Մուտք

Մեր հատուկ շնորհակալությունն ենք
հայտնում գրքի հեղինակին այն Լուսամուտում
հրատարակելու համաձայնության համար

—————————————————————–

Նվիրում եմ ի Քրիստոս ննջած մայրիկիս՝
Գայանե Գրիգորյանի լուսավոր հիշատակին։

Գրիգոր Դարբինյան

ԻՆՉՊԵՍ ԿԱՐԴԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Այս գրքույկը նվիրված է առանձնական աստվածպաշտության կարևորագույն կողմերից մեկին՝ Ս. Գրքի ուղղափառ ընթերցանության սկզբունքներին: Կազմելով գրքույկը` թարգմանաբար և քաղվածաբար օգտագործել ենք Ընդհանրական և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայրերի հոգեշահ ճառերի, քարոզների և մեկնությունների` մեր խնդրին առնչվող տեղիները, ինչպես նաև առանձին հոգևոր հեղինակների համապատասխան գրվածքները: Ընդ որում, մեծապես օգտվել ենք Պրավոսլավ Եկեղեցու հրատարակած համանուն խորագիրը կրող գրքից:
Նյութերը թեմատիկ առումով զետեղված են վեց մասերում և գլուխներում, որոնց բաժանումը ինչ-որ առումով պայմանական է: Բանն այն է, որ միևնույն ասույթի մեջ միաժամանակ արծարծված են հոգևոր ընթերցանության տարբեր խնդիրներին վերաբերող խոսքեր, որոնց դասակարգումը այս կամ այն մասի ու գլխի կատարվել է դրանցից մեկի՝ առավել հատկանշականի ընտրությամբ: Առանձին մասով, իբրև հավելված, համառոտակի շարադրված է մեր մատենագրության մեջ հանդիպող «Սուրբ գրոց ուսման» պատմությունը Հայաստանում: Այն թեև ուղղակիորեն չի առնչվում մեր խնդրին, բայց արժեքավոր և ուսանելի է, քանզի ի հայտ է բերում Աստվածաշունչը սերտելու աստվածային պատվիրանի իրականացումը հոգևոր ավանդություններով հարուստ մեր հնամենի երկրում:
Որոշ կարևորագույն թեմաների նյութերը, որոնք հղումներ չունեն, ամբողջական և ավարտուն տեսքի բերելու նպատակով շարադրվել են մեր կողմից` երկյուղածաբար ու Եկեղեցու սրբազան ավանդության շրջանակներում:
Գրքույկը նախատեսված է Ս. Գիրքը ուղղափառորեն ընթերցել և սերտել ցանկացողների՝ մանավանդ սկսնակների համար:

Մուտք

«Վերածնվեցե՛ք ոչ թե ապականության ենթակա սերմից, այլ անապականից՝ Աստծո կենդանի և մշտնջենական խոսքով, քանզի. «Ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը նման խոտածաղկի. խոտը չորանում է, ծաղիկն էլ թափվում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան, այսինքն՝ այն խոսքը, որ ավետարանվեց ձեզ» (Ա Պետ. Ա 23-25)։

Դարերի, հազարամյակների ընթացքում մարդկության կուտակած բովանդակ կենսափորձն ու գիտելիքը՝ շրջակա աշխարհն ու ինքն իրեն հասկանալու, ճանաչելու և արտահայտելու արգասիքը, ամփոփված է բազմաբնույթ ձեռագրերում ու գրքերում: Այսպես. ցայսօր մարդկանց ձեռքերով տասնյակ միլլիոնավոր գրքեր են գրվել, որոնք մենք ընթերցում ենք գիտելիքներ ձեռք բերելու, մեր հետաքրքրասիրությունները բավարարելու և նաև զվարճանալու նպատակով: Գրքերի այս ահռելի քանակը, սակայն, եթե մի կողմից խոսում է արարչագործության ճանաչողության անսահմանության, բանականությամբ ճշմարտությանը, երևույթների և իրերի բնությանը հասու լինելու դժվարության մասին, ապա մյուս կողմից վկայում այս գործընթացի հակասականության, իրարամերժության և հարաբերականության մասին: Արդյունքում համաշխարհային գրադարանը գիտության և կենսափորձի սահմանների ընդլայնման համեմատ անվերջ համալրվում է նոր գրքերով, որոնք փոխարինելու են գալիս հներին:
Այդպիսին չէ Աստվածաշունչը՝ Աստծո խոսքի հայտնությունը մարդկությանը՝ բոլոր ժամանակների ամենաընթերցվող, ամենահրատարակվող ու ամենահանրաճանաչ գիրքը. «Երկինք և երկիր պիտի անցնեն, բայց Իմ խոսքերը չպիտի անցնեն» (Մատթ. ԻԴ 35): Այն թեպետև մարդկության մշակութային ժառանգության գլուխգործոցն է, սակայն իր ծագմամբ, ճշմարտացիությամբ, հավիտենականությամբ, կատարելությամբ, հոգին և սիրտը կրթելու փրկագործական նպատակադրությամբ, ինչպես նաև սերտողության կարգով ընդհանրության և ոչ մի եզր չունի աշխարհի մյուս բոլոր գրքերի հետ: Քանզի այս Գիրք գրոցը ընդունում ենք. «ոչ որպես մարդկանց խոսք, այլ՝ ճշմարտապես, որպես Աստծո խոսք» (Ս Թեսաղ. Բ 13), և որը նախևառաջ «Աստծո զորություն է՝ ի փրկություն բոլոր հավատացյալների» (Հռոմ. Ա 16): Օժտված լինելով միմիայն իրեն հատուկ բժշկելու, մխիթարելու և կենդանացնելու զորություններով Ս. Գիրքը մյուս գրքերի նման գիտելիքների, տեղեկությունների և իմաստության պարզ ամբողջություն չէ, այլ հոգու ճշմարիտ սնունդ, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն է ասում. «Միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մատթ. Դ 4): Եվ այս հոգևոր սննդից կամա թե ակամա հրաժարվելն է, որ պատճառ է դառնում ժողովրդի «խոտորմանն» ու բարքերի անկմանը և պայմանավորում բովանդակ հասարակական կյանքի ճգնաժամը:
Որտե՞ղ, եթե ոչ այս Կենաց Մատյանում իմաստություն և ճշմարտություն փնտրող մարդն իր ամենանվիրական հարցերի սպառիչ պատասխանները կգտնի՝ ի՞նչ է չարն ու բարին, կյանքն ու մահը, երջանկությունն ու դժբախտությունը և վերջապես ո՞րն է մարդու երկրային կյանքի իմաստը:
Ո՞ր գիրքն է, եթե ոչ Աստվածաշունչը, աստվածահաճո կյանքով ապրողի, հավիտենական և ժամանակավոր բարիք ու խաղաղություն փնտրողի համար, ծառայում «ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծո մարդը և պատրաստ բոլոր բարի գործերի» (Բ Տիմ. Գ 16,17):
Իր տեսակի մեջ եզակի այս երկնառաք Մատյանը՝ քրիստոնեության Սուրբ Գիրքը, որի, ինչպես ասում է Խոսրով Անձևացին.«Պատվիրանների մի նշանախեցն անգամ ավելի մեծ է, քան երկինքն ու երկիրը», թելադրում է ընթերցանության ուրույն եղանակներ: Էապես տարբերվելով աշխարհի մտավոր փորձառությամբ գիտելիքի պարզ յուրացումից, այն նման է մահկանացուի սրտում Աստծու հավիտենական խոսքի հանապազ սերմնացանությանը (ծլելու, աճելու և հավիտենական կյանքի համար պտղաբերելու ակնկալությամբ) և պատվիրված է Աստծուծ ու յուրաքանչյուր քրիստոնյայի սրբազան պարտականությունն է:
Քրիստոսի Եկեղեցին Իր հիմնադրման առաջին իսկ օրից, առաջնորդվելով Աստվածաշունչը հարատև ընթերցելու աստվածային պատգամով, առաջնային է նկատել Աստծո խոսքի սերտողությունը, նրանով լցվելու և ապրելու անհրաժեշտությունը հավատացյալի կյանքում իբրև առանձնական աստվածապաշտությունը՝ պահքը, աղոթքը, ողորմությանը և բարեպաշտությանը սնուցող օրենաբեր աղբյուր և փրկության միջոց:
Այսօր էլ, ինչպես դարեր ու հազարամյակներ առաջ, Աստվածաշունչը մարդկության ուշադրության կիզակետում է, շատերի հոգևոր սնունդն ու մխիթարությունը: Սակայն, ցավոք սրտի, բոլորը չէ, որ ընթերցում են եկեղեցաբար, ինչպես առաջ, իբրև հազարամյա ուղղափառ ավանդության կրող, այլ կամա թե ակամա ընդօրինակելով սերտողության աշխարհիկ փորձառությունը: Նման մոտեցմամբ Ս. Գիրքն ընթերցելը ոչ միայն սխալ է, անօգտակար, այլև կարող է վնասակար լինել: Քանզի բնավ պետք չէ մոռանալ, որ Աստծու խոսքը ոչ միայն մեր քարեղեն սրտերը փշրող «մուրճ» է, մութ տեղերում լույս տվող «ճրագ», այլև՝ «ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր», որ «կտրում անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի սահմանը» (Եբր. Դ 12):
Եկեղեցու շնորհակիր հայրերը, հիմնվելով ու մեկնելով Աստվածաշունչը սերտելու աստվածային պատգամները, մշակել են հոգևոր ընթերցանության տեսական և գործնական համակարգեր, որոնք բացահայտում են Աստծո խոսքի շնորհման նպատակը, փրկագործական ու խրատական զորությունները, բարերար ազդեցությունը հոգու, սրտի և մտքի վրա, կարևորությունն ու դերն ընդհանրաական ու առանձնական աստվածպաշտության մեջ, երկյուղալից դիրքորոշումը նրա նկատմամբ, ընթերցանության կերպերն ու գրքերի հաջորդականությամբ և այլն:
Համաշխարհային պրակտիկայում իրենց նմանօրինակը չունեցող այս համակարգերի ծանոթությունը մեզ հնարավորություն կընձեռի վերանայելու մեր սխալ և մակերեսային մոտեցումները Ս. Գրքի ընթերցանության նկատմամբ և առավել արդյունավետությամբ յուրացնելու այն, այսինքն՝ այնպես, ինչպես կամենում է երկնքի և երկրի Արարիչը:
Հրատարակելով հոգևոր կյանքի կարևորագույն խնդրի լուսաբանմանը նվիրված այս գրքույկը, Քրիստոնեական Դաստիարակության և Քրիստոնեական Քարոզչության կենտրոնը հույս ունի առ Աստված, որ հոգևոր ընթերցանության սկզբունքները կօգնեն մեզ առատապես լցվելու և ապրելու Քրիստոսի խոսքով՝ արժանանալով աստվածային երանություններին.
«Երանելի է այն մարդը,
որն ամբարիշտների խորհրդով չի գնում,
մեղավորների ճանապարհին ոտք չի դնում
և ժանտերի աթոռին չի նստում,
այլ Տիրոջ օրենքի մեջ է կամքը նրա
և գիշեր – ցերեկ խորհում է Նրա պատվիրանների
մասին:
Նա նման է ջրերի հոսանքի վրա տնկված ծառի,
որն իր պտուղը ժամանակին կտա,
իսկ նրա տերևը չի թափվի,
ու ամեն բան, ինչ էլ որ անի, կհաջողվի նրան» ( Սաղմ. Ա 1-3)։

—————————————————————

Սիրելի ընթերցող, հիշի՛ր քո սուրբ աղոթքներում այս գրքույկը կազմողներին և նրանց ննջեցյալների հոգիները:

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ