Հինանց ԻԷ. օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.
Յինանց օրեր։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Ավետարան ըստ Ղուկասի, 11. 1-11

Եւ եղաւ որ Յիսուս մի տեղ աղօթքի էր կանգնած. եւ երբ վերջացրեց, նրա աշակերտներից մէկն ասաց նրան. «Տէ՛ր, մեզ աղօթել սովորեցրո՛ւ, ինչպէս Յովհաննէսը սովորեցրեց իր աշակերտներին»։ Նա նրանց ասաց. «Երբ աղօթքի կանգնէք, ասացէ՛ք. Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեզնից ո՞վ է, որ բարեկամ ունենայ, գնայ նրա մօտ կէսգիշերին եւ ասի նրան. բարեկա՛մ, ինձ երեք նկանակ փո՛խ տուր, որովհետեւ իմ բարեկամը ճանապարհից եկաւ ինձ մօտ, եւ ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ։ Իսկ նա ներսից պատասխանի եւ ասի. «Ինձ նեղութիւն մի՛ տուր, որովհետեւ դռները փակուած են, եւ երեխաներս ինձ հետ անկողնում են, չեմ կարող վեր կենալ եւ քեզ հաց տալ»։ Ասում եմ ձեզ, եթէ բարեկամութեան համար էլ վեր չկենայ եւ հաց չտայ նրան, նրա թախանձանքի՛ պատճառով վեր կենալով կը տայ նրան, ինչ որ պէտք է։ Եւ ես ասում եմ ձեզ. խնդրեցէ՛ք, եւ Աստծուց կը տրուի ձեզ, փնտռեցէ՛ք, եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեզ համար, որովհետեւ, ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտռում է, գտնում է, եւ ով որ բախում է, բացւում է նրա առաջ։ Ձեզնից ո՞վ է այն հայրը, որի որդին եթէ ձուկ ուզի, միթէ ձկան փոխարէն օ՞ձ կը տայ նրան. եւ կամ ձու ուզի, միթէ կարի՞ճ կը տայ նրան։ Իսկ եթէ դուք, որ չար էք, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդիներին, որչա՜փ եւս առաւել ձեր երկնաւոր Հայրը բարիքներ կը տայ նրանց, որոնք ուզում են իրենից»։

Առաքյալների գործերը, 15. 30 – 16. 5

Եւ նրանք մեկնելով՝ ճանապարհ դրուեցին եւ Անտիոք իջան ու ժողովրդին հաւաքելով՝ նամակը տուեցին: Եւ նրանք ընթերցելով՝ այդ մխիթարութեան համար ուրախացան: Յուդան եւ Շիղան, քանի որ նրանք էլ մարգարէներ էին, բազում խօսքերով յորդորեցին եղբայրներին եւ ամրապնդեցին նրանց: Եւ միառժամանակ այնտեղ մնալով՝ եղբայրների կողմից խաղաղութեամբ յետ ուղարկուեցին առաքեալների մօտ: Սակայն Շիղային հաճելի թուաց այնտեղ մնալ: Իսկ Պօղոսն ու Բառնաբասը շրջում էին Անտիոքում եւ շատ ուրիշների հետ ուսուցանում ու աւետարանում էին Աստծու խօսքը: Իսկ մի քանի օր յետոյ Պօղոսը Բառնաբասին ասաց. «Վերադառնանք եւ շրջենք եղբայրների մէջ բոլոր այն քաղաքներում, որտեղ քարոզեցինք Տիրոջ խօսքը՝ տեսնելու, թէ ինչ վիճակում են»: Բառնաբասն ուզում էր Մարկոս կոչուած Յովհաննէսին էլ հետը տանել, բայց Պօղոսը չէր ուզում, որ Պամփիւլիայում իրենցից հեռացած եւ գործի համար իրենց հետ չեկած մէկին իրենց հետ տանեն: Եւ նրանց մէջ գժտութիւն առաջացաւ, այնքան, որ իրարից բաժանուեցին. Բառնաբասը Մարկոսին վերցնելով՝ նաւարկեց դէպի Կիպրոս: Իսկ Պօղոսը Շիղային ընտրելով՝ ճանապարհ ընկաւ՝ եղբայրների կողմից յանձնուելով Աստծու շնորհին. եւ շրջում էր Ասորիքի եւ Կիլիկիայի կողմերում ու ամրապնդում էր եկեղեցիները:

Պօղոսը եկաւ հասաւ Դերբէ եւ Լիւստրա: Եւ այնտեղ Տիմոթէոս անունով մի աշակերտ կար, հաւատացեալ հրեայ կնոջ եւ հեթանոս հօր որդի, որը վկայուած էր լիւստրացի եւ իկոնիացի եղբայրների կողմից: Պօղոսն ուզեց նրան իր հետ տանել ու վերցրեց թլփատեց նրան՝ այդ տեղերում գտնուող հրեաների պատճառով, քանի որ բոլորը գիտէին, թէ նրա հայրը հեթանոս էր: Երբ անցնում էին քաղաքներով, նրանց յանձնարարում էին պահել Երուսաղէմում գտնուող առաքեալների եւ երէցների կողմից պատուիրուած հրամանները: Այսպէս, եկեղեցիները ամրապնդւում էին հաւատի մէջ ու օրէցօր նրանց թիւն աւելանում էր:

Պետրոս Առաքյալի երկրորդ ընդհանրական նամակից, 3. 1-9

Սիրելինե՛ր, գրում եմ ձեզ այս երկրորդ թուղթը, որով ձեր մաքուր մտքերն եմ արթնացնում յիշեցման համար. յիշեցէ՛ք սուրբ մարգարէների կողմից նախապէս ասուած պատ գամները, ինչպէս նաեւ ձեր առաքեալների կողմից ասուած Տիրոջ եւ Փրկչի պատուիրանները: Բայց նախ այս բանն իմացէ՛ք, որ վերջին օրերին պիտի գան արհամարհողներ, ծաղրողներ, որոնք պիտի ընթանան ըստ իրենց ցանկութիւնների. եւ պիտի ասեն. Ո՞ւր է նրա գալստեան խոստումը, քանի որ նախահայրերի ննջելուց յետոյ ամէն ինչ այն նոյն ձեւով է մնում, ինչպէս էր արարչագործութեան սկզբից: Եւ այս բանը ուզողները մոռացութեան են տուել այն, որ ի սկզբանէ եղել է երկինքը, եւ երկիրը՝ ջրերից, եւ՝ ջրերը, որ մնում են հաստատ Աստծու խօսքով. դրա համար էլ այն ժամանակուայ աշխարհը ապականուելով կործանուեց ջրհեղեղով: Իսկ այժմ երկինք եւ երկիր պահուած են այդ նոյն խօսքով, վերապահուած են կրակին դատաստանի օրուայ եւ ամբարիշտ մարդկանց կործանման օրուայ համար: Բայց այս եւս ձեզնից ծածկուած չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մէկ օրը՝ ինչպէս հազար տարի է, եւ հազար տարին՝ ինչպէս մէկ օր: Տէրը չի ուշացնի իր խոստումը, ինչպէս կարծում են ոմանք, թէ ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդէպ. քանզի չի ուզում, որ որեւէ մէկը կորստեան մատնուի, այլ ուզում է, որ ամէնքը ապաշխարեն:

Ավետարան ըստ Հովհաննեսի, 6. 39-71

Այս է կամքը իմ Հօր, որ ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն ինձ տուել է, նրանցից ոչ մէկին չկորցնեմ, այլ վերջին օրը յարութիւն առնել տամ նրանց: Այս է իմ Հօր կամքը. ամէն ոք, ով տեսնի Որդուն եւ հաւատայ նրան, ունենայ յաւիտենական կեանք. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել տամ»: Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետեւ ասել էր՝ ե՛ս եմ երկնքից իջած հացը: Եւ ասում էին. «Սա Յիսուսը չէ՞՝ Յովսէփի որդին, որի հօրն ու մօրը մենք ճանաչում ենք: Իսկ արդ, ինչպէ՞ս է ասում՝ ես երկնքից իջայ»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Մի՛ քրթմնջէք իրար մէջ. ոչ ոք չի կարող գալ դէպի ինձ, եթէ նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել կը տամ: Մարգարէների գրքերում գրուած է. «Եւ ամէնքը Աստծուց ուսած կը լինեն»: Ամէն ոք, որ լսում է Հօրից եւ ուսանում է, գալիս է դէպի ինձ: Սակայն ոչ ոք Հօրը չի տեսել, այլ միայն նա, որ Աստծուց է, նա՛ է տեսել Հօրը: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով հաւատում է, ունենում է յաւիտենական կեանքը: Ես եմ կենաց հացը: Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան: Այս է երկնքից իջած հացը, որպէսզի, ով որ սրանից ուտի, չմեռնի: Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. թէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կապրի. եւ այն հացը, որ ես կը տամ, իմ մարմինն է, որը ես կը տամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ»: Հրեաները իրար հետ բուռն կերպով վիճում էին եւ ասում. «Սա ինչպէ՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չուտէք մարդու Որդու մարմինը եւ չըմպէք նրա արիւնը, ձեր մէջ կեանք չէք ունենայ: Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, յաւիտենական կեանք ունի. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել պիտի տամ, քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, եւ իմ արիւնը՝ ճշմարիտ ըմպելիք: Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, կը բնակուի իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ: Ինչպէս Հայրը, որ ինձ ուղարկեց, ապրում է, ես էլ ապրում եմ Հօր միջոցով. եւ ով ուտում է ինձ, նա էլ կապրի իմ միջոցով: Այս է հացը, որ երկնքից է իջած. ոչ այնպէս, ինչպէս մանանան, որը ձեր հայրերը կերան եւ մեռան. ով այս հացն ուտում է, կապրի յաւիտեան»: Նա այս բաներն ասաց Կափառնայումի մէջ ժողովարանում ուսուցանելիս: Եւ աշակերտներից շատերը, երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խօսքը. ո՞վ կարող է այն լսել»: Յիսուս երբ ինքն իրենից իմացաւ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. «Այդ ձեզ գայթակղեցնո՞ւմ է. իսկ արդ, եթէ տեսնէք մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առաջ էր: Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել: Այն խօսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է եւ կեանք: Բայց ձեր մէջ կան ոմանք, որ չեն հաւատում»: Քանի որ Յիսուս սկզբից գիտէր, թէ ովքեր են նրանք, որ չեն հաւատում, եւ ով է նա, որ մատնելու է իրեն, ասաց. «Դրա համար ձեզ ասացի, թէ ոչ ոք չի կարող գալ ինձ մօտ, եթէ այդ իմ Հօրից տրուած չէ նրան»: Դրա վրայ՝ նրա աշակերտներից շատերը յետ քաշուեցին եւ այլեւս նրա հետ չէին շրջում: Յիսուս տասներկու աշակերտներին ասաց. «Միթէ դո՞ւք էլ ուզում էք գնալ»: Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տէ՛ր, ո՞ւմ մօտ պիտի գնանք: Դու յաւիտենական կեանքի խօսքեր ունես: Եւ մենք հաւատացինք եւ ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»: Յիսուս նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ Տասներկուսիդ. եւ ձեզանից մէկը սատանայ է»: Նա խօսում էր Իսկարիովտացու՝ Սիմոնի որդի Յուդայի մասին, որովհետեւ հէնց նա էր մատնելու նրան. եւ Տասներկուսից մէկն էր:

Ավետարան ըստ Մատթեոսի, 13. 24-35

Նա մէկ ուրիշ առակ էլ նրանց առաջ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նմանուեց մի մարդու, որ իր արտի մէջ բարի սերմ սերմանեց։ Եւ երբ մարդիկ քնի մէջ էին, նրա թշնամին եկաւ եւ ցանած ցորենի վրայ որոմ ցանեց ու գնաց։ Եւ երբ ցորենը բուսաւ ու պտուղ տուեց, ապա երեւաց եւ այն որոմը։ Տանտիրոջ ծառաները մօտեցան ու ասացին նրան. «Տէ՛ր, չէ՞ որ քո արտի մէջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը»։ Եւ տէրն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»։ Ծառաները նրան ասացին. «Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»։ Եւ տէրը նրանց ասաց. «Ո՛չ, մի գուցէ որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անէք։ Թողէ՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հունձը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կասեմ՝ նախ այդ որոմը քաղեցէ՛ք եւ դրանից խուրձեր կապեցէ՛ք այրելու համար, իսկ ցորենը հաւաքեցէ՛ք իմ շտեմարանների մէջ»։ Նրանց առաջ նա մէկ ուրիշ առակ էլ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ, առնելով, սերմանեց իր արտի մէջ։ Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից աւելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճիւղերի վրայ հանգստանում»։ Նա մէկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է թթխմորի, որ մի կին, առնելով, դրեց երեք չափ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց»։ Այս բոլորը Յիսուս առակներով պատմեց բազմութեանը եւ առանց առակի ոչինչ չէր ասում նրանց, որպէսզի կատարուի մարգարէի կողմից ասուածը. «Իմ բերանը առակներով պիտի բանամ եւ աշխարհի սկզբից ի վեր ծածկուած բաները պիտի յայտնեմ»։

Ավետարան ըստ Մարկոսի, 6. 7-14

Եւ շրջում էր շրջակայ գիւղերում եւ ուսուցանում։ Նա իր մօտ կանչեց Տասներկուսին եւ սկսեց ուղարկել նրանց երկու-երկու ու պիղծ ոգիների վրայ նրանց իշխանութիւն տուեց։ Նրանց պատուիրեց, որ ճանապարհի համար գաւազանից բացի այլ բան չվերցնեն. ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ դրամ գօտիների մէջ, այլ հագնեն հողաթափներ. եւ ասաց. «Աւելորդ պարեգօտ մի՛ վերցրէք»։ Եւ ասում էր նրանց. «Ինչ տուն որ մտնէք, այնտեղ օթեւանեցէ՛ք, մինչեւ որ այնտեղից ելնէք։ Եւ ուր որ ձեզ չեն ընդունի ու ձեզ չեն լսի, երբ որ այնտեղից ելնէք, ձեր ոտքերի փոշին թա՛փ տուէք՝ իբրեւ նրանց դէմ վկայութիւն»։ Եւ նրանք ելան ու քարոզում էին, որպէսզի մարդիկ ապաշխարեն։ Եւ բազում դեւեր էին հանում, բազում հիւանդների օծում էին իւղով ու նրանց բժշկում։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԻԷ. օր Յինանց։

, , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ