Հինանց ԼԸ. օր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Ավետարան ըստ Ղուկասի, 17. 1-19

Յիսուս ասաց նաեւ իր աշակերտներին. «Անկարելի է, որ գայթակղութիւն չգայ, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կը գայ: Նրա համար լաւ կը լինէր, եթէ իր պարանոցից երկանաքար վէմ կախուէր, եւ նա ծովը գցուէր, քան թէ այս փոքրիկներից մէկին գայթակղեցնէր: Զգո՛յշ եղէք ձեր անձերի համար: Եթէ քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. եւ եթէ զղջայ, ների՛ր նրան: Եւ եթէ եօթն անգամ մեղանչի քո դէմ եւ եօթն անգամ դառնայ քեզ եւ ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան»: Եւ առաքեալները Տիրոջն ասացին. «Աւելացրո՛ւ մեր հաւատը»: Եւ Տէրն ասաց. «Եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք եւ այս թթենուն ասէ՛ք՝ «Արմատախի՛լ եղիր եւ տնկուի՛ր ծովի մէջ», նա՛ իսկ կը հնազանդուի ձեզ: Իսկ ձեզնից ո՞վ, որ հողագործ կամ հովիւ ծառայ ունի, երբ սա ագարակից տուն մտնի, նրան կ՚ասի իսկոյն՝ «Անցի՛ր սեղան նստիր», այլ նրան չի՞ ասի՝ «Պատրաստի՛ր, ինչ ընթրելու եմ, եւ գօտի կապած՝ ծառայի՛ր ինձ, մինչեւ որ ուտեմ եւ խմեմ, եւ ապա կ՚ուտես եւ կը խմես դու: Միթէ տէրը շնորհապա՞րտ կը լինի այդ ծառային, որ իր բոլոր հրամանները կատարեց: Նոյնպէս եւ դուք, երբ կատարէք այն բոլորը, որ ձեզ հրամայուած է, ասացէք, թէ՝ «Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտաւոր էինք անել, ա՛յն արեցինք»:

Եւ մինչ նա դէպի Երուսաղէմ էր գնում, անցնում էր Սամարիայի եւ Գալիլիայի միջով: Եւ երբ մի գիւղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին, բարձրացրին իրենց ձայնը եւ ասացին. «Յիսո՛ւս վարդապետ, ողորմի՛ր մեզ»: Եւ երբ նրանց տեսաւ, ասաց նրանց. «Գնացէ՛ք դուք ձեզ քահանաներին ցոյց տուէք»: Երբ գնում էին, նոյն ժամին մաքրուեցին: Նրանցից մէկը, երբ տեսաւ, թէ բժշկուեց, վերադարձաւ եւ բարձր ձայնով փառաւորում էր Աստծուն. երեսի վրայ ընկաւ Յիսուսի ոտքերի առաջ եւ շնորհակալութիւն էր յայտնում նրան. եւ ինքը սամարացի էր: Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Սրանք տասն էլ չմաքրուեցի՞ն. իսկ արդ, իննը ո՞ւր են, որ չվերադարձան՝ փառք տալու համար Աստծուն, բացի միայն այս օտարազգի մարդուց»: Եւ ասաց նրան. «Վե՛ր կաց գնա, որովհետեւ քո հաւատը քեզ փրկեց»:

Առաքյալների գործերը, 21. 15-26

Այդ օրերից յետոյ պատրաստուեցինք եւ Երուսաղէմ բարձրացանք: Մեզ հետ եկան նաեւ կեսարացի մի քանի աշակերտներ, որոնք մեզ տանում էին կիպրացի ոմն Մնասոնի մօտ, որը նախապէս աշակերտ էր, եւ որի տանը օթեւանելու էինք: Եւ երբ մենք Երուսաղէմ մտանք, եղբայրները մեզ խնդութեամբ ընդունեցին: Յաջորդ օրը Պօղոսը մեզ հետ Յակոբոսի մօտ մտաւ. եկան եւ բոլոր երէցները: Ողջունելով նրանց՝ նա մի առ մի պատմեց այն բաները, որ Աստուած նրա ծառայութեան միջոցով արեց հեթանոսների մէջ: Եւ նրանք, լսելով, փառաւորում էին Աստծուն ու նրան ասում. «Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, հազարաւոր հաւատացեալ հրեաներ կան, եւ բոլորն էլ նախանձախնդիր են օրէնքին: Բայց քո մասին իրազեկ եղան, թէ հեթանոսների մէջ գտնուող բոլոր հրեաներին ուսուցանում ես հրաժարուել Մովսէսի օրէնքից. ասում ես, որ նրանք իրենց որդիներին չթլփատեն եւ կրօնի աւանդութիւնների համաձայն չգնան: Արդ, ի՞նչ պէտք է լինի. հաստատապէս կը լսեն, որ եկել ես: Ուրեմն, արա՛ այն, ինչ քեզ ասում ենք. մեզ մօտ կան չորս ուխտադիր մարդիկ. նրանց քեզ հետ ա՛ռ եւ նրանց հետ միասին մաքրուի՛ր. եւ նրանց ծախսը քեզ վրայ վերցրու, որ իրենց գլուխները ածիլեն: Այսպէս ամէնքը իմանան, որ քեզ վերաբերող այն բաները, որոնց մասին իրազեկ են եղել, ոչինչ են, եւ, ընդհակառակը, դու էլ համաձայն ես օրէնքը պահելու: Գալով հաւատացեալ հեթանոսներին՝ մենք ուղարկել ենք մեր որոշումը, որ այդպիսի բաներ չպահեն նրանք, այլ միայն զգուշանան կուռքերին մատուցուած զոհերից ու արիւնից եւ խեղդամահ արուած կենդանուց եւ պոռնկութիւնից»: Այն ժամանակ Պօղոսը իր հետ վերցրեց այդ մարդկանց եւ յաջորդ օրը, նրանց հետ մաքրուելուց յետոյ, տաճար մտաւ՝ յայտնելու մաքրման օրերի աւարտի մասին. որից յետոյ, նրանցից իւրաքանչիւրի համար զոհ մատուցուեց:

Հովհաննես Առաքյալի առաջին ընդհանրական նամակ, 3. 10-20

Սրանո՛վ են տարբերւում միմեանցից Աստծու որդիները եւ Սատանայի որդիները: Ամէն ոք, ով արդարութիւն չի գործում, Աստծուց չէ. նոյնպէս նա՝ ով չի սիրում իր եղբօրը: Քանզի այս է այն պատուիրանը, որ լսեցիք ի սկզբանէ՝ որ սիրե՛նք միմեանց. ոչ ինչպէս Կայէնը, որ չարից էր եւ սպանեց իր եղբօրը: Եւ ինչո՞ւ սպանեց նրան. որովհետեւ իր գործերը չար էին, իսկ եղբօր գործերը՝ բարի: Եւ մի՛ էլ զարմացէք, եղբայրնե՛ր, որ աշխարհը ատում է ձեզ: Մենք գիտենք, որ մահուանից դէպի կեանք անցանք, քանզի սիրում ենք մեր եղբայրներին: Իսկ ով չի սիրում եղբօրը, մնում է մահուան մէջ: Ամէն ոք, ով ատում է եղբօրը, մարդասպան է. եւ գիտենք, որ ամէն մարդասպան իր մէջ յաւիտենական կեանք չունի: Սէրը նրանո՛վ ճանաչեցինք, որ Յիսուս իր կեա՛նքը տուեց մեզ համար. մենք էլ պարտաւոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կեանքը: Ով այս աշխարհի բարիքներից ունենայ եւ տեսնի իր եղբօրը մի բանի կարօտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սէրը ինչպէ՞ս կարող է բնակուել նրա մէջ: Որդեակնե՛ր, խօսքերով եւ լեզուո՛վ չսիրենք, այլ՝ գործով եւ ճշմարտութեամբ: Եւ հէնց դրանո՛վ ճանաչած կը լինենք, որ ճշմարտութիւնից ենք, եւ Նրա առաջ կանգնելու վստահութիւն կ՚ունենան մեր սրտերը: Եթէ մեր սրտերը դատապարտեն մեզ, մենք գիտենք, թէ Աստուած աւելի մեծ է, քան մեր սրտերը. եւ նա գիտէ ամէն բան:

Ավետարան ըստ Հովհաննեսի, 10. 22-42

Այն ժամանակ Երուսաղէմում տաճարի Նաւակատիքի տօն էր, եւ ձմեռ էր: Եւ Յիսուս շրջում էր տաճարի մէջ, Սողոմոնի սրահում: Հրեաները նրա շուրջը հաւաքուեցին ու ասացին. «Մինչեւ ե՞րբ մեր հոգին պիտի հանես. եթէ դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»: Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ձեզ ասացի, եւ ինձ չէք հաւատում. այն գործերը, որ ես անում եմ իմ Հօր անունով, դրանք վկայում են իմ մասին: Բայց դուք չէք հաւատում, որովհետեւ իմ ոչխարներից չէք. իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց. եւ նրանք գալու են իմ յետեւից. եւ ես նրանց կը տամ յաւիտենական կեանք. եւ նրանք չեն կորչի յաւիտեան. եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի: Իմ Հայրը, որ նրանց ինձ տուեց, ամենքից մեծ է. եւ իմ Հօր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ յափշտակել: Ես եւ իմ Հայրը մի ենք»: Հրեաները քարեր վերցրին, որ նրան քարկոծեն: Յիսուս պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցոյց տուի ձեզ իմ Հօրից. դրանցից ո՞ր գործի համար էք ինձ քարկոծում»: Հրեաները նրան պատասխանեցին. «Քեզ բարի գործի համար չենք քարկոծում, այլ հայհոյութեան համար եւ նրա համար, որ դու մարդ ես, բայց ինքդ քեզ Աստծու տեղ ես դնում»: Յիսուս նրանց պատասխանեց. «Ձեր օրէնքում չէ՞, որ գրուած է. «Ես ասացի, թէ աստուածներ էք»: Իսկ եթէ աստուածներ է կոչում նրանց, որոնց ուղղուած էր Աստծու խօսքը (եւ հնարաւոր չէ, որ Գիրքը ջնջուի), ուրեմն՝ ո՛ւմ Հայրը սրբացրեց եւ աշխարհ ուղարկեց, դուք ասում էք, թէ՝ հայհոյում ես, նրա համար, որ ասացի, թէ՝ Աստծու Որդի եմ: Եթէ իմ Հօր գործերը չեմ անում, ինձ մի՛ հաւատացէք: Իսկ եթէ անում եմ, թէ ինձ էլ չէք հաւատում, գործերի՛ն հաւատացէք, որպէսզի իմանաք եւ ճանաչէք, որ Հայրը իմ մէջ է, եւ ես՝ Հօր մէջ»: Դարձեալ ուզում էին նրան բռնել, բայց նա նրանց ձեռքից դուրս պրծաւ: Եւ վերստին գնաց Յորդանանի միւս կողմը, այնտեղ, ուր Յովհաննէսն էր նախապէս գտնւում եւ մկրտում. եւ այնտեղ էր մնում: Շատեր նրա մօտ եկան եւ ասում էին. «Յովհաննէսը որեւէ նշան չարեց, բայց այն ամէնը, որ Յովհաննէսն ասել էր նրա մասին, ճշմարիտ էր»: Եւ այնտեղ շատերը հաւատացին նրան:

Ավետարան ըստ Մատթեոսի, 17. 21-18:9

Եւ մինչ նրանք Գալիլիայում դեռ շրջում էին, Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, ու նրան պիտի սպանեն, եւ նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: Եւ նրանք շատ տխրեցին:

Երբ նրանք Կափառնայում եկան, երկդրամեան տուրքը պահանջողները մօտեցան Պետրոսին եւ ասացին. «Ձեր վարդապետը երկդրամեանը չի՞ տալիս»: Եւ Պետրոսն ասաց՝ այո՛: Եւ երբ տուն մտան, Յիսուս կանխեց նրան ու ասաց. «Քեզ ինչպէ՞ս է թւում, Սիմո՛ն. ազգերի թագաւորները հարկերը կամ տուրքը ումի՞ց են առնում, իրենց որդիների՞ց, թէ՞ օտարներից»: Եւ երբ ասաց՝ օտարներից, Յիսուս նրան ասաց. «Ապա ուրեմն որդիներն ազատ են: Բայց որպէսզի նրանց չգայթակղեցնենք, գնա՛ ծով ու կարթ գցի՛ր, եւ առաջին ձուկը, որ դուրս կ՚ելնի, վերցրո՛ւ ու բա՛ց նրա բերանը եւ մի արծաթ դրամ կը գտնես. այն ա՛ռ եւ իմ ու քո տեղ նրանց կը տաս»:

Այն օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Մեզնից ո՞վ է մեծ երկնքի արքայութեան մէջ»: Եւ Յիսուս իր մօտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մէջ ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի: Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպէս այս մանուկը, երկնքի արքայութեան մէջ նա՛ է մեծ: Եւ ով որ իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, ի՛նձ կ՚ընդունի: Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար լաւ կը լինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախուի, եւ նա սուզուի ծովի խորքը: Վա՜յ աշխարհին՝ գայթակղութիւնների պատճառով. գայթակղութիւններ պէտք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կը գայ գայթակղութիւնը: Եթէ քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու մէկ ձեռքով կամ կաղ մտնես կեանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս եւ յաւիտենական կրակի մէջ ընկնես: Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու միականի մտնես կեանք, քան երկու աչք ունենաս եւ ընկնես գեհենի կրակը:

Ավետարան ըստ Մարկոսի, 9. 29-49

Այնտեղից ելնելով՝ նրանք անցնում էին Գալիլիայի միջով, եւ Յիսուս չէր կամենում, որ որեւէ մէկն իմանայ, քանի որ իր աշակերտներին ուսուցանում էր եւ նրանց ասում. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, նրանք պիտի սպանեն նրան. եւ երբ նա սպանուի, երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: Բայց նրանք չէին հասկանում այդ խօսքը եւ վախենում էին նրան հարցնել:

Եկաւ Կափառնայում եւ, երբ տուն մտաւ, աշակերտներին հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»: Եւ նրանք լուռ էին մնում, որովհետեւ ճանապարհին իրար հետ վիճում էին, թէ ո՛վ է մեծը: Եւ երբ նստեց, կանչեց Տասներկուսին ու նրանց ասաց. «Եթէ մէկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը եւ բոլորի սպասաւորը պիտի լինի»: Եւ մի մանուկ վերցնելով՝ կանգնեցրեց նրանց մէջ եւ նրան իր գիրկն առնելով՝ նրանց ասաց. «Ով այսպիսի մանուկներից մէկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ոչ թէ ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»: Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»: Եւ նա ասաց. «Արգելք մի՛ եղէք նրան, որովհետեւ չկայ մէկը, որ իմ անունով զօրաւոր գործեր անի ու կարողանայ ինձ հայհոյել, քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է: Եւ ով որ ձեզ մի բաժակ ջուր խմեցնի յանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»: Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար աւելի լաւ կը լինէր, եթէ նրա պարանոցից կախուած լինէր էշի մի երկանաքար, եւ ծով գցուէր: Եւ եթէ քեզ գայթակղեցնում է քո ձեռքը, կտրիր դէ՛ն գցիր քեզնից, որովհետեւ քեզ համար աւելի լաւ է խեղուած մտնել յաւիտենական կեանքը, քան թէ երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն, անշէջ կրակի մէջ: Եւ եթէ քո ոտքն է գայթակղեցնում քեզ, կտրի՛ր, քեզնից դէ՛ն գցիր այն. լաւ է, որ դու կաղ մտնես յաւիտենական կեանքը, քան թէ երկու ոտք ունենաս ու գեհեն ընկնես: Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, քաշիր հանի՛ր այն. լաւ է, որ դու մէկ աչքով մտնես Աստծու արքայութիւնը, քան թէ երկու աչք ունենաս ու ընկնես գեհեն, ուր նրանց որդը չի մեռնում, եւ կրակը չի հանգչում, որովհետեւ ամէն ինչ կրակով պիտի աղուի: Աղը լաւ բան է. բայց եթէ աղը անհամանայ, ինչո՞վ պիտի համեմուի. արդ, դուք ձեր մէ՛ջ ունեցէք աղը եւ իրար հետ խաղաղութեա՛մբ ապրեցէք»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԼԸ. օր Յինանց։

, , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ