Հինանց ԺԶ. օր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Առաքյալների գործերը, 9. 32-43

Եւ պատահեց, որ Պետրոսը, բոլորի մէջ շրջելիս, իջաւ նաեւ այն սրբերի մօտ, որոնք բնակւում էին Լիւդդայում: Եւ այնտեղ գտաւ մի մարդու, որի անունը Ենեա էր, եւ որը ութ տարուց ի վեր անդամալոյծ լինելով՝ մահճի մէջ պառկած էր: Պետրոսը նրան ասաց. «Ենեա՛, Տէր Յիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վե՛ր կաց եւ յարդարի՛ր քո անկողինը»: Եւ նա իսկոյն վեր կացաւ: Եւ բոլոր նրանք, որ Լիւդդայում եւ Սարոնայում էին ապրում, տեսան նրան եւ իրենք էլ դէպի Տէրը դարձան: Եւ Յոպպէում աշակերտ եղած մի կին կար՝ Տաբիթա անունով, որ թարգմանաբար կոչւում է Այծեմնիկ. սրա կեանքը լի էր բարի գործերով եւ ողորմութիւններով, որ նա կատարում էր: Պատահեց, որ այն օրերին նա հիւանդացաւ ու մեռաւ. նրան լողացրին եւ դրեցին վերնատունը: Եւ Լիւդդան Յոպպէին մօտիկ էր. երբ աշակերտները լսեցին, թէ Պետրոսը այնտեղ է, երկու մարդ ուղարկեցին նրա մօտ՝ աղաչելու, որ անյապաղ իրենց մօտ գայ: Եւ Պետրոսը վեր կացաւ ու եկաւ նրանց հետ: Երբ հասաւ, նրան վերնատուն բարձրացրին: Ու բոլոր այրիները շրջապատեցին նրան. լալիս էին եւ ցոյց տալիս, թէ որքան հագուստներ եւ զգեստներ էր կարել տուել Այծեմնիկը իրենց համար: Պետրոսը բոլորին դուրս հանելով՝ ծնրադրեց, աղօթք արեց եւ, դառնալով մարմնին, ասաց. «Տաբիթա՛, յանուն Տէր Յիսուս Քրիստոսի վե՛ր կաց կանգնիր»: Եւ նա բացեց իր աչքերը ու Պետրոսին տեսնելով՝ ուղիղ նստեց: Պետրոսը ձեռքը մեկնեց նրան ու վեր կացրեց: Կանչեց սրբերին ու այրիներին. եւ նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան: Եւ ամբողջ Յոպպէում այս յայտնի դարձաւ, եւ շատերը հաւատացին Տիրոջը: Պետրոսը շատ օրեր մնաց Յոպպէում՝ կաշեգործ ոմն Սիմոնի մօտ:

Պետրոս Առաքյալի առաջին ընդհանրական նամակը, 2. 11-17

Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրեւ պանդուխտների եւ օտարականների, որ հեռու մնաք մարմնաւոր ցանկութիւններից, որոնք պայքարում են հոգու դէմ, եւ ցոյց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մէջ, որպէսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրեւ չարագործների, դրա մէջ իսկ տեսնելով ձեր բարի գործերը՝ փառաւորեն Աստծուն նրա այցելութեան օրը: Ի սէր Տիրոջ հնազա՛նդ եղէք մարդկային ամէն իշխանութեան՝ թէ՛ թագաւորին, որպէս գերագոյն հեղի նակութիւն ունեցող մէկի, թէ՛ կառավարիչներին, որպէս նրանից ուղարկուածների, այն բանի համար, որ նրանք չարագործներին պատժում են, իսկ օրէնքը պահողներին՝ գովում, որովհետեւ Աստծու կամքը այն է, որ բարեգործները պապանձեցնեն ան խելք մարդկանց տգիտութիւնը: Ապրեցէ՛ք որպէս ազատներ եւ ազատութիւնը իբրեւ չարիքի պատրուակ մի՛ բռնէք, այլ ապրեցէ՛ք որպէս Աստծու ծառաներ: Յարգեցէ՛ք բոլորին, սիրեցէ՛ք եղբայրութիւնը, վախեցէ՛ք Աստծուց, պատուեցէ՛ք թագաւորներին:

Ավետարան ըստ Հովհաննեսի, 3. 13-21

Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթէ ոչ նա, որ իջաւ երկնքից՝ մարդու Որդին, որ երկնքից էր: Եւ ինչպէս որ Մովսէսը անապատում բարձրացրեց օձը, այնպէս էլ մարդու Որդին պէտք է բարձրանայ, որպէսզի, ով նրան հաւատում է, յաւիտենական կեանքն ընդունի, քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը, որովհետեւ Աստուած իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի աշխարհը նրանով փրկուի: Ով նրան հաւատում է, չպիտի դատապարտուի, եւ ով նրան չի հաւատում, արդէն իսկ դատապարտուած է, քանի որ Աստծու միածին Որդու անուանը չհաւատաց: Եւ դատաստանը այսպէ՛ս իսկ է. որ լոյսը եկաւ աշխարհ, սակայն մարդիկ խաւարն աւելի սիրեցին, քան լոյսը, որովհետեւ իրենց գործեր ը չար էին, որովհետեւ, ով չարիք է գործում, ատում է լոյսը եւ չի գալիս դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը իր երեսովը չտան: Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի լինեն, թէ Աստուծով կատարուեցին»:

Ավետարան ըստ Ղուկասի, 7. 1-10

Եւ երբ Յիսուս վերջացրեց իր բոլոր խօսքերը, եւ ժողովուրդը նրան լսեց, Կափառնայում մտաւ: Այնտեղ մի հարիւրապետի ծառայ, որ շատ սիրելի էր նրա համար, ծանր հիւանդացել էր եւ մեռնելու մօտ էր: Երբ լսեց Յիսուսի մասին, հրեաներից աւագներին ուղարկեց, որ աղաչեն նրան, որպէսզի գայ եւ բժշկի իր ծառային: Եւ նրանք Յիսուսի մօտ գալով՝ թախանձագին աղաչում էին նրան եւ ասում. «Արժանի է նա, որին այս շնորհը պիտի անես, որովհետեւ նա սիրում է մեր ազգը եւ ժողովարանը նա՛ շինեց մեզ համար»: Յիսուս գնաց նրանց հետ. երբ տնից շատ հեռու չէր, հարիւրապետը նրա մօտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տէ՛ր, նեղութիւն մի՛ կրիր, որովհետեւ արժանի չեմ, որ իմ յարկի տակ մտնես, դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մօտ գալու, այլ՝ խօսքով ասա՛, եւ իմ ծառան կը բժշկուի, որովհետեւ ինքս էլ իշխանութեան ենթակայ մարդ եմ, իմ ձեռքի տակ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, իսկ միւսին, թէ՝ արի՛, եւ գալիս է, եւ իմ ծառային, թէ՝ արա՛ այս բանը, եւ նա անում է»: Եւ երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ. դարձաւ ժողովրդին, որ հետեւում էր իրեն, եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայէլի մէջ անգամ այսչափ հաւատ չգտայ»: Պատգամաւորները տուն վերադարձան եւ հիւանդ ծառային գտան բժշկուած:

Ավետարան ըստ Մատթեոսի, 9. 9-17

Եւ Յիսուս այնտեղով անցնելով՝ տեսաւ Մատթէոս անունով մի մարդու, որ նստել էր մաքսատանը, ու նրան ասաց. «Իմ յետեւի՛ց արի»: Եւ նա վեր կենալով՝ գնաց նրա յետեւից: Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան էր նստել, ահա բազմաթիւ մաքսաւորներ ու մեղաւորներ եկան բազմեցին Յիսուսի եւ նրա աշակերտների հետ: Երբ փարիսեցիները այդ տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսաւորների ու մեղաւորների հետ ուտում»: Իսկ Յիսուս, երբ լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին: Գնացէ՛ք, սովորեցէ՛ք, թէ ինչ է նշանակում՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ. քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղաւորներին:

Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Ինչո՞ւ մենք եւ փարիսեցիները յաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»: Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ բան է, որ հարսանքաւորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է. բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, եւ ապա ծոմ կը պահեն: Ոչ ոք չօգտագործուած կտաւի կտորը հնացած ձորձի վրայ չի կարկատի, քանի որ այն իր լրիւ չափով կը պատռի կը հանի զգեստից, եւ պատռուածքը աւելի վատ կը լինի: Ոչ էլ նոր գինին հին տիկերի մէջ են դնում. ապա թէ ոչ տիկերը կը պատռուեն. ե՛ւ գինին դուրս կը թափուի, ե՛ւ տիկերը կը փչանան. այլ նոր գինին նոր տիկերի մէջ են լցնում, եւ երկուսն էլ պահւում են»:

Ավետարան ըստ Մարկոսի, 3. 13-19

Յիսուս լեռը բարձրացաւ եւ իր մօտ կանչեց նրանց, որոնց ինքը կամեցաւ. եւ նրանք գնացին նրա մօտ: Նա նշանակեց Տասներկուսին, որ իր շուրջը լինեն, եւ նրանց քարոզելու ուղարկի, ու նրանք իշխանութիւն ունենան ցաւեր բուժելու եւ դեւեր հանելու: Եւ Սիմոնի անունը Պետրոս դրեց եւ Զեբեդէոսի որդու՝ Յակոբոսի ու նրա եղբօր՝ Յովհաննէսի անունները դրեց Բաներեգէս, որ նշանակում է՝ Որոտման որդիներ: Նաեւ՝ Անդրէասին եւ Փիլիպպոսին եւ Բարթողոմէոսին եւ մաքսաւոր Մատթէոսին եւ Թովմասին եւ Ալփէոսի որդի Յակոբոսին եւ Թադէոսին եւ Սիմոն Կանանացուն եւ Յուդա Իսկարիովտացուն, որը եւ նրան մատնեց:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԺԶ. օր Յինանց։

, , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ