Շավիղ Ե.

Շավիղ Ե.

Հարց. Այդ միջոցին ի՞նչ եղավ Հիսուս:

Պատասխան. Հիսուսն Ինքն էլ մկրտվեց սուրբ Կարապետի կողմից, ինչպես որ գրում է Մատթեոս ավետարանիչը. «Եվ երբ Հիսուս մկրտվեց, իսկույն ջրից դուրս ելավ» (Մատթեոս Գ 16):

Հարց. Ինչո՞ւ է Հիսուսի համար ասում, թե ջրից շուտ դուրս եկավ:

Պատասխան. Հիսուս մեղք չուներ, որ խոստովանելով ջրի մեջ երկար մնար, դրա համար էլ շուտ դուրս եկավ:

Հարց. Հիսուսի մկրտվելուց հետո հրաշք երևա՞ց:

Պատասխան. Այո՛, երբ Հիսուս ջրից դուրս ելավ, երկինքը բացվեց ու Սուրբ Հոգին աղավնու պես իջավ Նրա վրա, և Հայր Աստված ամպի միջից կանչեց. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթեոս Գ 17):

Հարց. Ո՞ւր գնաց Հիսուս մկրտվելուց հետո:

Պատասխան. Գնաց անապատ՝ սատանայից փորձվելու: Քառասուն ցերեկ ու քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո, երբ քաղցեց, սատանան մոտեցավ Նրան փորձելու համար. որովհետև Հիսուսին էլ Ադամի պես կարծելով ասաց՝ «Սրան էլ կարող եմ խաբել», բայց ինքը պարտվեց ու ամոթահար գնաց (Մատթեոս Դ 1):

Հարց. Հետո ո՞ւր գնաց Հիսուս:

Պատասխան. Անապատից իջնելով՝ գնաց Զաբուղոնի և Նեփթաղիմի երկիրը՝ Տիբերիա ծովի ափին գտնվող Կափառնաում կոչվող քաղաք, և այնտեղ էր բնակվում (Մատթեոս Դ 14):

Հարց. Հետո ի՞նչ արեց Հիսուս:

Պատասխան. Ինքն էլ սուրբ Կարապետի պես քարոզել սկսեց. «Ապաշխարե՛ք, երկնքի արքայությունը մոտ է» ասելով:

Հարց. Հիսուս հրա՞շք էլ կատարեց:

Պատասխան. Այո՛, բազում հրաշքներ կատարեց. նախ՝ ջուրը գինի դարձրեց, ապա՝ կաղերին քայլեցրեց, դիվահարներին բժշկեց, բացեց կույրերի աչքերը, խուլերի ականջները, համրերի լեզուները, բորոտներ մաքրեց, մեռյալներին կյանք պարգևեց, Տիբերիա ծովի վրա քայլեց, հինգ հացով և երկու ձկով հինգ հազարից ավելի մարդ կերակրեց, և դեռ տասներկու զամբյուղ էլ հաց ու ձուկ ավելացավ:

Հարց. Այդ ի՞նչ մեծ բարերարություն և ի՞նչ շնորհ է, որ կատարել է Հիսուս մարդկային բնության համար. այդ հրաշքների մասին նախապես գրվա՞ծ էր:

Պատասխան. Այո՛, Եսայի մարգարեն գրում է. «Այն ժամանակ կույրերի աչքերը պետք է բացվեն, և խուլերի ականջները լսեն. այն ժամանակ կաղը եղջերուի պես պիտի վազի, և ծանրախոսների լեզուն պարզ պիտի դառնա» (Եսայի ԼԵ 5):

Հարց. Հիսուս մենա՞կ էր շրջում, թե՞ աշակերտներ ուներ:

Պատասխան. Տասներկու աշակերտներ ուներ, որոնցից ոմանք ձկնորսներ էին, ոմանք էլ՝ մաքսավոր: Հիսուս կանչեց նրանց ու ասաց. «Իմ հետևի՛ց եկեք, և Ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ» (Մատթեոս Դ 19): Նրանք էլ եկան, և միշտ Իր հետ էին շրջում:

Հարց. Աշակերտների մասին նախապես գրված կա՞ր:

Պատասխան. Այո՛, Երեմիա մարգարեն գրում է. «Ահավասիկ Ես կուղարկեմ բազում ձկնորսների և որսորդների, ու նրանք կորսան նրանց» (Երեմիա ԺԶ 16):

Հարց. Ի՞նչ էին աշակերտների անունները:

Պատասխան. Պետրոս, Անդրեաս, Հակոբոս, Հովհաննես, Փիլիպոս, Բարդուղիմեոս, Թովմաս, Մատթեոս մաքսավոր, Թադեոս, Ալփեայի որդի Հակոբոս, Սիմոն Կանանացի, Հուդա Իսկարիովտացի, որն էլ Հիսուսին մատնեց:

Հարց. Աշակերտներն իրար ազգականնե՞ր էին:

Պատասխան. Պետրոսն ու Անդրեասը եղբայրներ են, եղբայր են նաև Հակոբոսն ու Հովհաննեսը: Թադեոսին Հուդա էլ են անվանում, իսկ Հակոբոս Ալփեային էլ՝ Տեառնեղբայր:

Հարց. Դարձյալ միտքս շփոթեցրիր, եղբա՛յր, Հիսուս եղբայր ունի՞:

Պատասխան. Ինչո՞ւ նորից միտքդ շփոթվեց, գեթ մի անգամ լսիր ինձ, տես՝ ինչ պետք է ասեմ քեզ վերջում: Հիսուս եղբայր չունի, և հիմա քեզ չեմ կարող բացատրել. երբ ժամանակը գա, հերթով կասեմ, իսկ հիմա այլ հարցեր տուր:

------------------------------
Հին հղումը

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ