Ճառ՝ ասված Համբարձման տոնի առիթով

ԶԱՔԱՐԻԱ ՁԱԳԵՑԻ

Ճառ Ասված մեր Տիրոջ

Համբարձման տոնի առիթով

Աստծո անճառելի Բանը, որ Հոր փառքի լույսն ու էության նկարագիրն է, Անեղի կերպարանքը, անմահ էության ծագումը, նախքան արուսյակը՝ Որդին, որ հաճեց մահվան ձեռքից փրկել մարդկային գերված ազգը և հարսնացնել Իր ընդհանրական սուրբ Եկեղեցուն, ուղարկեց երանելի և կանխատես սուրբ մարգարեներին, որոնք, Սուրբ Հոգուց ազդված, գուշակեցին ժամն ու ժամանակը Աստվածորդու՝ երկնքից երկիր իջման։ Եվ ժամանակների վախճանին Տերը եկավ և Իր չարչարանքներով ու խաչի մահվամբ կատարեց աստվածատես մարգարեների ասածները։ Եվ ովքեր հրավիրվեցին երկնավոր հարսանիքի, նրանց հոգիներում տպավորել տվեց սուրբ խաչը, Ավետարանը, Իր անապական մարմինն ու արյունը։ Եվ այսպես ներդաշնակության մեջ դնելով Հին և Նոր Օրենքը՝ փառքով համբարձվեց երկինք և, մտնելով Հոր մոտ, նստեց բարձունքներում՝ Հոր աջ կողմում։ Բայց Իր անսահմանելի Աստվածությամբ միշտ, ամեն ժամ մեզ հետ է՝ ըստ անսուտ գրվածի, թե՝ «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում, մինչև աշխահի վախճանը»։ Եվ սահմանեց Իր գալստյան մեծ Օրը կանչելու բոլորին, ովքեր վերստին ծնվում են ջրով և Հոգով և Իր աշխարհակեցույց մահվամբ, սուրբ խաչի անապական դրոշմը հանապազ կրում են իրենց ճակատին և արժանի հավատով մերձենում Տիրոջ սուրբ մարմնին ու արյանը։

Իսկ նրանք, ովքեր վերստին չեն ծնվում ջրից ու Հոգուց, չեն տեսնի երկնքի մշտնջենավոր արքայությունը։ Եվ արդ, բոլորի Տերը գալով՝ իրագործեց այն, ինչ անճառելի տնօրինության մասին կանխավ ասել էին մարգարեները։ Երեք օրից հարություն առնելուց և երանելի սուրբ առաքյալներին քառասուն օր երևալուց հետո այսօր տասնմեկ ընտրյալների և աշակերտների բազմության հետ եկավ Ձիթենյաց սուրբ լեռը, որ Երուսաղեմի արևելյան կողմում է։ Բարձրացնելով Իր արարչական ձեռքերը՝ օրհնեց նրանց՝ աճել և բազմանալ փրկության ավետարանով։ Օրհնեց նրանց, որպեսզի վերացնի առաջին անեծքի դատակնիքը, երբ ասել էր նախահորը. «Թող անիծյալ լինի երկիրը քո գործի պատճառով»։ Եվ նրանց օրհնելուց հետո բաժանվեց նրանցից և բարձրացավ երկինք։ Ինչպես մեծն Եղիասը՝ Հնում, երբ կանչվում էր վեր՝ երկինք, հրեղեն կառքն ու հրեղեն երիվարները բաժանեցին Եղիսեին ու Եղիային, և Եղիան պտտահողմի մեջ դեպի երկինք բարձրացավ։ Մարգարեն երկինք բարձրացավ, իսկ Եղիսեն, որի վրա Եղիան գցել էր մորթե վերարկուն, բաժանեց Հորդանանը՝ վերարկուն խփելով ջրերին։

Այսօր Տերն ու Արարչագործը Եղիայի, սատանային իր լեգեոն զորքի հետ միասին հարվածելով, եկավ Ձիթենյաց լեռը՝ արփիափայլ ամպերով, փառքով համբարձվեց երկինք՝ դեպի Իր Աստվածության անճառելի փառքը, և սուրբ առաքյալներին պարգևեց քահանայության շնորհ՝ բացելու Հորդանանի ավազանի արգանդը և որդեգրության շնորհով վերածնելու բոլոր հեթանոսներին։ Իր ձեռքերը բարձրացնելով՝ օրհնեց նրանց. Իր ձեռքերով այնտեղ էր ստեղծել առաջին մարդու մարմինը, նրա մեջ Իր աստվածեղեն բերանով հոգի փչել և մարգարեական շնորհներ պարգևել նրան, և մարդն անունակոչել էր բոլոր կենդանիներին, որոնց Աստված գոյացրել էր ի պատիվ և ի ծառայություն մարդու, իսկ նա կորցրել էր դրանք իր հանցանքների պատճառով։

Այսօր բոլորի Տերը, գալով Ձիթենյաց լեռը, Իր արարչական ձեռքերը դրեց Իր սուրբ առաքյալների վրա՝ քահանյագործելու նրանց, և Իր աստվածային բերանով փչեց՝ մարդկային ազգին վերստին պարգևելու կորած մարգարեական շնորհները։ Այսօր ելավ Ձիթենյաց սուրբ լեռը, քանի որ Հնում էլ լեռան վրա իջավ եբրայեցիների բանակի մեջ, լեռան վրա երևալով՝ կոչեց Աբրահամին, որ Իսահակին պատարագ մատուցի։ Մեծն Մովսեսին նույնպես կոչեց դեպի լեռը, և երբ Մովսեսը քառասնօրյա պահքով ճնշեց իրեն, աստվածային փառքերի տեսնողը եղավ։ Նաև աստվածային Եղիային կանչեց Քորեբ լեռը և մեղմ հողմով ու շարժմամբ ցույց տվեց Իրեն, որքան մարդու կարողությունն է Աստծուն տեսնելու։

Իսկ այսօր՝ հարություն առնելուց քառասուն օր հետո, Տերը ելավ Ձիթենյաց լեռը և փառքով երկինք համբարձվեց, ամպերով շրջապատելով՝ Իր երթի շավիղները ծածկեց երանելի աշակերտներից՝ ըստ Եսայի մարգարեի այն խոսքի, թե՝ «Վերջին օրերին պիտի հայտնվի Տիրոջ լեռը, Աստծո տունը՝ լեռների գագաթներին, պիտի բարձրանա բլուրների վրա, և բոլոր հեթանոսները պիտի շարժվեն դեպի նա։ Գալու են բազում ժողովուրդներ՝ ասելով. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռն ու Հակոբի Աստծո տունը։ Նա մեզ կսովորեցնի Իր ճանապարհները, որոնցով կգնանք»։

Մի ժամանակ [քարե տախտակներին Իր ձեռքով գրված] օրենքները պարգևեց եբրայեցիների բանակին Սինա լեռան վրա, իսկ այսօր Ձիթենյաց լեռան վրա Իր սուրբ աշակերտների ձեռքով փրկության ավետարանը տվեց և հրամայեց նրանց տարածել այն տիեզերքի բոլոր ծագերում և այնտեղից կոչեց Վերին Երուսաղեմ, որ մայրն է անմահության։

Այսօր մարդկային բոլոր ազգերն ու ցեղերը հավաքվում են այս սուրբ լեռան վրա՝ երկրպագելու մարմնացած Աստծուն, որ նստում է քերովբեների վրա։

Սա Ձիթենյաց սուրբ լեռն է՝ Բարձրյալ Աստծո ճշմարիտ տունը՝ բոլոր լեռներից ու բլուրներից առավել բարձրացած ո՛չ թե մեծությամբ, այլ փառքով։ Ինչպես Փրկչի՝ նորափոր գերեզմանից հարություն առնելը երաշխիքը եղավ ամբողջ մարդկության հարության, այնպես էլ Նրա՝ փառքով երկինք համբարձվելը հաստատուն և անսասան հույսն է բոլոր սուրբերի՝ Նրա նման արփիափայլ ամպերով Վերին Երուսաղեմ բարձրանալու։

Սուրբ և երանելի Զաքարիա մարգարեն մեր Փրկչի երկրորդ գալստյան մասին ասում է. «Մեր Տերը և Նրա բոլոր սուրբերը պիտի գան. այն օրը Նրա ոտքերը պիտի կանգնեն Ձիթենյաց լեռան վրա՝ Երուսաղեմի դիմաց՝ արևելյան կողմը։ Ձիթենյաց լեռը պիտի պատռվի, նրա մի կեսը՝ դեպի արևելք, մյուս կեսը՝ դեպի ծովը, նրանց միջև շատ մեծ վիհ պիտի լինի»։ Հոգեկիր մարգարեն տեսնում էր Հիսուսին՝ Իր աշակերտներով եկած Ձիթենյաց լեռան վրա։ Լեռան պատռվելը Ավետարանի երկու մասերի՝ Հին և Նոր Կտակարանների՝ համայն աշխարհում տարածվելն է նշանակում։ Ծովը ավազանի խորհուրդն ունի, արևելքը՝ դեպի արևելք աղոթքի կանգնելու, լեռան խոնարհվելը՝ Տիրոջից ավանդված Ավետարանի՝ չորսի բաժանումը և տիեզերքի չորս կողմերում ավետարանվելը։

Երանելի Ղուկասը իր երկրորդ մատյանում պատմում է այն ամենը, ինչ «Հիսուս սկսեց անել և ուսուցանել սկզբից մինչև այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով պատվեր տվեց առաքյալներին, որոնց Ինքն ընտրել էր, և երկինք վերացավ։ Նա Իր չարչարանքներից հետո իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացույցներով՝ քառասուն օրերի ընթացքում երևալով նրանց և խոսելով Աստծո արքայության մասին։ Եվ մի օր նրանց հետ հաց ուտելիս պատվեր տվեց նրանց՝ Երուսաղեմից չհեռանալ, այլ սպասել Հոր խոստումին, «որը, ասաց, լսեցիք ինձնից. որովհետև Հովհաննեսը մկրտեց ջրով, բայց դուք ոչ շատ օրեր հետո պիտի մկրտվեք Սուրբ Հոգով»։ Քանի որ երբ անճառ ծննդյամբ երևաց սուրբ Կույսից, քառասնօրյա ընծայվեց տաճարին և ծերունուն արձակեց մարմնի կապանքներից։ Հորդանանում մկրտվելուց հետո քառասուն օր մնաց անապատում, եկավ և ձկնորսությունից կանչեց աշակերտներին, որպեսզի որսան մարդկանց՝ հավիտենական կյանք ունենալու։ Այստեղ նույնպես հարություն առնելով՝ քառասուն օր երևաց աշակերտներին և համբարձվեց Հոր մոտ։

Ես երեք ծնունդ գիտեմ. առաջինը՝ մարմնով՝ ախտաբեր և ծառայության տակ դնող, երկրորդը՝ Տիրոջ շնորհներով ջրով և Հոգով որդի դարձնող, և երրորդը՝ սոսկալի և հրաշափառ, որ մի ակնթարթում աներևույթը երևացողի վերածելով՝ հավաքում է մի տեղում և կանգնեցնում Ստեղծողի մոտ՝ ատյանում, պահանջում պատասխան տալ խոսքերի ու գործերի համար, ինչպես ասում է խոսքը կապողի և արձակողի։ Արդ, այս երեք ծնունդները ինձ համար հանձն առնելով՝ կրեց իմ Քրիստոսը։

«Եվ մինչ Նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից և դեպի երկինք էր վերանում»։ Ինչպես Հովնանը եղավ օրինակը Փրկչի թաղման և հարության, այնպես էլ Ենովքը և Եղիան Նրա համբարձման նախօրինակները եղան։

Այսօր անժամանակ Աստվածորդին եկավ Ձիթենյաց սուրբ լեռը, կատարեց մարգարեների ու օրենքի կանխավ ասած խոսքերը և փառքով համբարձվեց երկինք՝ Հոր մոտ։ Նա, ինչպես որ եղավ ննջեցյալների առաջին պտուղը՝ հարություն առնելով գերեզմանից և մեզ համար հարության ճանապարհ բացելով, այնպես էլ այսօր հրաշալի փառքով համբարձվելով աստվածախառն մարմնով, որը մեզնից առավ, խառնեց և միավորեց Իր Աստվածությանը և մեզ բոլորիս համար ճանապարհ և շավիղ պատրաստեց՝ Իր գալստյան ժամանակ Իրեն ընդառաջ ելնելու։ Ինչպես մի ժամանակ Հովսեփին Եգիպտոս ուղարկելը և Մովսեսին Եգիպտոսից հանելը կանխագուշակում էր Իսրայելի որդիների՝ Եգիպտոսից ելքը, իսկ Ղովտին Սոդոմից հանելը ամբարիշտ ազգի հարվածներն էր ցույց տալիս։ Քանի որ բոլորի Աստվածը, ինչ որ պատրաստվում էր անել, նախապես տալիս էր օրինակը, նույնպես և մարմին առած անստվեր և անժամանակ Բանի՝ այսօր հրաշալի փառքով երկինք բարձրանալը խորհրդանշում է սուրբերի՝ հրաշափառ կերպով երկինք բարձրանալն ու պատրաստված արքայությունը ժառանգելը։

Եվ մինչ անճառելի և մարմնացած Լույսը երկինք էր բարձրանում, իսկ երանելի սուրբ առաքյալները զարմացած նայում էին, ամպը Տիրոջը ծածկեց նրանց աչքերից։ Ինչպես երբ Սինա լեռան վրա խոսում էր իսրայելացիների բանակի հետ, ամպը, մեգը և մառախուղը, շրջապատելով, պարփակում էին լեռը, և կամ էլ երբ կամենում էր իջնել վկայության խորանում, ամպը պարփակում էր խորանը, Հոբի հետ խոսում էր ամպի ու մրրկի միջով, իսկ մարգարեն ասում է. «Խոնարհեցրեց երկինքը և իջավ, և նրա ոտքերի տակ մեգ է», և՝ «Ամպ ու մեգ է նրա շուրջը»։ Իր փառավոր գալստյան ժամանակ էլ բոլորի Տերը ամպով պիտի բարձրացնի Իրեն հուսացածներին Իր երկնային խորանները։

Աշակերտները հիանում էին արփիահրաշ ու գերազանց տեսիլքով, որը շրջապատում էր սուրբ և երանելի Ձիթենյաց լեռան գագաթը, իսկ արեգակի ոսկեճաճանչ ճառագայթները օրվա երրորդ ժամին թաքնվում էին սաստիկ ու արփիահրաշ լույսից։ Այդ նորասքանչ ու հրաշափառ տեսիլքն ավելին էր, քան այն, որ առաքյալները տեսան Թաբոր լեռան վրա, ավելի գերազանց արփիագեղ ճառագայթներով, քան որ երևաց Մովսեսին Սինա լեռան վրա, առավել էր, քան այն, որ երևաց Եղիային Քորեբ լեռան վրա. սրանցից առավելը եղավ Ձիթենյաց լեռան վրա, սակայն Աստծո շնորհն անդրդվելի պահեց սուրբ առաքյալներին և չթողեց վայր ընկնել։

«Եվ ահա նրանց երևացին սպիտակ զգեստների մեջ երկու մարդիկ»։ Թվում է՝ սրանք անմարմին զորքերի երկու զորավարներն են՝ Միքայելը, որ Հնի միջնորդն ու սպասավորն էր, և Գաբրիելը, որ Նորի կազմողն ու մատակարարն էր. մի ժամանակ նրանք էին երևացել Աբրահամի խորանում անժամանակ Բանի հետ, երևացել էին յուղաբեր կանանց սուրբ գերեզմանում, իսկ այսօր այստեղ գալով՝ աշակերտներին հայտնեցին օրվա խորհուրդն ու զորությունը։ Եվ սուրբ հրեշտակները, ինչպես եղան Փրկագործողի սպասավորներն ու պաշտոնյաները և երանելի կանանց ավետեցին Փրկչի հարությունը, այնպես էլ այսօր աղաղակեցին ընտրյալ գնդին. «Ո՛վ գալիլիացիներ, ինչո՞ւ կանգնած նայում եք երկնքին. այն Հիսուսը, որ ձեր միջից վեր բարձրացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք Նրա երկինք գնալը»։ Քանի որ մենք միշտ սպասավորում ենք անժամանակ Աստվածորդուն, և երբ ձեզ կանչեց ձկնորսությունից, մենք մոտ էինք և գիտենք, որ սիրվում եք բոլորի Տիրոջ կողմից։ Մի՛ զարմանաք, մի՛ խռովվեք և մի՛ վախենաք, որովհետև այն Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, Իր մյուս անգամ գալու ժամանակ արփիափայլ ծագմամբ ամբողջ տիեզերքին պիտի երևա։

Այնժամ մեծ ուրախությամբ երկրպագելով՝ սուրբ առաքյալները վերադարձան Երուսաղեմ և սպասում էին խոստացված ավետիսին՝ Սուրբ Հոգու գալստյանը։

Իսկ մարմին առած անժամանակ Բանը՝ անստվեր լույսը, ճշմարիտ մարդեղությամբ լուսավոր և հրաշափառ ամպով ելավ վերին օդի միջով և ճանապարհ բացեց օդի հաստատության մեջ, որ երկինք է կոչվում, և մոտենալով թանձրամած ջրային հարկի կամարին, որ երկնքի ներքո է, Կույսից ծնված, կնքված գերեզմանից հարություն առած և փակ դռների միջով աշակերտների մոտ մտած մարմնով անցավ թանձրամած ջրահարկ հաստատությունը։ Անմահների զորքերն ավետիս էին տալիս երկնային իշխանություններին ու պետություններին և ցնծալով երգում էին. «Վե՛ր քաշեցեք, իշխաննե՛ր, ձեր դռները, թող բացվեն հավիտենական դռները, և փառքի արքան թող ներս մտնի»։ Իսկ երկնքի բարապանները, տեսնելով մարմնի մեջ անպարագրելի Բան Աստծուն, չիմացան նոր ու հրաշալի տեսիլքը, տարակուսած վարանեցին ու միմյանց ասացին. «Ո՞վ է այս փառքի արքան»։ Սուրբ հրեշտակապետները հասկացան երկնային զորքերի անգետ տարակուսանքը։ Ինչպես երբ մի հզոր թագավոր իր հզոր զորությամբ դիմում է թշնամու վրա, գերում նրան, ետ դարձնում նրա գերեվարածը, ավետիսով լցնում աշխարհը, մեծ հաղթությամբ վերադառնում իր քաղաքի դռների մոտ և չի ճանաչվում քաղաքի բնակիչների կողմից իր մարդկային հագուստների պատճառով, այնպես էլ փառքի Թագավորը հարձակվեց կամակոր վիշապի վրա, որը գերելով՝ կործանել էր մարդկային ազգը, որ իր Արարչի պատկերով էր արարվել։ Խոնարհվելով՝ հագավ այս պատերազմական մարմինը, սրանով որսալով՝ կործանեց թշնամուն, նույն՝ ծառայի կերպարանքով համբարձվեց երկինք և Իր ճշմարիտ մարդեղությունը հրեշտակներին ցույց տվեց։ Որի համար էլ հրեղեն զորքերը, անմարմին Աստծուն ծառայի կերպարանքով տեսնելով, զարհուրած հարցնում էին. «Ո՞վ է այս փառքի թագավորը», կամ՝ «Ո՞վ է սա, որ ելել գալիս է Եդոմից. նրա հագուստների կարմիրը Բոսորայից է, նա գեղեցիկ պատմուճանով է, հուժկու զորությամբ։ Քո հագուստներն ինչո՞ւ են կարմիր, քո հագուստներն ասես հնձանահարի հագուստներ լինեն, որ տրորում են լեցուն հնձանը»։ Մարմնացած Բան Աստված պատասխանում է. «Ես մենակ ճմլեցի հնձանը, հեթանոսներից ոչ ոք ինձ հետ չէր, բարկությամբ ճմլեցի նրանց և գետնին հավասարեցրի ու իմ բոլոր զգեստներն արյունաթաթախ արեցի, որ հոսում էր իմ կողից։ Որովհետև հասել էր նրանց հատուցման օրը»։ Նրա մարդկային կերպարանքը տարակուսանք էր առաջացնում երկնային անմահ զորքերի մեջ, և հարցնում էին. «Ո՞վ է այս փառքի թագավորը»։ Պատասխան տվեցին Տիրոջ առջևից ընթացողները. «Սա փառքերի թագավորն է, անճառելի Բան Աստված, որ խանձարուրով պատվեց Իր մարդասիրության պատճառով, իսկ այժմ համբարձվելով՝ գալիս է Հոր մոտ։ Սա է փառքի թագավորը, թագավորը սերովբեների, որ խաչի վրա սպանեց մեղքը և այժմ համբարձվելով՝ Հոր մոտ է գալիս։ Սա է փառքի թագավորը՝ Հոր և Հոգու փառակիցը, որ քանդեց դժոխքի բռնությունը և համբարձվելով՝ գալիս է Հոր մոտ։ Սա է փառքերի թագավորը, քերովբեների վրա վերանստողը, որ հարություն առավ գերեզմանից և համբարձվելով՝ գալիս է Հոր մոտ։ Սա է փառքերի թագավորը, փառքերի Տերն այնտեղ, ուր պիտի հավաքի մարդկանց որդիներին, որ Վերին Երուսաղեմ է կոչվում։

Եվ այնտեղ գալով՝ երկրպագեցին Նրան հրեշտակների զորքերը, տասնմեկ գնդերից առաջին բանակները։ Երբ Տիրոջից լսեցին, թե այստեղ հրավիրվեց մարդկային փրկված ու ազատված ազգը՝ լրացնելու թերի տասներկուերորդ բանակը, մեծ ուրախություն եղավ երանելի լուսեղեն բանական բանակների մեջ, օրհնության երգեր երգեցին Արարչին՝ հավիտենից անհաղթելի Թագավորին։ Այսպես ուրախացած հաճոյացան առաջին անդամները՝ հրեշտակները։

Ապա փոխվեց հրեշտակապետների՝ երկրորդ դասի մեջ, և երկրպագվեց ու փառավորվեց նրանց կողմից։ Անցավ երրորդ դասով, մխիթարեց նրանց և երկրպագվեց նրանց կողմից։ Բարձրացավ չորրորդ դաս, որոնք կոչվում են զվարթուններ, սփոփեց նրանց և, բարեբանվելով նրանց կողմից, բարձրացավ հինգերորդ դասի մոտ, որոնք կոչվում են պետություններ, ուրախացրեց նրանց և բարեբանվելով նրանց կողմից՝ վեցերորդ դասի մոտ բարձրացավ, որոնք կոչվում են իշխանություններ, ցնծալից ուրախացրեց նրանց և երանավետվելով նրանց կողմից՝ յոթերորդ երամի՝ աթոռների մոտ բարձրացավ, բերկրություն պատճառելով նրանց և բարեհամբավվելով նրանց կողմից՝ փոխադրվեց ութերորդ դասի՝ քերովբեների մոտ, զվարճացնելով նրանց և փառավորվելով նրանցից՝ բարձրացավ իններորդ դասի՝ սերովբեների հույլի մոտ, ուրախությամբ լցրեց նրանց և սրբաբանվեց նրանցից։ Եվ այսպես՝ իններորդ դասն անցնելով և մարդկային կերպարանքով երևալով բոլորին՝ բոլորին ավետեց մարդկային ազգի վեր բարձրանալը և երանելի զորությունների հետ նույն կարգի մեջ դրվելը։ Եվ այսպես ուրախացնելով երկնային բոլոր պետություններին և երկնային իշխանությունների զորքերին՝ հասնելով՝ մոտեցավ անմատչելի աթոռին։

Այնժամ ամենակալ Հայրը՝ թագավորների Թագավորն ասաց բոլորի Տիրոջը. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին քո ոտքերի տակ պատվանդան դնեմ», որովհետև «Քեզ հետ է իմ սկիզբը, քեզ արշալույսից առաջ ծնեցի արգանդից, և Տերը, այսինքն՝ Սուրբ Հոգին, քո աջ կողմում է»։

Այսօր հրեշտակապետները՝ երկնքից և երանելի առաքյալները՝ Ձիթենյաց լեռից հիացած են՝ տեսնելով Տիրոջ՝ մարմնով երկինք համբարձվելը։ Այսօր անժամանակ Բանը՝ Աստվածորդին, ծառայի կերպարանքով փառքով երկինք համբարձվեց և առաքելական հիմքի վրա հաստատեց սուրբ ընդհանրական Եկեղեցին։

Այսօր հողածին մարդկանց որդիներս միասին ձայնում ենք երկնային իշխանություններին. «Վե՛ր քաշեցեք, իշխաննե՛ր, ձեր դռները, և թող ներս մտնի երկնքից եկած մարմնացած անստվեր լույսը»։

Այսօր Քո փրկված Եկեղեցին բարեբանում է քեզ անմարմին բոցեղենների հետ, որոնք ձայնում էին միմյանց. «Վե՛ր քաշեցեք, իշխաննե՛ր, ձեր դռները, և թող ներս մտնի արքան»։

Անժամանակ Բան Աստված ժամանակի մեջ ճշմարիտ մարդեղությամբ կործանեց սատանային, այսօր հրաշալի փառքով երկինք համբարձվեց։ Երկրպագելով փառավորում ենք Քեզ, անպարագրելի Բա՛ն Աստված, որ մեր փրկության համար մարմնի մեջ պարփակվեցիր և այսօր փառքով համբարձվեցիր երկինք՝ Հոր մոտ։

Օրհնե՛նք անհաղթելի Թագավորին, որ այսօր Ձիթենյաց լեռան վրա Իր սուրբ առաքյալներին հայրական օրհնություններ պարգևեց և փառքով երկինք համբարձվեց։ Բազմաչյա քերովբեների հետ բարեբանեցե՛ք Իսրայելի Աստծուն։ Օրհնաբանեցե՛ք անպարագրելի Բան Աստծուն, որ մարդկային ազգի փրկության համար մարմնի մեջ պարփակվեց և հրաշափառ ամպով Ձիթենյաց լեռան վրայից ճանապարհ բացելով՝ երկինք համբարձվեց։

Օրհնեցե՛ք անպարունակելի Բան Աստծուն, որ մարդասիրությամբ երկիր իջավ, մարմնի մեջ պարունակվեց և ծառայի կերպարանքով խաչ բարձրացավ։

Երկրածիննե՛ր, նայե՛նք բոլորի Թագավորին, որ անմայր լինելով երկնքում՝ անհայր եղավ երկրի վրա, որ այսօր Ձիթենյաց լեռան վրայից բարձրացավ և նստեց Իր Ծնողի աջ կողմում։

Փա՜ռք Քրիստոսի անճառելի համբարձմանը, որ այսօր լուսեղեն ամպերով երկինք բարձրացավ և խոստացավ Սուրբ Հոգու գալստյամբ լուսավորել սուրբ առաքյալներին։ Աստվածորդի Բանը, ծառայի կերպարանքով անճառաբար ծնվելով անարատ և միշտ կույսից, այսօր հրաշափառ ծագմամբ երկինք համբարձվեց. երկնային պետությունների հետ բարեբանեցե՛ք Նրան։ Հրեղենների հույլերի հետ, մարդկային հողածի՛ն որդիներ, այսօր երգեցեք. «Վե՛ր քաշեցեք, իշխաննե՛ր, ձեր դռները, թող բացվեն հավիտենական դռները, և թող ներս մտնի փառքի թագավորը»։

Այսօր սերովբեների արքան՝ արփիափայլ ծագումով, երկինք համբարձվելով, նստեց փառքի աթոռին, և հրեշտակապետն առաքյալներին քարոզեց Նրա մյուս անգամ ահավոր գալստյան մասին։

Սուրբ Եկեղեցու մանուկնե՛ր, երկնային տերությունների հետ բարեբանեցե՛ք անստվեր լույսին, որն այսօր հրաշափառ ծագմամբ համբարձվեց երկինք և նստեց Իր Ծնողի աջ կողմում։ Մեր Տեր Աստված ամրացրեց մեզ Սուրբ Հոգու զորությամբ, Ձիթենյաց լեռան վրայից լուսազարդված ամպերով երկինք համբարձվեց, և երկնային զորքերը միմյանց ձայնեցին. «Վե՛ր քաշեցեք ձեր դռները, երկնքի՛ բարապաններ, քանի որ հաղթական իշխանությամբ եկավ հասավ փառքի թագավորը, որ Հոր կամքով իջել էր երկնքից»։

Այսօր երկինք համբարձվեց Նա, ով դրվել էր գերեզմանում. Հոր աջ կողմում նստեց Նա, ով մարդկանց բարին պարգևեց. դեպի բարձունք դիմեց մարմնի չարչարանքներից կարմրած պատմուճանով՝ թշնամուն հնձանի պես կոխկռտելով կործանելուց հետո։

Այսօր լուսազարդ փառքով երկինք համբարձվեց՝ ասելով. «Նո՛ր ժողովուրդներ, լսե՛ք հրեշտակների ձայնը, որոնք ասում են միմյանց. «Վե՛ր քաշեցեք, իշխաննե՛ր, ձեր դռները, թող բացվեն հավիտենական դռները, և թող ներս մտնի Քրիստոս թագավորը՝ Հոր և Սուրբ Հոգու էակիցը»։

Քո խաչ բարձրանալով, Քրիստո՛ս, կործանեցիր թշնամուն, երկու գազանների՝ մահվան ու դժոխքի մեջ ճանաչվեցիր, ազատեցիր մարդկանց և մարմնով երկինք համբարձվեցիր, երևացիր հրեշտակներին, փառավորվա՛ծդ երկնքում։

Երբ համբարձվեցիր, Քրիստո՛ս, ծածկվեցիր երանելի առաքյալներից, և հրեշտակապետը նրանց հայտնեց Քո երկրորդ գալստյան մասին, որ ամպով ես հավաքում Քո սուրբերին։ Նրանց հետ նաև մեզ արժանի դարձրու, Քրիստո՛ս, ընդառաջ ելնելու մեծ Թագավորիդ։ Եվ Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

Արևելահայերեն թարգմանությունը Մարթա Արաբյանի

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ