Սուրբ նախահայրերի` Ադամի, Աբելի, Սեթի, Ենովսի, Ենովքի, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամի, Իսահակի, Հակովբի, Հովսեփի, Մովսեսի, Ահարոնի, Եղիազարի, Հեսուի, Սամվելի, Սամսոնի, Հեփթայեի, Բարակի, Գեդեոնի և մյուս սբ նախահայրերի հիշատակի օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Նախահայրեր։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Ծննդոց, 4. 1-8

Ադամը պառկեց իր կին Եւայի հետ, սա յղիացաւ, ծնեց Կայէնին ու ասաց. «Մարդ ծնեցի Աստծու զօրութեամբ»: Դրանից յետոյ նա ծնեց նրա եղբայր Աբէլին: Աբէլը դարձաւ ոչխարների հովիւ, իսկ Կայէնը հող էր մշակում: Որոշ ժամանակ անց Կայէնը երկրի բարիքներից ընծայ բերեց Աստծուն, իսկ Աբէլը բերեց իր ոչխարների առաջնեկներից ու գէրերից: Աստուած բարի աչքով նայեց Աբէլին ու նրա ընծաներին, իսկ Կայէնի ու նրա ընծաների վրայ ուշադրութիւն չդարձրեց: Կայէնը շատ տրտմեց, նրա դէմքը մռայլուեց: Տէր Աստուած Կայէնին ասաց. «Ինչո՞ւ տրտմեցիր, ինչո՞ւ մռայլուեց դէմքդ: Չէ՞ որ եթէ արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում: Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատուել, դու ի վիճակի ես այն յաղթահարելու»: Կայէնն ասաց իր եղբայր Աբէլին. «Արի գնանք դաշտ»: Երբ նրանք դաշտ հասան, Կայէնը յարձակուեց իր եղբայր Աբէլի վրայ եւ սպանեց նրան:

Ծննդոց, 18. 33 – 19. 2

Եւ Տէրը, վերջացնելով Աբրահամի հետ խօսակցութիւնը, գնաց, իսկ Աբրահամը վերադարձաւ իր բնակատեղին:

Երկու հրեշտակները երեկոյեան եկան Սոդոմ: Ղովտը նստած էր Սոդոմի դարպասի մօտ: Երբ Ղովտը տեսաւ նրանց, ընդառաջ գնաց, գլուխը խոնարհեց մինչեւ գետին ու ասաց. «Համեցէ՛ք, տիա՛րք, եկէք մտէ՛ք ձեր ծառայի տունը եւ գիշերեցէ՛ք այստեղ: Ես կը լուամ ձեր ոտքերը, եւ դուք վաղ առաւօտեան կը շարունակէք ձեր ճանապարհը»: Նրանք ասացին. «Ո՛չ, մենք այստեղ՝ քաղաքի հրապարակում կը գիշերենք»:

Թվեր, 20. 23-30

Տէրը Հոր լերան վրայ, Եդոմացիների երկրի սահմանի մօտ, խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. «Ահարոնը մեռնելով թող միանայ իր նախնիների մեռելներին: Նա չի մտնելու այն երկիրը, որ ես տուել եմ իսրայէլացիներին, որովհետեւ դուք ինձ բարկացրիք Հակաճառութեան ջրի հարցում: Ահարոնին ու նրա որդի Եղիազարին ամբողջ ժողովրդի ներկա յութեամբ բարձրացրո՛ւ Հոր լեռը: Ահարոնի վրայից հանի՛ր նրա պատմուճանը եւ այն հագցրո՛ւ նրա որդի Եղիազարին, եւ Ահարոնն այնտեղ թող մեռնի ու միանայ իր նախնիների մեռելներին»: Մովսէսն արեց այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել իրեն. նա ամբողջ ժողովրդի ներկայութեամբ Ահարոնին բարձրացրեց Հոր լեռը, նրա վրայից հանեց նրա զգեստները եւ դրանք հագցրեց նրա որդի Եղիազարին: Ահարոնը մեռաւ լերան գագաթին, իսկ Մովսէսն ու Եղիազարը իջան լեռից:

Ամբողջ ժողովուրդը տեսաւ, որ վախճանուեց Ահարոնը, եւ բոլոր իսրայէլացիները երեսուն օր ողբացին Ահարոնի մահը։

Բ. Օրենք, 34. 5-12

Եւ Տիրոջ ծառայ Մովսէսը վախճանուեց Մովաբի երկրում, Տիրոջ խօսքի համաձայն: Նրան թաղեցին Գայիում, Փոգորի տան մօտ, եւ ոչ ոք մինչեւ այսօր չգիտի, թէ որտեղ է նրա գերեզմանը: Երբ Մովսէսը վախճանուեց, հարիւր քսան տարեկան էր: Այդ տարիքում ո՛չ նրա տեսողութիւնն էր վատացել, ո՛չ էլ դէմքը խորշոմել: Իսրայէլացիները Մովաբի երկրի Արաբոթ վայրում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց երեսուն օր ողբացին: Վերջացան Մովսէսի սգոյ լացի օրերը: Նաւէի որդի Յեսուն լցուեց իմաստութեան հոգով, որովհետեւ Մովսէսն իր ձեռքը դրել էր նրա վրայ: Իսրայէլացիները հնազանդուեցին նրան եւ արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին: Իսրայէլում այլեւս Մովսէսի նման մարգարէ չելաւ: Նա մի մարդ էր, որին Տէրը երես առ երես ճանաչեց: Եգիպտացիների երկրում փարաւոնի, նրա պաշտօնեաների հանդէպ կատարուող Տիրոջ առաքած բոլոր նշաններն ու զարմանահրաշ գործերը, նրա ամբողջ երկրի հանդէպ եղած մեծամեծ նշանները Մովսէսը իսրայէլացիների առջեւ կատարում էր ամուր ձեռքով եւ հզօր բազուկով:

Հեսու, 24. 29-33

Եւ Իսրայէլը պաշտեց Տիրոջը Յեսուի կենդանութեան բոլոր օրերին եւ այն ծերերի կենդանութեան բոլոր օրերին, որոնք ողջ մնացին Յեսուից յետոյ, եւ որոնք տեսան Տիրոջ բոլոր գործերը, որ նա արեց Իսրայէլի համար: Սրանից յետոյ Նաւէի որդի Յե սուն՝ Տիրոջ ծառան, հարիւր տասը տարեկանում մեռաւ: Նրան թաղեցին իր ժառանգութեան սահմաններում, Թամնասաքարում, Եփրեմի լերան վրայ, Գայաս լերան հիւսիսային կողմում: Այնտեղ, որտեղ թաղեցին նրան, որպէս յիշատակ նրա հետ դրին այն քարէ սրերը, որոնցով նա Գաղգաղայում թլփատել էր իսրայէլացիներին, երբ նրանց հանեց Եգիպտոսից, ինչպէս հրամայել էր Տէրը. դրանք այնտեղ են մինչեւ այսօր: Իսրայէլացիները Եգիպտոսից հանեցին Յովսէփի ոսկորները եւ դրանք թաղեցին Սիկիմում, ագարակի այն մասում, որ հարիւր գառով առել էր Յակոբը Սիկիմում բնակուող ամորհացիներից եւ բաժին էր տուել Յովսէփին: Դրանից յետոյ վախճանուեց Եղիազար քահանան՝ Ահարոնի որդին, եւ թաղուեց իր որդի Փենէէսին պատկանող Գաբաաթում, որ տուել էին նրան Եփրեմի լերան վրայ:

Թագավորների Ա. գիրք, 15. 34-35, 25. 1

Սամուէլը գնաց Արիմաթէմ, իսկ Սաւուղը ելաւ գնաց Գաբաա, իր տունը: Սամուէլը մինչեւ իր մահուան օրը այլեւս չտեսաւ Սաւուղին, քանզի Սամուէլը Սաւուղի համար սուգ էր անում: Եւ Տէրը զղջացել էր, որ Սաւուղին թագաւոր էր օծել Իսրայէլի վրայ:

Մեռաւ Սամուէլը, եւ ամբողջ Իսրայէլը հաւաքուեց ու ողբաց նրան։ Նրան թաղեցին Արիմաթէմի իր տանը։

Պողոս Առաքյալի նամակը եբրայեցիներին, 11. 1-31

Ի՞նչ է հաւատը, եթէ ոչ՝ յուսացուած բաների հաստատումը եւ ապացոյցն այն բաների, որոնք չեն երեւում, քանզի նախնիք հաւատո՛վ վկայութիւն ընդունեցին: Հաւատո՛վ ենք իմանում, որ աշխարհներն ստեղծուել են Աստծու խօսքով՝ անտեսանելի բաներից տեսանելիներ դառնալով: Հաւատո՛վ էր, որ Աբէլը Աստծուն աւելի լաւ զոհ մատուցեց, քան Կայէնը, որով էլ վկայութիւն ստացաւ, որ արդար է. քանի որ նրա մատուցած զոհերի՛ համար տրուեց նրան վկա յութիւն Աստծուց: Նա, թէպէտեւ հաւատով մեռաւ, սակայն խօսում է դեռ: Հաւատո՛վ Ենոքը փոխադրուեց երկինք, որպէսզի մահ չճաշակի. եւ նա ոչ մի տեղ չգտնուեց, քանի որ Աստուած նրան տարել էր: Եւ նախքան իր տարուելը, նրան վկայութիւն էր տրուել, որ ինքը հաճելի էր Աստծուն: Բայց առանց հաւատի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մօտենում է Աստծուն, պէտք է հաւատայ, որ Աստուած կայ եւ վարձահատոյց է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն: Հաւատո՛վ է, որ Նոյը, պատգամ ստանալով դեռեւս անտեսանելի բաների մասին, վախից բռնուած՝ իր ընտանիքի փրկութեան համար տապանը պատրաստեց, որով եւ դատապարտեց աշխարհը եւ ժառանգորդ եղաւ այն արդարութեան, որ հաւատից է: Հաւատո՛վ է, որ Աբրահամը, երբ կանչուեց, հնազանդուեց եւ գնաց այն տեղը, որն ստանալու էր որպէս ժառանգութիւն. ելաւ գնաց. եւ չգիտէր՝ ուր էր գնում: Հաւատո՛վ նա պանդուխտ դարձաւ աւետեաց երկրում, ինչպէս օտարութեան մէջ, վրանների տակ բնակուեց Իսահակի եւ Յակոբի հետ միասին, որոնք ժառանգակից էին նոյն խոստման, քանզի սպասում էր հիմքերով հաստատուած քաղաքին, որի ճարտարապետը եւ արարիչը Աստուած է: Հաւատո՛վ ինքը Սառան էլ, որ ամուլ էր, որդեծնութեան սերմն ստանալու զօրութիւնը ունեցաւ եւ ծնեց առաջացած տարիքում, քանի որ հաւատարիմ համարեց նրան, ով խոստացաւ այդ բանը: Ուստի մէկից, այն էլ տարիքն առած մի մարդուց, ծնուեցին սերունդներ այնքան շատ, որքան երկնքի աստղերը եւ անթիւ անհամար աւազը ծովի ափին: Հաւատի՛ մէջ մեռան սրանք բոլորը եւ՝ դեռեւս խոստումները չստացած. բայց հեռուից տեսան այդ խոստումները եւ ցնծացին ու խոստովանեցին, թէ իրենք օտար եւ պանդուխտ են երկրի վրայ: Բոլոր նրանք, որ այսպիսի բաներ են խօսում, յայտնի են անում, թէ մի հայրենի երկիր են փնտռում, քանզի եթէ յիշէին այն երկիրը, որտեղից իրենք ելան, ժամանակ ունէին նորից դառնալու այնտեղ: Յիրաւի, մի աւելի լաւ տեղ են տենչում, այսինքն՝ երկնաւոր մի վայր: Ահա թէ ինչու Աստուած ամօթ չի համարում նրանց Աստուածը կոչուել, քանի որ քաղաք պատրաստեց նրանց համար: Հաւատո՛վ է, որ Աբրահամը, իր փորձութեան մէջ, Իսահակին որպէս զոհ մատուցեց. եւ նա, ով խոստումն էր ընդունել, իր միամօրիկ որդուն էր որպէս զոհ մատուցում: Աբրահամին ասուած էր, թէ՝ Իսահակո՛վ քեզ սերունդ պիտի տրուի: Աբրահամը իր մտքում մտածեց, թէ Աստուած կարո՛ղ է մեռելներից էլ յարութիւն տալ Իսահակին: Ուստի եւ, որպէս նախօրինակ այդ բանի, նա յետ ստացաւ իր որդուն: Հաւատո՛վ Իսահակը օրհնեց Յակոբին եւ Եսաւին՝ գալիք բաների յոյսով: Հաւատո՛վ օրհնեց Յակոբը իր մեռնելու ժամանակ Յովսէփի որդիներից ամէն մէկին եւ երկրպագեց Աստծուն՝ իր գաւազանի ծայրին յենուած: Հաւատո՛վ յիշեց Յովսէփը իր կեանքի վախճանին իսրայէացիների ելքը եւ իր ոսկորների վերաբերեալ պատուէր տուեց: Հաւատո՛վ է, որ, երբ Մովսէսին ծնեցին, նրա ծնողները երեք ամիս թաքցրին նրան, քանզի տեսան կայտառ մանկանը եւ չվախեցան թագաւորի հրամանից: Հաւատո՛վ է, որ Մովսէսը, երբ մեծացաւ, մերժեց Փարաւոնի դստեր որդի կոչուել. նախընտրեց չարչարուել Աստծու ժողովրդի հետ, քան միառժամանակ մեղապարտ հաճոյքներ վայելել. կարեւոր համարեց Քրիստոսի կրած նախատինքները, քան Եգիպտոսի գանձերի առատութիւնը. որովհետեւ, աչքերը յառած, վարձատրութեան էր սպասում: Հաւատո՛վ թողեց Եգիպտոսը եւ չէր վախենում թագաւորի ցասումից, քանզի համբերեց, որպէս թէ անտեսանելին էր տեսնում: Հաւատո՛վ կատարեց զատիկը եւ արեան շաղ տալը, որպէսզի անդրանիկներին սպանողը չմօտենայ նրանց: Հաւատո՛վ անցան նրանք Կարմիր ծովով, որպէս թէ ցամաք երկիր լինէր, մինչ եգիպտացիները, նոյնը փորձելով, խեղդուեցին: Հաւատո՛վ ընկան Երիքովի պարիսպները, երբ նրանք եօթը օր շրջեցին նրանց շուրջը: Հաւատո՛վ է, որ անհաւատների հետ կորստեան չմատնուեց պոռնիկ Ռախաբը, որ խաղաղութեամբ ընդունել էր լրտեսներին:

Ավետարան ըստ Ղուկասի, 20. 34-40

Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Այս աշխարհի որդիները կին են առնում եւ մարդու են գնում, իսկ նրանք, որոնք արժանի կը լինեն այն աշխարհին հասնելու եւ մեռելներից յարութիւն առնելու, ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդու են գնում, քանի որ այլեւս մեռնել անգամ չեն կարող, որովհետեւ հրեշտակների նման են եւ Աստծու որդիներ, քանի որ յարութեան որդիներ են: Իսկ թէ մեռելները յարութիւն են առնում, Մովսէսն էլ այդ գուշակեց մորենու օրինակի մէջ, ինչպէս որ ասում է Տիրոջ մասին՝ «Աստուած Աբրահամի, Աստուած Իսահակի եւ Աստուած Յակոբի»: Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի, որովհետեւ բոլորը նրա համար կենդանի են»: Օրէնսգէտներից ոմանք նրան պատասխանեցին եւ ասացին. «Վարդապե՛տ, լա՛ւ ասացիր»: Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան որեւէ բան հարցնել:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Սրբոց նախահարցն՝ Ադամայ, Աբէլի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարօնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուէլի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէօնի եւ այլոց սրբոց նախահարցն:

Օրհ. ակ. Որ զԱստուածային: Հրց. դկ. Առ քեզ Աստուած: Մեծ. դկ. Նահապետացն։ Ողորմեա եւ զՏէր յերկնից՝ զՄարգարէիցն ասա, Ողոր. դձ. Որ աւետաւոր։ Տէր յերկնից դձ. Այսօր ժողովուրդք։ Մնկ. եւ Հմբ. դկ. Այսօր ցնծայ զուարճացեալ։ Ժմտ. Տէր որ հիմնեցուցեր։ Ճշ. շրկ. աձ. Ճառագայթ։

, , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ