Զատկի Է. օր։ Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակի օր։

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Սուրբ Հովհաննես Մկրտիչ։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Առակների գիրք, 8. 4-11

«Ձեզ եմ աղաչում, ո՛վ մարդիկ, եւ մարդու որդիներին եմ ես բաշխում իմ խօսքը։ Ո՛վ պարզամիտներ, խորագիտութի՛ւն իմացէք, խրա՛տ դրէք ձեր սրտերում, ո՛վ անխրատներ, ունկնդրեցէ՛ք ինձ, քանզի պարկեշտ խօսքեր պիտի ասեմ, եւ շուրթերս պիտի բանամ ուղիղ բան խօսելու համար, քանզի իմ կոկորդը միշտ ճշմարտութիւն է բարբառում, եւ պիղծ են ինձ համար ստախօս շուրթերը։ Արդար են իմ բերանի բոլոր պատգամները, եւ ոչ մի ծուռ ու թիւր բան չկայ նրանց մէջ, բոլորն էլ ուղիղ են նրանց համար, որ իմաստուն են,եւ հաճելի են նրանց համար, որ ձգտում են գիտութիւն ձեռք բերելու»։ Խրա՛տ ձեռք բերէք եւ ոչ թէ արծաթ, գիտութիւն, քան թէ ընտիր ոսկի։ Իմաստութիւնը լաւ է անգին քարերից, եւ թանկարժէք ոչ մի բան չի հաւասարուի նրան։

Եսայի մարգարե, 40. 3-8

Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք մեր Աստծու շաւիղները։ Բոլոր ձորերը պիտի լցուեն, եւ բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, դժուարին տեղերը պիտի դիւրին դառնան, եւ առապարները՝ դաշտեր։ Պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամէն մի մարմնաւոր պիտի տեսնի Աստծու փրկութիւնը, քանզի Տէ՛րը խօսեց»։ Մի ձայն ասում է՝ կանչի՛ր։ Ասում եմ՝ ի՞նչ կանչեմ։ «Իմացի՛ր, ամէն մարմին նման է խոտի, եւ մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի։ Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափւում,որովհետեւ նրա վրայ փչում է Տիրոջ շունչը։ Արդարեւ, իմ այս ժողովուրդը նման է խոտի։ Խոտը չորանում է, ծաղիկը թափւում, բայց Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան»։

Մաղաքիա մարգարե, 4. 4-6

Ահա ես ձեզ մօտ եմ ուղարկում Թեզբացի Եղիային, նախքան որ կը գայ Տիրոջ մեծ ու երեւելի օրը, որպէսզի նա հօր սիրտը դարձնի դէպի որդին, մարդու սիրտը՝ դէպի իր ընկերը. չլինի այնպէս, որ գալով հարուածեմ երկիրը միանգամից։ Յիշեցէ՛ք իմ ծառայ Մովսէսի օրէնքները, ինչպէս որ պատուիրեցի նրան Քորէբում, բոլոր հրամաններն ու պատուիրանները։

Առաքյալների գործերը, 13. 25-33

Եւ երբ Յովհաննէսը իր գործունէութեան ընթացքն աւարտեց, ասաց. «Իմ մասին ի՞նչ էք կարծում, ո՞վ եմ. ես Քրիստոսը չեմ, այլ ահա իմ յետեւից գալիս է նա, որի ոտքերի կօշիկներն արձակելու արժանի չեմ»։ Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի որդինե՛ր եւ ձեր մէջ նրանք, որ Աստծուց երկնչում են, ձե՛զ ուղարկուեց փրկութեան այս խօսքը, բայց Երուսաղէմում բնակուողները եւ նրանց իշխանաւորները չճանաչեցին Յիսուսին եւ նրան դատապարտելով՝ կատարեցին մարգարէների խօսքը, որ ամէն շաբաթ ընթերցում էին։ Եւ մահուան արժանի ոչ մի յանցանք չգտնելով՝ Պիղատոսին խնդրեցին սպանել նրան։ Եւ երբ կատարեցին այն ամէնը, ինչ նրա մասին գրուած էր, խաչափայտից իջեցնելով նրան՝ գերեզման դրեցին։ Բայց Աստուած մեռելներից յարութիւն տուեց նրան, որ բազում օրեր երեւաց նրանց, որոնք նրա հետ Գալիլիայից Երուսաղէմ էին բարձրացել եւ որոնք այժմ իսկ ժողովրդի առաջ նրա վկաներն են։ Եւ մենք ձեզ աւետարանում ենք այն խոստումը, որ արուած էր մեր հայրերին, եւ Աստուած նոյնը կատարեց մեզ՝ նրանց որդիների համար՝ յարութիւն տալով Յիսուսին:

Ավետարան ըստ Մարկոսի, 6. 15-30

Եւ Հերովդէս արքան լսեց այս բաները, որովհետեւ Յիսուսի անունը յայտնի էր դարձել. եւ նա ասաց. «Յովհաննէս Մկրտիչը յարութիւն է առել մեռելներից, եւ դրա համար զօրութիւններ են գործւում նրա միջոցով»։ Ուրիշներ ասում էին, թէ՝ Եղիան է. իսկ միւսները, թէ՝ մարգարէ է կամ թէ՝ մարգարէների նման մէկը։ Երբ Հերովդէսը այս լսեց, ասաց. «Յովհաննէսը, որի գլուխը կտրեցի ես, սա նա՛ է. մեռելներից յարութիւն է առել»։ Արդարեւ, ինքը՝ Հերովդէսն էր մարդ ուղարկել, ձերբակալել էր Յովհաննէսին, կապել նրան ու բանտարկել՝ իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, քանի որ Հերովդէսը նրան իրեն կին էր դարձրել, եւ քանի որ Յովհաննէսը Հերովդէսին ասում էր. «Քո եղբօր կնոջը քեզ կին առնելը օրինաւոր չէ»։ Եւ Հերովդիան ոխ էր պահել նրա դէմ ու ուզում էր նրան սպանել տալ, բայց չէր կարողանում, որովհետեւ Հերովդէսը վախենում էր Յովհաննէսից, քանի որ նրան գիտէր որպէս արդար եւ սուրբ մարդու, եւ նրան հովանաւորում էր ու նրան անսալով՝ շատ բաներ էր անում եւ քաղցրութեամբ լսում էր նրան։ Սակայն մի յարմար օր եկաւ, երբ Հերովդէսը իր ծննդեան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի մեծամեծներին եւ հազարապետներին։ Եւ երբ Հերովդիայի դուստրը ներս մտաւ եւ սկսեց պարել, դուր եկաւ Հերովդէսին եւ սեղանակիցներին. թագաւորը աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, եւ քեզ կը տամ»։ Եւ երդուեց նրան շատ անգամ, թէ՝ դու ինձնից ինչ էլ որ ուզես, կը տամ քեզ, մինչեւ իսկ իմ թագաւորութեան կէսը։ Աղջիկը դուրս գնալով իր մօրն ասաց՝ ի՞նչ ուզեմ։ Եւ սա ասաց՝ Յովհաննէս Մկրտչի գլուխը։ Եւ աղջիկը շտապով վերստին մտնելով թագաւորի մօտ՝ ասաց. «Ուզում եմ, որ հիմա ինձ տաս սկուտեղի վրայ Յովհաննէս Մկրտչի գլուխը»։ Եւ թագաւորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների եւ հրաւիրեալների պատճառով չուզեց նրան մերժել։ Եւ թագաւորը իսկոյն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Յովհաննէսի գլուխը։ Եւ սա գնաց գլխատեց նրան բանտում ու նրա գլուխը սկուտեղով բերեց եւ տուեց աղջկան, եւ աղջիկը տարաւ տուեց իր մօրը։ Երբ Յովհաննէսի աշակերտները լսեցին, եկան վերցրին մարմինը եւ դրեցին գերեզմանի մէջ։

Առաքյալների գործերը, 5. 12-33

Եւ առաքեալների ձեռքով բազում նշաններ ու զարմանալի գործեր էին լինում ժողովրդի մէջ. եւ բոլորը, միասիրտ, Սողոմոնի սրահի մէջ էին: Ուրիշներից ոչ ոք չէր համարձակւում մօտենալ նրանց, իսկ ժողովուրդը նրանց յարգում էր: Եւ աւելի ու աւելի էին շատանում Տիրոջը հաւատացողները՝ տղամարդկանց եւ կանանց բազմութիւնը. այնքան, որ հիւանդներին հանում էին հրապարակները եւ դնում պատգարակներով ու իրենց մահիճներով, որպէսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնէ նրա ստուերը հասնի նրանցից մէկին: Եւ շրջակայ քաղաքներից բազմութիւնը հաւաքւում էր Երուսաղէմ. բերում էին հիւանդներ եւ պիղծ ոգիներից տանջուածներ, որոնք բոլորն էլ բժշկւում էին: Քահանայապետը եւ բոլոր նրանք, որ նրա հետ էին, սադուկեցիների խումբը, նախանձով լցուեցին առաքեալների դէմ. եւ ելան ձեռք դրեցին առաքեալների վրայ ու նրանց հրապարակաւ բանտ դրին: Ապա Տիրոջ հրեշտակը գիշեր ժամանակ բացեց բանտի դռները եւ նրանց դուրս հանելով՝ ասաց. «Գնացէք կանգնեցէ՛ք տաճարի մէջ եւ ասացէ՛ք ժողովրդին այս կենարար պատգամը»: Եւ երբ այս լսեցին, առաւօտեան մտան տաճարը եւ ուսուցանում էին: Եկաւ քահանայապետը, եւ նրանք, որ նրա հետ էին. ի մի հաւաքեցին ատեանը եւ իսրայէլացիների ամբողջ ծերակոյտը. եւ մարդ ուղարկեցին բանտ՝ առաքեալներին բերելու: Երբ սպասաւորները գնացին, նրանց բանտում չգտան. վերադարձան, պատմեցին ու ասացին. «Բանտը ամենայն զգուշութեամբ փակուած գտանք, իսկ պահապաններին՝ դռանը կանգնած. բացեցինք, բայց ներսում ոչ ոքի չգտանք»: Երբ տաճարի իշխանաւորները եւ քահանայապետները այս խօսքերը լսեցին, զարմանում էին դրանց վրայ, թէ արդեօք այդ ի՛նչ պէտք է եղած լինի: Եւ մէկը եկաւ նրանց պատմեց. «Ահա այն մարդիկ, որոնց դուք բանտն էիք դրել, տաճարում կանգնած՝ ժողովրդին ուսուցանում են»: Այն ժամանակ իշխանաւորը, սպասաւորների հետ գնալով, նրանց բերեց առանց բռնութեան, որովհետեւ վախենում էին ժողովրդից, որ չքարկոծուեն: Եւ բերելով նրանց՝ ատեանի առաջ կանգնեցրին: Քահանայապետը հարցաքննեց նրանց եւ ասաց. «Ձեզ խստիւ չպատուիրեցի՞նք միթէ՝ չուսուցանել այն անունով. եւ սակայն ահա հիմա Երուսաղէմը լցրիք ձեր ուսմունքով. եւ այն մարդու արեան պատասխանատուութիւնը ուզում էք մեր վրայ գցել»: Պատասխան տուեցին Պետրոսն ու առաքեալները եւ ասացին. «Պէտք է առաւել Աստծուն հնազանդուել, քան մարդկանց: Մեր հայրերի Աստուածը յարութիւն տուեց Յիսուսին, որին դուք սպանեցիք՝ խաչափայտից կախելով: Աստուած նրան բարձրացրեց իր աջ ձեռքով որպէս առաջնորդ եւ փրկիչ՝ Իսրայէլին տալու համար ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն: Այս բաների համար նրա վկաները մենք ենք եւ Սուրբ Հոգին, որը Աստուած տուեց իրեն հնազանդուողներին»: Եւ երբ նրանք այս լսեցին, սաստիկ զայրացան ու խորհուրդ էին անում նրանց սպանել:

Հակոբոս Առաքյալի ընդհանրական նամակից, 2. 14-26

Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթէ մէկն ասի, թէ հաւատ ունի, սակայն հաւատն արտայայտող գործեր չունենայ: Միթէ հաւատը նրան կը կարողանա՞յ փրկել: Եթէ մի եղբայր կամ քոյր մերկ լինեն կամ օրուայ ուտելիքի կարօտ, եւ ձեզնից մէկը նրանց ասի՝ Գնացէ՛ք խաղաղութեամբ, տաքացէ՛ք եւ յագեցէ՛ք, եւ դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է: Նոյնպէս եւ հաւատը. եթէ նա գործեր չունի, առանձինն մեռած է: Բայց թերեւս մէկն ասի. Դու հաւատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛յց տուր ինձ քո հաւատը առանց գործերի, եւ ես քեզ ցոյց կը տամ իմ հաւատը գործերով: Դու հաւատում ես, որ մէկ է Աստուած. լաւ ես անում: Դեւերն էլ են հաւատում եւ դողում: Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հաւատը դատարկ բան է առանց գործերի: Աբրահամը՝ մեր հայրը, չէ՞ որ գործերով արդարացաւ՝ սեղանի վրայ հանելով իր որդուն՝ Իսահակին, որպէս զոհ: Տեսնո՞ւմ ես, որ հաւատը գործակից եղաւ նրա գործերին եւ գործերով էլ հաւատը կատարեալ դարձաւ: Եւ կատարուեց Գրուածը, որն ասում է. Աբրահամը հաւատաց Աստծուն, եւ այդ նրան որպէս արդարութիւն համարուեց, եւ նա Աստծուն բարեկամ կոչուեց: Տեսնո՞ւմ էք, որ գործերով է արդարանում մարդ եւ ոչ թէ միայն հաւատով: Այդպէս էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞ւ, երբ ընդունեց լրտեսներին եւ արձակեց նրանց այլ ճանապարհով: Ինչպէս որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպէս էլ մեռած է հաւատը առանց գործերի:

Ավետարան ըստ Հովհաննեսի, 21. 15-25

Եւ երբ ճաշեցին, Յիսուս Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ աւելի, քան դրանք»: Սա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ»: Նրան ասաց՝ արածացրո՛ւ իմ գառներին: Դարձեալ ասաց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ»: Նրան ասաց՝ արածացրո՛ւ իմ ոչխարներին: Երրորդ անգամ նրան ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թէ՝ սիրո՞ւմ ես ինձ: Ու նրան պատասխանեց. «Տէ՛ր, դու ամէն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին եւ գիտես, թէ սիրում եմ քեզ»: Յիսուս նրան ասաց. «Արածացրո՛ւ իմ ոչխարներին: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գօտիդ կապում եւ գնում էիր՝ ուր եւ կամենում էիր. սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կը բարձրացնես, եւ ուրիշները քեզ գօտի կը կապեն ու կը տանեն՝ ուր չես կամենայ»: Այս ասաց, նշելով, թէ ինչ մահով նա պիտի փառաւորի Աստծուն: Եւ երբ այս ասաց, աւելացրեց՝ արի՛ իմ յետեւից: Պետրոսը դարձաւ եւ տեսաւ, որ այն աշակերտը, ում Յիսուս սիրում էր, գալիս է յետեւից. նա, որ ընկել էր նրա կրծքովն ու ասել. «Տէ՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»: Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Յիսուսին. «Տէ՛ր, իսկ սա ի՞նչ կը լինի»: Յիսուս նրան ասաց. «Եթէ ես կամենում եմ, որ դա ապրի, մինչեւ որ ես գամ, այդ քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ իմ յետեւից»: Եւ այս խօսքը տարածուեց եղբայրների մէջ. եւ կարծեցին, թէ այն աշակերտը չպիտի մեռնի: Բայց Յիսուս նրան չասաց, թէ չպիտի մեռնի, այլ թէ՝ ես կամենում եմ, որ դա ապրի, մինչեւ որ ես գամ: Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որ եւ գրեց իսկ դրանք. եւ գիտենք, որ նրա վկայութիւնը ճշմարիտ է: Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Յիսուս արեց, որոնք, եթէ մէկը մէկ առ մէկ գրած լինէր, կարծում եմ, թէ աշխարհն իսկ բաւական չէր լինի պարփակելու այդ գրքերը, եթէ դրանք գրուած լինէին:

Ավետարան ըստ Հովհաննեսի, 21. 1-14

Սրանից յետոյ Յիսուս դարձեալ իրեն յայտնեց իր աշակերտներին Տիբերիայի ծովեզերքի մօտ. եւ յայտնեց այսպէս. միասին էին Սիմոն Պետրոսը, Թովմասը՝ Երկուորեակ կոչուածը, Նաթանայէլը, որ Գալիլիայի Կանա քաղաքից էր, Զեբեդէոսի որդիները եւ աշակերտներից ուրիշ երկու հոգի: Սիմոն Պետրոսը նրանց ասաց. «Գնում եմ ձուկ որսալու»: Նրան ասացին. «Մենք էլ ենք գալիս քեզ հետ»: Գնացին եւ նաւակը մտան. եւ այդ գիշեր ոչինչ չբռնեցին: Երբ առաւօտ եղաւ, Յիսուս կանգնած էր ծովի եզերքին. բայց աշակերտները չիմացան, որ Յիսուսն է: Յիսուս նրանց ասաց. «Տղանե՛ր, ուտելու բան չունէ՞ք»: Նրան պատասխանեցին՝ ո՛չ: Նրանց ասաց. «Ուռկանը գցեցէ՛ք նաւակի աջ կողմը եւ կը գտնէք»: Գցեցին. եւ ձկների բազմութիւնից չէին կարողանում այն դուրս քաշել: Այն աշակերտը, որին Յիսուս սիրում էր, Պետրոսին ասաց՝ Տէրն է: Երբ Սիմոն Պետրոսը լսեց, թէ Տէրն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր, եւ իրեն նետեց ծովի մէջ: Միւս աշակերտներն էլ նաւակով եկան. եւ քանի որ ցամաքից հեռու չէին, այլ երկու հարիւր կանգունի չափ միայն, քաշում էին ուռկանը ձկներով հանդերձ: Երբ ցամաք ելան, տեսան վառուած ածուխի մի կրակատեղ՝ մի ձուկ նրա վրայ եւ հաց: Յիսուս նրանց ասաց. «Բերէ՛ք այն ձկներից, որ դուք հիմա որսացիք»: Սիմոն Պետրոսը նաւակ մտաւ եւ ցամաք քաշեց ուռկանը, որ լիքն էր հարիւր յիսուներեք մեծ-մեծ ձկներով: Թէեւ այնչափ բան կար, բայց ուռկանը չպատռուեց: Յիսուս նրանց ասաց՝ եկէք ճաշեցէ՛ք: Եւ աշակերտներից ոչ ոք չէր համարձակւում հարցնել, թէ՝ դու ո՞վ ես, որովհետեւ գիտէին, որ Տէրն է: Եկաւ Յիսուս, առաւ հացը եւ տուեց նրանց. նոյնպէս եւ ձուկը: Այս երրորդ անգամն էր, որ Յիսուս երեւաց իր աշակերտներին՝ մեռելներից յարութիւն առնելուց յետոյ:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Է. օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի։

Օրհ. դձ. Փառաբանակից: Հրց. աձ. Նախայաւիտեան, իւր սարօքն, եւ ամենայն ինչ յարութեան է։ Զկնի Ս. Աստուածին՝ Գիրք, Աւետարան։

Յերեկոյին՝ առաջին Սղմ. ԿԶ. Աստուած ողորմեաց մեզ (մինչեւ ի Համբարձումն՝ շաբաթ երեկոյեան Սաղմոսն այս է)։ Աւտրն., Լոյս զուարթ։ Մեսդ. Գալըստեան՝ Օրհնեալ եկեալ։ Ս. Աստուած՝ որ եկիր եւ գալոց ես։ Հմբ. աձ. Որ վերօրհնիս։ Արձակման Սղմ. Ձ. Ցնծացէք (Մինչեւ ի Համբարձումն շաբաթ երեկոյեան արձակման Սաղմոսն այս է)։ Աւետարան, Քրզ. Խնդր., Կեցո, Աղթ. Քում ամենազօր գալստեանդ։

, , , , , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ