Ճշմարիտ կրոնը

Ադամ քահանա Մակարյան
——————————————-

Երբեմն Եկեղեցուց հեռու որոշ մարդկանց մոտ հարց է ծագում. «Լավ, այսքան կրոններ կան, ի՞նչ իմանանք, թե որն է ճշմարիտ կրոնը»: Իսկ ոմանք էլ, ավելի առաջ գնալով, ասում են. «Բոլոր կրոններն էլ լավն են, պաշտում են նույն աստծուն` տիեզերքի արարչին, միայն թե ամեն մեկը՝ իր ձևով»: Նման մտածելակերպը մարդկանց կարող է գցել խիստ մոլորության մեջ: Քրիստոնեությունը երբեք չի կարող նույնանալ որևէ այլ կրոնի հետ, քանզի մյուս կրոնները լի են բազում թերություններով: Եկեղեցու սրբերից Հուստինոս Վկան, որն ապրել է երկրորդ դարում, նախքան քրիստոնյա դառնալը, ճշմարտություն էր փնտրում այլ կրոններում: Նա փայլուն կրթություն ստացած մարդ էր և հիմնավոր ուսումնասիրելով շատ կրոններ՝ եկավ այն եզրակացության, որ կատարելությունը միայն քրիստոնեության մեջ է: Օգոստինոս Երանելին ևս, ուսումնասիրելով հունական փիլիսոփայությունը և տարբեր ուսմունքներ, ի վերջո եկավ ճշմարիտ Եկեղեցու գիրկը: Քրիստոնեությանը քաջածանոթ մարդը երբեք չի կարող նախապատվությունը տալ մեկ այլ կրոնի: Բերենք օրինակներ: Բուդդայականությունն արդարացիորեն կոչում են նաև աթեիստների կամ աթեիստական կրոն, որովհետև այնտեղ ընդհանրապես չկա հետաքրքրություն Աստծո նկատմամբ: Այդ կրոնին հետևող մարդու նպատակը միայն երանելի վիճակին հասնելն է, իսկ թե Աստված գոյություն ունի կամ չունի, ինչ է ասում և պատվիրում, երրորդական հարցեր են: Բացի դրանից՝ բուդդայականությունը մարդուն ուղղորդում է ներքին խիստ հպարտության մեջ: Մուսուլմանությունը մեծապես օգտվել է քրիստոնեությունից և հրեական կրոնից, մասամբ նաև կրել մանիքեյության և զրադաշտականության ազդեցությունը։ Նա ընդունում է Հին Կտակարանը, Հիսուս Քրիստոսին, սակայն իբրև մեծագույն մարգարեներից մեկը։ Իսլամում ամենակատարյալ կնոջ կերպար է համարվում Հիսուս Քրիստոսի մայրը` Մարիամը: Հնդկական կրոնը` հինդուիզմը, իր անընդհատ անիմաստ վերամարմնավորումների գաղափարով բացառում է մարդու ներաշխարհի ճշմարիտ լուսավորումը: Կարող եք հարցնել. «Իսկ այդ դեպքում ի՞նչ են ուրեմն մյուս կրոնները»: Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ նեռը կամ հակաքրիստոսը գալստից առաջ ունենալու է մի շարք կարապետներ՝ սրանց մեջ նշելով հերձվածողներին, աղանդավորներին, ովքեր մարդկանց հեռացնում են ճշմարտությունից, ինչպես նաև նրանց, ովքեր չեն խոստովանում Հիսուս Քրիստոսին: Նույն կերպ և սուրբ Հովհաննես առաքյալն է ասում իր թղթում. «Եվ ամեն մի հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին` մարմնով եկած, նա Աստծուց չէ: Եվ այդ հոգին նեռինն է, որի մասին լսել եք, թե գալու է և արդեն իսկ աշխարհում է»: Սակայն հարց է առաջանում. «Բայց չէ՞ որ տարբեր կրոններում այնքան բարոյական և առաքինի բաներ կան»։ Սրան կպատասխանենք այս պատկերավոր առարկությամբ. «Աղվեսը քնած է ձևանում, իսկ սատանան` ողջախոհ. մեկն իր զոհին բռնելու, իսկ մյուսը՝ մարդկային հոգին կորստյան մատնելու համար»:

 --------------------------------------------------
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ