Մեծ պահք

Պահքն Աստծուն սիրողների համար մեծ շնորհ է ու զարդ, որ մոտեցնում է Աստծուն:

Հայ Եկեղեցում տարվա կեսը պահոց օրեր են: Այդ օրերին հրաժարվում ենք կենդանական կերակուրներից և մեր մարմինը սնուցում միայն բուսական սննդով: Սակայն պահքի օրերը միայն սննդամթերքի որոշ տեսակներից հրաժարման օրեր չեն, այլ մեզ հաճույքներից և վայելքներից հեռու պահելու, ինչպես նաև խոկումի, ինքնաքննության, բարեգործության, զղջումի և ապաշխարության, մեղքերից ազատման և հոգիների մաքրման օրեր, որպեսզի առավել ևս խորացնենք մեր հավատքը և Քրիստոսով վերարժևորենք մեր կյանքը:

Պահքը կամ ծոմապահությունը ներանձնական վիճակ է, և այն պետք չէ կատարել ի ցույց մարդկանց, այլ ի փառս Աստծու: Պահքի նպատակն է մեր մարմինը վարժեցնել սակավապետության, որպեսզի հարստացնենք մեր հոգևոր կյանքը: Եթե մեկն ինքնանպատակ է պահք պահում, այսինքն` փառասիրության, կեղծավորության կամ էլ նիհարելու համար, ապա այն Աստծուն ընդունելի չէ, որովհետև ապաշխարության նպատակով չէ:

Եկեղեցու վարդապետներն ասում են, որ այն պարագային է մարմնի պահքը գեղեցիկ, երբ հոգին իրեն զերծ է պահում մեղքերից: Եվ ի՞նչ օգուտ մարմինը պահքով նվազեցնելուց, եթե հոգին գիրացնում ենք մահացու մեղքերով: Մարդը հոգի է և մարմին, և ինչպես որ ուտելիքը մարմնին է հաճելի, նույնպես և պահքը` հոգուն: Պահքը հոգին սնուցելու միջոց է. շարականներ, հոգևոր մեղեդիներ, ավետարանական ընթերցումներ, աղոթքներ. ահա այն ամենը, որոնցով սնվելու է հավատացյալ մարդու հոգին պահքի ընթացքում:

ՄԵԾ ՊԱՀՔԻ ԿԻՐԱԿԻՆԵՐԸ

Մեծ պահքն ընդգրկում է վեց կիրակիներ, որոնք կապված են աստվածաշնչյան վեց պատմությունների հետ: Այս կարգը սահմանել են Հակոբոս Տյառնեղբայրը (I դար) և Կյուրեղ Երուսաղեմացին (IV դար): Այդ կիրակիներն են` Բուն բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի և Գալստյան` միասնաբար կազմելով մի «ոսկե շղթա»:

Բուն բարեկենդան

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն, այսինքն` աշխարհիկ իմաստով` ուրախություն, վայելք, իսկ հոգևոր իմաստը մեզ հիշեցնում է դրախտային երանական այն կյանքը, բարի կենդանությունը, որով ապրում էին Ադամն ու Եվան մինչև մեղանչումով դրախտից վտարումը:

Մինչև մեղանչելը մարդը մարմնով անմահ էր: Նրա զգացողությունն անհամեմատ նուրբ էր, գործողությունների հնարավորությունն` ավելի լայն ու ազատ: Ինչպես Եկեղեցու հայրերն են բացատրում՝ նախամարդու հոգին ու մարմինն այնքան նրբորեն էին միահյուսված միմյանց, որ մարդը, օժտված լինելով այդպիսի աստվածատուր շնորհներով, առանց որևէ արգելքի, շփման մեջ էր մտնում ո՛չ միայն հրեշտակների և երկնային զորությունների հետ, այլև՝ Աստծու:

Այսպիսի կյանքը երանություն էր նախամարդու համար, որովհետև Աստծու ներկայությունը կյանք էր, կենդանություն, կարելի է ասել, բարի կենդանություն: Չկար ոչինչ, որ տրտմեցներ նրան, ընդհակառակը` նա ապրում էր այնպիսի կյանքով, որն անսպառ ուրախություն էր: Եվ այդ ամենը մարդու համար ապահովված էր Աստծու անմիջական ներկայությամբ:

Երբ մարդն արհամարհեց իր ունեցած ուրախությունն ու հետևեց փորձիչի` սատանայի խոսքին, ոչ միայն նոր ձեռքբերումներ չունեցավ, այլև կորցրեց այն, ինչ ուներ: Այդ կորուստն անկում էր նրա համար: Մարդը փոփոխություններ կրեց և՛ հոգեպես, և՛ մարմնապես: Այլևս նա չուներ հոգևոր այն նրբազգացությունը, որով կարողանար մասնակից լինել երկնային հավիտենական ուրախությանը: Նա սկսեց ապրել մարմնական, կենդանական կյանքով: Իրականության մեջ անկումը միաժամանակ նաև մահ էր մարդու համար, քանի որ կորցրեց այն բարի կենդանությունը, որը վայելում էր դրախտում:

Ահա բարեկենդանը այս բարի կենդանությունն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Իսկ մենք այսօր, տոնելով և հիշատակելով բարեկենդանի օրը, բնականաբար չենք կարող այն անցկացնել այնպես, ինչպես նախամարդը դրախտում, քանի որ Աստծու սրբերին է միայն հատուկ զգալ դրախտային այն երանությունը, որ ճաշակում էին Արարչի ձեռքով ստեղծված Ադամն ու Եվան:

Մեղանչական մարդն իր անկյալ վիճակին համապատասխան չի կարողանում իր ուրախությունը դրսևորել միայն հոգեպես, այլ հաճախ հոգևորին շաղկապում է մարմնականը, նյութականը, այդ պատճառով աշխարհը մեր հոգևոր այս ուրախությանը միախառնում է սեղանների ճոխություն ու վայելքներ, իսկ այդ շռայլությանը որպես հակակշիռ` Եկեղեցին հորդորում է չափավորություն:

Երբեմն մարդիկ Մեծ պահքից առաջ` Բուն բարեկենդանին, հաշվի առնելով պահքի երկարաձգվող շրջանը, իրենց որկորը խճողում եմ կերակուրների այնպիսի բազմազանությամբ, որ արդյունքը բնավ հաճելի լինել չի կարող:

«Որդյա՛կ, եթե մեղր գտնես, չափո՛վ կեր, չլինի թե հագենաս և փսխես» (Առակ. 25; 16):

Սողոմոն իմաստունը մեղրի մասին է խոսում, բայց մենք պետք է ընդհանրացնենք, քանզի ամեն ինչի մեջ չափն է գովելի, և անչափը` պարսավելի: Եթե ցանկանում ենք իրոք ուրախ լինել բարեկենդանի օրը, պետք է խուսափենք ծայրահեղություններից և ընտրենք ոսկե միջինը:

Արտաքսման կիրակի

Խորհրդանշում է Ադամի` դրախտից արտաքսումը: Ադամը և Եվան դրախտի երանության մեջ երկար չմնացին. գործած մեղքերի պատճառով նրանք դարձան մահկանացու և անհնազանդության պատճառով արտաքսվեցին ու դատապարտվեցին քրտնաջան աշխատանքով իրենց ամենօրյա հացը վաստակելու: Սակայն Երկրորդ Ադամի` Հիսուս Քրիստոսի մարդեղությամբ մարդկանց առջև վերստին բացվեց դրախտի ճանապարհը, և մարդիկ, զղջումով, ապաշխարությամբ և առաքինի վարքով մեղքերից մաքրվելով, վերստին արժանացան դրախտային երանությանը:

Անառակի կիրակի

Ավետարանի օրվա ընթերցվող առակը պատմում է անառակ որդու մասին (Ղուկ. 15; 11-32): Այս առակը մարդկությանը տալիս է բարոյական մեծագույն դաս: Մարդ արարածն իր կյանքում կամա թե ակամա մեղքեր է գործում: Սակայն երանելի է այն մարդը, ով կունենա քաջություն, ինչպես անառակ որդին, զղջալու և գործած մեղքերի համար Աստծուց ներողություն խնդրելու` ասելով. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջ» (Ղուկ. 15; 21): Հայրը պատրաստ է ներելու զղջացողին և արժանացնելու նախկին փառքին ու պատվին: Այս առակը հստակ պատմում է, որ կարող ենք մխիթարվել Աստծու հայրական գթառատ սիրով և ուրախությամբ ընդունվել Նրա արքայության մեջ, եթե ապաշխարությամբ դառնանք դեպի Աստված:

Եկեղեցին կոչ է անում անառակ կյանք վարող իր բոլոր որդիներին, որ զղջան և դարձի գան, թողնեն իրենց մեղսասեր վարքը և ապրեն քրիստոնյային վայել կյանքով:

Տնտեսի կիրակի

Ավետարանի օրվա ընթերցվող առակը պատմում է, թե ինչպես մի մեծահարուստ գովասանքի է արժանացնում իր անիրավ տնտեսին, որը հնարամտությամբ օգտագործում է իրեն վստահված նյութական հնարավորությունները` կարգավորելով իր կյանքի հետագա ընթացքը (Ղուկ. 16; 1-8): Մենք այս աշխարհում Աստծու կողմից տնտես ենք նշանակված, ուստի անհրաժեշտ է, որ լավագույնս տնօրինենք մեր հնարավորությունները` անիրավ տնտեսից տարբերվելով նրանով, որ այդ հնարավորությունները պարտավոր են օգտագործել ո՛չ թե ի շահ անձնական բարեկեցության, այլ՝ ի շահ անանձնական բարիքի: Անիրավ տնտեսը գովվում է իր տիրոջ կողմից, որովհետև նա մտածում է իր ապագայի մասին, բայց բարի տնտեսի ապագան ո՛չ թե վստահված տնտեսությունը (նաև նյութական հնարավորությունները) արհամարհելն է, այլ իրեն վստահվածը ի շահ անանձնական բարիքին ծառայեցնելը՝ գիտակցելով, որ մի օր հաշիվ պիտի տանք Աստծուն:

Տնտեսի կիրակիից հետո` Մեծ պահքի քսանչորսերորդ օրը, կոչվում է Միջինք: Միջինքն ազդարարում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին:

Անիրավ դատավորի կիրակի

Օրվա խորհուրդը վերցված է Ավետարանից (Ղուկ. 18; 1-8): Մարդ հաճախ հայտնվում է Անիրավ դատավորի առակի դատավորի դերում, պատահում է նաև հակառակը, երբ նույն մարդը հանդես է գալիս այրի կնոջ փոխարեն: Հիսուսն այս առակով ցույց է տալիս, որ պետք է նմանվել այրի կնոջը, որն առանց ձանձրանալու աղոթք մատուցեց Աստծուն, հարատևորեն հետապնդեց իր դատը` ակնկալությամբ և վստահությամբ, որ մի օր հնարավոր կլինի վերագտնել կորցրածը և անտեսված իրավունքը:

Գալստյան կիրակի

Եզրափակվում է Մեծ պահքի «ոսկե շղթան»: Սրանով քրիստոնեական Եկեղեցին իր հավատացյալներին հրավիրում է ըմբռնելու Քրիստոսի Երկրորդ գալուստի խորհուրդը: Քրիստոսն Իր առաջին գալուստով քանդեց դժոխքի կապանքները և բացեց դրախտի դռները, իսկ Երկրորդ գալուստով պիտի մեղավորներին դատի և արդարներին երկնքի արքայությանն արժանացնի:

Մեծ պահքի ընթացքում հավատացյալներին առիթ է ընծայվում մտածելու փրկագործության խորհրդի մասին: Անհրաժեշտ է, որ մարդիկ գիտակցեն իրենց ընծայված այս պարգևի արժեքը: Մեծ պահքը հոգևոր մի յուրահատուկ ճանապարհորդություն է, որն ամեն տարի մեզ առաջնորդում է դեպի սուրբ Զատիկ և արժանացնում տոնելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը:

Եվ այսպես, Բուն Բարեկենդանին սկսած պահքը լուծում ենք սուրբ Զատիկից մեկ օր առաջ` շաբաթ երեկոյան, Ճրագալույցի պատարագից հետո:

Պահքի և ապաշխարության խորհուրդը ճանապարհ է, որի հանգրվանը հարության ուրախությունն է:

,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ