Ձեռնադրություն

Ղուկաս Վահան Զաքարյան 
  ——————————————–

ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հովիվը քաջ, որ Իր անձը դրեց բանավոր հոտի համար,

թող կարողություն տա քեզ Իր հոտն արդարությամբ հովվելու՝

քո անձի զոհողությամբ հոտի համար օրինակ լինելով

(Մաշտոց Ձեռնադրության)։

 

Ձեռնադրությունը (Քահանայության կամ Խորհրդի կարգը), աստվածային պաշտոնին նվիրվելու՝ Ավետարան քարոզելու, Եկեղեցու խորհուրդները սպասավորելու, Քրիստոսով փրկություն շնորհելու, ժողովրդին ապաշխարության հրավիրելու, նաև շնորհ փոխանցելու խորհուրդն է:

Ձեռնադրությունը տրվում է եպիսկոպոսի կողմից և նվիրագործվում Սուրբ Հոգու օծումով:

Ձեռնադրության Խորհուրդը Մկրտության ու Դրոշմի նման անկրկնելի և անջնջելի է:

ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Այս խորհուրդը նույնպես հաստատել է Հիսուս Քրիստոս: Իր տնօրինական առաքելության ընթացքում ընտրելով Իր աշակերտներին ու նրանց քահանայապետական իշխանություն տալով (Ավետարան ըստ Ղուկասի, ԻԴ. 50-51):

Այդ իշխանությամբ առաքյալները սարկավագներ էին ձեռնադրում (Գործք, Զ. 5-6), Տիրոջ խոսքի համաձայն կապում էին և արձակում մարդկանց մեղքերը, իրենց ձեռքերը դնելով հիվանդների վրա՝ բժշկում նրանց (Գործք, ԻԸ. 8-9):

Այդ նույն իշխանությունը առաքյալները Սուրբ Հոգու շնորհով փոխանցեցին իրենց հաջորդներին: Այդ իշխանությունը ստանում է նաև այսօր ձեռնադրվող հոգևորականը: Այսպես կազմավորվեց Եկեղեցու նվիրապետական կառույցը:

ԵԿԵՂԵՑՈՒ ՆՎԻՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ

Այն ունի ինը աստիճան.

  • Ա) Դռնապանություն,
  • Բ) Ընթերցողություն,
  • Գ) Երդմնեցուցչություն,
  • Դ) Ջահնկալություն,
  • Ե) Կիսասարկավագություն,
  • Զ) Սարկավագություն,
  • Է) Քահանայություն,
  • Ը) Եպիսկոպոսություն,
  • Թ) Կաթողիկոսություն:

Դռնապանությունից մինչև Սարկավագությունը կոչվում են փոքր աստիճաններ, իսկ վերջին երեքը՝ մեծ աստիճաններ: Այս փոքր աստիճանները խորհրդագործական կարգին չեն պատկանում, այլ սոսկ մասնավոր տվչություններ են Եկեղեցու ծիսական կանոնավորության համար և կազմում են դպրաց դասը: Փոքր աստիճանները թեև վեցն են, սակայն կա նաև Սաղմոսերգուի և Ավելածուի պաշտոնը:

ԴՌՆԱՊԱՆ. Եպիսկոպոսի հրամանով բացում և փակում է եկեղեցու դուռը: Աստիճանը տրվում է Եպիսկոպոսի կողմից, եկեղեցուց դուրս, նվիրյալին հանձնելով եկեղեցու դռան բանալիները:

ԸՆԹԵՐՑՈՂ. Աստիճանը տրվում է եկեղեցում, դռան մոտ: Ընթերցողի պաշտոնն է կարդալ մարգարեական և առաքելական ընթերցվածքները: Նա պետք է հասուն անձ լինի:

ԵՐԴՄՆԵՑՈՒՑԻՉ. Աստիճանը տրվում է եկեղեցու ատյանում: Երդմնեցուցչի պարտականությունն է մկրտվողներին հրաժարեցնել սատանայից:

ՋԱՀՆԿԱԼ. Աստիճանը տրվում է եկեղեցու դասի առջև: Ջահնկալը պարտավոր է վառել եկեղեցու մոմերը ու ջահերը:

ԿԻՍԱՍԱՐԿԱՎԱԳ. Աստիճանը տրվում է եկեղեցու դասի առջև: Կիսասարկավագը պարտավոր է խնկարկել, զգեստավորել պատարագիչ հոգևորականին, սպասարկել ս. Պատարագի խորհուրդը և այլն:

ՍԱՐԿԱՎԱԳԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ

«Սարկավագ» բառը հունարեն ծագում ունի, որ նշանակում է «սպասավոր, ծառա»: Առաքելական շրջանում սարկավագները սպասարկում էին կարիքավորներին, ինչպես նաև տնօրինում էին քրիստոնեական համայնքի տնտեսական հարցերը: Նրանց պարտականության մեջ է մտնում սուրբ Սեղանի առջև սպասարկել պատարագիչ հոգևորականին: Ձեռնադրության ընթացքում եպիսկոպոսը նրան հետևյալ ծիսական արտոնություններով է օժտում. Պատարագի ընթացքում Ավետարանի ընթերցում, ինչպես նաև խորհրդանոցից սուրբ Խորհուրդը վերաբերելով ընծայում պատարագիչ հոգևորականին:

ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ

Սարկավագական աստիճանին հաջորդում է քահանայականը: Քահանան Եկեղեցու խորհուրդները, աստվածային պաշտամունքները և արարողությունները կատարող անձն է և հովիվը:

Հայ Եկեղեցին ունի նաև կուսակրոն քահանաներ, ովքեր կոչվում են աբեղաներ: Աբեղաները ստանում են նույն քահանայական ձեռնադրությունն ու օծումը՝ իրենց լուծն ավելացնելով կուսակրոնության ուխտով:

ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ

Այս աստիճանը Եկեղեցում առանձին կարգ չի ներկայացնում, այլ կուսակրոն քահանայություն ունեցողին տրվում է որպես գիտական աստիճան: Վարդապետական այս աստիճանի հատուկ պաշտոնն է քարոզել և ուսուցանել, մեկնել Աստվածաշունչը, Եկեղեցու դավանությունը, ծեսն ու կանոնները բացատրել և ընդհանուր առմամբ հսկել Եկեղեցու վարդապետության անաղարտ պահպանմանը: Վարդապետությունն ունի 14 աստիճան: Առաջին չորսը մասնավոր վարդապետի աստիճաններն են, իսկ մնացածը՝ մեծ կամ ծայրագույն վարդապետի:

ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ

Եպիսկոպոսությունը Եկեղեցու նվիրապետական կարգի բարձրագույն աստիճանն է: Նա Եկեղեցու տեսուչն է (Տիտոս, Ա. 8-9), ժողովրդի առաջնորդն ու թեմի կառավարիչը: Միայն եպիսկոպոսն իրավունք ունի Եկեղեցու բոլոր խորհուրդների ու կարգերի հետ միաժամանակ նաև ձեռնադրություն կատարելու: Բացառությունը մեռոնի օրհնությունն է, որը վերապահված է միայն կաթողիկոսին:

Տիեզերական ժողովների կանոնների համաձայն եպիսկոպոսի ընտրությունը կատարում է եկեղեցական ժողովը` սինոդ կամ եպիսկոպոսաց ժողով, որի կատարած ընտրության օրինականությունը վավերացնում է ժողովի ղեկավարը, Հայ Եկեղեցում` կաթողիկոսը:

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԵՎ ՊԱՏՐԻԱՐՔ

Արքեպիսկոպոս և Պատրիարքը ձեռնադրությամբ և օծումով եպիսկոպոսներ են, սակայն վարչականորեն տարբեր իրավասություններ ունեն: Արք կամ Արհի նշանակում է մեծ, այսինքն՝ այն եպիսկոպոսը, ով իր վարչական իրավասությանը ենթակա ունի մեկ կամ ավելի եպիսկոպոսներ: Ներկայում արքությունը վերածվել է պարզ տիտղոսի, որը տրվում է Կաթողիկոսի կողմից հատուկ կոնդակով:

«Պատրիարք» հունարեն բառ է և նշանակում է Հայրապետ: Հայ Եկեղեցում պատրիարք են կոչվում Երուսաղեմի, Կ. Պոլսի Հայոց նվիրապետական աթոռները գլխավորող արքեպիսկոպոսները:

ԿԱԹՈՂԻԿՈՍ

«Կաթողիկոս» նշանակում է՝ ընդհանրական առաջնորդ, պետ: Նա նախանձախնդիր պահապանն է Հայ Եկեղեցու՝ դավանության, ծեսի, կանոնների և սրբազան ավանդության: Կաթողիկոսը Հայ Եկեղեցու ընդհանրական առաջնորդն է: Նա կոչվում է նաև քահանայապետ, եպիսկոպոսապետ, հովվապետ: Այսօր եպիսկոպոսների ձեռնադրությունը կատարվում է կաթողիկոսի գլխավորությամբ, երկու առընթերակալ եպիսկոպոսների, այսինքն` նվազագույնը երեք եպիսկոպոսների մասնակցությամբ, ինչպես որ սահմանում է Նիկիայի տիեզերական ժողովի կանոնը: Իհարկե եպիսկոպոսական ձեռնադրությանը կարող են մասնակցել երեքից ավելի եպիսկոպոսներ:

Հայ Եկեղեցում կաթողիկոսն է օրհնում սրբալույս մեռոնը:

Նրա գլխավորությամբ են վճռվում Հայ Եկեղեցու վարչական, ինպես նաև դավանաբանական կարևոր խնդիրները:

ԱՄՓՈՓՈՒՄ

Ձեռնադրության համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները.

  • 1. Լինել չափահաս և ունենալ մարմնական, մտավոր և հոգևոր անթերի վիճակ (Ղևտ., ԻԱ. 16-18, 21):
  • 2. Ունենալ կոչմանը համապատասխան մտային և հոգեվոր պատրաստվածություն:
  • 3. Լինել արժանի աստվածային պաշտոնը ստանձնելուն:
  • 4. Ունենալ ներքին վկայություն իր արժանավորության մասին (Բ. Կորնթ., Ժ 18):
  • 5. Ունենալ վկայություն Եկեղեցու (ժողովրդի) կողմից:
  • 6. Ունենալ հանձնառություն՝ հետևելու Հայ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը և Ս. Հայրերի ուսուցմանը՝ միաժամանակ մերժելով բոլոր աղանդավորական շարժումները և հերետիկոսությունները:
  • 7. Անհրաժեշտ է նաև, որպեսզի նվիրյալը բարեպաշտ ծնողներից ու սուրբ անկողնուց ծնված լինի:

Ահա թե ինչ է ասում ձեռնադրության ու քահանայության մասին սուրբ Հովհան Մանդակունին.

«Քահանան ամենակալ Աստծու հրեշակն է: Եթե արհամարհես, Աստծու առջև ես մեղանչում, որը նրան ձեռնադրեց, և նրա միջոցով Ինքն է կատարում պատարագի խորհուրդն ու մկրտությունը: Թեպետ և նրանք արժանի չեն ահեղ խորհրդին մոտենալու, սակայն մարդկանց փրկության համար Աստված չի արգելում Սուրբ Հոգու շնորհները, որովհետև եթե էշի միջոցով և Բաղաամի դյութական ճանապարհներով խոսեց մարդկանց փրկության համար, որչափ ևս առավել անարժան քահանայի միջոցով ինքը գործի կդնի ամեն ինչ մեր փրկության համար: Իսկ դու եթե սրբությամբ հաղորդակից դառնաս սուրբ Խորհրդին, քահանայի պղծությունը քեզ չի վնասի: Նույնպես եթե որևէ մեկը պղծությամբ մերձենա սուրբ Խորհրդին, քահանայի սրբությունը չի օգնի: Իսկ եթե համարես, թե արատավոր քահանայի ձեռքով Սուրբ Հոգու շնորհները չեն իջնում Պատարագի մեջ, և Աստված նրանով չի գործում, հիշի՛ր, որ խախտում ես Եկեղեցու կարգը և քո քրիստոնյա լինելու անունը: Եվ եթե այդպես է, և Պատարագը Պատարագ չէ ըստ քեզ, ուրեմն նաև ձեռնադրությունը ձեռնադրություն չէ, ինչպես նաև քահանայության կարգը հաստատուն չէ: Այսպիսով, քրիստոնեությանդ հույսը սնոտի է, որովհետև բոլորս էլ մեղքերով լեցուն ենք»:

ԻՆՉՊԵ՞Ս ՈՂՋՈՒՆԵԼ ՀԱԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

Քահանային՝ Օրհնեցե՛ք, տեր հայր, կամ՝ Օրհնյա՛ ի տեր:

Աբեղային և վարդապետին՝ Աստված օգնական, հայր սուրբ:

Եպիսկոպոսին՝ Աստված օգնական, սրբազան հայր:

Կաթողիկոսին՝ Աստված օգնական, վեհափառ տեր:

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ