Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հայտնության և թլփատության տոնի մասին (անվանակոչության)

Ամեն տարի հունվարի 13-ին Հայ Եկեղեցին նշում է Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հայտնության և թլփատության տոնը։ Այս տոնը սովորաբար կոչում են «անվանակոչության տոն»: Այսպես է նշված նաև Սուրբ Էջմիածնում ամենամյա խմբագրվող Եկեղեցական օրացույցում: Ըստ Ճաշոցի և Սիմեոն Երևանցի կաթողիկոսի հրատարակած Տոնացույցի այն կոչվում է «Տօն Յայտնութեան և Թլփատութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի – Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հայտնության և թլփատության տոն»:

Ըստ հրեական օրենքի, Իր ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց։ Այս մասին վկայում է Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ 8 օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2. 21)։

Հիսուս եբրայերեն բառ է, որ նշանակում է Փրկիչ։ Գաբրիել հրեշտակը, Աստվածամորն ավետելով Աստծո Որդու ծննդյան մասին, Հիսուս անունն է հիշատակել։ Այս մասին կրկին վկայում է նույն Ավետարանիչը. «Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1. 31)։ Հիսուս անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև Քրիստոս անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է Օծյալ և համապատասխանում է եբրայերենի Մեսիային:

Ըստ եկեղեցական ավանդության երեսուն տարի հետո, նույն օրը, երբ Հիսուս ծնվել էր, ինչպես նկարագրում է ավետարանիչը, Հովհաննես Մկրտչի կողմից մկրտվում է Հորդանան գետում: Մկրտության ժամանակ Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Հիսուսի վրա, հնչում է Հայր Աստուծո վկայությունը: Սուրբ Ծննդյան և Հիսուսի մկրտության հետ կապված իրադարձությունները  Սուրբ Երրորդության հայտնությունն էին մարդկությանը: Աստուծո հայտնության այս խորհուրդը շարունակվում է թլփատության` անվանակոչության ժամանակ, երբ աստվածորդու անունը  Հիսուս դրվեց, որ նշանակում է Փրկիչ: Ըստ այսմ նաև այս տոնն է կոչվում տոն հայտնության:

Այսպիսով այս տոնի ընթացքում հիշում ենք Տիրոջ թլփատությունն ու անվանակոչությունը, և այս իրադարձությունների միջոցով տոնում բացահայտվող աստվածահայտնության խորհուրդը:

Փրկչի անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության վերջում կատարվում է նախատոնակի արարողություն:

, , , ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ