ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Առաքյալների գործերը, 10. 24-48
Հետեւեալ օրը մտան Կեսարիա: Եւ Կոռնելիոսը նրանց սպասում էր՝ կանչած լինելով իր ազգականներին եւ մտերիմ բարեկամներին: Եւ երբ Պետրոսը ներս մտաւ, Կոռնելիոսը նրան ընդառաջ ելաւ ու նրա ոտքերն ընկնելով երկրպագում էր: Պետրոսը կանգնեցրեց նրան ու ասաց. «Ոտքի՛ ելիր, ես ինքս էլ մարդ եմ»: Եւ նրա հետ խօսելով՝ ներս մտաւ ու այնտեղ շատերին հաւաքուած գտաւ: Նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտէք, թէ ինչպէս կարելի չէ հրեայ մարդու համար օտարազգու հետ շփուել կամ նրան մօտենալ. բայց Աստուած ինձ ցոյց տուեց, որ մարդկանցից ոչ մէկին չպէտք է պիղծ կամ անմաքուր համարեմ, դրա համար էլ առանց առարկութեան եկայ, երբ կանչուեցի: Բայց այժմ հարցնում եմ ձեզ՝ ի՞նչ բանի համար ինձ կանչեցիք»: Եւ Կոռնելիոսն ասաց. «Սրանից չորս օր առաջ, այս ժամին, մինչ ժամը երեքի աղօթքն էի անում իմ տանը, ահա սպիտակ զգեստներով մի մարդ եկաւ կանգնեց իմ առաջ ու ասաց. «Կոռնելիո՛ս, քո աղօթքները լսելի եղան, եւ քո ողորմութիւնները յիշուեցին Աստծու առաջ: Արդ, մարդ ուղարկի՛ր Յոպպէ եւ կանչի՛ր Սիմոնին, որ Պետրոս է կոչւում. նա օթեւանել է կաշեգործ ոմն Սիմոնի տանը, ծովի մօտ: Նա կը գայ եւ կը խօսի քեզ հետ»: Եւ ես իսկոյն մարդ ուղարկեցի քեզ մօտ. դու լաւ արեցիր, որ եկար: Այժմ մենք բոլորս կանգնած ենք Աստծու առաջ՝ լսելու այն ամէնը, ինչ քեզ հրամայուած է Տիրոջից»: Պետրոսը բերանը բացեց եւ ասաց. «Ճշմարտութեամբ վերահասու եմ եղել, թէ Աստծու կողմից աչառութիւն չկայ, այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է նրանից եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նրան: Այս խօսքը նա ուղարկեց իսրայէլացիներին՝ աւետելով խաղաղութիւն Յիսուս Քրիստոսի միջոցով. սա է բոլորի Տէրը: Դուք ինքներդ գիտէք այդ խօսքը, որը տարածուեց Գալիլիայից սկսած ամբողջ Հրէաստանում այն մկրտութիւնից յետոյ, որը քարոզեց Յովհաննէսը. գիտէք Յիսուսին, որ Նազարէթից էր, որին Աստուած օծեց Սուրբ Հոգով եւ զօրութեամբ, եւ որը շրջեց բարիք անելով եւ սատանայից բոլոր բռնուածներին բժշկելով, որովհետեւ Աստուած նրա հետ էր: Եւ մենք վկայում ենք այն բոլորը, որ Հրէաստանում եւ Երուսաղէմում արեց նա, եւ որին սպանեցին՝ խաչափայտից կախելով: Երրորդ օրը Աստուած նրան յարութիւն տուեց եւ թոյլ տուեց, որ նա երեւայ՝ ոչ թէ ամբողջ ժողովրդին, այլ մեզ՝ վկաներիս, որ առաջուց Աստծուց ընտրուած էինք եւ որ կերանք ու խմեցինք նրա հետ մեռելներից նրա յարութիւն առնելուց յետոյ: Եւ նա պատուիրեց մեզ քարոզել ժողովրդին եւ վկայութիւն տալ, թէ ի՛նքն է Աստծուց սահմանուած դատաւորը, որ դատելու է կենդանիներին եւ մեռածներին: Բոլոր մարգարէները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հաւատացողները նրա անունով մեղքերի թողութիւն կը ստանան»: Եւ մինչ Պետրոսը դեռ այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջաւ բոլոր նրանց վրայ, ովքեր այս խօսքը լսում էին: Ծագումով հրեայ հաւատացեալները, որոնք Պետրոսի հետ էին եկել, զարմացան, որ հեթանոսների վրայ եւս Սուրբ Հոգու շնորհները հոսում են, որովհետեւ լսում էին, որ նրանք լեզուներ էին խօսում եւ փառաբանում Աստծուն: Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց. «Ո՞վ կարող է արգելել, որ ջրով մկրտուեն սրանք, որոնք եւս Սուրբ Հոգին ընդունեցին, ինչպէս եւ մենք»: Եւ հրամայեց նրանց մկրտուել յանուն Յիսուս Քրիստոսի: Այն ժամանակ նրան աղաչեցին, որ մի քանի օր այնտեղ մնայ:
Պետրոս Առաքյալի առաջին ընդհանրական նամակը, 3. 1-9
Այսպէս էլ դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղէք ձեր մարդկանց, որպէսզի, եթէ նրանցից ոմանք չհնազանդուեն Խօսքին, իրենց կանանց ընթացքի շնորհիւ եւ առանց խօսքի իսկ շահուած լինեն՝ նկատի ունենալով ձեր պարկեշտ ընթացքը՝ լի երկիւղածութեամբ: Թող ձեր արտաքի՛նը զարդարուած չլինի հիւսքերով, ոսկեհուռ վարսակալներով կամ պճնագեղ զգեստներով, այլ սրտի ներսի՛ մարդը՝ հեզ եւ հանդարտ հոգու անեղծութեամբ, ինչ որ շատ աւելի արժէք է ներկայացնում Աստծու առաջ, մի ժամանակ այսպէ՛ս էին իրենք իրենց զարդարում Աստծու վրայ յոյս դրած կանայք, որոնք հնազանդւում էին իրենց մարդկանց, այդպէս էր Սառան, որը հնազանդ էր Աբրահամին եւ նրան իր տէրն էր կոչում. եւ դուք նրա զաւակները եղաք. նրանք բարեգործ էին եւ չէին սարսափում եւ ո՛չ մի բանից: Նոյնպէս եւ տղամարդիկ թող իմաստութեամբ ապրեն իրենց կանանց հետ, յարգեն նրանց, իբրեւ դիւրաբեկ անօթի, իբրեւ կեանքի շնորհի ժառանգակիցների, որպէսզի ձեր աղօթքներին արգելք եղող բաներ չլինեն: Եւ, ամենագլխաւորը, եղէ՛ք համախորհուրդ, կարեկից, եղբայրասէր, ազնուագութ, խոնարհ, չարի փոխարէն չար մի՛ հատուցէ՛ք, կամ նախատինքի փոխարէն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցէ՛ք, որովհետեւ այդ բանին իսկ կոչուեցիք, որպէսզի ժառանգէք օրհնութիւնը:
Ավետարան ըստ Հովհաննեսի, 4. 1-23
Երբ Յիսուս իմացաւ, որ փարիսեցիները լսել են, թէ ինքն աւելի շատ աշակերտներ է դարձնում եւ մկրտում, քան Յովհաննէսը (թէպէտեւ ոչ թէ Յիսուս ինքն էր մկրտում, այլ՝ նրա աշակերտները), թողեց Հրէաստան երկիրը եւ վերստին եկաւ Գալիլիա: Եւ անհրաժեշտ էր, որ նա անցնէր Սամարիայով: Նա գալիս է Սամարիայի մի քաղաքը, որի անունն էր Սիւքար, մօտիկ այն գիւղին, որ Յակոբը տուել էր իր որդուն՝ Յովսէփին: Եւ այնտեղ Յակոբի աղբիւրը կար: Եւ Յիսուս ճանապարհից յոգնած՝ նստեց աղբիւրի մօտ. կէսօր էր: Սամարիայից մի կին է գալիս ջուր հանելու. Յիսուս նրան ասում է. «Ինձ խմելու ջուր տուր» (քանի որ նրա աշակերտները գնացել էին քաղաք, որպէսզի ուտելիք գնեն): Սամարացի կինը նրան ասում է. «Դու, որ հրեայ ես, ինչպէ՞ս ինձնից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր ես ուզում» (որովհետեւ հրեաները սամարացիների հետ երբեք շփում չեն ունենում): Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Եթէ դու գիտենայի՜ր Աստծու պարգեւները, եւ թէ ով է, որ քեզ ասում է՝ «Ինձ խմելու ջուր տուր», գուցէ ինքդ արդարեւ նրանից կ՚ուզէիր, եւ նա քեզ կենդանի ջուր կը տար»: Կինը նրան ասաց. «Տէ՛ր, սակայն դու դոյլ իսկ չունես, եւ այս ջրհորը խորն է. ուրեմն դու որտեղի՞ց կ՚ունենաս կենդանի ջուր: Միթէ դու աւելի մե՞ծ մէկն ես, քան մեր հայրը՝ Յակոբը, որ այս ջրհորը մեզ տուել է եւ ինքն էլ խմել է սրանից. նաեւ՝ իր որդիներն ու իր հօտերը»: Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Ով որ այս ջրից խմի, նորից կը ծարաւի, բայց ով որ խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, յաւիտեան չպիտի ծարաւի: Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մէջ կը լինի բխող ջրի աղբիւր յաւիտենական կեանքի համար»: Կինը ասաց նրան. «Տէ՛ր, տո՛ւր ինձ այդ ջուրը, որպէսզի չծարաւեմ եւ այստեղ չգամ ջուր հանելու»: Յիսուս նրան ասաց. «Գնա՛, ամուսնուդ կանչի՛ր եւ արի՛ այստեղ»: Կինը պատասխան տուեց նրան եւ ասաց. «Ամուսին չունեմ»: Յիսուս նրան ասաց. «Լա՛ւ ասացիր, թէ՝ ամուսին չունեմ, որովհետեւ հինգ մարդ ես փոխել եւ ում հետ, որ այժմ ապրում ես, քո ամուսինը չէ. այդ ճիշտ ասացիր»: Կինը նրան ասաց. «Տէ՛ր, ինձ թւում է, թէ դու մարգարէ ես: Մեր հայրերը այս լերան վրայ երկրպագութիւն արեցին, իսկ դուք ասում էք, թէ միայն Երուսաղէմն է այն տեղը, ուր արժան է երկրպագել»: Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, հաւատա՛ ինձ, որ կը գայ ժամանակը, երբ ո՛չ այս լերան վրայ եւ ո՛չ էլ Երուսաղէմում կ՚երկրպագեն Հօրը: Դուք երկրպագում էք նրան, ում չգիտէք, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, որովհետեւ փրկութիւնը հրեաներից է: Բայց կը գայ ժամանակը, եւ արդէն իսկ եկել է, երբ ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հօրը հոգով եւ ճշմարտութեամբ, քանի որ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագուներ է ուզում:
Ավետարան ըստ Ղուկասի, 7. 30-50
Իսկ փարիսեցիները եւ օրինականները իրենց հոգիներում Աստծու խորհուրդն անարգեցին նրանով, որ Յովհաննէսից չմկրտուեցին:
«Արդ, ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդի մարդկանց, եւ ո՞ւմ են նման: Նրանք նման են մանուկների, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս միմեանց եւ ասում. «Փող զարկեցինք ձեզ համար, եւ չպարեցիք. ողբ ասացինք, եւ դուք լաց չեղաք»: Եկաւ Յովհաննէս Մկրտիչը, չէր ուտում եւ չէր խմում. եւ դուք ասացիք՝ նրա մէջ դեւ կայ: Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում. եւ դուք ասում էք. «Ահա ուտող եւ խմող մի մարդ, մաքսաւորների եւ մեղաւորների բարեկամ»: Եւ իմաստութիւնը արդարացուեց իր որդիներից»:
Փարիսեցիներից մէկը աղաչում էր նրան, որ իր հետ ճաշ ուտի. եւ նա մտնելով փարիսեցու տունը՝ սեղան նստեց: Եւ քաղաքում մի մեղաւոր կին կար. երբ նա իմացաւ, որ փարիսեցու տանը սեղան է նստել, մի շիշ ազնիւ իւղ բերելով, կանգնեց Յիսուսի յետեւ, նրա ոտքերի մօտ. եւ լաց էր լինում ու սկսեց արտասուքներով թրջել նրա ոտքերը եւ իր գլխի մազերով սրբում էր. համբուրում էր նրա ոտքերը եւ այդ իւղով օծում: Իսկ փարիսեցին, որ նրան հրաւիրել էր, տեսնելով այդ, իր մտքում ասում էր. «Եթէ սա մարգարէ լինէր, ապա կ՚իմանար, թէ ով կամ ինչպիսի մի կին է մօտենում իրեն, որովհետեւ նա մեղաւոր է»: Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ»: Եւ սա ասաց. «Ասա՛, Վարդապե՛տ»: Եւ Յիսուս ասաց. «Մի փոխատու երկու պարտապաններ ունէր. մէկը հինգ հարիւր դահեկան պարտք ունէր, իսկ միւսը՝ յիսուն: Եւ քանի որ նրանք հատուցելու ոչինչ չունէին, երկուսին էլ պարտքը շնորհեց. հիմա ասա՛, ո՞վ աւելի շատ կը սիրի նրան»: Սիմոնն ասաց. «Ինձ այնպէս է թւում, թէ նա՛՝ ում աւելի շատը շնորհուեց»: Եւ Յիսուս ասաց նրան. «Ուղի՛ղ դատեցիր»: Եւ դառնալով կնոջ կողմը՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. մտայ քո տունը, ոտքերիս համար ջուր չտուիր, իսկ սա իր արտասուքներով թրջեց իմ ոտքերը եւ իր մազերով սրբեց: Դու ինձ մի համբոյր էլ չտուիր, սակայն սա ահա տուն մտնելուցս ի վեր չի դադարում ոտքերս համբուրելուց: Դու իւղով իմ գլուխը չօծեցիր, սա անուշ իւղով ոտքերս օծեց: Դրա համար քեզ ասում եմ. իր անհամար մեղքերը կը ներուեն սրան, որովհետեւ ուժգին սիրեց. քանզի ում շատ է ներւում, շատ է սիրում, եւ ում սակաւ՝ սակաւ»: Եւ ասաց այն կնոջը. «Քո մեղքերը քեզ ներուած են»: Եւ նրանք, որ նրա հետ սեղան էին նստել, սկսեցին ասել իրենց մտքում. «Ո՞վ է սա, որ մեղքերին թողութիւն է տալիս»: Եւ նա ասաց այդ կնոջը. «Քո հաւա՛տը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ»:
Ավետարան ըստ Մատթեոսի, 9. 27-34
Եւ մինչ Յիսուս անցնում էր այն տեղով, երկու կոյրեր գնացին նրա յետեւից. նրանք աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Դաւթի՛ Որդի»: Երբ նա տուն եկաւ, կոյրերը մօտեցան նրան: Յիսուս նրանց ասաց. «Հաւատո՞ւմ էք, որ ես այդ բանը ձեզ կարող եմ անել»: Նրանք ասացին նրան՝ այո՛, Տէ՛ր: Այն ժամանակ դիպաւ նրանց աչքերին եւ ասաց. «Ըստ ձեր հաւատի թող լինի ձեզ»: Եւ բացուեցին նրանց աչքերը: Եւ Յիսուս նրանց խստիւ պատուիրեց եւ ասաց. «Զգո՛յշ կացէք, ոչ ոք չիմանայ»: Իսկ նրանք ելան եւ նրա համբաւը տարածեցին ամբողջ այդ երկրում: Եւ երբ նրանք դուրս եկան, ահա նրա մօտ բերեցին մի համր, դիւահար մարդ: Եւ երբ դեւը դուրս եկաւ, համրը խօսեց. եւ ժողովուրդը զարմացաւ ու ասաց. «Այսպիսի բան Իսրայէլում երբեք տեսնուած չէ»: Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դա դեւերի իշխանի միջոցով է հանում դեւերին»:
Ավետարան ըստ Մարկոսի, 3. 31-35
Եկան նրա եղբայրներն ու մայրը եւ դրսում կանգնած՝ մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան: Եւ այնտեղ ժողովուրդը նստել էր նրա շուրջը: Եւ երբ ասացին նրան՝ ահա՛ւասիկ քո մայրն ու քո եղբայրները դրսում են եւ քեզ են ուզում, նրանց պատասխանեց եւ ասաց. «Ո՞վ է իմ մայրը կամ՝ իմ եղբայրները»: Ապա նայեց իր շուրջը, իր աշակերտներին, որոնք նստած էին, եւ ասաց. «Ահա՛ւասիկ իմ մայրը եւ իմ եղբայրները, որովհետեւ, ով Աստծու կամքն է կատարում, նա՛ է իմ եղբայրը եւ քոյրը եւ մայրը»:
0 կարծիք