Յակոբ Սրճեցու կեանքը (արևելահայերէն)

ՆԱԻՐԱ ԹԱՄԱՄԵԱՆ

ՅԱԿՈԲ ՍՐՃԵՑԻ

Մատենագիր, բանաստեղծ, ասորական եկեղեցու հայրերից Յակոբ Սարուգեցին հայ մատենագրութեան մեջ յայտնի է Յակոբ Սրճեցի կամ Յակոբ Արծուապայի եպիսկոպոս անուններով: Ծնուել է 451 (450) (1) թ. Եփրատի ափին գտնվող Քուրտամ (Կուրտամ՝ այժմ՝ Քուրտման) գիւղում (Սարուգի շրջանում (2))՝ Հառանից արեւմուտք: Հայրը քահանայ էր. երկար ժամանակ անզաւակ մնացած ծնողների համար նրա ծնունդը դիտուել է որպէս հատուցում իրենց կատարած ողորմութեան, աղօթքի եւ ուխտի դիմաց: Յակոբի ուսման եւ կրթութեան մասին որոշակի փաստեր յայտնի չեն: Մօտաւորապէս 470ին նա, հաւանաբար, Եդեսիայի նշանաւոր աստուածաբանական դպրոցի սան էր (3): Կարճ ժամանակ անց նա հռչակւել է իր գիտական, հռետորական կարողութիւններով: 503ի հոկտեմբերին (4) Պարսից Սասանեան Կաւատ Ա. արքան պաշարել էր Ամիդ քաղաքը, եւ 3 ամիս տեւած պաշարման ընթացքում վախեցել ու յուսալքուել էին ոչ միայն այդ, այլեւ հարեւան քաղաքների ու գաւառների բնակիչները, պատրաստւում էին լքել իրենց բնակավայրերը եւ անցնել Եփրատի արեւմտեան կողմը. միայն «յարգելի նուիրակ Յակոբը, որը շատ ճառեր է գրել Սուրբ Գրքի անցքերի շուրջ, եւ գրել բազմաթիւ օրհներգներ ու գանձեր՝ մորեխների ժամանակի մասին, չզլացաւ եւ իրեն պարտականութիւն համարեց բոլոր քաղաքներին զգուշացնող նամակներ գրել, խնդրելով նրանց, որ հաւատան աստուածային փրկութեան, եւ համոզեց նրանց չգաղթել» (5): Այս նոյն թուականին նա դարձել է Սարուգ գաւառի Հաւրա քաղաքի (իր ծննդավայրից ոչ հեռու) հոգեւոր տեսուչ (6):

507 թ. որպես հոգեւոր տեսչի նրան դրուատանքով է յիշատակել Յեսու Սիւնակեացը: 519 թ. ձեռնադրւել է Սրուճի գլխաւոր քաղաք Բատնանի եպիսկոպոս: Շատ կարճ պաշտօնավարելով՝ 521 թ. նոյեմբերի 29-ին այստեղ էլ կնքել է իր մահկանցուն:

Յակոբ Սրճեցու ժառանգութեան մէջ, ի տարբերութիւն չափածոյի, իր համեստ բաժինն ունի արձակը: Նրան են վերագրւում 6 տօնական ճառեր, ճառ այն մասին, որ պէտք է չանտեսենք մեր մեղքերը կամ թեթեւօրէն վերաբերուենք նրանց նկատմամբ, Մեծի պահոց երրորդ շաբաթուայ չորեքշաբթի օրուայ կէսգիշերային կարգին նուիրուած ճառ, ինչպէս նաեւ՝ դամբանական մի քանի կարճ ճառեր: Յակոբ Սրճեցու գրչին են պատկանում Մար-Հանինի վարքը (նուիրուած ոմն Փիլոթէոսի), նամակներ, որոնց մէջ, ի դէպ, յստակօրէն դրսեւորուած են հեղինակի քրիստոսաբանական համոզումները: Բար-Հեբրէոսի վկայութեան համաձայն, իր աշակերտ Մար-Գէորգի խնդրանքով, Յակոբ Սրճեցին գրել է Եւագր Պոնտացու «Վեցհարիւրաւորք»ի մեկնութիւնը, բայց որովհետեւ Մար-Գէորգը, որը արաբական ցեղերի եպիսկոպոսն էր, Յակոբ Եդեսացու ժամանակակիցն էր, ուստի այս տեղեկութիւնն անվաւեր է համարւում. ամէն պարագայի նման երկասիրութիւն մեզ չի հասել: Նաեւ հեղինակ է դաւանաբանական եւ պատմական կարեւոր արժէք ունեցող ծաւալուն նամակների, սրանց միջոցով պարզաբանւում են ասորական եկեղեցու եւ պատմութեան որոշ հարցեր: Նամակները վերաբերում են հիմնականում միաբնակութեան եւ երկաբնակութեան հրատապ խնդիրներին:: Ինչպէս յայտնի է, այդ ժամանակ նեստորականութիւնը պայքարում էր ասորական եկեղեցում իր գերակայութիւնը հաստատելու համար: Եւ այդ բանավէճում հեղինակը յստակ ներկայացնում էր իր հայեցակէտը

Յակոբ Սրճեցու ժառանգութեան գերակշիռ մասը չափածոյ ստեղծագործողութիւններ են: Հիմնական գրուածքները ճառերի երկար շարքեր են եւ ներբողներ՝ մեծ մասը սուրբգրային թեմաներով եւ գրուած 12վանկեայ չափով, ինչի շնորհիւ էլ երախտաւոր այս այրը մեծարուել է «Սուրբ Հոգու սրինգ», «հավատացեալ եկեղեցու տաւիղ» անուններով: Նրա խրատական քերթուածներն ընդօրինակելու համար աշխատում էին 70 սղագիր գրիչներ (7): Մեկնութիւններից, նամակներից, ներբողներից եւ օրհներգութիւններից զատ, Բար-Հերբէոսի վկայութեամբ, նրա քերթուածների թիւը հասնում է 760ի (8), որոնցից մեզ է հասել մոտ 300ը: Հռետորական ակնյայտ արժանիքներ ունեցող խրատներից են, օրինակ, հետեւեալները. Սիմէոն Սիւնակեացի, եդեսացի վկաներ Գորիայի, Շմաւոնի, Հաբիբի, Եզեկիէլի տեսիլքի կառքի, Մարիամ Աստուածածնի (2 խրատ), մեր Տիրոջ եւ Յակոբի, Եկեղեցու եւ Ռաքելի, Լիայի եւ ժողովարանի, երկու թռչունների (Ղեւտ. ԺԴ. 4), երկու այծերի՝ նոխազների (Ղեւտ. ԺԶ. 7), Մովսէսի քօղի (Ելք ԼԴ. 33), Թամարի մասին, ինչպես նաեւ՝ պալատի մասին, որ Թովման Հնդկաստանի արքայի համար կառուցեց երկքում, Եփեսոսի քնած 7 մանուկների, Կոստանդին կայսեր մկրտութեան, Սեբաստիայի 40 նահատակների մասին եւ այլն: Ինչպէս նկատուած է մասնագիտական գրականութեան մէջ, խրատների միակ թերութիւնը երկարաշունչ շարադրանքն ու ձգձգուածութիւնն է (այս տեսակէտից բնորոշ է յատկապէս Եզեկիէլի կառքին նուիրուած քերթուածը, որն ունի 1400 տող):

Հայերէն թարգմանութեամբ յայտնի են Յակոբ Սրճեցու ճառերը, որոնք զետեղուած են Ճառընտիր ժողովածուներում: Նրանց թարգմանութիւնը ասորերէնից արուել է ԺԲ-ԺԳ. դդ.: Այսպէս՝ «Սրբոյ Յակովայ Սրճո[յ] եպիսկոպոսի ներբողեան ի սուրբ առաքեալն Թադէոս եւ ի յԱբգար արքա[յ] Հայոց եւ Ասորոց» ճառին կից յիշատակարանում գրուած է. «Ի ՈՂԵ. (1246) թւին հայոց թարգմանեցաւ ճառս յասորոց ի ձեռն Շմոնի քահանայի ասորւոյ, հրամանաւ Վարդան վարդապետի» (9): Մէկ այլ ճառի՝ «Սրբոյն Յակոբայ Սրճոյ եպիսկոպոսի՝ Վասն առաջին խորհրդոյն եւ ի վերա[յ] նահապետացն եւ մարագրէիցն», նոյն թուականի թարգմանութեան յիշատակարանը վկայում է. «Զայս ճառ ներբողենից սրբոյն Յակոբայ եւ այլ յոլով բանք թարգմանեաց վարդապետն Վարդան», որը Վարդան Արեւելցին է (10):

Այս երկու ճառերից բացի, հայերէն թարգմանուած են.

«Սրբոյ Յակովբայ Սրճոյ եպիսկոպոսի ասացեալ ի յարութիւնն Ղազարու», «Ի սուրբ Զատիկն եւ Յարութիւն Փրկչին մերոյ Յիսուսի Քրիստոսի», «Ի Յարութիւն Տեառն եւ ի զինուորսն», «Ի համբարձումն Տեառն», «Ի Նոր կիրակէն եւ ի սուրբ առաքեալն Թովմաս», «Ներբողեան ասացեալ ի ննջումն սրբոյ Աստուածածնին եւ միշտ կուսին Մարիամայ», «Վասն առաջին խորհրդոյն եւ ի վերայ նահապետաց եւ մարգարէից», «Բանք վասն առման տապանակին ի փղշտացւոց» (11), «Բան դրուատեաց ի Յովհաննէս Մկրտիչն եւ Կարապետ Քրիստոսի» (12), «Ի Յարութիւն Քրիստոսի», «Յաղագս Անտիոքայ քաղաքին, թէ որպէս մտին առաքեալքն Պետրոս եւ Պաւղոս եւ Յովհաննէս եւ աշակերտեցին զնոսա ի հաւատս Քրիստոսի» (այս ճառը հայերէն ձեռագրերում հանդիպում է նաեւ «Յակոբայ Սրճեցոյ եպիսկոպոսի ասացեալ բան զարմանալի վասն դարձի Անտիոքայ քաղաքին» խորագրով), «Դարձեալ ճառ վասն Անտիոքայ ասացեալ», «Վարք սրբոյն Դանիէլի Գալաշացւոյ» (13): Վերջինիս ասորերէն բնագիրը տակաւին անտիպ է: Հայերէն թարգմանութիւնը կատարուած է 1651 թ., ամենայն հաւանականութեամբ Վարդան Բաղիշեցու աշակերտներից մէկի՝ Սարգիս Ամդեցու կողմից:

«Յաւուր մեծի խաչելութեանն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ յաւազակն, որ հրաւիրեցաւ ի դրախտն եւ ի սերովբէն, որ պահէր զճանապարհ ծառոյն կենաց» ճառը (14) (որ ասորերէն բնագրին «չի միաբանիր առ Ասեմանեայ Հտր. Ա, 325» (15)), ըստ ձեռագրերից մէկի յիշատակարանի թարգմանուել է ասորերէնից «հրամանաւ տեառն Գրիգորիսի Հայոց կաթողիկոսի, ի ձեռն քահանայի ումեմն Իսահակ անուն կոչեցեալ, ասորի ազգէ, անարուեստ գոլով մերոյ դպրութեանս, շաղփաղփ եւ կոկորդախօս լեզուաւ, եւ ստուգեցաւ ի սուրբ եւ յանբիծ եւ ի մեծ արհիեպիսկոպոսէ ի տեառն Նէրսիսէ հռետոր իմաստասիրէ» (16):

Այս ճառը հանդիպում է նաեւ այլ վերնագրով. «Երանելւոյ սրբոյն Յակոբայ Սրճոյ եպիսկոպոսի ասացեալ ի յօր մեծի ուրբաթին չարչարանաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի յիններորդ ժամու» (17):

 ——————————————————————–
(1) Hugoye: Journal of Syriac Studies.- syrcom.cua.edu/Hugoye/Vol1No1/MysSymJSarug.html#S01
(2) Սերուգ կամ Սարուգ. գաւառ Ասորիքում, Եփրատի աջափնեակին, հարաւային Միջագետքում՝ Օստրոյէնէում (կենտրոնը՝ Եդեսիա), Կոմմագենեի արեւելեան մասում:
(3) Hugoye: Journal of Syriac Studies.
(4) Ժամանակագրութիւն (Ուհայի, Ամիդի եւ համայն Միջագետքի ծանր ժամանակների պատմութիւնը). – Օտար աղբիւրները Հայաստանի ու հայերի մասին, 8, Ասորական աղբիւներ, Ա., էջ 184:
(5) Նոյն տեղում, էջ 188:
(6) «Jacob Of Serugh.» Encyclopædia Britannica Online. 28 Jul. 2009. <britannica.com/EBchecked/topic/298971/Jacob-of-Serugh>.
(7) Jacob Of Serugh. (2009). In EncyclopՋdia Britannica Online : britannica.com/EBchecked/topic/298971/Jacob-of-Serugh
(8) Chron. Eccles. i. 191. Նշւում է նաեւ 763. տե՛ս Hugoye: Journal of Syriac Studies.
(9) Փ. Անթաբեան, Վարդան Արեւելցի. կեանքն ու գործունէութիւնը, գ. Ա., Երեւան, 1987, էջ 315:
(10) Նոյն տեղում:
(11) Այս ճառերի տպ. տե՛ս Գիրք եւ ճառ հոգեշահ, Կ. Պոլիս, 1722:
(12) Տե՛ս տպ. «Արարատ» 1888/Ե., էջ 271-287:
(13) Տե՛ս տպ. «Էջմիածին», 1979/Գ., էջ 23-38. աշխ. Լ. Տէր-Պետրոսեանի:
(14) Տե՛ս տպ. Գիրք եւ ճառ հոգեշահ, էջ 170-203:
(15) Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեան ի Վիեննա կազմեց Հ. Յակովբոս վ. Տաշեան, Վիեննա 1895, էջ 1122:
(16) Զարբհանալյան Գ., Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեանց (դար Դ-ԺԳ.), Վենետիկ, 1889, էջ 573:
(17) Տե՛ս Ճաշոց գիրք Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցոյ, հ. Ա., յԵրուսաղէմ, 1873, էջ 229:

, , ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ