Հոգեգալստյան Բ. օր։ Պահք։

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ (Շնորհք արք. Գալուստյան),

Եղիական պահք։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Ծննդոց, Ա. 1-5

Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը։ Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ։ Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»։ Եւ լոյս եղաւ։ Աստուած տեսաւ, որ լոյսը լաւ է, եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից։ Աստուած լոյսը կոչեց ցերեկ, իսկ խաւարը կոչեց գիշեր։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր առաջին։

Առակներ, Թ. 1-6

Իմաստութիւնը շինեց իր տունը եւ կանգնեցրեց եօթը սիւներ, մորթեց իր անասունները, խառնեց պատրաստեց գինին, պատրաստեց նաեւ իր սեղանը։ Նա ուղարկեց իր ծառաներին, որ բարձր ձայնով հրաւիրեն իր հացկերոյթին, եւ ասաց. «Ով անզգամ է, թող գայ ինձ մօտ»։ Իսկ պակասամիտներին ասաց. «Եկէք կերէ՛ք իմ հացից եւ խմեցէ՛ք իմ գինուց, որ պատրաստել եմ ձեզ համար։ Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կապրէք, իմաստութիւն փնտրեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեամբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճիշտ իմաստով հասկացէք խրատը»։

Առաքյալների գործերը, Ժ. 44-48

Եւ մինչ Պետրոսը դեռ այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջաւ բոլոր նրանց վրայ, ովքեր այս խօսքը լսում էին։ Ծագումով հրեայ հաւատացեալները, որոնք Պետրոսի հետ էին եկել, զարմացան, որ հեթանոսների վրայ եւս Սուրբ Հոգու շնորհները հոսում են. որովհետեւ լսում էին, որ նրանք լեզուներ էին խօսում եւ փառաբանում Աստծուն։ Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց. «Ո՞վ կարող է արգելել, որ ջրով մկրտուեն սրանք, որոնք եւս Սուրբ Հոգին ընդունեցին, ինչպէս եւ մենք»։ Եւ հրամայեց նրանց մկրտուել յանուն Յիսուս Քրիստոսի։

Ավետարան ըստ Մատթեոսի, Գ. 16 – Դ. 2

Եւ երբ Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ. եւ ահա երկինքը բացուեց նրան, եւ նա տեսաւ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպէս աղաւնի եւ գալիս էր իր վրայ։ Եւ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»:

Դրանից յետոյ Յիսուս անապատ տարուեց Հոգուց՝ սատանայից փորձուելու։ Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց։

Պողոս Առաքյալի նամակը հռոմայեցիներին, Ա. 1-17

Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի ծառան, կոչումով առաքեալ, ընտրուած քարոզելու Աստծու Աւետարանը, որ նա առաջուց խոստացել էր իր մարգարէների միջոցով սուրբ գրուածքներում իր Որդու մասին, որը մարմնով սերում էր Դաւթի սերնդից եւ որը, զօրութեամբ, Աստծու Որդի էր սահմանուած ըստ Սուրբ Հոգու՝ մեռելներից իր յարութեամբ, – մեր Տէր Յիսուս Քրիստոսը, որի միջոցով ստացանք առաքեալ լինելու շնորհ՝ իր անուան համար հաւատի հնազանդութեան բերելու բոլոր հեթանոսներին, որոնց թւում էք եւ դուք՝ կանչուածներդ Յիսուս Քրիստոսին. ամենքիդ, որ Հռոմում էք, Աստծու սիրելիներիդ, կանչուած սրբերիդ, ձեզ շնո՜րհ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։ Նախ՝ ձեր բոլորի համար գոհութիւն եմ մատուցում իմ Աստծուն, Յիսուս Քրիստոսի միջոցով, նրա համար որ ձեր հաւատը պատմւում է ամբողջ աշխարհով մէկ։ Վկայ է ինձ Աստուած, որին պաշտում եմ ես իմ հոգով նրա Որդու Աւետարանի քարոզութեամբ, թէ ինչպէս եմ անդադար յիշում ձեզ՝ ամենայն ժամ իմ բոլոր աղօթքներում աղաչելով, որ թերեւս երբեւէ ինձ յաջողուի, Աստծու կամքով, գալ ձեզ մօտ. որովհետեւ խիստ կարօտել եմ ձեզ տեսնել, որպէսզի ձեզ փոխանցեմ որոշ հոգեւոր շնորհներ՝ ամրապնդելու ձեզ, այսինքն՝ մխիթարակից լինելու ձեզ հասարակաց հաւատի համար, որ իմն է, ինչպէս եւ ձերը։ Չեմ կամենում, եղբայրնե՛ր, որ դուք անտեղեակ լինէք, թէ շա՜տ անգամ կամեցայ գալ ձեզ մօտ, որպէսզի ձեր մէջ էլ որեւէ պտուղ գտնեմ, ինչպէս այլ հեթանոսների մէջ, բայց այդ արգելուեց ինձ մինչեւ այժմ։ Ես պարտական եմ ե՛ւ յոյներին ու բարբարոսներին, ե՛ւ իմաստուններին ու անգէտներին. այդպէս էլ, որչափ իմ ուժերը ներեն, ես պատրաստ եմ յօժարութեամբ աւետարանելու նաեւ ձեզ, որ Հռոմում էք։ Որովհետեւ ամօթ չեմ համարում աւետարանելը, քանի որ այն Աստծու զօրութիւնն է՝ ի փրկութիւն բոլոր հաւատացեալների. նախ՝ հրեայի, ապա եւ՝ հեթանոսի. որովհետեւ Աստծու արդարութիւնը, որ հաւատից է, հաւատի՛ համար է յայտնւում, ինչպէս որ գրուած է, թէ՝ արդարը հաւատով է ապրելու։

Ավետարան ըստ Մատթեոսի, Է. 28 – Ը. 4

Երբ Յիսուս այս բոլոր խօսքերն աւարտեց, ժողովուրդը զարմանում էր նրա վարդապետութեան վրայ. որովհետեւ ուսուցանում էր ինչպէս մէկը, որ հեղինակութիւն ունի եւ ոչ թէ՝ ինչպէս օրէնսգէտները։

Երբ Յիսուս իջաւ լեռից, նրա յետեւից շատ ժողովուրդ գնաց։ Եւ ահա մի բորոտ մօտենալով՝ նրան երկրպագում էր ու ասում. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարող ես ինձ մաքրել»։ Յիսուս իր ձեռքը երկարեց, դիպցրեց նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»։ Եւ իսկոյն բորոտութիւնը նրանից մաքրուեց։ Եւ Յիսուս նրան ասաց. «Զգո՛յշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛ դու քեզ ցո՛յց տուր քահանային եւ մատուցի՛ր Մովսէսի հրամայած ընծան՝ նրանց իբրեւ վկայութիւն»։

Ավետարան ըստ Հովհաննեսի, ԺԴ. 14-23

Եթէ ինձ սիրում էք, կը պահէք իմ պատուիրանները. եւ ես պիտի աղաչեմ Հօրը, եւ նա մի այլ Մխիթարիչ պիտի տայ ձեզ, որպէսզի յաւիտեան ձեզ հետ բնակուի. Ճշմարտութեան Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետեւ նրան չի տեսնում եւ նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում էք նրան, որովհետեւ ձեզ մօտ պիտի բնակուի եւ ձեր մէջ պիտի լինի։ Ձեզ որբ չեմ թողնի, կը գամ ձեզ մօտ։ Մի փոքր ժամանակ եւս, եւ այս աշխարհը ինձ չի տեսնի, բայց դուք ինձ կը տեսնէք, որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի էք լինելու։ Այն օրը դուք պիտի իմանաք, որ ես իմ Հօր մէջ եմ, եւ դուք՝ իմ մէջ. ու ես՝ ձեր մէջ։ Ով իմ պատուիրաններն ընդունում եւ դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. եւ ով ինձ սիրում է, պիտի սիրուի իմ Հօրից. ես էլ նրան պիտի սիրեմ եւ ինձ պիտի յայտնեմ նրան»։ Յուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տէ՛ր, ինչպէ՞ս եղաւ, որ քեզ պիտի յայտնես մեզ եւ ոչ թէ աշխարհին»։ Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Եթէ մէկը սիրում է ինձ, իմ խօսքը կը պահի, եւ իմ Հայրը նրան կը սիրի. եւ մենք նրա մօտ կը գանք ու նրա մօտ կօթեւանենք։ Եւ ով ինձ չի սիրում, իմ խօսքերը չի պահում. եւ իմ խօսքը, որ լսում էք, իմը չէ, այլ՝ Հօրը, որ ինձ ուղարկեց։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Բ. օր Հոգեգալստեան։

Պահք։ Գիրք, Աւտրն., Արարչական։ Քրզ. Խնդր., Աղթ. Քում ամենազօր Գալստեանդ Հոգիդ։ Ժմտ. Այսօր ի հրեղէն։

Յերեկոյին՝ Հմբ. բկ. Այսօր երկնայինքն։ Աղթ. Հայր գթած, Աւտրն., Քրզ. Գոհաբանելով, Կեցո, Աղթ. Խաղաղութեամբ քով Հոգիդ Սուրբ։

, , , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ