Մահվան մասին

Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ
———————————————————

ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

Երբեմն մարդու մահը մեր առջև որոշ հարցեր է դնում, որոնց պատասխանները երկար ժամանակ չենք կարողանում գտնել: Աստված Իր էությամբ բարի է: Այդ իսկ պատճառով Նա երբեք չի կարող չարի պատճառ լինել: Երբ արեգակը ծագում է, նրանից չի կարող խավար տիրել, և երբ կրակը վառվում է, ապա հնարավոր չէ, որ նրանից սառնություն փչի: Ճիշտ այսպես էլ չարը կամ մահը երբեք չեն կարող Աստծուց լինել, որովհետև Աստված սեր է: Երբ մարդն իր սխալ ընտրությամբ մեղավոր դարձավ, փոխվեց նաև նրա բնությունը, և նա դարձավ մահկանացու:

Մահվան պատճառները լինում են առաջացած տարիքը, պատահարները կամ էլ հիվանդությունները: Սակայն Աստված Իր բարի բնությամբ ցանկանում է այդ չարիքը ևս մարդու համար բարիք դարձնել, և եթե այս պատճառներից որևէ մեկի բերումով մահ է լինում, ապա Աստված արդար ու բարի ննջեցյալների հոգիները վերցնում և բնակեցնում է երկնային լույսերի ու խաղաղության մեջ՝ մինչև ընդհանրական հարությունը: Ուստի, մեր պարտքն է ոչ միայն գերեզմաններ գնալը, այլ հատկապես առաջին հերթին եկեղեցում նրանց համար հոգեհանգիստ պատվիրելը: Քրիստոսից ստացած իշխանությունն առաքյալները ձեռնադրությամբ փոխանցեցին եկեղեցու սպասավորներին, և քահանան, այդ աստվածային իշխանությամբ աղոթելով, խնդրում է Աստծուն ներել ննջեցյալների կամա թե ակամա գործած մեղքերն ու նրանց հոգևոր հանգստություն և երանություն շնորհել:

ՎԱՂԱԺԱՄ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

Մարտիրոսների պարագայում նույնիսկ երբեմն հարցեր են առաջանում, թե ինչու էին նեղությունների մատնվում և շուտ մահանում, եթե Աստված սիրում է նրանց, և կամ՝ ինչո՞ւ են հիմա էլ որոշ մարդիկ վաղաժամ մահանում։ Փորձենք տալ պարզաբանումներ: Աստվածաշունչն ասում է. «Պատուական է առաջի Տեառն մահ սրբոց իւրոց»։ Այսինքն` մեզ համար անիմաստ և հաճախ անարդար է թվում այդպիսի մահը, սակայն Տիրոջ համար այն պատվական է: Ինչպես որ աշխարհիկ գիտնականները հայտնաբերում են ֆիզիկական աշխարհում գործող բնության տարբեր օրենքները, այդպես էլ սրբերը, որոնց ինչ-որ իմաստով կարելի է կոչել հոգևոր գիտնականներ, աստվածային հայտնություններով և ներշնչումով հայտնաբերել են հոգևոր աշխարհում զորությամբ գործող հոգևոր օրենքները:

Շատ ուշագրավ է հատկապես վաղաժամ մահվան բացատրությունը: Ահա մի քանի պատճառներ։ Գոյություն ունի մարմնի ծերություն և հոգու ծերություն: Մարմնի ծերությունն այն է, երբ մարդը, երկար տարիներ ապրելով, հասնում է որոշակի իմաստության և անմեղության: Իսկ մարմնով երիտասարդ, բայց հոգով ծերն առ Աստված իր հավատքով և դրանով ձեռք բերած իմաստությամբ ունի մաքուր և անարատ վարք: Եվ ինչպես որ հոգին առավել է, քան մարմինը, ճիշտ այդպես էլ հոգով ծերերն առավել են, քան մարմնով ծերերը, և բնական է, որ մեռնում են նրանք, ովքեր ավելի ծեր են: Նույնն է նաև բնության մեջ. որ պտուղը որ շուտ է հասնում, այն էլ առաջինն է ընկնում ծառից: Երկրորդ պատճառ. մեր օրերում տեսնում ենք, որ երբեմն մարդիկ վիճելիս սպանում են միմյանց: Սակայն սրա հետ մեկտեղ նաև խորը ցավով ենք տեսնում, որ շատ ազնիվ, առաքինի և նորաստեղծ ընտանքի տեր մարդիկ հանկարծ մահանում են տարբեր պատահարներից: Բարիներին Աստված վաղահաս մահով խնամում է բազմափորձ կյանքի որոգայթներից, քանի որ մարդու հետագա կյանքը շատ ավելի ահավոր կլիներ հենց նրա համար: Գուցե այժմ մեծ վշտով համակված, խորը թախծի մեջ ընկղմված մարդիկ այսպես ասեն. «Թող Աստված գնա ու այդպես մեր թշնամիներին խնամի»: Սակայն սրբերից մեկը, ցույց տալու համար, որ վաղահաս մահը երբեք պատահական չի լինում, այլ լինում է Աստծո ընտրությամբ, հետևյալ օրինակն է բերում. երբ Դավիթ թագավորը և հրեա ժողովուրդը մեղքերի մեջ էին, Աստված ասաց թագավորին. «Պատուհաս պիտի լինի, և քեզ հնարավորություն եմ տալիս ընտրելու երեքից մեկը. կա՛մ երեք տարի սով պիտի լինի, կա՛մ երեք ամիս՝ սուր և գերություն, կա՛մ երեք օր՝ մահ»: Եվ Դավիթն ընտրեց երեք օրվա մահը` ստույգ իմանալով, որ վաղաժամ մահը երբեք պատահական չի լինում, և առաջին հերթին մեռնելու են մեղսալից մարդիկ: Սակայն չէ՞ որ երբեմն բարիներն էլ են շուտ մեռնում, և ասացինք, որ Աստծո նախախնամությամբ դա ևս մարդու բարիքի համար է լինում: Այս մասին սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. «Մի՛ տարակուսիր՝ ասելով, թե արդար երիտասարդը ամբարիշտի հետ է մեռնում: Թեպետ մահվան ճանապարհը մեկ է, որով երկուսն էլ ընթանում են, բայց նրանց հույսը զանազան է. բարին գնում է դեպի հանգիստ, իսկ չարը` դեպի նեղություն և տրտմություն, ճիշտ այնպես, ինչպես երկու երիտասարդներ գնում են թագավորի մոտ: Մեկը լի է խնդությամբ, որովհետև նրա սիրելին է, իսկ մյուսը, որ չարագործ է, լի է տրտմությամբ, որովհետև գնում է տանջանքի և մահվան»: Այսինքն` Աստված ամեն ինչ անում է բարիների օգտի համար, իսկ չարերին սպանելով՝ վերացնում է նրանց չարիքները: Վաղաժամ մահվան երրորդ պատճառը կարելի է տեսնել մարտիրոսների օրինակով: Մարտիրոսները, որոնք հոժարակամ էին մեռնում երիտասարդ հասակում, տենչում էին դուրս գալ այս աշխարհից և ելնել երկինք: Ճիշտ այսպիսի մղում ուներ նաև Դավիթ թագավորը, երբ ասում էր. «Ծարավի է անձն իմ առ Քեզ, Աստվա՛ծ»: Նույն կերպ նաև Պողոս առաքյալն էր ասում. «Ավելի լավ եմ համարում ելնել մարմնից և Քրիստոսի հետ լինել»: Ինչպես նաև նրա հետևյալ խոսքերը բացահայտում են հավիտենականության անհամեմատելիությունը ժամանակավորի հետ. «Կյանքն ինձ համար Քրիստոս է, և մեռնելը շահ»: Սակայն մի հարց ևս մեզ կարող է հանգիստ չտալ. «Բայց չէ՞ որ այդ մարդիկ երեխաներ ունեն, մի՞թե անարդարացի չէ նրանց զրկել իրենց խնամակալներից»: Մեր Եկեղեցում հիշատակվող սրբերից մեկին` Երանոս եպիսկոպոսին, ընկերները համոզում էին, որ իր երիտասարդությունը և հատկապես իր երեխաներին խղճալով՝ հրաժարվի հավատից, որպեսզի ինքը երիտասարդ հասակում չմեռնի ու նաև իր երեխաների կողքին լինի: Երանոսը պատասխանում է. «Իմ երեխաներն Աստված ունեն, որը կհոգա նրանց մասին: Ինձ ոչինչ չի ստիպի հրաժարվել իմ Քրիստոսից»: Այս մեծ սրբի արարքը մեզ ստիպում է հիշել Քրիստոսի խոսքերը, թե` «Ով որևէ մեկին սիրում է Ինձնից առավել, Ինձ արժանի չէ»: Ըստ Աստվածաշնչում արձանագրված երկարակեցության օրենքի՝ Տիրոջ երկյուղը, Աստծո պատվիրանների իրագործումը մարդու համար ապահովում են երկար և խաղաղ կյանք: Իսկ երբեմն նաև բարի մարդկանց հասնող վաղաժամ մահվան մասին իմանալով, որ ամեն ինչ լինում է մարդու հավիտենական երջանկության համար, փառք տանք Աստծուն և հաճախ մարտիրոսների հիշատակի համար արտասանվող խոսքերը գործածենք նաև նրանց համար, ովքեր վաղաժամ հեռացել են այս աշխարհից` անցնելով դեպի հավիտենություն. «Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»։ Ամեն:

ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՆՆՋԵՑՅԱԼԻ

Քրիստոնեությունը հորդորում է իր հետևորդներին չափավոր լինել վշտի մեջ, որովհետև մահն ինչ-որ իմաստով նաև ուրախություն է, քանզի ննջեցյալի հոգին ժամանակավորից անցնում է հավիտենություն և բնակվում Աստծո շնորհած երանելի խաղաղության մեջ: Սակայն կան մարդիկ, որոնք իրենց կյանքն անցկացրել են անհավատությամբ և մեղքերով ծանրաբեռնված: Այդպիսիների համար հոգեհանգստյան արարողությունը շատ քիչ բանով կարող է օգտակար լինել: Եվ միայն մեկ հնար է մնում` աղոթել ու ողորմություն անել ննջեցյալի հիշատակի համար: Ինչո՞ւ հենց ողորմություն. որովհետև ողորմությունն ավելին է, քան մեռյալին հարություն տալը, քանի որ մեռածին հարություն տալով՝ պարտական ենք լինում Աստծուն, որովհետև այդ հրաշքը աստվածային զորությամբ է լինում, մինչդեռ երբ ողորմություն ենք անում, մեզ պարտական ենք դարձնում հենց Աստծուն Իրեն:

ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆ

Այսօր շատ մարդիկ հարցնում են. «Ինչի՞ համար Աստված թույլ տվեց, որ այդքան անմեղ զոհեր լինեն»: Մեր ամենամեծ սխալն այն է, որ հատկապես վաղաժամ մահվան դեպքում առաջին հերթին մեղադրում ենք Աստծուն: Մահվան պատճառները մարդկանց չար կամքն է, մարմնի տկարությունը, հիվանդությունն ու ծերությունը: Եվ եթե այս պատճառներից մեկի բերումով մահ է լինում, ապա Աստված չարիքը միշտ փոխում է մարդու համար բարիքի. մահվան դեպքում էլ վերցնում է ննջեցյալի հոգին ու բնակեցնում անճառելի, անպատմելի երանության մեջ: Քրիստոս երբեք չասաց Իր հետևորդներին, թե նրանք պետք է անհոգ, խաղաղ և ապահով կյանք ունենան, այլ ընդհակառակը, որ նրանք Իր անվան համար պիտի հալածվեն: Դա հաստատեց նաև Պողոս առաքյալը` ասելով. «Բազում նեղություններ կրելով է, որ մտնելու ենք Երկնքի արքայություն»: Քրիստոսն Ինքը չարչարանքներով մեռավ: Գրեթե բոլոր առաքյալները չարչարանքներով մահն ընդունեցին: Քրիստոսի բազում հետևորդներ, բազում քրիստոնյաներ նույնպիսի վախճան ունեցան: Ժողովրդական իմաստությունն ասում է. «Ավելի լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկաչոք»: Հայոց Եղեռնի ժամանակ բազում կույսեր իրենց զոհեցին, որպեսզի այլահավատները չպղծեն իրենց, բազում մայրեր անապատներում մեռնելիս նույնիսկ վերջին շնչի մեջ իրենց զավակներին սովորեցնում էին հայոց տառերն ու քրիստոնեական հավատը…

Սուրբ Եփրեմ Ասորին ասում է, որ հալածանքների ժամանակ քրիստոնյաները հավիտենություն անցան իրենց նահատակությամբ, իրենց նահատակությամբ արժանի դարձան Երկնքի արքայության: Այսօր էլ շարունակվում են հալածանքները, սակայն արդեն հոգևոր իմաստով, և երանելի են նրանք, ովքեր ողջ և կենդանի մնալով, նահատակվում են` արժանանալով հավիտենական կյանքի և Երկնքի արքայության:

ԵՂԵՌՆԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՀԱՎԱՏՔԸ

Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ բազմաթիվ մարդկանց մահը մեր առջև որոշ հարցեր է դնում, որոնց պատասխանները մենք դժվարանում ենք գտնել: Ինչո՞ւ տեղի ունեցավ Եղեռնը։ Եթե Աստված կա և տեսնում էր Իրեն հավատացողների կոտորածը, ինչու չկանխեց։ Ահա հարցեր, որոնց պատասխանները հուզում են բազում մարդկանց։ Գիտության խնդիրը ծագած հարցերին անպայմանորեն պատասխան գտնելն է։ Սակայն կրոնը, պատասխանելով տիեզերքի ստեղծման և դրա հետ կապված բոլոր հարցերին, այս դեպքում պետք է բացատրի միայն մեկ բան` տառապանքի գոյության իմաստն այս աշխարհում։ Գուցե շատերիս ամենամեծ սխալն այն է, որ մահվան պատճառը անմիջապես Աստծուն ենք համարում։ Մինչդեռ Աստված Իր էությամբ բարի է: Այդ իսկ պատճառով Նա երբեք չի կարող չարի պատճառ լինել: Զարմանալի և օրինակելի ժողովուրդ ենք մենք` հայերս. բազում ու բազում նեղություններ ենք տեսել, սակայն երբեք չենք դադարել հավատացյալ ժողովուրդ լինելուց։ Թվում է, թե հակառակը պիտի լիներ. հերոսական պատմության մեջ նաև ահավոր վշտեր տեսնելով՝ հայ ժողովուրդը պիտի մեղադրեր Աստծուն և դադարեր Քրիստոսին հավատալուց։ Սակայն հենց այստեղ է անիմանալի հրաշքը։ Սուրբ Հովհան Ոսկեբերանն է ասում Եսայու մարգարեության իր մեկնության մեջ. «Եվ այս իսկ է Եկեղեցու զարմանալին, որ այսպես է հաղթում. հալածվելով, մերժվելով, պես-պես նեղություններով կոփվելով՝ Եկեղեցին ոչ միայն նվազում է, այլև է՛լ ավելի է աճում ու բազմանում»։ Այսպիսին է նաև հայոց հավատքը, և պատմական այս հրաշալի իրողության դեմ ոչ ոք չի կարող առարկել։

Աստված, քննելով յուրաքանչյուր մարդու կյանքը, տալիս է այն, ինչ մարդուն ավելի է օգտակար. հալածանքների ժամանակ, եթե հարկավոր է, տալիս է ժամանակավոր կյանքի շարունակություն, իսկ ում որ պետք է, միանգամից է արժանացնում հավիտենական կյանքի։ Չարչարանքների միջոցով էր հայտնի դառնում մեծագույն սրբերի սերն Աստծո հանդեպ: Եվ այսպես էր նաև, որ հայտնի եղավ հայերի սերն ու հավատարմությունն առ Աստված. ոմանք մեռան և փոխվեցին հավիտենական երանելի կյանքի՝ ըստ Աստծո հայեցողության, ոմանք փրկվեցին և ապրեցին՝ ծնողները դառնալով հաջորդ սերունդների, և ոմանք էլ պարզապես պատժվեցին իրենց վատընթաց կյանքի համար։ Հայ ժողովուրդը երանելի Հոբի նման երբեք չկորցրեց իր հավատը և այսօր էլ շարունակում է ապրել ու հավատալ այն Աստծուն, որն ամեն ինչ անում է մարդու հավիտենական երջանկության համար։

ՄԵՌՆԵԼԸ ՇԱՀ Է

Երբ մենք հիշում ենք մեր ննջեցյալներին, կամ գլխիկոր կանգնում մեր հարազատների, ազգականների կամ բարեկամների գերեզմանների առջև, երբեմն ինչ-ինչ տխուր ու թախծոտ մտքեր ենք ունենում մեր թերահավատության պատճառով: Մենք մտածում ենք՝ մի՞թե սա է մեր բոլորի վերջը, կա՞ արդյոք կյանք մահից հետո, եթե այո, ապա ի՞նչ է լինում մարդկային հոգին` բաժանվելով մարմնից: Ահա այսօր դուք կլսեք այս և նման հարցերի պատասխանները: Հիսուս Քրիստոսն ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ցորենի հատիկը, հողի մեջ ընկնելով, չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա»: Ավետարանի այս հատվածը հեգևորականներն ընթերցում են հոգեհանգստյան արարողության ժամանակ՝ մեկ անգամ ևս վկայելով, որ ըստ Քրիստոսի խոսքի կամ էլ ըստ Պողոս առաքյալի հաստատման՝ մեռնելը շահ է: Գուցե դուք զարմացաք կամ էլ զայրացաք` անիմաստ համարելով նման պնդումը: Եթե մենք ուշադիր լինենք, կտեսնենք, որ ննջեցյալին թաղողները ճիշտ և ճիշտ նույն գործն են անում, ինչ հողագործները: Հողագործը, երկար ժամանակ քրտնաջան աշխատելով, սերմեր է հավաքում, այնուհետև, երբ գալիս է ցանելու ժամանակը, իր մեծ աշխատանքով հավաքած սերմերը գետնին է նետում: Եվ ոչ միայն այս, դեռ ավելին, սերմերը հողին նետելով՝ նա միևնույն ժամանակ երբեմն-երբեմն հայացքը երկինք է բարձրացնում և աղոթում, որ անձրև գա և հողի մեջ փտեցնի այդ սերմերը, որպեսզի ինքը շատ ավելի մեծ շահ և արդյունք ստանա: Իսկ նրանք, ովքեր այդպես չեն վարվում, շատ շուտով սպառում են իրենց պաշարը և մատնվում սովի, աղքատության և կործանման: Ահա ճիշտ այդպես էլ, երբ գալիս է մարդու երկրային կյանքի վախճանը, մենք նրան հողին ենք հանձնում, որպեսզի մարդն ինքը դրանից ավելի մեծ շահ ունենա: Աստվածաշունչը մեզ ուսուցանում է, որ մարդու հոգին անմահ է։ Հոգին մահից հետո բաժանվում է մարմնից, հեռանում այս երկրից և սպասում մեռելների ընդհանրական հարության: Պողոս առաքյալը մեզ սովորեցնում է, որ մարդու թաղվելը շահեկան է նրանով, որ հողին է հանձնվում ապականացու մարմին, բայց մարդը հարություն է առնելու անապական, հոգևոր և կատարյալ մարմնով: Շատերը դժվարանում են հավատալ այս ճշմարտությանը, և Աստվածաշնչի նման պնդումները համարում են պարզապես մխիթարիչ պատասխան վշտացած սրտերի համար: Սակայն եկեք քննենք և տեսնենք, թե արդյո՞ք մարդկային հարությունը բոլորովին անհնար է: Գիտնականներն այդպես էլ մինչև օրս չեն կարողանում գիտականորեն հասկանալ և բացատրել, թե որտից է սկիզբ առել ողջ տիեզերքը: Այն ամենը, ինչ կարողացել են անել նրանք այս հարցի ուսումնասիրման համար այն է, որ առաջ են քաշել մի քանի տեսություններ տիեզերքի առաջացման վերաբերյալ՝ միևնույն ժամանակ անպատասխան թողնելով դրա և ընդհանրապես նյութի ծագման հարցը: Դրա համար էլ արդեն մեր օրերում բազում գիտնականներ ի լուր ողջ աշխարհի բացահայտ խոստովանում են ամեն ինչի սկզբնական ծագման համար գերբնական բանականության անհրաժեշտությունը: Փորձեք վերացնել նյութը և կտեսնեք, որ չեք կարողանա: Նյութը հնարավոր չէ վերացնել, այն չի ոչնչանում, այլ պարզապես մի վիճակից վերափոխվում է մեկ այլ վիճակի: Եվ Նա, ով ոչնչից ստեղծեց ողջ տիեզերքը, մի՞թե չի կարող արդեն գոյություն ունեցող տարրերից վերականգնել սկզբնականը: Մարմնի մահը և փտումը կարելի է անվանել նաև արատ և թերություն: Բայց ահա արատը երբեք ամբողջական լինել չի կարող: Դեռևս չորրորդ դարի մեր եկեղեցական հայրերից մեկը հետևյալն էր ուսուցանում. «Արատն իր բնությամբ սահմանափակված է անհրաժեշտ սահմաններով: Օրինակ՝ երկնային երևույթի գիտակներն ասում են, որ ողջ աշխարհը ողողված է լույսով, իսկ մութը լինում է այնտեղ, որտեղ երկրային մարմնի վրա ստվեր է ընկնում: Արեգակը, երկրից բազում անգամներ մեծ լինելով, ողջ երկիրը լույսով է ողողում, և եթե որևէ մեկը կարողություն ունենա գնալ և անցնել ստվերից այն կողմ, ապա անպայման դարձյալ կհայտնվի լույսի մեջ: Ճիշտ այդպես ենք նաև մենք. որևէ մեղքից հետո զղջում ենք և դարձյալ որոշ ժամանակ լույսի մեջ ապրում»: Բնության օրենքի համաձայն` իր մեջ ինչ-որ չափով կենդանություն պարունակող որևէ սերմ հողի մեջ ընկնելուց հետո անպայման հարություն է առնում նոր և կատարյալ մարմնով: Եվ քանի որ մարդու մարմնի կենդանությունը՝ հոգին, անմահ է, ապա այդպես էլ հարություն է առնելու նաև մարդը, և բնության այսպիսի երևույթները մեզ ուսուցանում են այս մասին: Սա ապացուցեց նաև Քրիստոսը՝ հարություն տալով տարբեր մարդկանց, և մեռյալներից աստվածաբար հարություն առավ նաև Ինքը:

Հոբը, ահավոր վշտերի մեջ ընկնելով, դարձյալ չմեղանչեց Աստծո դեմ: Եվ իր այս արդարության համար Աստված նրան առաջվանից ավելի մեծ օրհնությունների արժանացրեց: Դժվար է պատկերացնել, թե ինպես կարող է մարդը՝ այսքան դժբախտությունների մեջ, չընկնի հուսահատության գիրկը։ Սակայն պետք է իմանալ, որ նույնիսկ վաղաժամ մահվան պարագայում Աստված գործում է ըստ Իր աստվածային իմաստության` անօրենություններից հեռու մարդկանց օգտին՝ ամեն ինչ անելով միմիայն բարիքի համար։ Աստված է կյանք պարգևողը։ Այս ճշմարտության շեշտումով սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Երբ Աստված Իր տվածն է առնում, ոչ ոք չի կարող մեղադրել, որովհետև Իրենն է և իշխանություն ունի։ Երբ մեզ պարտքով փող են տալիս, շնորհակալություն ենք հայտնում այն ժամանակահատվածի համար, որ տալիս են, և չենք մեղադրում այն բանի համար, որ վերցնում են մեզանից իրենց սեփականությունը։ Մի՞թե պիտի մեղադրենք Աստծուն, որ Իր սեփականությունն է վերցնում»։ Մահը մենք այլ կերպ ենք ընդունում, քան անհավատները։ Ինչպես գրվածքի նյութն է անգետի համար, որ միայն տառերն է տեսնում, իսկ գրագետը հասկանում է իմաստը, այդպես էլ մահը, որի մեջ մենք տեսնում ենք հարությունը, հոգու անմահությունը և հավիտենական կյանքի հույսը։

ԱՌԱՔԻՆԻ ՄԱՀ

Սրբերի կյանքի պատմություններից տեսնում ենք, որ նրանք բոլորն էլ, առաքինի ապրելով, նաև առաքինի մահ են ունեցել` արժանանալով հավիտենական կյանքի։ Եվ մենք ինքներս, սա իմանալով, մեր ազատ կամքով ընտրենք միայն բարին` միշտ հիշելով եկեղեցական այս իմաստուն խոսքերը. «Առաքինի մահը գանձ է, և յուրաքանչյուր ոք բավականաչափ հարուստ է, որպեսզի ձեռք բերի այն»:

—————————————————————————————————————————————————————————
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ