Մի քանի խոսք Պայծառակերպության տոնի առիթով

Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ

—————————————————————————————————

Քրիստոս Իր երեք աշակերտների՝ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ բարձրացավ Թաբոր լեռը: Այստեղ հայտնվեցին Մովսեսը և Եղիան: Մինչ Քրիստոս խոսում էր նրանց հետ, պայծառակերպվեց: Այդ ընթացքում մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա է Իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրան լսեցեք»: Մովսեսը ներկայացնում է օրենքը, իսկ Եղիան՝ մարգարեներին: Ստեփանոս Սյունեցին ասում է, որ պայծառակերպությունից հետո միայն Քրիստոսի երևալը աշակերտներին նշանակում է, որ Քրիստոս է օրենքի և մարգարեությունների լրումը: Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետության` Քրիստոսի մարմինը անապական էր ինչպես հարությունից հետո, այնպես էլ հարությունից առաջ: Գիտենք, որ մեր մարմիններն ապականացու են, և ապականությունն առաջացել է մեղքի պատճառով: Իսկ Քրիստոսի մարմինն անապական է, որովհետև Նա ծնվել է աստվածային զորությամբ, միայն մեկ ծնողից, առանց մեղքի և ապրել է առանց մեղանչելու: Ոմանք ընդդիմանալու համար մատնանշում են Քրիստոսի ուտելը, սակայն Քրիստոս կերավ նաև հարությունից հետո: Եվ Նրա ուտելը մեր ուտելուց տարբերվում է նրանով, որ Քրիստոս երբեք, ըստ եկեղեցական հեղինակների, ավելորդ ծորում չի ունեցել, ինչպես ունենում են ապականացու մարմինները, քանի որ Քրիստոսի մարմինն անապական է: Մենք ևս այսպիսի մարմին ենք ունենալու հարությունից հետո: Այսպիսի մարմինն ունի 4 հատկություն՝ անապական է, թեթև, նուրբ ու թափանցիկ (արգելքների միջոցով թափանցելու, անցնելու ընդունակ), պայծառ: Անապականությունը Քրիստոս ցույց տվեց վերնատանը, երբ Իր մարմինը տվեց որպես կերակուր, թեթևությունը, երբ քայլեց ծովի վրայով, պայծառությունը ցույց տվեց Թաբոր լեռան վրա, երբ պայծառակերպվեց, իսկ նրբությունը երևաց այն ժամանակ, երբ Քրիստոս ծնվեց Սուրբ Կույս Մարիամից: Շատերի համար չափազանց անհասկանալի է Սուրբ Աստվածածնի մշտական կուսության վերաբերյալ եկեղեցական վարդապետությունը։ Սակայն ինչպես որ Քրիստոս, փակ դռների միջով անցնելով, մտավ Իր աշակերտների մոտ, և դռները փակ մնացին, այդպես էլ ծնվեց Սուրբ Կույսից՝ անխախտ թողնելով նրա կուսության կնիքը: Ահա Քրիստոսի մարմնի անապականության վերաբերյալ Հայ Առաքելական Եկեղեցու այս վարդապետությունը մենք պետք է մեր մտքում ունենանք մանավանդ այն ժամանակ, երբ մոտենում ենք Սուրբ Հաղորդությանը՝ հաղորդվելու Քրիստոս Աստծո անապական մարմնին և անապական արյանը:

Պայծառակերպության տոնը ժողովրդի մեջ ավելի շատ հայտնի է Վարդավառ անունով: Այս անվանումը բացատրելով՝ սբ. Գրիգոր Նարեկացին ասում է, որ Քրիստոսը պայծառակերպության ժամանակ վարդի պես բացվեց՝ ցույց տալով Իր աստվածությունը: Վարդավառի օրվա ժողովրդական սովորությունն է միմյանց վրա ջուր ցողելը: Սա, անշուշտ, իր սկզբնական ծագմամբ կապ չունի քրիստոնեության հետ, և դա զարմանալի չէ, որովհետև ժողովրդական բոլոր սովորույթները չէ, որ պետք է կրոնական լինեն: Պարզապես քրիստոնեությունը ժողովրդի մեջ մեծապես տարածված և հեթանոսությունից մնացած այս արարողությունը պահպանել է` այն զրկելով հեթանոսական կրոնական իմաստից, որպեսզի մարդիկ, պահելով ժողովրդական գեղեցիկ սովորույթները, միևնույն ժամանակ չշեղվեն ճշմարիտ աստվածպաշտությունից, և օգտակար կամ գեղեցիկ բաները ներառնվեցին քրիստոնեական կյանքի մեջ։ Օրինակ` հեթանոսության շրջանում ստեղծվել էին գրական մեծ գործեր, դարերով զարգացել էր մարդկային բանականության իմաստությունը, որի շատ դրական կողմեր օգտակար համարվեցին նաև քրիստոնյաների համար։ Շատերն այստեղ գուցե առարկեն և հիշեն հեթանոսական տաճարները, որոնք ևս մշակութային, ճարտարապետական կոթողներ էին, և դրանք գրեթե բոլորն էլ այժմ չկան։ Բայց հեթանոսական տաճարների պարագան այլ է. դրանք համարվում են նյութական վայրեր, որոնց միջոցով և որոնց միջից դիվական, սատանայական ազդեցությունը տարածվում է աշխարհի և մարդկության վրա։ Ահա հենց այդ է պատճառը, որ քրիստոնեական սրբերը կործանել են նույնիսկ այդ տաճարներում զետեղված կուռքերը, որոնք ևս, կրոնական մտածողությամբ չառաջնորդվելու դեպքում, կարելի է համարել արվեստի գործեր։ Այսօր մարդկային անվտանգությամբ մեծապես մտահոգված մարդիկ գտնում և վնասազերծում են ռազմի դաշտում թաղված ականները, որոնք ևս մարդու ձեռքի մանրակրկիտ աշխատանք են, բայց իրենց շուրջը մահ են սփռում։ Եվ հենց այսպիսի իմաստ են ունեցել նաև քրիստոնեության համար հեթանոսական կուռքերը, ինչպես նաև տաճարները, որոնք վնասազերծվելով վերածվել են քրիստոնեական տաճարների։ Վարդավառի ժողովրդական սովորության պահպանման առնչությամբ նշեցինք, որ հեթանոսական արժեքներն օգտակար են համարվել քրիստոնյաների համար։ Օրինակ` Սուրբ Բարսեղ Կեսարացին խորհուրդ է տալիս չմերժել և ընթերցել հեթանոսական գրողների աշխատությունները` միևնույն ժամանակ երիտասարդներին ցույց տալով, թե ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն, այն է` պետք է վերցնել օգտակարը և մերժել վնասակարը։ Նա ասում է, որ Մովսեսը ևս սկզբում եգիպտական գիտություններով վարժվեց և հետո Աստծո հայեցողությանը հասավ, նույնպես Դանիելը Բաբելոնում քաղդեական իմաստություն սովորեց։ Եկեղեցական սուրբ հայրը նշում է, որ կարելի է շատ օգտակար մտքեր սովորել հեթանոսական հեղինակներից և գործիչներից։ Եվ Բարսեղ Կեսարացին բերում է հիանալի օրինակներ։ Ահա դրանցից մեկը. հեթանոսական հեղինակներից Սոլոնն ասում է, որ հարուստների ունեցվածքի հետ չենք փոխի առաքինության հարստությունը, որովհետև այն մշտական է, իսկ մարդկանց ունեցվածքին տիրում է մերթ մեկը, մերթ մյուսը։ Հեթանոս գործիչների, փիլիսոփաների կյանքը ևս մեզ կարող է շատ բան սովորեցնել։ Օրինակ` փիլիսոփա Դիոգենեսն ապացուցեց, որ հարուստ է նույնիսկ մեծ թագավորից, որովհետև կյանքում նրանից քիչ կարիքներ ունի։ Ալեքսանդր Մակեդոնացին, գերի վերցնելով Դարեհ թագավորի աղջիկներին, որոնք հայտնի էին իրենց զարմանալի գեղեցկությամբ, նրանց չարժանացրեց նույնիսկ իր հայացքին` ամոթ համարելով տղամարդկանց հաղթողին թույլ տալ իր հանդեպ կանանց հաղթանակը։ Ահա ճիշտ այսպես էլ Վարդավառի ժողովրդական գեղեցիկ սովորությունը թողնվեց, և նրանից հեռացվեց վտանգավոր հեթանոսական կռապաշտությունը։ Քրիստոսն Իր պայծառակերպությամբ ցույց տվեց Իր աստվածությունը և զորությունը։

Քրիստոսի աստվածությունը մերժում են մի շարք աղանդներ։ Սակայն Հովհաննես ավետարանիչը Նրա մասին ասաց. «Սկզբից էր Բանը և Աստված էր Բանը» (Ա 1)։ Թովմաս առաքյալը, Քրիստոսի մարմինը տեսնելով և շոշափելով, ասաց Նրան. «Տեր իմ և Աստված իմ» (Հովհ. Ի 28)։ Դարձյալ Հովհաննես առաքյալն իր առաջին թղթի վերջին գլխում ասում է, որ Հիսուս Քրիստոսն է ճշմարիտ Աստված և հավիտենական կյանք (տե՛ս Ա Հովհ. Ե 20)։ Եվ ի վերջո Քրիստոսը նաև Ինքն է Իր մասին ասում Հայտնության գրքում. «Անսկիզբը և Անվախճանը, որ մեռավ և կենդանացավ» (Բ 8), իսկ Անսկիզբ և Անվախճան կարող է լինել միմիայն Աստված։ Հետևաբար` քրիստոնյան նա չէ, ով նայում է Քրիստոսին հետագա փիլիսոփաների, քննադատների և աղանդավորների աչքերով, այլ՝ ով Քրիստոսին նայում է առաքյալների աչքերով։

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ