղավորին մեծ հույս են տալիս, բայց սրանից առաջ գործած մեղքերից ինչպե՞ս ազատվեմ, մի ճանապարհ ցո՛ւյց տուր:

Պատասխան. Սկզբից կմտաբերես բոլոր մեղքերդ և ի սրտե կզղջաս դրանց համար: Կգնաս, կխոստովանես կատարյալ զղջմամբ և կորոշես այլևս չվերադառնալ ու մասնակից չլինել այդ մեղքերին: Քահանան սուրբգրային վկայություններով քեզ կխրատի և խորշանք կներարկի այդ մեղքերի նկատմամբ, որպեսզի այլևս չվերադառնաս դրանց, և մեղքերիդ պատշաճող ապաշխարանք կսահմանի: Երբ ապաշխարանքդ ավարտես լացով և ողբով, իրական զղջումով, այնժամ մեղքիցդ կազատվես: Այս է մեղքից ձերբազատվելու ուղին:

Հարց. Արդ, գտնվեց դյուրին ճանապարհը. ասածդ ախորժելի եղավ ականջիս. միշտ կարող եմ մեղք գործել և գնալ խոստովանությամբ թողություն ստանալ: Դրանից դյուրին բան չկա: Ես շատ էի վախենում մեղք գործել, որովհետև ասացիր, թե նախ Հովհաննես Մկրտիչը և հետո Հիսուս, երկուսն էլ իրենց քարոզչությունը սկսեցին «Ապաշխարեցեք, քանզի երկնքի թագավորությունը մոտեցել է» խոսքով: Ես դրանից վախենում էի, որովհետև այդ խոսքը այսպես էի հասկանում. դուք մինչև հիմա ծառայում էիք այս աշխարհի թագավորին՝ սատանային, արդ ապաշխարե՛ք, քանզի երկնքի թագավորությունը մոտեցել է, նրան պիտի ծառայեք, նրա զորքը պիտի լինեք: Ես էլ հենց դրանից էի վախենում. եթե երկնքի թագավորի զորքը լինենք, մեր բանը բուրդ է, որովհետև Նա արդար է, և Նրա զորքերն էլ արդար պետք է լինեն: Բայց հիմա հասկացա, որ քրիստոնեության մեջ էլ մեղք գործելու սովորություն կա. սրանից հետո մեղքից չեմ վախենա, որովհետև դյուրին ճանապարհ գտա դրանից փրկվելու համար:

Պատասխան. Շատ մի՛ ուրախացիր, եղբա՛յր, որովհետև մեր ասած մեղքերի թողությունը վերաբերում է ոչ թե վաղվա գործելիք մեղքերին, այլ երեկվա գործած մեղքերին: Եթե խոստովանանքին ապավինելով մեղանչես, շատ ողորմելի վիճակի մեջ կհայտնվես, որովհետև ամենևին չես ստանա մեղքերի թողություն: Թողություն ստանալու հեռանկարով գիտակցաբար գործված մեղքին թողություն չկա, ինչպես Սիրաքն է ասում. «Տերը համբերատար է քո դարձի և քավության համար. քեզ անվախ մի՛ համարիր՝ մեղքերի վրա մեղքեր ավելացնելով: «Մի՛ ասա. «Տիրոջ գթությունը շատ է, Նա իմ բազում մեղքերը կքավի», քանզի ողորմությունն ու բարկությունը Նրանից է, և մեղավորների վրա է իջնում Նրա զայրույթը» (Սիրաք Ե 5-7):

Հարց. Եթե ասածիդ նման կատարյալ զղջմամբ, լացով խոստովանեմ և ապաշխարեմ, հետո ի՞նչ պետք է անեմ:

Պատասխան. Եթե այդպես մաքրվես, այնժամ արժանի կլինես մասնակցելու Սուրբ Հաղորդությանը:

Հարց. Մեղքերիցս չմաքրված չե՞մ կարող մասնակցել Սուրբ Հաղորդությանը:

Պատասխան. Արգելք չկա, կարող ես մասնակցել, բայց լսի՛ր, թե ի՞նչ է ասում Պողոս առաքյալը. «Ով որ ուտի այս հացը կամ խմի Տիրոջ այս բաժակն անարժանորեն, պարտական պիտի լինի Տիրոջ Մարմնին և Արյանը: Թող մարդ նախ ինքն իրեն փորձի և ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից, որովհետև ով ուտում է և խմում անարժանորեն, իր իսկ դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ Մարմինը» (Ա Կորնթ. ԺԱ 27-29):

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ