Շավիղ ԻԲ.

Հարց. Ինչո՞ւ է լայն ճանապարհ ցույց տվողը սուտ մարգարե կոչվում:

Պատասխան. Որովհետև սուտ է խոսում, անուշ խոսքերով խաբում է պարզամիտ մարդկանց:

Հարց. Ինչպե՞ս կարող է խաբել անուշ խոսքերով:

Պատասխան. Քեզ կասի, թե «ուտել-խմելը մեղք չէ, եթե մեղք լիներ, Աստված չէր ստեղծի և չէր ասի՝ կերե՛ք»: Պողոս առաքյալն էլ ասում է. «Ուտելիքը՝ որովայնի, և որովայնը ուտելիքի համար է» (Ա Կորնթ. Զ 13): Այսպես է ասում նաև Քրիստոս. «Կերակուրը չի պղծում մարդուն»: Վկայակոչելով այս խոսքերը՝ սուտ մարգարեն շփոթեցնում է միտքդ, և դու էլ այլևս չես վախենում կերակուրներից, ավերում ես պահքդ և այնուհետև ո՛չ պահք ես պահում և ո՛չ՝ ծոմ: Միշտ կերուխումին հետամուտ լինելով՝ դառնում ես մեծ կռապաշտ: Հիմա տեսա՞ր, թե ինչպես են նրանք քաղցր խոսքերով խաբում:

Հարց. Ի՞նչ ես ասում, եղբա՛յր, ուտել-խմելն է՞լ կռապաշտություն է:

Պատասխան. Անշուշտ չափավոր ուտել-խմելը կռապաշտություն չէ, բայց երբ բոլորովին ծոմ, պահք չես պահում և միշտ ուտել-խմելու մասին մտածում, այդ է կռապաշտությունը:

Հարց. Ուտող-խմողների կռապաշտ լինելը որտեղի՞ց գիտես:

Պատասխան. Պողոս առաքյալն ասում է. «Շատերը, որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ և այժմ էլ լալով եմ ասում, ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչի. նրանց վախճանը կորուստ է. նրանց աստվածը իրենց որովայնն է» (Փիլիպ. Գ 18-19): Դարձյալ Պողոսն ասում է. «Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ո՛ւշ դրեք այնպիսիներին, որ հերձվածներ և գայթակղություններ են առաջ բերում այն վարդապետությունից դուրս, որ դուք սովորել եք և խորշեցե՛ք նրանցից, որովհետև այնպիսիները մեր Տիրոջ՝ Քրիստոսին չեն ծառայում, այլ իրենց որովայնին, և քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են անմեղների սրտերը» (Հռոմ. ԺԶ

17-18): Դարձյալ Պողոս առաքյալը գրում է. «Ինչ որ անում եմ ես, ինչ որ անելու եմ, նրա համար է, որ վերացնեմ պատճառաբանությունները նրանց, որ պատճառ են փնտրում, որպեսզի պարծենան, թե իրենք էլ իբր մեզ նման աշխատում են, որովհետև այդպիսիները սուտ առաքյալներ, նենգավոր մշակներ, կերպարանավորվում են Քրիստոսի առաքյալների կերպարանքով, և դա զարմանալի բան չէ, քանզի ինքը՝ սատանան էլ է կերպարանավորվում որպես լուսո հրեշտակ: Եվ տարօրինակ չէ, որ նրա պաշտոնյաներն էլ կերպարանավորվեն որպես արդարության պաշտոնյաներ, որոնց վախճանը կլինի ըստ իրենց գործերի» (Բ Կորնթ. ԺԱ 12-15): Պետրոս առաքյալը գրում է. «Սրանց ազատություն են խոստանում, մինչ իրենք ծառա են ապականությանը» (Բ Պետրոս Բ 18): Պետրոսը կրկին գրում է. «Եղան նաև սուտ մարգարեներ ժողովրդի մեջ, ինչպես որ այժմ էլ ձեր մեջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք սպրդեցնելով կորստաբեր հերձվածներ են ներմուծելու և ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահաս կորուստ են բերելու: Եվ շատերը պիտի գնան նրանց անառակությունների հետևից, և այդ պատճառով ճշմարտության ճանապարհը պիտի անարգվի: Եվ ընչաքաղցությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն, բայց նրանց դատապարտությունը սկզբից հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա» (Բ Պետրոս Բ 1-3): Իսկ սրանցից առաջ Քրիստոս՝ մեր Տերը, ասել է. «Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են: Իրենց գործերից կճանաչեք նրանց» (Մատթեոս Է 15-16): Հիմա տեսա՞ր սուտ մարգարեների նշաններն ու խաբեությունները:

Հատկորոշիչներ՝ երկնքի, ճանապարհ, շավիղ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Շավիղ ԼԸ.

Հարց. Կարծես հասկացա, որ չորս խորհելիք նյութերից...

Շավիղ ԼԷ.

Հարց. Շատ լավ: Հասկացա, որ ամեն բանից առաջ պիտի...

Շավիղ ԼԶ.

Հարց. Եթե մեղքից հեռու պահող այլ խրատ ունես,...