Հրաշքների մասին

Ադամ քահանա Մակարյան
-----------------------
 

Հրաշքների մասին

 

Սրբերի վկայաբանությունները, տարբեր հրաշքների մասին պատմությունները կարծես թե այս աշխարհից չլինեն, որովհետև առաջին հայացքից չեն առնչվում մեր սովորական առօրյայի, կենցաղի հետ և ինչ-որ տեղ օտար են թվում մեզ: Աստվածաշունչը, սակայն, շեշտում է, որ աստվածային իմաստությունն այս աշխարհի իմաստունների համար հիմարություն է թվում: Նախկինում մարդկանց իմաստություն էր տրված, որպեսզի ամեն ինչ՝ և՛ բնության երևույթները, և՛ տիեզերքը, և՛ մարդկային ներաշխարհի յուրահատկությունները քննելով հասնեին ճշմարիտ աստվածճանաչողության: Սակայն մարդիկ իրենց տրված այդ իմաստությունն օգտագործելով՝ չկարողացան Ճշմարտությանը հասնել և հիմարության մեջ ընկան: Ո՞վ կար արդյոք ավելի իմաստուն և միևնույն ժամանակ ավելի հիմար, քան հույները: Հույները մեծ առաջադիմության էին հասել գիտության, փիլիսոփայության և այլ բնագավառներում, սակայն այդ ամենով հանդերձ աստվածճանաչողության հարցում ընկել էին ամենամեծ հիմարության մեջ և պաշտում էին կուռքեր, բնության տարբեր երևույթներ: Այդ իսկ պատճառով էլ, պետք է ասել, որ աստվածճանաչողության հարցում բանականությունը էական դերակատարում չունի: Աստծուն ճանաչելու համար առավել կարևոր է սիրտը, ներքին վստահությունն ու հավատը: Ուստի աստվածային իմաստությունը, հրաշքները, հայտնություններն ասես չեն համապատասխանում մեր մարդկային գիտության, մտածողության և ըմբռնողության չափանիշներին: Սակայն հավատքով, սրտի վստահությամբ մարդը կարողանում է ճանաչել երկնայինը: Եվ այս վստահությունը մարդուն երբեք հուսախաբ չի անում: Աստված ապացուցում է մարդկանց, որ հավատքն ու վստահությունը դատարկ կամ անիրական հույսերի վրա չեն հիմնված՝ անկախ այն բանից, թե դրանք համապատասխանում են մարդկային իմաստության կամ տրամաբանության չափանիշներին, թե ոչ: Հետևաբար՝ մարդկային իմաստության չափանիշներին անհամապատասխան գտնվելը երբեք չի կարող մեզ համար արգելք հանդիսանալ, որպեսզի մենք կորցնենք մեր սրտի վստահությունը, մեր հավատքն առ Աստված: Եվ ինչպե՞ս կարող է աստվածայինը տեղավորվել մարդկայինի չափանիշների մեջ. չէ որ այն անհամեմատորեն ավելի մեծ է և ավելի ընդգրկուն: Եվ, ահա, որպեսզի աստվածային իմաստությունը ձեզ երբևէ անհեթեթություն թվա, այդ պահին մտածեցեք, որ դրանում երևում է ոչ թե անտրամաբանությունը, այլ երկրայինից աստվածայինի անհամեմատորեն շատ ավելի վեր ու շատ ավելի բարձր գտնվելը:

Այսօր շատերին հուզող մի մտահոգություն կա. «Այն ժամանակ հրաշքներ եղան և բազում մարդիկ տեսան ու հաստատվեցին իրենց հավատքի մեջ: Այսօր մենք տեսնում ենք, որ մարդկության մեծ մասը կորած է անբարոյականության ու հազարավոր մեղքերի մեջ: Ուրեմն թող որ հիմա էլ այդպիսի հրաշքներ լինեն, որպեսզի մենք էլ հավատանք»: Երբեք չպետք է մոռանալ, որ ոչ թե հավատքն է հրաշքից, այլ հրաշքը՝ հավատից: Հրաշքը լինում է հենց այն պատճառով, որ մարդիկ հավատում են: Լոկ հրաշքի վրա հիմնված հավատքը սին է ու դատարկ, և առաջին իսկ առիթի դեպքում ոչնչանալու է ու կորչելու: Դա շատ լավ երևում է հրեաների պատմությունից՝ արտացոլված Աստվածաշնչի Ելից գրքում: Հրեաները հրաշքով դուրս եկան Եգիպտոսից, հրաշքով անցան Կարմիր ծովի միջով, հրաշքով կերակրվեցին անապատում, սակայն հենց առաջին իսկ առիթով ոսկե հորթ ձուլեցին և սկսեցին պաշտել այն: Հետևաբար հրաշքի ցանկությունը խոսում է ոչ թե հավատք տանող մեր ձգտումի մասին, այլ առաջին հերթին մեր թերահավատության և մարմնական զգացմունքներին ու կրքերին գերի լինելու: Երբ մարդու սիրտը լցված է չարությամբ և մարմնական կրքերով, ոչ մի հրաշք չի կարող նրան հավատացյալ դարձնել: Ճիշտ այնպես, երբ դժոխքում տանջվող մեծահարուստն աղաչանքով խնդրեց Աբրահամին, որ դրախտից Ղազարոսին ուղարկի իր հոր տունը, որտեղ հինգ եղբայր ուներ, որպեսզի նրանք փոխեին իրենց չար կյանքը և մահից հետո դժոխք չընկնեին, Աբրահամը պատասխանեց. «Եթե Մովսեսին և մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ եթե հարություն առնի, չպիտի համոզվեն»:

Սակայն ո՞վ է ասում, թե այսօր հրաշքներ չեն լինում: Բայց մեր օգտի համար բազում հրաշքներ ծածուկ են կատարվում: Շատ-շատ մարդիկ կարող են հիշել իրենց կյանքում կատարվածները, երբ հրաշքով փրկվել են մահից, կործանումից, ոմանք էլ հրաշքով առողջացել են, հրաշքով լուծել կենսական անլուծելի շատ խնդիրներ:

Հովնան մարգարեի՝ երեք օր կետի փորում մնալու պատմությունը շատերի մեջ կարող է անհավատալի իրողության տպավորություն թողնել, քանզի հայտնի է, որ կետերը, չնայած իրենց հսկա չափերին, ունեն նեղ կերակրափող և սնվում են հիմնականում փոքր ձկներով ու փափկամորթներով: Բայց մարգարեության շարունակության մեջ կետ ձուկը կոչվում է նաև վիշապ ձուկ, որով հասկանալի է դառնում, որ անվանումը պարզապես ցույց է տալիս սոսկ ձկան մեծության հանգամանքը: Այս դեպքն, անշուշտ, կարելի է հրաշք համարել: Տարբեր են հավատացյալները: Մարդիկ կան, ովքեր քննում են ամեն ինչ և նոր են հավատում, ինչպես Թովմաս առաքյալը, մարդիկ էլ կան, ովքեր իրենց կյանքում, տիեզերքում, բնության մեջ արդեն զգացած լինելով աստվածային ներկայությունն ու գործունեությունը, անվերապահորեն հավատում են Աստծո ամեն մի խոսքին, Աստվածաշնչի յուրաքանչյուր գրքին: Այս նույն ձևով Կաթոլիկ Եկեղեցու մի հոգևորական, խոսելով Հովնան մարգարեի մասին, ասել է. «Եթե նույնիսկ Աստվածաշնչում գրված լիներ, որ ոչ թե կետն է կուլ տվել Հովնանին, այլ Հովնանը կետին, ես դարձյալ կհավատայի»: Շատերն ասում են, որ հրաշքները հակառակ են բնության օրենքներին: Բայց հրաշքը պատճառի և հետևանքի օրենքի խախտումը չէ. այն մի նոր հետևանք է, որը ծագում է դրան համապատասխան պատճառից: Եվ այդ պատճառը հանդիսանում է Աստված: Հովնանի հետ կատարվածն իրոք պատմական դեպք է, որովետև այն հիշատակում է նաև Քրիստոսը՝ այն համարելով իբրև նախանշան Իր երեքօրյա թաղման:

ՀՐԱՇՔԻ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻՑ

Քրիստոնեության տոների պատմությունները լի են հրաշքների հիշատակությամբ, որին ոմանք թերահավատությամբ են նայում` մտածելով, թե շատ բաներ հորինված են։ Բայց եթե կա Աստված, ուրեմն մտացածին չեն քրիստոնեության մեջ հիշվող հրաշքները, իսկ Աստծո գոյության ամենահզոր ապացույցներից մեկը մարդու խիղճն է. որտի՞ց է գալիս այն սարսափը, որ պղտորում է մարդու մեղապարտ երջանկության օրերը։ Որքան հիանալի է ասված, թե՝ վագրը պատառոտում է իր որսը և հանգիստ քնում, մարդը դառնում է մարդասպան և տառապում անքնությամբ։

ՀՐԱՇՔԻ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ինչու՞ մեր ժամանակներում արտասովոր հրաշքներ հաճախակի չեն լինում։ Նախկինում մարդիկ ընկած էին կռապաշտության մեջ և միայն ցնցող երևույթները նրանց կարող էին պոկել նյութականից և բարձրացնել դեպի հոգևորը։ Մինչդեռ հիմա մարդիկ նման ցածր մակարդակի վրա չեն և այսօրվա մարդկանց տրված է ամենաազդեցիկ միջոցը, որն է Աստծո խոսքը։ Հրաշքի վրա հիմնված հավատքը հաստատուն չէ և հրաշքով հավատացած մարդիկ առաջին իսկ առիթի դեպքում կարող են երես դարձնել Աստծուց։ Սա է ցույց տալիս հրեաների պատմությունը, որոնց մեջ բազում հրաշքներ եղան, սակայն նրանք հավատարիմ չմնացին Աստծուն։ Եկեցական հեղինակներից մեկը նշում է, որ այլ կերպ է մարդու վրա ազդում հրաշքը և այլ կերպ Աստծո խոսքը։ Աստծո խոսքն ազդում է միանգամից մարդու մտքի և սրտի վրա։ Հրաշքը ևս ազդում է մտքի և սրտի վրա, սակայն ազդում է զգայարանների միջոցով և այսպիսի միջնորդավորված ազդեցությունը ցանկալի արդյունք չի տալիս։ Այդպիսին են նաև աստվածաշնչյան թեմաներով նկարահանված նույնիսկ ամենաազդեցիկ ֆիլմերը, որոնք դիտելիս ազդվում են առաջին հերթին մարդու զգայարանները, բայց որոշ ժամանակ անց մարդը նորից սկսում է ապրել իր սովորական կյանքով առանց հավատքի մեջ կատարելագործված լինելու։ Այսօր մեզ տրված ամենամեծ հրաշքներից մեկը Աստծո խոսքն է, որը գրված է Աստվածաշնչում և որը կարող է փոխել մարդուն, տանել դեպի կատարելություն։ Զարմանալի է, որ Սուրբ Գիրքը, այդքան դարեր արտագրվելով և փոխանցվելով սերնդեսերունդ, պահպանել է իր անաղարտությունը և այժմ էլ այնպիսին է, ինչպիսին որ էր հազարավոր տարիներ առաջ։ Այդ են ապացուցում հատկապես նախկին Հրեական թագավորության տարածքում` Քումրանի քարանձավներում, 1947 թ. հայտնաբերված Սուրբ Գրքի հնագույն ձեռագրերը։ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, թե հնարավոր չէ, որ չփրկվի նա, ով անընդհատ վարժվում է Սուրբ Գրքի ընթերցանության մեջ։ Ըստ ժողովրդական մի առածի` կարդալ իմացող և չկարդացող մարդն ավելի լավ չէ, քան կարդալ չկարողացող մարդը: Հետևաբար, եթե երկար ժամանակ է, որ ձեր ձեռքը չեք վերցրել Աստվածաշունչը և կամ ընդհանրապես չեք ընթերցել այն, մի հապաղեք, ընթերցեք Սուրբ Գիրքը և կզգաք, թե Աստծո խոսքն ինչպես է փոխում ձեզ և ձեր կյանքը, կտեսնեք, որ թեև արտաքին արտառոց նշաններով հրաշքներ չեն լինում ձեր շուրջ, բայց կատարվում է ամենահիանալին` երեխայի պես նետվում եք Աստծո գիրկը` գտնելով հոգևոր խաղաղություն և բացահայտելով երջակության գաղտնիքը։

ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Քիչ չեն վկայություններն այն մասին, որ մարդիկ հաճախ բուժվել են՝ դիպչելով նաև սուրբ մասունքների։ Այս մասին Օգոստինոս Երանելին ասում է, որ չնայած լինում են սուրբ առարկաներ, որոնց միջոցով մարդիկ բժշկվում են, բայց միշտ չէ նման բան պատահում։ Եվ սա այն պատճառով, որպեսզի մարդիկ դեպի կրոնն ընթանան ոչ թե հրաշքների, այլ Աստծո համար։ Ակնհայտ է նաև, որ մարդիկ երբեմն էլ բուժվում են նաև հոգևորականների աղոթքներով՝ և այն էլ շատ ծանր հիվանդություններից։

Պետք է իմանալ, որ, ինչպես նշում է սուրբ Գրիգոր Տաթևացին, հիվանդությունները լինում են մի քանի պատճառներով. ինչպես, օրինակ, անբարենպաստ եղանակը, օրգանիզմի տարրերի խառնումը և այլն։ Այս պատճառներով առաջացած հիվանդությունները կարող են բուժվել դեղերով, բժիշկների օգնությամբ ու խորհուրդներով։ Սակայն լինում են նաև հիվանդություններ Աստծո հատուկ խնամքի պակասության և հոգու զորության տկարանալու պատճառով։ Այս վերջին երկուսը բուժվում են միմիայն հոգևորականների և հիվանդի անձնական աղոթքների շնորհիվ։

Մեզանից յուրաքանչյուրը կարող է սքանչելագործ, հրաշքներ կատարող լինել, եթե միայն ճիշտ պատկերացում ունենա հրաշքի մասին։ Իսկ ի՞նչ է հրաշքը։ Հրաշքն այն է, երբ կույրը տեսնում է, բայց ավելի մեծ հրաշք է, երբ կարողանում ես բացել կուրացածի աչքերը հոգևորի առջև։ Հրաշք է, երբ կաղը քայլում է, բայց ավելի մեծ հրաշք է, երբ սխալ ճանապարհի կաղացողին բերում ես ուղիղ ճանապարհի, որով նա այլևս ընթանում է առանց կաղալու։ Հրաշք է, երբ ներում ես թշնամուն քո մի պարզ արարքով, խոսքով կամ հայացքով կարողանում ես ջերմացնել մեկի հոգին և ժպիտ նկարել դեմքին։ Ահա այսպես բարի կյանքով, Աստվածաշնչի ընթերցանությամբ, Աստծո պատվիրաններն իմանալով և գործադրելով՝ դուք հաճախ կհամոզվեք, որ իսկական հրաշքները միայն հեքիաթներում չէ, որ դառնում են գեղեցիկ իրականություն։

----------------------------------------------
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:
Հատկորոշիչներ՝ հրաշք

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Որն է քրիստոնեության էությունը

ԱԼԵՔՍԵՅ ՕՍԻՊՈՎՄՈՍԿՎԱՅԻ ՀՈԳԵՎՈՐ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ...