Ճգնավորության անհրաժեշտությունը

Ադամ քահանա Մակարյան
——————————————————-

Արդի ժամանակներում, երբ աշխարհայնությունը և բարքերի թուլությունն ամենուրեք տիրապետող են դարձել, մարդիկ արհամարհանքով են նայում ճգնավորությանը։ Բայց պետք է գիտենալ, որ սա իր ժամանակի ամենից տրամաբանական հոգևոր ուղին էր և բարոյապես ու ֆիզիկապես ամենից առողջ կենսակերպը։ Փաստելու համար մի ակնարկ նետենք այն ժամանակների վրա, որոնցում ծնունդ առավ ճգնավորությունը։ Երբ 313 թ. Կոստանդիանոս կայսեր «Միլանի հրովարտակով» Եկեղեցին ազատվեց հալածանքներից, բարեպաշտների հետ նաև անբարո մարդիկ էլ սկսեցին մուտք գործել Եկեղեցի, քանզի առանձնակի քաջություն չէր պահանջում քրիստոնյա լինելու համար, ինչպես հալածանքների շրջանում էր։

Մեր Եկեղեցու մեծ դեմքերից Շնորհք Պատրիարք Գալուստյանն այսպես է մտորում ճգնավորության և վանականության մասին. «Այս ազատութիւնը որքան ալ բաղձալի էր Եկեղեցիի բարգաւաճումին եւ տերածման տեսակէտէ, նոյնքան ալ ճակատագրական սկզբնաւորութիւնը եղաւ Եկեղեցիի վատառողջ ուռեցումին կամ գիրացումին, եւ հետեւաբար` մասնակի այլասերումին», և ապա հավելում, որ հետզհետե Եկեղեցին գրավեց այն դիրքը, որը հեթանոսությունն ուներ նախապես։ Նախորդ դարերում հեթանոսությունն էր հալածողը, իսկ հետագայում էլ Եկեղեցին սկսեց հալածել հեթանոսությանը։ (Նշենք, որ այստեղ, Եկեղեցի ասելով, պատրիարքը նկատի ունի Եկեղեցի մուտք գործած տարբեր անձանց և տիրող մթնոլորտը)։ Բացի դրանից, հատկապես արևելքում, Ավետարանի քարոզությանը և քրիստոնեական կրոնի տարածմանը նվիրվելուց ավելի քրիստոնյաներն ընկղմվեցին աստվածաբանական անհատնում վեճերի մեջ։ Բարդ ու ծաղկյալ պաշտամունքային արարողությունները, որքան էլ մարդկային զգայարանների համար գրավիչ էին և գեղարվեստական մեծ արժեք ունեին, հետզհետե վերածվեցին ավելի ձևականության և արվեստականության, քան Քրիստոսի պահանջած «Հոգով և ճշմարտությամբ» պաշտամունքն էր, ինչն այսօր տեսնում և չենք տեսնում արարողությանը մասնակցող տարբեր անձանց մեջ։

Երբ խաղաղություն ու ազատություն տիրեց քրիստոնեության մեջ, հեթանոս բարքերը ևս սկսեցին մուտք գործել Եկեղեցի, և ստեղծվեց կենցաղային մի կացություն, ուր այլևս դժվար էր իրարից զանազանել հեթանոսականն ու քրիստոնեականը։ Նույնիսկ կյանքի անմեղ կոչված երևույթներից` կերուխումից, երգուպարից, խնջույքներից, խաղերից, հաճույքներից որքա՞նը քրիստոնեական կարող էր նկատվել և որքանը՝ հեթանոսական, վիճելի հարց էր։ Այնպես որ քրիստոնեական կյանքը և մտայնությունը շատ բան էր կորցրել իր մաքրությունից, պարզությունից և բարոյական բարձրությունից։ Եվ մի շարք քրիստոնյաներ, տեսնելով հեթանոսության և քրիստոնեության այս անսուրբ խառնուրդը, հեռացան հասարակությունից, քաշվեցին անաղարտ բնության ծոցը` պահելու համար իրենց կյանքի բարոյական մաքրությունը Աստծո մշտական ներկայության մեջ։ Նրանց շնորհիվ քրիստոնեությունը կարողացավ մաքրվել և անցնել հաջորդ սերունդներին։ Այս իրագործելու համար նրանք գործի դրեցին գերմարդկային ճիգեր, որի պատճառով էլ կոչվեցին ճգնավորներ։ Իսկ ինչո՞վ է արդյոք մեր դարը տարբերվում այն ժամանակվա ապականությունից։ Բազում քրիստոնյա երկրներում այսօր ևս տեսնում ենք բարքերի նույն ապականությունը, անաստվածությունը կամ էլ հեթանոսությունը։ Իսկ ի՞նչ օգուտ կարող են տալ ճգնավորները կամ վանականներն այսօրվա մարդկությանը։ Հոգևոր կյանքում կատարելության հասած մարդկանց աղոթքներով բազում ժողովուրդներ կարող են փրկվել։ Նրանց ազնիվ օրինակը տեսնելով` բազմաթիվ անհավատ մարդիկ կարող են հավատալ և Երկնքի արքայությանն արժանանալ։ Սուրբ Գրիգոր Նազիանզացին ասում է. «Ինձ այնպես է թվում, թե ամեն էակներից փոփոխական ու բազմակողմանի մարդուն հովվելը և ուղղելը արվեստների արվեստն է և գիտությունների գիտությունը»։ Եվ եթե մենք համաձայն ենք, որ ստեղծվեն մշակույթի, արվեստի կենտրոններ` դրանք ծաղկեցնելու համար, եթե համաձայն ենք, որ ստեղծվեն գիտության կենտրոններ` գիտությունը ավելի զարգացնելու համար, ուրեմն ինչո՞ւ չպետք է ստեղծվեն վանական կենտրոններ, ուր մարդիկ զբաղված են արվեստների արվեստով և գիտությունների գիտությամբ, ուր ամեն օր և ամեն ժամ աղոթքներ են բարձացվում առ Աստված՝ մարդկանց փրկության և հոգևոր խաղաղության համար, և որտեղ ուխտավորները կկարողանան տեսնել կյանքի մեծագույն բարոյականության և ճշմարիտ սիրո հիանալի օրինակներ և դրանցով զորացած կվերադառնան իրենց ընտանիքները` առավել կատարելագործելու իրենց կյանքը` երջանկություն և խաղաղություն հաստատելով իրենց ընտանիքներում։ Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը, խոսելով տարբեր երկրների վանքերի մասին, ասում է, որ շատ վանքեր դարձել են ինչ-որ գործունեության կամ մշակութային հաստատություններ, որի համար բացարձակ անհրաժեշտություն չկա կուսակրոնության, այսինքն` կյանքի ամբողջական ողջակիզման, քանի որ աշխարհիկ մարդիկ էլ նույն պայմանների տակ կարող են նույն գործը անել։ Հետևաբար` հոգևորականին հոգևորական է դարձնում կամ մարդուն հոգևոր է դարձնում առաջին հերթին ոչ թե գիտական ինչ-որ աշխատություն, այլ Քրիստոսի պատվիրած ամենժամյա անդադար աղոթքը, որով կարող են զբաղվել հատկապես վանականները և ճգնավորները։ Հոգսերով ու հաճույքներով ծանրաբեռնված այս աշխարհը չի կարողանում կամ չի ուզում հասկանալ ճգնավորների և վանականների մեծագույն կարևորությունը։ Սա բացատրելու համար Շնորհք Պատրիարքը գեղեցիկ օրինակներ է բերում։ Երբ Հիսուս Քրիստոս Գալիլեական ծովակի փոթորիկը դադարեցրեց, դրանից օգտվեց ոչ միայն նավը, որի մեջ գտնվում էին Քրիստոսն ու Իր աշակերտները, այլ նաև այն բոլոր մյուս նավերը, որոնք այդ պահին գտնվում էին ծովակի մեջ և տագնապի էին մատնվել Քրիստոսի աշակերտների պես։ Եվ այդ տասնյակներով նավերի մեջ գտնվող հարյուրավոր մարդիկ երբեք չիմացան, թե ո՞ւմ էին պարտական փոթորկի հանկարծակի դադարեցման համար։ Նույնպես, երբ Եվրոպա ներխուժող ասպատակիչ բանակները կասեցվեցին այս կամ այն ճակատամարտում մի քանի քաջարի գնդերի կողմից, իրենց ետևում գտնվող բազմաթիվ երկրների միլիոնավոր մարդիկ երբեք չանդրադարձան, թե ինչ ահավոր պատուհասներից փրկվեցին։ Նույնն է պարագան ճգնավորների և բոլոր սրբերի մղած հոգևոր պատերազմի։ Քրիստոնեական Եկեղեցին և ընդհանրապես՝ համայն մարդկությունը մեծապես պարտական է այս քչերին՝ վանականներին ու ճգնավորներին։

------------------------------------------------------
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:
Հատկորոշիչներ՝ ճգնավորություն

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Որն է քրիստոնեության էությունը

ԱԼԵՔՍԵՅ ՕՍԻՊՈՎՄՈՍԿՎԱՅԻ ՀՈԳԵՎՈՐ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ...

Հրաշքների մասին

Ադամ քահանա Մակարյան -----------------------  ...