Միքայել հրեշտակապետ

Թարգմանությունը «Հայսմավուրք»–ից՝
Աստղիկ Ստամբոլցյանի

————————————————

Անաստվածության օրերին, երբ ձեռագործ կուռքերին էին ծառայում իբրև աստվածների, արգոնատներ անվանվող բարբարոս ազգերը ծովով գնացին ավերելու, ավար առնելու և ջնջելու անապլոնների ազգը, որոնց թագավորն էր Արմիկոսը։ Սրանք ելնելով արգոնատների դեմ՝ պատերազմեցին և հաղթեցին նրանց։ Արգոնատները նրանցից փախան ու ցամաք ելան, մտան անտառներն ու ջրաբուխ վայրերը և թաքնվեցին։

Եվ տեսան երկնքից իջնող մի լուսավոր մարդու, որ թիկունքին ուներ արծվի թևեր և հրամայեց նրանց վերադառնալ պատերազմի դաշտը։ Նրանք, նրա հրամանից զորացած, մարտնչեցին, հաղթեցին և սպանեցին Արմիկոս թագավորին։ Գոհ և ուրախ՝ այն վայրում, ուր այն լուսավոր մարդը երևաց, շինեցին մի մեծ ու լուսավոր տաճար։ Մի թևավոր պատկեր ստեղծեցին իրենց հայտնված լուսավոր ու սքանչելատեսիլ մարդու նմանությամբ։

Տաճարը կանգնեցրին և տեղն ու տաճարն անվանեցին Սոսթենես։ Որովհետև փախչելով՝ փրկվեցին ու հաղթեցին այնտեղ…

Երբ Աստծո մարդասիրության շնորհները ծագեցին երկրում, և Աստծուն հավատաց Հռոմի կայսր մեծն Կոստանդիանոսը, կառուցեց կայսրության նոր մայրաքաղաքը, պարսպելով մեծացրեց և իր անվամբ կոչեց Կոստանդնուպոլիս, կառուցեց և մեծամեծ եկեղեցիներ՝ Սուրբ Սոֆիայի (որը հետո Հուստինիանոսը մեծացրեց), սուրբ վկա Մովկիմոսի և սրբուհի Եռինեի։ Անապլոնում կառուցեց նաև Միքայել հրեշտակապետի և այլ բազում եկեղեցիներ։ Նավ նստելով՝ գնաց Սոսթենես, տեսավ տաճարն ու թևավոր մարդու պատկերը և ասաց. «Այս կերպարանքն Աստծո հրեշտակի է, որին քրիստոնյաներն են պաշտում»։ Եվ աղոթելով աղաչեց Աստծուն, որ ցույց տա իրեն, թե այդ պատկերը որ հրեշտակինն է։ Երազում պատկերից ձայն լսեց, որն ասում էր. «Ես վերին զորքերի պետ Միքայելն եմ՝ Տիրոջ զինվոր, քրիստոնյաների օգնական։ Քեզ էլ կզորացնեմ քո թշնամիների վրա»։ Թագավորն արթնացավ ու գոհացավ Աստծուց։ Տաճարը խիստ մեծացրեց, վայելուչ կերպով գեղեցկացրեց, սուրբ սեղան հաստատեց և անվանեց Սոսթենեսի Սուրբ Միքայել Հրեշտակապետ։ Երբ սուրբ հայրապետը բարձրացնում էր Պատարագի սուրբ հացը, ի ծնե խուլ ու համր մի պատանի, սարկավագից առաջ անցնելով, բարձրաձայն ասաց՝ պռոսխումե, և ապա հայրապետը բարձրացրեց սուրբ հացն ու ասաց՝ ի սրբություն սրբոց։ Եվ ամենքը հիացած՝ փառք տվեցին Աստծուն և Նրա հրեշտակապետ Միքայելին Թագավորը գրեց այն օրը, երբ լսեցին հրեշտակապետի ձայնը, թե՝ «Ես Միքայելն եմ», և պատանու խոսելը, և այդ նույն օրն էլ՝ նոյեմբերի 8–ին, նշվում է հրեշտակապետի հիշատակի օրը։

Մինչ այսօր էլ բոլոր քրիստոնյաները բոլոր եկեղեցիներում մեծ հանդիսավորությամբ տոնում են Միքայել հրեշտակապետի տոնն ի փառս մեր Քրիստոս Աստծո։

 

,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ