Շավիղ Է.

Հարց. Եղբա՛յր, մի կասկած ունեմ: Ավետարանից գիտենք, որ հրեաները Հիսուսի համար ասում էին. «Սա հյուսնի և Մարիամի զավակը չէ՞, Հակոբոսի, Հովսեի, Հուդայի և Սիմոնի եղբայրը չէ՞» (Մարկոս Զ 3): Սա ինձ բացատրի՛ր, որ ասելիքս ասեմ:

Պատասխան. Ասում էին. «Սա հյուսնի և Մարիամի զավակը չէ՞, Հակոբոսի, Հովսեի, Հուդայի և Սիմոնի եղբայրը չէ՞»:

Հարց. Ուրեմն Հիսուս չորս եղբայր է ունեցել: Ապա ինչո՞ւ ասացիր, թե Հիսուս Իր մորը Զեբեդիոսի տղային՝ Հովհաննեսին հանձնեց: Չորս զավակ ունեցող մայրը ուրիշի զավակին կհանձնվի՞:

Պատասխան. Ինչ կասկածամիտ մարդ ես: Սկզբում քեզ ասացինք, որ Հիսուս եղբայր չունի: Դու դեռ չես հավատում և կասկածում ես:

Հարց. Հովսեփը Մարիամի ի՞նչն էր:

Պատասխան. Մարիամի նշանածն էր իբրև պահապան: Այս պատճառով, երբ հրեշտակը Մարիամին ասաց. «Զավակ պիտի ծնես», նա պատասխանեց. «Ես ամուսին չունեմ, այդ ինչպե՞ս պիտի լինի» (Ղուկաս Ա 34): Հրեշտակը չի ասում. «Սուտ ես խոսում», որովհետև Հովսեփն է նրա ամուսինը, այլ ասում է. «Սուրբ Հոգին կհանգչի քո վրա»: Ինչպես Մատթեոսն էլ է ասում. «Նախքան նրանց՝ իրար մոտենալը Սուրբ Հոգուց հղիացած գտնվեց» (Մատթեոս Ա 18):

Այս ամենն ապացույց են Մարիամի կուսության: Իսկ բողոքականները Մատթեոսի այս խոսքը՝ «Չգիտեր նրան, մինչև որ անդրանիկ զավակը ծնվեց», փաստ համարելով՝ պարզամիտ մարդկանց միտքը շփոթեցնում են՝ պնդելով՝ իբր Հիսուսին ծնելուց հետո ուրիշ զավակներ էլ ունեցավ:

Հարց. Անդրանիկ ասելու պատճառն ի՞նչ է:

Պատասխան. Դրա՞ն ես կասկածում: Այն է, որ Կույս Մարիամը Հիսուսին ծնելուց առաջ ուրիշ զավակ չի ծնել և կուսությամբ ծնելու համար է Հիսուսին անդրանիկ ասում, և ոչ թե հետո ծնված զավակների համար:

Հարց. Ապա այդ «մինչև» բառն ի՞նչ է:

Պատասխան. «Մինչև»-ը երկու իմաստ ունի, ժամանակական և հավիտենական: Ժամանակականը վերջ ունի: Օրինակ՝ «Մինչև ես գամ»: Իսկ եթե ասենք՝ «Սրանից հետո մինչև հավիտյան», սա վերջ չունի:

Հարց. Աստվածածնի մասին կասկածս փարատվեց, բայց ինձ ասա վերը նշածդ չորս եղբայրների մասին:

Պատասխան. Դա հարցնել պետք չէ, ահա Հովհաննեսը պարզիպարզո ասում է. «Խաչի մոտ կանգնածները Տիրոջ մորաքրոջ՝ Կղեոպասի կին Մարիամի որդիներն էին» (Հովհաննես ԺԹ 25):

Հարց. Որտեղի՞ց է հայտնի:

Պատասխան. Մատթեոսը գրում է, թե խաչի մոտ կանգնած էին. «Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի և Հովսեի մայր Մարիամը և Զեբեդիոսի որդիների մայրը» (Մատթեոս ԻԷ 56): Մարկոսն էլ է ասում. «Կրտսեր Հակոբոսի և Հովսեի մայրը՝ Մարիամը» (Մարկոս ԺԵ 40): Սրանք են (Հակոբոսը և Հովսեն) Հիսուսի եղբայր կոչվածները: Կրտսեր Հակոբոսը Տիրոջ եղբայրն է, իսկ մեծ Հակոբոսը Զեբեդիոսի տղան է և Հովհաննեսի եղբայրը :

Հարց. Այս երկուսին Հիսուսին եղբայր լինելուց զրկեցիր, որովհետև նրանց մայրերի մասին պատմեցիր: Հիմա տեսնենք՝ Հուդային և Սիմոնին էլ կարո՞ղ ես սրանց եղբայր դարձնել:

Պատասխան. Հուդա ասվածը Թադեոսն է, ինչպես որ սկզբում ասացինք, թե «Թադեոսին Հուդա էլ են անվանում», ու Հակոբոս Ալփեայի եղբայրն է: Հուդան ևս իր գրքում վկայում է Հակոբոսի եղբայր լինելը. «Հուդան՝ ծառան Հիսուս Քրիստոսի և եղբայրը Հակոբոսի» (Հուդա Ա 1): Սիմոնն էլ Կանանացի Սիմոն կոչվածն է, որի հարսանիքին Հիսուս գնաց և ջուրը գինի դարձրեց: Սիմոնը այդ հարսանիքի փեսան էր, ինչպես որ Մատթեոսի ավետարանի մեկնության մեջ է ասվում :

Հարց. Սիմոնի՝ Աստվածածնի ազգական լինելը որտեղի՞ց է հայտնի:

Պատասխան. Այնտեղից է հայտնի, որ Աստվածածինը սկզբից հարսանիքում էր, ու հետո Հիսուսն էլ հրավիրվեց: Նաև գինի հայթայթելու հոգսն Աստվածածնի վրա ընկավ, որովհետև հարսանիքի պակասության հոգսը ազգականը պիտի կրի, ոչ թե՝ օտարը: Եթե Աստվածածինը ազգական չլիներ, գինի չունենալու հոգսը իր ինչի՞ն էր պետք, որ Հիսուսին աղաչեր, թե գինի չունեն: Դրա համար մի՛ կասկածիր, այդ չորս եղբայրը Տիրոջ մորաքրոջ՝ Մարիամի զավակներն են:

--------------------
Հին հղումը
Հատկորոշիչներ՝ երկնքի, ճանապարհ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Շավիղ ԼԸ.

Հարց. Կարծես հասկացա, որ չորս խորհելիք նյութերից...

Շավիղ ԼԷ.

Հարց. Շատ լավ: Հասկացա, որ ամեն բանից առաջ պիտի...

Շավիղ ԼԶ.

Հարց. Եթե մեղքից հեռու պահող այլ խրատ ունես,...