Սուրբ նախահայրերի՝ Ադամի, Աբելի, Սեթի, Ենովսի, Ենովքի, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամի, Իսահակի, Հակոբի, Հովսեփի, Մովսեսի, Ահարոնի, Եղիազարի, Հեսուի, Սամվելի, Սամփսոնի, Հեփթայեի, Բարակի, Գեդեոնի և մյուս սուրբ նախահայրերի հիշատակությունը Հայ Եկեղեցու օրացույցում

Նախահայրերը հինկտակարանյան այն անձերն են, որոնց համար Հին Ուխտի Յոթանասնից թարգմանությունը գործածում է «պատրիարք» բառը, որն օգտագործվում էր կրոնական և քաղաքացիական աշխարհիկ առաջնորդների համար: Նախահայր բառի համարժեքն է նաև նահապետ բառը: Աստվածաշունչ մատյանում ներկայացված է նահապետների երկու ցուցակ: Առաջինը (Ծննդ. Դ 17-18) սկսվում է Կայենով՝ հասնելով մինչև Մաթուսաղա և Ղամեք, իսկ մյուսը՝ (Ծննդ. Ե 30-31) սկսվում է Սեթով և վերջանում կրկին Ղամեքով: Քրիստոնեական եկեղեցին սրբերի շարքն է դասել նաև մարդկության նախահայր Ադամին, հաստատելով այն ճշմարտությունը, որ Քրիստոսի փրկչական արյունը թափվել է բոլոր ադամորդիների համար՝ սկսած նրանց նախահորից, և որ Ադամի փրկությամբ վերանում է ադամական անեծքը բոլոր նրանցից, ովքեր ապաշխարելով հավատում ու մկրտվում են՝ դառնալով Քրիստոսի եկեղեցու անդամ։

Նախահայրերին կամ նահապետներին վերապահված էր շատ կարևոր դերակատարություն: Նրանցից շատերն ապրել են անգամ հարյուրավոր տարիներ, քանզի իրենց մտքում և հոգում ունեցել են աստվածայինին մերձենալու և աստվածահաճո կյանք վարելու ձգտումը: Վայելելով ու զգալով Աստծո ներկայությունը՝ նրանք խրատում, զգուշացնում և ուսուցանում էին ժողովրդին՝ ետ պահելով նրանց խոտոր ճանապարհներից: Իրենց սրբակենցաղ կյանքի ու արդարության շնորհիվ նրանք կենդանի օրինակներ էին և են մարդկանց համար: Նրանց կենցաղավարության գերագույն նպատակը Աստծո ամենազոր կամքի իրագործումն էր: Լինելով բարեխոսներ Բարձրյալի մոտ՝ նրանք է՛լ ավելի անմիջական էին դարձնում Աստված-մարդ հարաբերությունը, որի կարիքը միշտ էլ զգացվում է: Սակայն առավել ևս այսօրվա ապրողների համար արժեքավոր ու ուսուցանող է նրանց արդարությանը ձգտելու ու հասնելու սուրբ տենչը:

Սուրբ նախահայրերի հիշատակը Հայ Եկեղեցում տոնվում է Վարդավառի երկրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը։

, , , , , , , , , , , , , , , , , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ