Հատված Մատթեոսի Ավետարանի մեկնությունից

Գրաբարից արևելահայերեն
թարգմանությունը Մարթա ԱՐԱԲՅԱՆԻ

 

ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ

ՀԱՏՎԱԾ ՄԱՏԹԵՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Տե՛ս, որ Տերն ամեն անգամ հեռանում է բազմությունից. Նա հեռացավ, երբ Հովհաննեսը մատնվեց, երբ նա սպանվեց, երբ հրեաները լսեցին, թե Հիսուս շատերին է ուսուցանում։ Քանի դեռ չէր եկել ժամանակը Իր Աստվածությունն ամբողջովին բացահայտելու, Նա կամենում էր հաճախ հանդես գալ իբրև մարդ։ Ահա թե ինչու Նա հրամայեց Իր աշակերտներին ոչ ոքի չասել, թե Ինքը Քրիստոսն է. Նա կամենում էր, որ այդ բանը հայտնի դառնար Իր հարությամբ։ Այդ պատճառով էլ հրեաների հետ, որոնք չէին հավատում Իրեն, խստորեն չվարվեց, այլ հակառակը՝ ներեց նրանց։ Նա հեռանում է ոչ թե դեպի քաղաք, այլ դեպի անապատ, և այն էլ նավով, որ ոչ ոք չգա Իր հետևից։ Անուշադրության մի՛ մատնիր այն հանգամանքը, որ Հովհաննեսի աշակերտներն այժմ արդեն մտերիմ են Հիսուսի հետ։ Նրանք հայտնեցին Նրան Հովհաննեսի հետ կատարվածի մասին և, ամեն բան թողնելով, դարձան արդեն Նրա աշակերտները։ Այսպես, դժբախտությունից բացի, նրանց սթափեցրեց և այն, ինչ Հիսուս նրանց ներշնչեց Իր մասին Իր պատասխանով։ Իսկ ինչո՞ւ Տերը չհեռացավ մինչև նրանցից լուր ստանալը՝ չնայած կատարվածի մասին գիտեր և առանց այդ մասին ծանուցվելու։ Որպեսզի ամեն բանում ցույց տար մարմնավորման ճշմարտությունը։ Ոչ միայն տեսքով, այլ նաև գործերով էր Նա կամենում համոզել դրա ճշմարիտ լինելը, քանի որ գիտեր սատանայի ճարտար խորամանկությունը, որը պատրաստ էր ամեն բանի, միայն թե մարդկանց մեջ ոչնչացնի Իր մարմնավորման մասին միտքը։ Ահա թե ինչու է հեռանում Քրիստոս։ Բայց Նրան կապված ժողովուրդը Նրան չի թողնում. և Հովհաննեսի հետ կատարվածը չէր վախեցնում նրանց. այսպիսին է կապվածությունը, այսպիսին է սերը։ Այսպես է այն հաղթում և հեռացնում դժվարությունները։ Դրա համար էլ ժողովուրդը շուտով հատուցում ստացավ։ «Եվ երբ Հիսուս ցամաք ելավ,- ասում է ավետարանիչը,- գթաց նրանց և բժշկեց նրանց հիվանդներին» [Մատթ. ԺԴ 14]։ Չնայած մեծ էր նրանց նախանձախնդրությունը, բայց Քրիստոսի բարերարությունը գերիվեր է, քան ամենայն ջանք։ Այդ պատճառով էլ այդ բժշկության պատճառը տեսնում է ողորմության մեջ։ Քրիստոս բոլորին է բժշկում և այստեղ չի հարցնում՝ հավատո՞ւմ են, թե՞ ոչ, քանզի բժշկվածներն արդեն իսկ ցույց են տալիս իրենց հավատը այն բանով, որ եկան Հիսուսի մոտ. թողեցին քաղաքները, փնտրեցին Նրան և չհեռացան Նրանից անգամ այն ժամանակ, երբ քաղցը ստիպեց իրենց այդ անել։ Քրիստոս կամեցավ նրանց ուտելիք տալ։ Բայց Ինքը չի սկսում այդ անել, այլ սպասում է, որ խնդրանքով դիմեն Իրեն ամենուր, ինչպես ես արդեն ասացի, հետևելով կանոնին. առաջինը չսկսել հրաշագործել, [այլ միայն այն ժամանակ], երբ Իրեն խնդրեն։ Ինչո՞ւ, ուրեմն, ժողովրդից ոչ ոք չմոտեցավ և չխնդրեց Նրանից այդ։ Նրանք անչափ հարգում էին Նրան, և Նրա մոտ լինելու ցանկությունը նրանց մեջ հաղթահարում էր քաղցի զգացողությունը։ Բայց Նրա աշակերտները նույնպես չմոտեցան և չասացին, թե՝ կերակրի՛ր նրանց, քանի որ դեռևս անկատար էին։ Իսկ ի՞նչ ասացին նրանք։ «Երեկոյան դեմ աշակերտները մոտեցան Նրան և ասացին. «Այս տեղը ամայի է, և օրը տարաժամել է, արձակի՛ր այդ ժողովրդի բազմությանը, որ գնա շրջակա գյուղերը՝ իր համար ուտելիք գնի» [Մատթ. ԺԴ 15]։ Եթե աշակերտները նույնիսկ այդ հրաշքի կատարումից և սակառները [վերցնելուց] հետո մոռացել էին այդ մասին և կարծում էին, թե Քրիստոս հացի մասին է խոսում, երբ իրենց զգուշացնում է փարիսեցիների խմորից, ապա առավել ևս չէին կարող այդպիսի բան սպասել դեռևս փորձով նման հրաշք տեսած չլինելով։ Թեպետև արդեն իսկ Քրիստոս բժշկել էր բազում հիվանդների, սակայն աշակերտները, այդ ամենը տեսնելով հանդերձ, չէին սպասում, թե Նա կարող է բազմացնել հացը և կերակրել ժողովրդին, քանի որ դեռևս անկատար էին։ Իսկ դու ճանաչի՛ր Վարդապետի իմաստությունը, թե Նա ինչպես է նրանց դեպի հավատ տանում։ Նա չշտապեց ասել՝ Ես կկերակրեմ նրանց. այդ բանը նրանք չէին ընկալի։ Ավետարանիչն ասում է. «Եվ Հիսուս ասաց. «Հարկ չկա, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տվեք» [Մատթ. ԺԴ 16]։ Նա չասաց՝ Ե՛ս կտամ, այլ՝ դո՛ւք տվեք, քանզի դեռևս սովորական մարդ էին համարում Նրան։ Անգամ դրանից հետո նրանք չհասկացան, հակառակը՝ Նրան պատասխանեցին իբրև սովորական մարդու՝ ասելով. «Այստեղ ուրիշ բան չունենք, բացի հինգ նկանակից և երկու ձկից» [17]։ Այս մասին Մարկոս ավետարանիչը գրում է. «Քանի որ մտքերը բթացած լինելով՝ չէին հասկացել նաև այն, ինչ վերաբերում էր հացի բազմացմանը» [Մարկ. Զ 52]։ Այսպիսով, նրանք դեռևս երկրաքարշ միտք ունեին, և Տերն Ինքն է արդեն սկսում գործել և ասում է. «Այստե՛ղ բերեք այդ» [18]. չնայած «ամայի է վայրը», սակայն այստեղ է Նա, Ով կերակրում է տիեզերքը, թեպետ և օրը տարաժամ է, սակայն ձեզ հետ խոսում է Նա, Ով դուրս է ժամանակից։ Հովհաննեսը հիշեցնում է նաև այն մասին, որ նկանակները գարուց էին, և աննպատակ չի անում այդ, այլ ուսուցանում է, որ մենք չփնտրենք խորտիկների բազմազանություն։ Այդպիսին էր նաև մարգարեների սեղանը։

«Եվ հրամայեց ժողովրդի բազմությանը նստեցնել խոտի վրա. և վերցնելով հինգ նկանակն ու երկու ձկները՝ նայեց դեպի երկինք, օրհնեց, կտրեց և նկանակները աշակերտներին տվեց. իսկ աշակերտները՝ ժողովրդին։ Բոլորը կերան և հագեցան։ Եվ տասներկու սկառ լիքը կտորտանքների մնացորդներ վերցրին։ Եվ նրանք, որ կերան, մոտ հինգ հազար հոգի էին՝ չհաշված կանանց ու երախաներին» [19-21]։

Ինչո՞ւ Հիսուս դեպի երկինք նայեց և օրհնեց։ Քանի որ պետք էր, որ նրանց հավատացներ, որ Ինքը առաքված է Հորից և որ հավասար է Նրան։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այս ճշմարտությունների ապացույցները հակասում են միմյանց։ Հոր հետ Իր հավասար լինելը ցույց էր տալիս նրանով, որ ամեն բան իշխանությամբ էր անում, և որովհետև չէին հավատա, որ Հորից է ուղարկված, եթե ամեն բան մեծագույն խոնարհությամբ չաներ, ամեն բան Հորը չվերագրեր և գործելիս Նրան չդիմեր։ Ահա թե ինչու հաստատելու համար թե՛ մեկը և թե՛ մյուսը, Տերը բացառապես մեկը կամ մյուսը չի անում, այլ հրաշքներ գործում է երբեմն իշխանությամբ, երբեմն էլ՝ աղոթքով։ Հետո, որպեսզի Իր այս գործերը հակառակության պատճառ չլինեն, ավելի քիչ կարևոր գործեր անելիս երկինք է նայում, իսկ ավելի կարևոր գործեր անում է իշխանությամբ, որից էլ դու պետք է եզրակացնես, որ ավելի պակաս կարևոր գործերում զորություն չի ստանում որևէ մեկից, այլ որ Ծնողին է պատվում, ինչպես հարկ է, որ որդին պատվի։ Այն, որ թողեց մեղքերը, բացեց դրախտը և ավազակին այնտեղ տարավ, երբ ամենայն իշխանությամբ լուծեց Հին Օրենքը, հարություն տվեց շատ մեռյալների, հանդարտեցրեց ծովը, փարիսեցիների սրտերի գաղտնիքները բացահայտեց, կույրի աչքերը բացեց. այսպիսի գործերը հատուկ են միայն Աստծուն և ուրիշ ոչ ոքի,- այս բոլոր գործերի ժամանակ Նրան աղոթելիս չենք տեսնում։ Իսկ երբ կամեցավ բազմացնել հացը, որ ավելի քիչ կարևոր էր, քան վերը հիշված գործերը, այնժամ դեպի երկինք նայեց, որպեսզի հաստատի Իր՝ Հորից առաքված լինելը, ինչպես վերևում արդեն ասացի, և նաև որպեսզի մեզ ուսուցանի, որ մինչև երկինք չնայենք և չգոհանանք Աստծուց՝ մեզ կերակուր Պարգևողից, սեղանին չմոտենանք։

Իսկ ինչո՞ւ ոչնչից հաց չստեղծեց։ Որպեսզի փակի [հերձվածողների]՝ Մարկիոնի և մանիքեականների բերանները, որոնք Նրան Արարիչ չեն ճանաչում, որպեսզի հենց գործերով սովորեցնի, որ բոլոր երևացող բաներն Իր ստեղծածն են՝ Իր գործերը, և որպեսզի ապացուցի, որ Ինքն է, որ աճեցնում է պտուղները, [Ինքն է], որ ի սկզբանե ասաց. «Թող երկիրը բույս, և ջրերը կենդանության շունչ ունեցող զեռուններ արտադրեն»։ Իսկ այս հրաշքը փոքր չէ, քան այն։ Քանզի թեև երկիրը ոչնչից է արարված, սակայն բույսերը՝ հողից, և զեռունները ջրից են հանվել։ Իսկ հինգ նկանակից բազում հացեր և երկու ձկից՝ բազում ձկներ աճեցնելը պակաս կարևոր չէ, քան այն, որ հողից բույս, իսկ ջրից զեռուններ հանելը։ Այդ ցույց տվեց, որ Հիսուս իշխանություն ունի հողի և ծովի վրա։ Մինչ այդ Նա հրաշքներ էր գործում միայն հիվանդների վրա, իսկ այժմ բոլորի համար է բարիք գործում, որպեսզի ժողովուրդը չմնա սոսկ դիտորդ այն բանի, ինչ կատարվում է ուրիշների հետ, որպեսզի ինքը նույնպես բարիքներ վայելի։ Եվ ինչը, որ անապատում հրեաներին հրաշք էր թվում (նրանք ասում էին. «Մի՞թե կարող է հաց տալ կամ սեղան պատրաստել այս անապատում» [Սաղմ. 127, 20]), այդ նույնը Տերը գործով է ցույց տալիս։ Դրա համար նրանց անապատ է տանում, որպեսզի հրաշքը որևէ կասկածի չենթարկվի, և ոչ ոք չմտածի, թե իրենց կերակրելու համար այդ ամենը բերվել է մոտիկ բնակավայրից։ Այդ պատճառով էլ ավետարանիչը ոչ միայն տեղը, այլ նաև ժամն է նշում։ Այստեղից մեկ այլ բան էլ ենք սովորում. այն, որ աշակերտները ժուժկալ էին և այնքա՜ն քիչ էին մտահոգվում, թե ինչ պիտի ուտեն, այնքան քիչ էին հոգ տանում մարմնավորի մասին. միայն հոգևորի մասին էին հոգում։ Նրանք տասներկու հոգի էին և իրենց հետ ունեին ընդամենը հինգ նկանակ և երկու ձուկ։ Եվ այդ քիչ հացն էլ չպահեցին, այն էլ տվեցին, հենց որ իրենցից խնդրեցին։ Այստեղից մենք պետք է սովորենք, որ թեև քիչ բան ունենք, այն էլ պարտավոր ենք տալու կարիքի մեջ գտնվողին։

Երբ նրանց հրամայեց բերել հինգ նկանակները, նկանք չասացին. «Հապա մե՞նք ինչ պիտի ուտենք, ինչո՞վ պիտի հագեցնենք մեր քաղցը», այլ անմիջապես լսեցին։ Այս ասվածից բացի, իմ կարծիքով, Քրիստոս կրկին հաց չի արարում, որպեսզի աշակերտներին դեպի հավատ բերի. քանզի նրանք դեռևս տկար էին։ Այդ պատճառով էլ երկինք նայեց։ Մեկ անգամ չէ, որ նրանք հրաշքներ էին տեսել, սակայն այդպիսի հրաշք դեռ չէին տեսել։ Այսպիսով, վերցրեց, կտրեց և բաշխեց աշակերտների միջոցով՝ դրանով պատվելով նրանց։ Իմիջիայլոց, Նա այդ արեց ոչ այնքան նրանց պատվելու, որքան այն բանի համար, որպեսզի երբ հրաշքը կատարվեր, նրանք անհավատության մեջ չմնային և չմոռանային կատարվածը, որի մասին իրենց իսկ ձեռքերը կվկայեին։ Այդ նպատակով էլ թույլ տվեց, որ աշակերտները գան և խնդրեն Իրեն, նրանց միջոցով տվեց հացը՝ կամենալով, որ յուրաքանչյուրը հրաշքն ընկալի սեփական մտքով ու փորձով։ Այդ պատճառով էլ աշակերտներից վերցրեց հացը, որպեսզի շատ լինեն վկաներն այն բանի, ինչ պիտի տեղի ունենար, և որպեսզի նրանք հիշեին հրաշքը։ Եվ եթե այդ ամենից հետո նրանք մոռացան այն, ապա ի՞նչ կլիներ, եթե այդպես չարվեր։

Տերը հրամայեց նստել խոտի վրա՝ դրանով ժողովրդին կենցաղի պարզություն ուսուցանելով. կամենալով ոչ միայն նրանց մարմինը սնել, այլ նաև կրթել նրանց հոգին։

Եվ այսպես, Տերն ընտրեց այդպիսի տեղ, չտվեց ավելին, այլ միայն հաց և ձուկ, բոլորի առջև դրեց նույն ուտելիքը և ոչ թե մեկի առջև մի, մեկ ուրիշի առջև՝ այլ բան, որպեսզի դրանով ուսուցանի խոնարհություն, ժուժկալություն, սեր, որպեսզի մենք էլ ամեն բան ընդհանուր համարենք, և բոլորս իրար նման լինենք։ «Կտրեց և նկանակները աշակերտներին տվեց, իսկ աշակերտները՝ ժողովրդին»։ Կտրեց և տվեց հինգ նկանակ, և այդ նկանակները աշակերտների ձեռքերի մեջ շատացան։ Սակայն հրաշքը դրանով չավարտվեց։ Տերն ավելացրեց ոչ թե նկանակները, այլ դրանց կտորտանքները, որպեսզի ցույց տա, որ դրանք ճիշտ այն նկանակների կտորներն են, և որպեսզի նրանք, ովքեր ներկա չէին հրաշքի կատարման ժամանակ, կարողանային իմանալ, որ այդ եղել է։ Դրա համար էլ Քրիստոս թույլ տվեց, որ ժողովուրդը քաղց զգա, որպեսզի ոչ ոք հրաշքը իբրև երազ չընդունի։ Եվ տասներկու սակառ ավելացրեց, որպեսզի Հուդան նույնպես այն կրի։ Տերը կարող էր նաև առանց հացի հագեցնել նրանց քաղցը, բայց այդ ժամանակ աշակերտները չէին իմանա Նրա զորությունը, քանզի Եղիայի ժամանակ նույնպես այդպիսի բան եղավ։ Եվ այստեղ հրեաներն այնպես զարմացան, որ կամենում էին իրենց թագավոր դարձնել Նրան, մինչդեռ մյուս հրաշքների ժամանակ երբեք այդպիսի բան չմտածեցին։

Եվ արդ, ի՞նչ խոսքով է արտահայտվում այն, թե հացերն ինչպես էին բազմանում, ինչպես էին տարածվում անանպատում և ինչպես էին բավականացնում այդքան մեծ բազմության, որ հինգ հազար հոգի էր՝ չհաշված կանանց ու երեխաներին։ Եվ գովելին այն է, որ ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք էին հետևում Հիսուսին։ Առաջինից պակաս կարևոր չէ այն, թե որքան ավելացան հացի կտորտանքները։ Ի դեպ, կտորտանքներն ավելացան այնքան, որ սակառների թիվը հավասարվեց աշակերտների թվին ՝ ո՛չ ավելի, ո՛չ պակաս։ Տերը դրանք չտվեց ժողովրդին, այլ աշակերտներին, քանի որ ժողովուրդն այնքան կատարյալ չէր, որքան աշակերտները։

Եվ երբ հրաշքը կատարվեց, Նա իսկույն ստիպեց Իր աշակերտներին նավակ մտնել և առաջանալ դեպի մյուս կողմը, մինչև որ ինքը ժողովրդի բազմությանն արձակի» [22]։ Եթե Նրա ներկայությամբ կարող էին մտածել, թե տեղի ունեցածն առաչոք է եղել, այլ ոչ թե իրականում, ապա Նրա բացակայությամբ այդպես մտածել չէին կարող։ Ուստիև աշակերտներին հնարավորություն տալով խստորեն քննելու կատարվածը՝ նրանց հրամայեց իրենց հետ վերցնել կատարված հրաշքի հիշատակներն ու ապացույցները և հեռանալ Իրենից։ Ուրիշ դեպքերում, որևէ մեծ գործ կատարելով, Քրիստոս Ինքն էր հեռանում ժողովրդից ու աշակերտներից, որպեսզի մեզ ուսուցանի փառք չփնտրել և դեպի մեզ չգրավել ժողովրդին։ Իսկ ասելով՝ «ստիպեց Իր աշակերտներին»՝ ավետարանիչը ցույց է տալիս, որ աշակերտները չէին կամենում բաժանվել Նրանից։ Քրիստոս նրանց ուղարկեց ժողովրդին արձակելու պատրվակով, բայց իրականում կամենում էր լեռը բարձրանալ։ Այդ նույնպես արեց՝ մեզ ուսուցանելու համար, որպեսզի մենք միշտ չձգտենք մնալ ժողովրդի հետ և միշտ չփախչենք նրանից, այլ օգուտ քաղենք ե՛ւ մեկից, ե՛ւ մյուսից։

Սովորենք և մենք լինել Քրիստոսի հետ, բայց ոչ նյութական պարգևների համար, որպեսզի մենք էլ հրեաների նման նախատինքի չարժանանանք, թե՝ «Դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետև կերաք այն հացից և կշտացաք» [Հովհ. Զ 26]։ Այդ պատճառով էլ Նա հաճախ չգործեց այդպիսի հրաշքներ, այլ միայն երկու անգամ, որպեսզի նրանց սովորեցնի չծառայել որովայնին, այլ անդադար ձգտել հոգևոր բարիքների։ Նրանց հետ նաև մենք փնտրենք երկնային հացը և, ընդունելով այն, հեռացնենք աշխարհիկ բոլոր հոգսերը և չհոգանք նյութական բարիքներ ունենալու մասին։

------------------------------------------------
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ